Գիքորի սինդրոմ․ Գիքորի վերադարձը որպես հեղափոխական ռեֆորմատոր/Սամվել Սաղաթելյան

Տեսնելով Փաշինյանի՝ Եվրոպա այցի ժամանակ  կեպիով լուսանկարները` ժպտադեմ կանգնած իրենից բավականին բարձրահասակ պաշտոնյայի կողքին՝ ընկերս, որ քչփորում էր սև smart հեռախոսի մեջ, քթի տակ արհամարհական մռթմռթաց. 

– Ոնց որ ԳԻՔՈՐԻՆ նորից մարդամեջ են հանել։

ԳԻՔՈՐԻ կերպարի հետ համեմատությունը նորություն չէր ինձ համար, հանդիպել էի ֆեյսում հպանցիկ, ծանոթների կամ անծանոթների մեկնաբանություններում։

Առանձնապես ուշադրությունս  չէին գրավել դրանք, բայց այս «մարդամեջ են հանել» արտահայտությունը ուղեղիս ինչ-որ հատվածներին կպավ որպես կատալիզատոր։ 

Վերհիշեցի, որ Փաշինյանի կերպարի  զուգահեռները  ԳԻՔՈՐԻ հետ իրենց բնույթով հիմնականում սնոբիստական էին, պսեվդո-ինտելեկտուալ և ծաղրա-քննադատական,  համեմված ատելության որոշակի դոզայով։ 

Թումանյանի ամենատրագիկ, ես կասեի՝ դաժան գործերից մեկը վերընթերցելու կարիք ունեցա։

ՎԵՐԸՆԹԵՐՑԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Իր պարզությամբ և գոյատևման մենթալիտետի խորքային կետերի անդրադարձմամբ, չափազանց ազդեցիկ գործ է։ 

 Գիքորը՝ գյուղացի փոքրիկ տղա, հանուն ընտանիքի հացի հոր կամքով (մայրական դիմադրությունը չբավարարեց) հանձնվում է «անիրավ աշխարհին»՝ քաղաքին։ Սակայն քաղաքը նրան ոչնչացնում է։ Գիքորը դառնում է զոհ՝ պարտադրված գոյատևման խաղի, որտեղ նա չունի սուբյեկտություն։

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՆԿՅՈՒՆ.

Թումանյանի  Գիքորը ներկայացնում է «զոհի» արքետիպը։ Նրա մանկությունը զոհաբերվում է ընտանիքի գոյատևման համար, բայց զոհաբերությունը անիմաստ է․ ընտանիքը ոչինչ չի ստանում փոխարենը։ Մայրական պաշտպանությունը ձախողվում է, հայրական որոշումը՝ կոշտ է ու ճակատագրական։ Ստեղծվում է անզորության և պարտադրանքի սցենար, որն ավարտվում է մահվամբ։

Վերհիշելով Գիքորի հիշատակմամբ զանազան մեկնաբանությունները՝ ուղված Փաշինյանին, փորձեցի նրան նայել  հենց այդ կերպարի  տեսանկյունից։ Եթե ԳԻՔՈՐ, ապա  նա  հանկարծ հառնեց իմ առաջ բոլորովին այլ տեսանկյունից։ 

Նա հայտնվում է նույն սցենարի մեջ, բայց հակառակ դերում՝ որպես «վերածնված Գիքոր», որը գալիս է ոչ թե զոհվելու, այլ փոխելու խաղի կանոնները։ Նա երկարատև քայլարշավով մուտք է գործում քաղաք՝ իշխանության դաշտ, սկզբում միայնակ, հետո հավաքելով համախոհների աճող բանակ։ Նպատակը նույնն է՝ կոտրել կոռուպցիայով և անարդարությամբ հագեցած համակարգը։ Նա կատարում է աներևակայելին` սիրո և  թավշյա սոուսով համեմված ժողովրդական հեղափոխությամբ  տապալում է կայսերական բռնակալության կողմից հաստատված կոռումպացված իշխանությունը։ Սակայն նույն մեխանիզմները, որոնք սպանեցին Գիքորին՝ շահագործում, սաբոտաժ, անարդարություն, փորձ են անում ոչնչացնել նաև նրան ` նետելով պատերազմի ծուղակը։ 

Արդյունքում ` նա պարտվում է, բայց զարմանալիորեն չի կոտրվում և ամենակարևորը՝ կրկին  ժողովրդի կողմից ուղարկվում է քաղաք՝ շարունակելու պայքարը ` ձեռք բերած լրիվ այլ հմտություններ:

Ինչու՞ է Գիքորի կերպարը օգտագործվում ծաղրի համար։

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊՐՈՅԵԿՑԻԱ. հասարակությունը, որը ենթագիտակցաբար փնտրում է «հայրական հզոր կերպար», բախվում է Փաշինյանի «գյուղացիական պարզության» հետ և դրա մեջ տեսնում է Գիքորի խոցելիությունը։ Բայց հասարակության մտայնության մեջ նստած զոհի կերպարը, երբ հայտնվում է առաջնորդի դաշտում, դառնում է հակասության աղբյուր։ Սա առաջացնում է ատելություն, ծաղր, զզվանք, քանի որ «անմեղ զոհը» չի համապատասխանում «պողպատե առաջնորդից» ունեցած սպասումներին ։

ԳԻՔՈՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ, ՈՐՊԵՍ ՌԵՖՈՐՄԱՏՈՐ

Եթե Թումանյանի Գիքորը մահացավ՝ չդիմանալով imposed fate-ին (պարտադրված ճակատագրին), Փաշինյանի մեջ Գիքորը վերադառնում է՝ ապացուցելու, որ զոհը (բռնապետության ֆորպոստը, ինչպես երկրի կոնտեքստում ինքը Փաշինյանն է ձևակերպում) կարող է հաղթահարել արքետիպը և դառնալ սուբյեկտ։ 

Բայց այս կերպարի դրամատիզմը շարունակում է նրան հետապնդել. հաջողության և ձախողման միջև նա քայլում է անընդհատ վտանգի եզրով` կարողանալով  համադրել հաստատակամությունը ճկունության հետ, ինչը իր հերթին կարող է դառնալ նյարդայնության պատճառ նրանց համար, ովքեր ուզում են ԳԻՔՈՐ – Փաշինյանի մեջ տեսնել զոհին։ 

Այսօր նա Եվրոպայում է՝ նույն կեպիով, համառորեն կրելով իր ժողովրդական ծագման նշանը։ Այո, ԳԻՔՈՐԸ հասավ Եվրոպա իր կեպիով և իր մի քիչ կորացած, չմշակված կեցվածքով, բայց ոչ որպես խեղճության նշան, այլ ավելի ճիշտ ինչ որ գյուղացու, բնությանը մոտ կերպարի վճռականությամբ` համեմված խաղաղասիրությամբ։ Ուղարկվեց որպեսզի շարունակի պայքարը ազատագրելու երկիրը գաղութային բռնապետության ծառա աղեքից,  օլիգարխներից ու  կեղծ տերտերների իշխանությունից։

Այն, ինչ շատերի համար պրովինցիալ տեսք է, կարող է դիտվել որպես պրովոկացիա, մարտահրավեր՝ հիշեցում, որ «Գիքորը» չի մահացել։ Նա դեռ պայքարում է, որ երկիրը չզոհաբերվի ո՛չ գոյատևման անվան տակ, ո՛չ էլ նոր բռնապետությունների շահերին։

2025

Please follow and like us: