Ռաշիդա Լամրաբեթը (1970) մարոկկացի-բելգիացի գրող և իրավաբան է։ Նրա գրական նորամուտը եղել է 2007 թվականին՝ «Կանանց երկիր» վեպով։ Այս գրքի համար նա 2008-ին Ֆլանդրիայում արժանացել է «Ամենահուսադրող դեբյուտի» մրցանակին։ Նրա «Աստծո զավակ» (2009) պատմվածքների ժողովածուն 2010-ին արժանացավ BNG Nieuwe Literatuurprijs գրական մրցանակին։2011-ին «De Bezige Bij» հրատարակչությունում լույս տեսավ նրա երկրորդ վեպը՝ «Մարդը, որը չէր ուզում թաղվել»։ 2018-ին հրապարակվեց նրա վեպը՝ «Պատմիր ինչ-որ մեկին», որտեղ ներկայացված է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիական բանակում ծառայող երիտասարդ մարոկկացի զինվորի պատմությունը։ Այս վեպի համար նա 2019-ին ստացավ Ultima մրցանակը՝ Ֆլամանդական պետական գրական մրցանակը, ինչպես նաև Լյուվենի համալսարանի հեղինակավոր՝ Մշակույթի մրցանակը։
Ներկայումս Լամրաբեթը աշխատում է որպես խտրականության գծով իրավաբանական պրակտիկայի ասիստենտ՝ Գենտի համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի իրավաբանական կլինիկայում։ Նա նաև դասավանդում է Բրյուսելի Odisee College-ում և Անտվերպենի Sint Lucas արվեստի դպրոցում։ Բացի այդ, Լամրաբեթը գրել է նաև թատերական ստեղծագործություններ։
Հատվածը նիդերլանդական Fixdit գրական խմբի «Լավատեսական զայրույթ։ Մերժել սեքսիզմը գրականության մեջ» մանիֆեստից է։
Սիրելի Շանտի,
Գրականությունը այն վայրն է, որտեղ երկիմաստությունը կարող է անարգել տարածվել, որտեղ ոչինչ այն չէ, ինչ թվում է, սակայն դու և ես առանձնանում ենք որպես գունավոր հեղինակներ՝ մեր նյութի և մեր հերոսների հետ միասին։ Ահա թե ինչու քո «Ճեղքը» գրքում, որտեղ գրում ես ընտանեկան բռնության մասին, հնարավոր չէր պատկերացնել, թե դա այլ բանի մասին է, եւ ոչ քո սեփական փորձառությունը՝ որպես բռնության ենթարկված կին Հինդուստանից։ Ահա թե ինչու իմ «Կանանց երկիր» վեպի տղամարդկանցից մեկը, որը բավական թշնամական է կանանց հանդեպ,
ընկալվեց որպես բոլոր մարոկկացիների հավաքական կերպար, իբր նրանք բոլորն էլ թշնամական են կանանց հանդեպ։
Չէ՞ որ սա ողբերգություն է՝ ստիպված եզրակացնել, որ իրական աշխարհում մեզ դիտում են որպես խումբ, որպես հավաքականություն, միանգամայն փոխարինելի, և որ մեր գրականությունը նույնպես ընկալվում է այդպես։ Որ մեր հերոսներին նույնացնում են մեզ հետ և համարում, թե նրանք կիսում են մեր ճակատագիրը՝ չտեսնելով նրանց մեջ առանձին անհատականություն։
Երբ ինձ ներկայացնում են որպես «էթնիկ գրող», ու ես առարկում եմ՝ ասելով, որ գրում եմ հոլանդերեն և «էթնիկ» լեզվին ծանոթ չեմ, ինձ պատասխանում են․ «Այո, բայց այդ թեման ինքդ ես ընտրում, չէ՞։ Գրում ես ներգաղթյալների մասին։ Միգրացիայի, ինքնության մասին»։ Կհավատա՞ս, վեպ ու պատմվածքների ժողովածու էի տպագրել արդեն, երբ լրագրողն ինձ ամենայն լրջությամբ հարցրեց՝ ե՞րբ եմ պատրաստվում գրել «նորմալ» թեմաների մասին։
Բայց որո՞նք են «նորմալ» թեմաները, և ո՞վ է որոշում դա։ Ամեն ինչ պատմություն է, տարբերվում է միայն դիտանկյունը։ Եվ քանի որ մենք գրականությունը գրում ենք այլ դիտանկյունից, շատերի գլխում միանում է «սխալ» ազդանշան, և նրանք ահռելի դժվարությամբ են որոշում մեր գործի ու մեր տեղը, քանի որ ամեն գնով ուզում են դասակարգել ու պիտակավորել։ Լսում ես, թե ինչպես են մտածում․ «Սա ի՞նչ է, աստծո սիրույն»։
Սա, սիրելի մարդիկ, այն գրականությունն է, որը ինքնահռչակ եվրոպակենտրոն աշխարհը չի ընտրել որպես ելակետ՝ այն աշխարհը, որտեղ հիմնականում սպիտակ տղամարդիկ են որոշում, թե որն է իսկական գրականությունը և ինչ թեմաներ ու մոտիվներ են արժանի գրականություն անվանը։
Թարգմանությունը՝ Գրողուցավի
