Ու նորից խնձորն այս,
ու նորից խնձորը …
ու նորից դրախտը մեր
ես եմ ոչնչացնում,
ու նորից ձեռքդ
բռնելու համարձակություն չունեցա
ու նորից հայացքիդ մեջ…
ու նորից պահը այնքան ծանրացավ,
ու օդը այնքան ծանրացավ,
որ օդի փոխարեն մետաղ շնչեցի
ու արտաշնչելու համար տեղ չկար,
ու գիշերը նորից իմը չեղավ,
ու նորից քամին այս անտանելի,
ու տխրությունը կախվեց գաղջ օդում,
ու քո երազների արքայադուստրը չեղա,
այլ նմանվեցի քո կարդացած հեքիաթների
կախարդներին` կեռ-կեռ ճանկերով,
մամռակալած մազերով
արևից ճաքճքած մաշկով,
անգույն աչքերով,
մղձավանջի չափ անհրապույր
ու մահու չափ ձանձրալի,
այնքան, որ ինքս ինձանից ձանձրացա
ու առաջին պատահած
ցախավելը վերցրի
ու թռա….
10.10.2024
Այստեղ է,
սա է
Էլ. հասցեն թռչուների․
գրեք նրանց,
և նրանք կպատմեն
անհունում կապույտ պտույտների մասին,
և ես կկարդամ անընթեռնելի
երազանքները նրանց․․․
այստեղ է,
սա է
Էլ. հասցեն գայլերի․
գրեք նրանց,
և ես կորսամ
միայնությունը նրանց աչքերում
և իմ ականջներում
կլսեմ ոռնոցը խելահեղ
ամբողջ գիշեր․․․
այստեղ է,
սա է
Էլ. հասցեն ընձառյուծների․
գրեք նրանց,
և ես կփոխանցեմ նրանց,
որ պինդ մնան,
որ պարզապես մնան…
այստեղ է,
սա է
էլ . հասցեն գիշերվա․
գրեք նրան
և ես կհամոզեմ,
որ նա գնա։
20. 03 .2024
Քամին այս, մայթերը անհամբեր
ու վաղը ուշանում է
ու երեկը…
ու սերը գրեթե հերիքում էր
ու ժամանակը…
ու դեմքդ խավարում
ու հայացքդ անտարբեր…
ու ես ամուր կառչել եմ իմ մտքերից.
ու վրձինը մազերիս մեջ,
ու ձայնս ՝դատարկ կտավներին
ու կրկին ջրերի վրա,
ու դարձյալ չես հիշելու,
ու նորից քո մասին չեմ այսօր,
ու սերը
գրեթե հերիքում էր…
01.11.2024
Հանգիստ քնիր,
սիրելիս,
այսօր քեզ
գրություններ չեմ թողնելու
թափառաշրջիկ երաժիշտների մասին,
կատուների մասին,
տանիքներին ընկած ստվերների մասին,
այլաշխարհից, որերորդ անգամ մեռած,
վաղուց անշնչացած մարմինս
քարշ չեմ տալու կամուրջներով
ու կյանքի մասին չեմ պատմելու,
երազներիդ մեջ չեմ մխրճվելու
փոշոտ գունաթափ
սարսափ ֆիլմեր չեմ պատմելու
համարիր,
որ այստեղ չեմ,
չեմ էլ եղել,
չեմ եղել,
վերջալույսից առաջ անցել եմ,
և մատներս անկենդան
մի պահ սահել են
քո ափով,
ու ոչինչ չեն գտել,
ու ոչինչ չեմ գտել
ինձ չեմ գտել,
ու ինձ չեմ էլ փնտրել
այնտեղ,
օտար ավազանում,
ավազների մեջ
փնտրելը անօգուտ գործ կլիներ…
17.09. 2024
Ես այստեղ,
դու՝ ինչ-որ մի տեղ
համընթաց մեր երակներն ենք կտրում
ոչ մի տեղ չհայտնվելու ակնկալիքով,
համընթաց
հոգեմետ դեղերի
չափաբաժինն ենք ավելացնում
(ու քնաբերը անիմաստ դեղահաբ է)
ու համընթաց
մղձավանջներ ենք տեսնում,
ու մարմինը
միակ հանգրվանը չէ
այսուհետ
ու գոյություն չունենալը
սովորական մի բան
ու մարդիկ ժպտում են
անտարբեր,
ու փողոցը մարդաշատ է
ու ես
բազմության մեջ
մարդատյաց եմ դառնում
ու մենության մեջ
սիրում եմ քեզ…
22.09. 2024
Դու ինձ պատմիր
վաղվա մասին,
հորինիր հեքիաթներ,
և ես կհավատամ,
պատմիր լուսավոր
անհավանական գույներով
երազների մասին,
պատմիր ագռավների մասին
ինձ սիրելի սև սև աչքերով,
սև սև փետուրներով պատմիր,
նրանք իրական են,
ծանոթ են ինձ
ու կարդում են մտքերս խելահեղ ,
բառերս կցկտուր
արտաբերում առավոտյան ծեգին.
-բարի առավոտ, սիրելիս …
31.08.2024
Ես քեզ կորցրի դեռ չգտած
այսօր,
միջանցիկ քամու ժամանակ,
արևածագին դեռ չհասած,
կապույտ երակների մեջ,
ջրերի վրա,
թռչունների աչքերում,
մնացի անկշռելիության մեջ,
թափանցիկ տխուր,
ապակե , կախարդված ,
սառցապատ, անշշուկ
ես քեզ կորցրի,
դեռ չգտած
այսօր
պատահական
կրակոցից…
09.08,2024
