Սաննեկե վան Հասելը (Ռոտերդամ, 1971) հրապարակել է պատմվածքների յոթ ժողովածու և երկու վեպ։ Նրա առաջին երկու ժողովածուների՝ «IJsregen» (Սառցե անձրև, 2005) և «Witte veder» (Սպիտակ փետուր, 2007) համար նա 2008-ին արժանացել է BNG New Literature Prize մրցանակին։ Նրա ստեղծագործությունների մեծ մասը ոգեշնչված է ծննդավայր Ռոտերդամից, որի մասին նա նաև գրել է ոչ գեղարվեստական տեքստեր՝ հաճախ պատվերով։ Գրող Աննելիս Վերբեկեի հետ ստեղծել է «To the City» (2012) ժողովածուն, որտեղ ընդգրկված են ժամանակակից պատմվածքներ աշխարհի տարբեր երկրներից։ 2024-ին լույս է տեսել նրա պատմվածքների ժողովածուն՝ «Milde klachten» (Թեթև գանգատներ)։
Հատվածը Fixdit գրական խմբի «Լավատեսական զայրույթ։ Մերժել սեքսիզմը գրականության մեջ» մանիֆեստից է։
Ի՞նչ ենք մենք հասկանում «կանացի գիրք» ասելով։ Ինչպե՞ս և ե՞րբ այս արտահայտությունը սողոսկեց մեր լեզու։ Եվ ո՞վ այն ներմուծեց։ Ես որոշեցի ուսումնասիրել Delpher-ը՝ հոլանդական թերթերի մեծ թվային արխիվը, որը հասնում է մինչև տասնյոթերորդ դար։
«Կանացի գիրք» եզրույթի ամենավաղ օրինակը, որ գտա, 1784-ին De Almanak van de BROEK en DOEK–ի գովազդն էր, որտեղ գիրքը նկարագրվում էր որպես «չափազանց բարեկիրթ և հմայիչ ԿԱՆԱՑԻ ԳԻՐՔ գեղեցիկ և կենսախինդ նկարներով»։ Այն վաճառվում էր 8 ստյույվերով գրավաճառ Յոհաննես Սպրիետի խանութում։ Նման տիպի ալմանախները տարածված էին մինչև տասնիններորդ դարի կեսերը, և լի էին օգտակար խորհուրդներով թիրախային խմբերի համար՝ օրինակ, գյուղացիների, ուսանողների և, իհարկե, կանանց։
Հարյուր հիսուն տարի անց, De Telegraaf թերթում, երբ տպագրվում էր բրիտանացի գրող և սուֆրաժիստ Բեատրիս Հարրադենի The Fowler վեպը, ես կրկին հանդիպեցի այդ նույն շփոթին։ Գլխավոր հերոսուհի Նորան ասում է. «Անցած տարի իմ ընկերներից մեկը գրեց գիրք ամուսնության հարցի մասին։ Այն հսկայական հաջողություն ունեցավ, բայց տղամարդիկ դրա մասին խոսելիս այն անվանում էին «կանացի գիրք»։ Նորային դա տարօրինակ է թվում։ Ինչո՞ւ պիտի ամուսնության մասին բեսթսելերը՝ թեմա, որ այն ժամանակ առնչվում էր երկու սեռին էլ, կոչվեր կանանց գիրք։
1902-ից հետո եզրը ավելի հաճախ սկսեցի հանդիպել՝ շնորհիվ գերմանուհի բժիշկ Աննա Ֆիշեր-Դյուկելմանի բժշկական բեսթսելերի՝ Het gulden vrouwenboek (Կանանց ոսկե գիրք)։ Բայց այդ գիրքը գեղարվեստական չէր։ Այն վերաբերում էր «այն ամենին, ինչ յուրաքանչյուր կին պետք է իմանա հիգիենայի և բժշկության մասին»։ Քանի որ կանայք տանը խնամում էին հիվանդներին ու վիրավորներին, այսուհետ նրանք կարող էին օգտվել այդ… կանացի գրքից։
1929-ին մի կին քննադատ առաջին անգամ «կանանց գիրք» արտահայտությունն օգտագործեց որպես գրական երաշխավորագիր։ Սկանդինավյան վեպի մի գրախոսության մեջ պատմաբան Աննի Ռոմեյն-Վերսխոորը պնդում էր, որ հեղինակը գրել է «իսկական կանացի գիրք»՝ համեմատելով այն Քարի վան Բրյուգենի ստեղծագործությունների հետ՝ «կանացի ենթագիտակցության նույն ինտելեկտուալ արտահայտմամբ»։ Նա հավանաբար հղում էր անում քննադատ Մեննո տեր Բրակի հրահրած բանավեճին, որը քսաներորդ դարի սկզբին քամահրանքով էր վերաբերվում կանանց ստեղծած գեղարվեստական գրականության հեղեղին՝ անվանելով այն «տիկնանց վեպեր»։ Տեր Բրակի և նրա համախոհների կարծիքով՝ կանայք ստեղծում էին գրականության ցածրակարգ տեսակ։ «Տիկնանց վեպ» տերմինը մտավ գրականության պատմության մեջ, և տարիներ շարունակ այն գործածում էին հոլանդերենի ուսանողները, որոնք հետո պիտի դառնային մեր ուսուցիչները։
«Տիկնանց վե՞պ»։ «Կանանց գի՞րք»։ Վերջ դնենք այդ պիտակներին, որոնք այդքան ամուր նստել են մեր հավաքական ենթագիտակցության մեջ։ Ինչպես 1900 թվականին հայտնի հեղինակ Հելենա Մաթերսի Nell վեպի գովազդում էր ասվում․ «Աղջկական գիրք, կանանց գիրք, այո՛, NELL-ը գիրք է բոլորի համար»։
Թարգմանությունը՝ Գրողուցավի
