Որովհետեւ ուզում ենք ազատվել դրանից/Գայա Սխոետերս

Գայա Սխոետերսը (1976) բազմաժանր բելգիացի գրող, սցենարիստ և լիբրետիստ է։ Նա գրում է վեպեր, մանկական գրքեր, կինոսցենարներ, դրամատուրգիա եւ լիբրետոներ օպերայի համար։ Նրա գործերը գտնվում են ձևական փորձարկումների և սոցիալական ներգրավվածության խաչմերուկում, իսկ նրա առանձնահատուկ նախասիրություններից է երկխոսությունը դասական կանոնի հետ։ Միջդիսցիպլինար համագործակցությունն ու երաժշտությունը առանցքային տարրեր են նրա թատերական գործունեության մեջ։ Նրա վերջին վեպը՝ «Հաղթական ավարը» (2020), թարգմանվել է մի շարք լեզուներով և հայտնվել տարբեր մրցանակների կարճ ցուցակներում։ Նա նաև մոտոցիկլետների մեծ սիրահար է, համադրողն է Dead Ladies Show-ի՝ կաբարե-շանսոնի ոճի մի ներկայացման, որը պատմում է նորարար կանանց մասին։ Որպես սյունակագիր ու էսսեիստ՝ նա հաճախ քայլում է նուրբ սահմաններով և դիպչում ցավոտ կետերին։

Ներկայացվող հատվածը նիդերլանդական Fixdit գրական խմբի «Լավատեսական զայրույթ։ Մերժել սեքսիզմը գրականության մեջ» մանիֆեստից է։

Փորձենք հաշվել։ Որքա՞ն հաճախ են «գլուխգործոց», «մեծակտավ վեպ» կամ «հանճարեղ» բառերը գործածվում կնոջ ստեղծած գրականության մասին խոսելիս։ Մեծ գրողները միշտ տղամարդիկ են։ Սա փակ շրջան է․ բարձրում գտնվող տղամարդկանց գրածը դառնում է չափանիշ, իսկ այդ չափանիշով կանայք հազվադեպ են գերազանցում։ Ահա թե ինչու նրանք ավելի հազվադեպ են հասնում գրականության ամենաբարձր աստիճաններին։ Նրանք ավելի քիչ մրցանակ են ստանում, ավելի հազվադեպ են թարգմանվում, ավելի քիչ ֆինանսավորվում, ավելի քիչ են պատվաբեր պատվերներ ստանում ու լրատվական դաշտի ուշադրությանն արժանանում։

Վիրջինիա Վուլֆը լավ գիտեր իրականությունը․ գրականությունը հասարակության արտացոլումն է, հետևաբար տղամարդկանց թեմաները համարվում են ավելի լուրջ, քան կանանցը։ Եթե դուք, որպես կին գրող, փորձեք գրել գաղափարական վեպ, ձեզ կվերագրեն «շաղակրատանք ու ELLE- փիլիսոփայություն»։ Կանայք պիտի գրեն այն մասին, ինչ գիտեն։ Նախընտրելի է՝ իրենց մասին, քանի որ եթե գիրքը համահունչ է իրենց ինքնությանը, նրանք ավելի մեծ հնարավորություն կունենան մրցանակների, դրամաշնորհների ու մամուլի ուշադրությունը գրավելու։ Բացի այդ, կանանց գրականությունն ընթերցվում է՝ ուշադրության կենտրոնում պահելով առավելապես թեման կամ սյուժեն, մինչդեռ տղամարդկանց գործերը՝ ուշադրության արժանացնելով ձևը, կառուցվածքն ու ոճը։ Եվ տղամարդիկ ավելի բարձր են գնահատվում՝ պարզապես տղամարդ լինելու համար։

Մենք չպիտի զարմանանք, որ այս ամենը բացասաբար է անդրադառնում կին գրողների գործունեության վրա։ Ճիշտ է, նրանք հաջողել են ներկայության, հայտնիության ու բեղմնավորության առումներով, բայց դեռեւս բավականաչափ ընդունելի չեն։

Արդյոք սա մեծ դավադրությո՞ւն է։ Ցավոք՝ ոչ, այլապես ավելի հեշտ կլիներ հարցը լուծելը։ Այս ցավոտ անարդարությունները դարերով ձևավորված մշակութային ժառանգություն են, որ սահմանել են սպիտակ, հետերոսեքսուալ տղամարդիկ իրենց չափանիշներով, ու սա դարձել է ամենօրյա սոցիալական իրականություն, որի հետ մենք՝ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ, այնքան ենք հարմարվել, որ գրեթե չենք էլ նկատում։ Սա պայքար է կույր կետի դեմ։ Այդ իսկ պատճառով էլ մենք նորից ու նորից բարձրաձայնում ենք դրա մասին։ Որովհետև ուզում ենք ազատվել դրանից։ Եվ պետք է սկսենք ինքներս մեզնից։ Մեզնից յուրաքանչյուրից։

Ուրեմն, կասեի՝ կարդացեք ավելի շատ կանանց։ Փորձեք նայել աշխարհին նրանց աչքերով։ Հակառակ դեպքում կտեսնեք միայն պատկերի կեսը։

Թարգմանությունը՝ Գրողուցավի

Please follow and like us: