Իրա վան Դեյկը (1970) Նիդերլանդական արդի գրականության մասնագետ է և հրավիրյալ պրոֆեսոր Լեյդենի համալսարանում։ Նա հրատարակել է հատորներ ու մոնոգրաֆիաներ ուշ պոստմոդեռն գրականության վերաբերյալ (Վերահաստատելով պոստմոդեռնը․ Եվրոպական գրականությունը ռելյատիվիզմից անդին, 2011 թ.), ինտերտեքստուալության և Շոայի հիշողության մասին վեպում։ Այժմ նա հետազոտում է տրավման, նարատիվը և իմաստը իր հաջորդ մոնոգրաֆիայի համար՝ Նշանանագիտական կառուցվածքները նիդերլանդա-կարիբյան գրականության մեջ։ Վերջերս նա հանրային ելույթներ է ունենում Նիդերլանդներում ավելի լավ և բազմազան գրականության ու ընթերցանության հարցերում կրթության վերաբերյալ բանավեճում։
Հատվածը նիդերլանդական Fixdit գրական խմբի «Լավատեսական զայրույթ։ Մերժել սեքսիզմը գրականության մեջ» մանիֆեստից է։
Գրականությունից մարդ ինչ-որ բան է սովորում աշխարհի ու կյանքի մասին։ Բայց ինչպիսի աշխարհ ու կյանք են երեխաները հայտնաբերում այն գրքերում, որ նրանց հանձնարարում են կարդալ դպրոցում։ Ինչպե՞ս ենք մենք պատրաստում նրանց՝ նայելու համար բազմազան աշխարհին տարբեր տեսանկյուններից։
Չնայած նիդերլանդցի երեխաների գրեթե 20%-ի առնվազն մեկ ծնողը արևմուտքից չէ, հոլանդերեն մանկական գրականության և հոլանդական դպրոցական դասագրքերի գլխավոր հերոսը գրեթե միշտ սպիտակ երեխա է, սովորաբար տղա, Հոլանդիայից, Բելգիայից կամ Լյուքսեմբուրգից։ Ճիշտ է, վերջերս հրատարակված գրքերում նա բավականին հաճախ ընկերանում է ոչ սպիտակ երեխայի հետ։ Բայց այդ երեխայի կարծիքը՝ այն, թե նա ինչ է մտածում, երիտասարդ ընթերցողը երբեք չի իմանում։ Նպատակը բարի է, բայց ուղերձը շարունակում է մնալ հետևյալը՝ սպիտակը ստանդարտն է, ոչ սպիտակը՝ բացառություն։
Երիտասարդ ընթերցողներին տասնամյակներով խնդրել են նույնանալ այդ հիմնականում սպիտակ, հետերոսեքսուալ, արական սեռի կերպարների հետ և «հայտնաբերել աշխարհը» նրանց տեսանկյունից։ Բայց այն «ընդհանուր» հերոսները, որոնց նրանք ճանաչում են, այնքան էլ համընդհանուր չեն, որքան կուզեինք հավատալ։
Այս միակողմանիությունը բոլորովին չի համապատասխանում պատանիների «արթուն» միջավայրին՝ #MeToo շարժմանը և աճող ցանկությանը հասկանալու մյուսին, ինչը նույնիսկ արձանագրված է քաղաքացիության մասին նոր օրենքում։ Ինչպես տղաներին, այնպես էլ աղջիկներին, հատկապես նրանց, ովքեր դեռ չգիտեն՝ ինչ են ուզում դառնալ, այս գրքերը խիստ միակողմանի պատկերացում են պարտադրում աշխարհի մասին։
Պատահական չէ, որ շատերը սկսում են ատել կարդալը կամ միայն դպրոցը լքելուց հետո են սկսում իրականում հայտնաբերել, թե ինչ կարող է դա իրենց համար նշանակել։ Դպրոցի ավարտական վկայականի ընթերցանության ցանկը ահռելի բաց թողնված հնարավորություն է։
Ինչու՞ դպրոցականները, այդ թվում նաև աղջիկները, չորսից մեկ անգամ են ընտրում կնոջ գրած գիրք։ Ոչ որովհետև դրանք ավելի քիչ են գնահատում։ Հակառակը, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանանց գրքերը, իրոք, մի քիչ ավելի բարձր գնահատականներ են ստանում, ինչպես նաև ոչ արևմտյան հեղինակների գրքերը, և դրանք մի փոքր ավելի հաճախ են ընթերցվում սկզբից մինչև վերջ։
Մենք պետք է ընդլայնենք երեխաների ընթերցանության շրջանակը։ Մի մտածեք, որ պետք է առանց հարցնելու պատճենել դասագրքերի ցանկերը։ Կռիվ մղեք։ Զրուցեք ձեր տեղական գրադարանավարների հետ։ Հետևեք գրողներին։ Եվ եթե երիտասարդները դա չեն անում, ապա այստեղ ծնողների դերը մեծ է։ Տվեք երեխաներին խորհուրդ՝ ուզում են նրանք դա, թե ոչ։ Գնեք կամ վերցրեք կարդալու կանանց գրած ոգեշնչող վեպեր և պատմվածքներ։ Դրեք դրանք ձեր որդիների ու դուստրերի մահճակալի կողքին։
Թարգմանությունը՝ Գրողուցավի
