Համբարձում Համբարձումյան/Քայլող մարդը

Պաստառ – պատմվածք

Նիկոլայ պապը, որին բացի սիրելի կնոջից՝ Սոնա տատից բոլորը Նիկոլ էին ասում, անդադրում մարդ էր, ու չնայած առաջացած տարիքին՝ նրա հեղափոխական հոգին հանգիստ չուներ: 88-ի շարժումնով ոգևորված ու միտինգներին մասնակցած շատ ցուցարարներ քաղաքական թոշակի էին անցել, և նրանց մասնակցությունը քաղաքական կյանքին սահմանափակվում էր շենքի բակում վերջին ընտրությունների ժամանակ կառուցված տաղավարում ծավալվող զրույցներով, բայց Նիկոլ պապը ոչ միայն բոյկոտել էր զրուցարանը, որովհետև խոշոր հաշվով այն ընտրակաշառք էր, այլև մասնակցում էր բոլոր միտինգներին ու երթերին: Պատկերացրեք, որ երբեմն նա մասնակցում էր նաև այն ուժերի միտինգներին, որոնցից խորապես զզվում էր: «Որ հասկանամ, թե ինչ են շնչում ժողովրդի հանդեպ»,- այսպես էր բացատրում իր տարօրինակ վարքագիծը Նիկոլը: Նա մասնակցել էր 88-ի շարժմանը, ԱԻՄ-ի մտինգներին, 96-ի՝ Վազգեն Մանուկյանի հանրահավաքին, Գեղամյանի, Ստեփան Դեմիրճյանի ու «Իմպիչմենթ» դաշինքի հանրահավաքներին: Ծեծվել էր, ջրվել էր ջրցան մեքենաներից, էլեկտրաշոկի էր ենթարկվել , իսկ 2008 թվականի մարտի մեկին անգամ ոստիկանական բաժանմունք էր տարվել, բայց նրա անկոտրում ոգին չէր ընկճվել, և հերթական հանրահավաքի օրը նրա ոտքերը նորից Ազատության հրապարակ էին տարել նրան:
Նիկոլը սիրում էր հանրահավաքները, բայց հանրահավաքներից առավել սիրում էր երթերը, որոնց
ընթացքում մարմնի ամեն բջիջով զգում էր երթի էն հզոր լիցքը, որին յուրաքանչյուր մասնակից իր էներգիան էր գումարում, և մարդկային հոսքը, մի ամբողջություն դարձած, շարժվում էր առաջ:
Բայց եկավ մի պահ, երբ ընդդիմության ղեկավարները որոշեցին, որ երթերի ժամանակն անցել է կամ գուցե հնարավորություն չունեին երթեր կազմակերպելու, և պերմանենտ հանրահավաքներն ու երթերը դադարեցին: Նիկոլը այդ ժամանակներում իր տեղը չէր գտնում, ափ նետված ձկան նման խեղդվում էր բնակարանի չորս պատի մեջ և հայհոյում ընդդիմության առաջնորդներին, որ մինտինգավոր ժողվրդի մասին չեն մտածում: Միտինգներն ու երթերը նրա համար տոն էին: Հանրահավաքների օրերին նա հագնում էր իր լավագույն կոստյումն ու վերնաշապիկը, կապում էր լավագույն փողկապը, դնում էր լայնեզր գլխարկը, վերցնում էր ձեռնափայտը, որ ոչ թե քայլեուն օգնելու համար էր, այլ էլեգանտություն հաղորդելու, և դուրս էր գալիս տոնին մասնակցելու, իսկ հիմա ընդիմության առաջնորդները նրան զրկել էին տոնից:
Մի որոշ ժամանակ Նիկոլը մնաց տանը՝ սպասողական վիճակում, փշերի վրա նստած, բայց մի օր
որոշեց, որ ինքն իրեն տոն կնվիրի: Այդ օրվանից սկսած նա ամեն օր երկու ժամ քայլում էր Երևանի փողոցներով, ի հեճուկս ընդդիմության առաջնորդների և ի սարսափ իշխանավորաց: Ճիշտ է, նրա բողոքի մասին միայն ինքը գիտեր և վերնաշապիկները մանրամասնորեն արդուկող ու կոստյումը խոզանակով մաքրող կինը, բայց դա չէր մտահոգում Նիկոլին: Բողոքի ակցիաները նա անում էր ինքն իր համար, որպեսզի պարապուրդի չմատնվի և մարտական վիճակում լինի, երբ դրա կարիքը լինի: Թեև սուտ կլինի, եթե ասենք, որ Նիկոլի ակցիաները բոլորովին աննկատ մնացին: Ճիշտ է, առաջատար լրատվամիջոցները, ընդիմության ու իշխանության լիդերները չիմացան դրանց մասին, բայց նրա ամենօրյա զբոսանքները աննկատ չմնացին
հարևանների ու թաղեցիների շրջանում: Նիկոլի ծանոթները, հարևանները հաճախ նրան տեսնում էին տարբեր փողոցներում, և երբ հարցնում էին, թե ինչ է անում այդտեղ, անվարան պատասխանում էր. «Քայում եմ»: Շուտով նրա մասին բամբասանքը տարածվեց և թաղի երեխաները նրա անունը դրեցին Քայլող մարդ:
Ամեն առավոտ Քայլող մարդը սափրվում էր, հագնում էր իր վերնաշապիկն ու կոստյումը և դուրս էր գալիս քաղաքական զբոսանքի: Քայլող մարդուն մեկ տեսնում էին Խանջյան փողոցը վեր ու վար անելիս, մեկ Սայաթ Նովայի վրա, մեկ Մաշտոցի պողոտայի, մեկ էլ, Բաղրամյանը «շրջափակելիս»: Այո, այո, կիրակի օրերին Քայլող մարդը պարտադիր Բաղրամյան պողոտայով էր «զբոսնում» խրոխտ վեր ու վար անելով Նախագահական նստավայրի առջևով. Այն, ինչ հազարները չէին կարողանում անել, Քայլող մարդը անում էր ամեն շաբաթ:
Բայց կարճ ժամանակ անց կենտրոնի լայնարձակ պողոտաները ձանձրացրեցին կենտրոնաբնակ Քայլող մարդուն և նա սկսեց երկրորդական փողոցներով քայլել, իսկ այնուհետև անցավ այլ շրջաններին: Եվ այն, ինչ տեսավ այնտեղ Քայլող մարդը, ցնցեց նրա հոգին: Նա տեսավ մասիվի հանրակացարանի թշվառությունը, տեսավ աղբ քրքրող մարդկանց, տեսավ փողոցներ, որ վաղուց ասֆալտի երես չեն տեսել , թաղերում պպզածանգործ ջահելներ և ժամանակից շուտ ծերացած ահելներ տեսավ, «բենզին» սրսկվողների ու անտերության մատնված մանուկների, որ խաղում էին պայթած կոյուղու ջրերի մեջ: Թեև Քայլող մարդը արագ էր քայլում, բայց նրա աչքից ոչ մի բան չէր վրիպում, և նա ամեն օր ավելի ու ավելի դառնացած էր վերադառնում տուն՝ տեսածը խղճի վրա բեռ դարձրած: Արդեն վաղուց քաղաքական զբոսանքը տոն չէր նրա համար, բայց նա պարտաճանաչորեն շարունակում էր քայլել, որովհետև ինչ-որ մեկը պիտի զգար ու տեսներ պետության ցավերը և այդ մեկը նա էր:
Երբ Նիկոլը սկսեց իր քայլարշավը, Քայլող մարդը սկսեց կրկնապատկված եռանդով չափչփել Երևանի փողոցեները: Իսկ երբ քայլարշավը հասավ Երևան, նա միացավ քայլարշավին և առավոտից երեկո քայլում էր:
Նա հատկապես սիրում էր ուսանողական խմբերի հետ քայլել, որովհետև այդ ժամանակ նա ասես
երիտասարդանում ու առույգանում էր: «Քայլ արա, մերժիր սերժին». գոռում էին երիտասարդները և ինքը պատանեկան խանդավառությամբ ձայնակցում էր նրանց: Երբեմն նա երթի մեջ կանգնում էր, ու մինչ երիտասարդների հոսքը իրեն շրջանցելով առաջ էր շարժվում, Նիկոլ գորովանքով նայում էր նրանց: Նա, ախր, պատկերացնել չէր կարող, որ այսքան լավ երիտասարդներ կան երկրում: Այդ պահերին այնպիսի զգացողություն էր ունենում, որ իր քայլելն արդեն ավելորդություն է, ձևական, արհեստական մի բան, որ այդ տոնն այլևս իրենը չէ, բայց նա հեռու էր վանում նման մտքերը ու շարունակում էր քայլել: Բայց եկավ մի պահ, երբ ամբողջ երկիրն արդեն քայլում ու փողոց էր փակում, և Նիկոլը դուրս չեկավ տանից: Նրա համար արդեն պարզ էր, որ հաղթանակը մոտ է և անխուսափելի: Ավելորդության և անպիտանելիության զգացողությունը այնքան էր խորացել, որ տանից դուրս գալն ու տոնին մասնակցելը երեսպաշտություն էր
թվում: Այդ վիճակը տևեց մինչև Նիկոլ Փաշինյանի ձերբակալման օրը:
Հաջորդ օրը Նիկոլ պապը քայլում է հսկայական երթի մեջ: «Նի-կոլ, Նի-կոլ». Վանկարկում էին
երիտասարդները և Նիկոլը վանկարկում էր նրանց հետ: Երթին զինվորականներ էին միացել, որոնց հրամանատարը մեքենային միացված բարձրախոսից խաղաղության կոչեր էր հնչեցնում: Երկար երթի մեջ մի քանի թմբկահարներ կային, որոնք ռիթմ էին հաղորդում քայլքին կամ կանգնում էին, և ժողովուրդը «հու» էր գոռում ու ծափ զարկում, և այդ օրվա «հու»-երն ու ծափերը ավելի սպառնալից ու հուժկու էին, քան երբևե:
Հանկարծ ժողովրդի մեջ խլրտոց ընկավ, երթը կանգնեց: Ամեն կողմից սկսեցին ասել, որ Նիկոլին բաց են թողել: Մի քանի վարկյան անց Քայլող մարդը տեսավ, որ Նիկոլն արդեն խանդավառ ժողովրդի ձեռքերի վրա է, նրանց գլխավերևում: Հետո, երբ հանրապետության հրապարակում Նիկոլը ասաց, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, երբ քաղաքում տոնախմբություն սկսվեց, երբ մարդիկ սկսեցին երգել, պարել և ուրախությունից արտասվել, ուրախության հուզմունքի հետ միասին, Նիկոլի հոգուն մի անհասկանալի ու անբացատրելի տխրություն իջավ: Նա փորձում էր վերլուծել, հասկանալ, թե ինչն էր դրա պատճառը, միթե՞ այն, որ հաղթանակով տոնը ավարտվում է, միթե՞ իր պայքարը հանուն տոնի մասնակցության էր:
Մինչև ուշ գիշեր Քայլող մարդը չքնեց: Անկողնու մեջ պառկած, կնոջ անհամաչափ խռմփոցների ձայնի տակ նա շարունակ մտածում էր իրեն պատած տխրության մասին: Նա տխրում էր բոլոր այն մարդկանց համար, որ չհասցրեցին զգալ հաղթանակի բերկրանքը, և տխրում էր, որվհետև այն հավատն ու վստահությունը , որ կար միմյանց նկատմամբ, գուցե էլ չլինի:
Առավոտյան Քայլող մարդը արթնացավ հոդացավից: Նա, ձեռնափայտին հենված, տնքալով ու քթի տակ ինչ-որ բան փնթփնթալով, հասավ զուգարան:
-Ի՞նչ եղավ քեզ,- անհանգստացավ կինը:

-Չգիտեմ, երբ քայլելուդ նպատակը զուգարանին հասնելն է, ծնկներդ չեն ծալվում, – բողոքեց Նիկոլ պապը:

Please follow and like us: