Այս ձմեռը շատ մեղմ էր, կարծես ոչ թե եկել էր սառեցնելու մեզ, այլ մոր քնքշությամբ շոյելու մեր գլուխները։ Մենք էլ, որ ազգային հավաքական մեծ երազանքներից վախենում ենք արդեն, որովհետև շարունակ ականատես ենք լինում դրանց վիժումներին, համապարփակ փոքր երազանքներ ենք խմորում, օրինակ` եկող ձմեռը մեղմ լինի մեր երկրում ու հնարավորինս քիչ խփի մեր գրպաններին։ Բայց հանկարծ փետրվարի շեմին եղանակն սկսեց խոժոռվել քիչ֊քիչ ու ձյունաբեր թուխպեր կուտակվեցին մեր գլխին։ Հեթանոս նախնիներին միշտ հիշող հայերիս կողմից եղանակի աստված կարգված Գագիկ Սուրենյանն էլ գուժեց առատ տեղումների ու բքառատ եղանակների մասին։
Իրենց հերթափոխին դեռ չհասած` զինվորներին դիրքեր հանեցին, որ ձյունը շատ չխանգարի հանկարծ։
֊Շատ եկա՞վ ձեզ մոտ,֊ տագնապած հարցնում եմ սարերում զինվորական հերթապահությունն իրականացնող տղայիս։
֊Մեզ մոտ ձյուն չկա, ֊ հանգիստ տոնով պատասխանում է տղաս ու փոխում թեման, որ նույն հարցը էլի չտամ։
֊Տիկ֊տոկ չունե՞ս, ներբեռնի’ր, էնտեղ շատ են տեղադրում բոլոր տեղանքներից նկարներ ու տեսանյութեր ու կտեսնես` ձյու՞ն է, թե՞ անձրև,֊ կողքից հուշեցին տիկտոկյան հին գելերն ու գելխեղդները, և ես հայտնվեցի էս զանազան֊զարմանազան աշխարհում։
Առաջին օգտատերը, որին հանդիպեցի, Հրեշ֊Տակն էր, որը, ի պատիվ իրեն, անվան առաջին մասը ճիշտ էր վանկատել, որ սխալ չհասկանանք բառը ու այլ սպասելիքներ չունենանք հանկարծ։ Նրան ողջ օրը չի հերիքում մտնել ուղիղ եթեր, միանալ համախոհների հետ ու աջուձախ հայհոյել թուրքերին, ռուսներին, ամերիկացիներին, իշխանությանը, ընդդիմությանը, հարևաններին, բարեկամներին ու ողջ մոլորակին առհասարակ։ Աբու֊Լալա Մահարու փիլիսոփայությամբ տոգորված` յուրաքանչյուրին ատելու իր բաժին փաստարկներն է բերում ու հայհոյում նախ` փաստարկներ բերելուց առաջ, հետո` արդեն դրանցից հետո` ավելի թունդ ու ավելի բազմահարկանի։ Տպավորություն է, որ նրա նպատակը միայն հայհոյելն է, ու կարևոր չէ` ում է ուղղված դա և ինչի համար։
֊Դրանք հայհոյանքներ չեն, անշնորհք ուշունցներ են, ա’յ բալա, կողքից կսաստեր պապս ու դարձյալ թերահավատությամբ կսկսեր կասկածել լեզվաբանական կրթությանս ու հմտություններիս վրա։
Տիկտոկյան հաջորդ հանդիպումս Կրիստալի հետ էր։ Որ էլի համախոհների է հավաքել իր անվանը համահունչ ու սազական անուններով, ուղիղ եթեր մտել դեպի անհունը ձգտող հայացքով, դեմքին հաղորդել շատ կարևոր արտահայտություն, ճիշտ ապրելու մասին իր սեփական հետևություններն է անում` դրանք համեմելով հեղինակային առած֊ասացվածքներով, ընդգծված գլուխգովանությամբ, առասպելական չափազանցություններով ու հորս արև֊մորս արևներով։
Առհասարակ հազարավոր մարդիկ այստեղ ուղիղ եթերում են ամբողջ օրվա ընթացքում միայնակ կամ համախոհներով, նրանք տարբեր մասնագիտությունների, տարբեր խառնվածքների տեր մարդիկ են, մեկը նկարում է ուղիղ եթերում, մեկը երգում է, մեկը հենց նոր թխած բանաստեղծությունն է կարդում, Պ. Սևակը գրել է, ինքը թխել է Սևակից, երեք֊չորս բառ փոխել ու արտասանում է սրտի խորքերից, ինչ֊որ մեկը իր թխած գաթան է ցուցադրում, ապուր եփում կամ այլ վարպետություն ցուցադրում, իսկ մեծագույն մասը ոչինչ էլ չի անում, ուղղակի նստում է էկրանի առաջ ու բառիս բուն իմաստով գումարային նվերներ մուրում դիտողներից։ Նրանք աջուձախ գոռում են, երբեմն նաև հրամայում, աղաչում, պաղատում, վճարովի նվերներ են խնդրում դիտողներից անընդհատ` չմոռանալով նաև պարբերաբար հորդորել, որ հավանեն իրենց եթերը և բարձր պահեն էջերի ակտիվությունն ու վարկանիշը։
Այս հարթակում, իսկապես, կան նաև տաղանդավորները։ Ու, ցավոք, ինչքան տաղանդավոր, այնքան քիչ հայտնի, համեստ ու քիչ հետևորդներով։
Ամենահայտնի օգտատերը հանրահայտ Մարինան է` հարյուրավոր, երբեմն հազարավոր հետևորդներով, շատ էքսցենտրիկ խառնվածքով, եթերում ցուցադրվող մի շարք թուլություններով ու կախվածություններով։
Մարդիկ հստակ գիտեն ու տեսնում են` ինչ մոլություններ ունի, մտնում են ուղիղ եթերի տակ մեկնաբանություններ գրում, անիծում, փորձում խելքի բերել, ամոթանք տալիս, հետո նորից խղճում ու վճարովի նվերներ ուղարկում, որովհետև երբ լույսն անջատվում է գումարի պատճառով կամ եթերում սնվելիս տեսնում են` միայն մածուն է ուտում, անիծելով ու բարկանալով նվերներ են ուղարկում, որոնք համակարգը գումար է դարձնում և օգտատերերի բանկային հաշիվների վրա փոխանցում։ Մարդկանց հավաքական խղճի մասին անվերջ կարելի է գրել, բայց Մարինան չի թողնում մտքերս ի մի գան, գոռգոռում է անընդհատ, հունից դուրս գալիս, ամենավերջին լուտանքները թափում բոլորի գլխին ու հասցեին։ Վերջերս մի քանի աղանդավոր քույրիկներ փորձեցին օգնել նրան, ընդգրկեցին իրենց հավաքներում, Մարինան էլ խաղաղված օրվա որոշ ժամերի որոշեց Աստծո խոսքով կիսվել, բայց երկար չի դիմանում, մի քանի րոպե, ու սկսվում է փոթորիկը։ Ու՞մ հետ է կռիվը, ումի՞ց է էդքան բորբոքված, մոլեգնած, լցված, դժվար է ասել։ Գարնան պղտոր գետի պես հոսում է անընդհատ ու չի վերջանում Մարինայի զայրույթը։ Չի հանդարտվում, զուլալվում մի քիչ։
Տիկ֊տոկի որբն է Մարինան, ժամանակ առ ժամանակ տանտերերը վարձով տներից հանում են դուրս, բայց նման պահերին նրա հետևորդների հավաքական խիղճը արթնանում է, իրար գրելով ու տեղեկանալով էլի տուն են գտնում, տեղավորում նրան, երբեմն Ամերիկայի հետևորդներին դիմում, վճարում տան վարձը, մինչև նորից կճանաչեն Մարինային ու տնից դուրս կհանեն նրան։ Որոշ տիկտոկցիներ էլ, հայտնի դառնալու այլ արժանիքներ չունենալով, փորձում են` Մարինայի համար օգնություն կազմակերպելով գովազդել իրենց։
Մի առանձին պատմություն է Մարինայի ծիծաղը։ Մարինան շատ անսպասելի է ծիծաղում, հայոց լեզվի ճկուն բառապաշարը ստեղծել է տասնյակ բառեր` ծիծաղը, ժպիտն ու քրքիջը իրարից տարբերելու համար, բայց Մարինայինը դրանցից ոչ մեկը չէ։ Դա ծիծաղ չէ, տագնապ հիշեցնող կանչ է, որ բոլորին է ուղղված ու արձագանք, որ տրաքում է կայծակի պես ու ականջներիդ մեջ զնգզնգում շարունակ։
Տիկ֊տոկը մեր աշխարհի փոքրիկ մանրակերտն է, մի առանձին աշխարհ չէ` բոլորից կտրված։
Այստեղ հենց այս պահին մսավաճառ Միսակը աղացած մսից սիրուն սրտիկներ է պատրաստում իր հավատարիմ հետևորդների համար, Վալոդ պապին ամերիկաբնակ մի քանի հայ տղաների է ուղիղ եթերում սաստում, որ փորձում են` Վալոդ պապիին ծաղրելով հետևորդներ հավաքել.
֊ Ձեննե’րդ կտրեք, ա’յ բանակից թռածներ, չեմ ալարի, կհասնեմ Ամերիկա֊տեղ, ամեն մեկիդ մի չափալախ կտամ ու հետ կգամ։֊ Չեմ հասկանում ձեր տներում հեր, հորոխպեր, մեծ ախպեր չկա՞, որ բացատրի ինչը որից հետո են անում։
Եվ եթե երբեք չեք փորձել, նոր եք փորձելու թերթել տիկ֊տոկի լրահոսը, ամեն դեպքում բանկային քարտ կցե’ք ձեր հավելվածին, որ կարողանաք վճարովի նվերներով արտահայտել ձեր զգացմունքները, քանի որ էն ոչուփուչ Մարինան էլի մածունի հույսին մնացած կլինի, ի ծնե հիվանդ Ալեքսիկին կուրախացնի ձեր ուղարկած նվեր֊հրավառությունը կամ էլ Հրեշ֊Տակի հետ հայհոյել կցանկանաք էս ծուռ ճամփեքով անդունդ գլորվող աշխարհի տիրոջ մորը։
Այս աշխարհում ամեն ինչ վճարովի է դարձել, հարթակը ստեղծող խելացիները դա հստակ գիտեն, նույնիսկ` մի կուշտ հայհոյելը։
