Հովհաննես Զորավիգ/Տհասը

Անթերի մարդ չկա, պարզապես ոմանք չեն ուզում տեսնել իրենց թերությունները:
(հեղինակային)

      -Չէ, դու նստի, թող ուրիշը գա, դու տհաս ես,- էտյուդի մի քանի փորձ ձախողած կորսընկերուհուն ասաց Էդուարդը։ 

      Սպիտակամաշկ, սլացիկ հասակով, նուրբ դիմագծերով, մի քիչ սառը, բայց գրավիչ արտաքինով Աղջնակի նորաոճ անունը ուսանողները մոռացան։ Վերջ։ Խաչ քաշեցին բնաշնորհ բարության, համեստության, առաքինության ու անգամ` ամոթխածության վրա։ Էդուարդի ծանր խոսքով Նա այլևս Տհասն էր։ Թատերական բուհում Աղջնակը հաճելի բացառություն է։ Միջավայրի աղջիկներից շատերն են չափահասության հետ չափն էլ անցել։ Առավել համարձակները անձնագրով հաստատելուց առաջ անդամին ելնելով են ինքնահաստատվել որպես չափահաս։ Ավելի ճիշտ` պարզապես չափն իմացող, բայց ոչ երբեք՝ չափը հասկացող։ Նրանք, հասուն արուների ջլապինդ թևերում սեղմվելով, մի ծայրից մյուսն են թռչում`երբեմն փափուկ, հաճախ էլ` կոշտ վայրէջքելով «հինգ րոպեանոց հաճույքի» իրենց ժամանակավոր հանգրվաններում։ Դրանք որպես կանոն, մոլորվածին կյանքի ճիշտ ճանապարհ ցույց տվող բոցավառ փարոս չեն կամ անշեջ ջահ։ Ուղի ցույց տալ կարող են։ Մայրուղու տեղը՝ առավել ևս, իսկ մայրության ճանապարհը` երբեք։ Մայրության ճանապարհը մայրուղով չի անցնում։

    Ճարպիկ «պրակտիկանտները» արդեն հասցրել են իրենց «պրակտիկ փորձի դպրոցը» հիմնել։ Եվ միամիտ, անփորձ «նորակոչիկներին» հանգամանորեն բացատրում, համոզում են. «21-րդը թռիչքի, սլացքի դար է։ Պարզապես պետք է ճարպկորեն սլանալ` հանգրվանելով մեկ այս, մեկ այն ծայրին… անդամի։   Նժույգից ընկնելիս, անգամ օդանավի անհաջող վայրէջքից պետք չէ վախենալ։ Դրանցից փրկություն կա։ Այ, Ծայրից ընկնողը փրկություն չունի»։

    Այս զրույցներին Աղջնակը չի մասնակցում։ Նրա ճանաչած միակ ծայրը ուսանողական նստարանի ծայրն է, «Պրակտիկանտների» հետ ժամանակ չի վատնում, ոչ էլ նրանց բուռն ու տաք զրույցներին է ականջ կախում։ Ու փորձված աղջիկները և որոշ փորձառու արուներ, Աղջնակին Էդուարդի կնքած Տհաս անունով են կոչում` թաքուն նախանձելով. էգերը՝ նրա առաքինությանը, դաստիարակությանն ու գրավչությանը, արուները` մաքրությանը` թաքուն երազելով այդքան համեստ մեկին իբրև հարսնացու իրենց օջախ տանելու մասին։

…Թվաց` շփոթված է։ Գուցե տաք զրույցով գոնե ականջը տաքացնելու կարի՞ք ուներ։ Պարաքայլերը շատ էր դանդաղեցրել, և չհասցրեց ժամանակին դուրս սահել լսարանից` ակամա ունկնդիր դառնալով տղայական թեժ զրույցին։ Այ քեզ ջերմություն, տաքություն երազող ականջի համար։     Ինչպիսի հարված չափահասությունը հաղթահարած ու մեծ կյանքում իր հավերժական ուղեկիցը լինելու խոստում տված իր ամոթխածությանը։ Շառագույն ամոթը հետո էր գալու։ Իսկ մինչ այդ…

     – Էդուա՜րդ, արե՜լ ես,- զարմացած կմկմաց Աղջնակը։ -Չէ, իրոք, արե՞լ ես… Հանկարծ չանես, առանց ամուսնանալու դա վատ բան է, շատ վատ բան,- հուզմունքից հազիվ էր բառերը արտաբերում։

      Երեսանց զայրույթը հոգու խորքում բարձրացող լավայի ամենաթույլ արտահայտիչն էր` սուզելով իրեն հոգին ցունամիահարող մտքերի մեջ։ Լռություն տիրեց։ Ու ձգվեց երկա՜ր, երկա՜ր։ Սենյակում գտնվողներին լսածից ու տեսածից ուշքի գալ էր պետք։ 

     «Հաստատ տհաս է սա»,- մտածեց Էդուարդը, երբ շոկն արդեն հաղթահարել էր և ընկել ճարպիկ «պրակտիկանտների» հետ իր ունեցած կապերից վերհուշի տեսքով հաճույք ստանալու էքստազի մեջ։

      «Իսկ ես ցանկանում էի, որ դու, Էդուլ, հենց դու իմ առաջինը լինես, ես էլ քո առաջինը լինեմ։ Ու դա շատ էլ հնարավոր էր։ Չէ՞ որ մենք ուսանողական նստարանից, անչափահաս, երեխա ժամանակից իրար գիտենք։ Թվում է` նաև անմեղ, անարատ ժամանակից։ Քո պարագայում, Էդուլ, թվում է։ Ցավոք։ Միամիտ, անմեղ Աղղջնակ,- մտածեց ու իր անմեղությունն իր աչքի գրողը երևաց։ -Ում է պետք այդքան տարփողված ավանդապաշտությունդ, եթե պաշտպանածդ, սրբորեն պահպանածդ չեն դառնալու սրտով սիրած տղամարդու հպարտությունն ու արժանիքը։ Եվ ինքը չի լինելու քո պաշտպանը»,- դառնացավ։

     -Ամոթ է, շատ ամոթ է, առանց ամուսնանալու, իրոք, ամոթ է, չանես հանկարծ,- երկար լռությունից մի կերպ հետ գալով, շառագույն ամոթը կոցկելու անկարող` մի կերպ բարձրաձայնեց Աղջնակը։ Հազիվ էր արցունքները թաքցնում։ Այլևս չէր ցանկանում լսել կուրսընկերոջ պատասխանը։ Իսկ Էդուարդը նրա հայացքում որսաց հրավառ ցանկությունը։

      «Չէ, սա իրոք, տհաս է,- ինքն իրեն նորից համոզեց Էդուարդը, որ անմեղ- մեղավորությունը կողքի դրած` հին մասնագիտության մեջ նոր անուններ որոնելով էր ընկած և «պրակտիկ փորձի դպրոցի» մի քանի շրջանավարտի համար Հոլիվուդից հրաշքով մեր քաղաք ընկած անփոխարինելի Ալեն Դելոն էր։

     – Չկարծեք, թե ես դեմ եմ սեռական կյանքին կամ հաճույք ստանալ չեմ ուզում։ Ամենևին: Ո՞ւմից եմ պակաս,- արդեն լրիվ հոդաբաշխ, հստակ ձևակերպեց Աղջնակը։ -Դուք «հինգ րոպեանոց հաճույքներ» եք ուզում ու պատրաստ եք մի ամբողջ կյանք լեզուն կախ գցած շան նման վազել դրանց հետևից,- հայացքով բոլոր տղաների վրայով անցնելով` աչքերը երկար սառեցրեց Էդուարդի վրա` մի լավ խեթելով։ – Չէ՞, Էդուարդ:

      – Գիտեմ՝ «պրակտիկ փորձի դպրոց» անունը ստացած աղջիկներից շատերին տղաներդ ընդամենը «հինգ րոպեանոց հաճույք» եք համարում: Նրանց հետ գիշերները գինով մի լավ հարբելուց ու արբենալուց հետո, գինու ցնդող ազդեցության ու բացվող այգի հետ նրանք հեռանում են ձեր անկողիններից, ինչպես կիսաթանկարժեք կամ էժանագին օծանելիքի հոտը՝ լվացքի մեքենայում հայտնված հագուստից: Ես չեմ ուզում, պարզապես չեմ կարող «հինգ րոպեանոց հաճույք» լինել: Օրինավոր ամուսնությունից եմ ծնվել, և օրինավոր ամուսնությունից են լինելու նաև իմ սիրո պտուղները,- վճռական հայտարարեց Աղջնակը՝ «հասկացա՞ր, Էդուարդ» արտահայտությունը աչքերում՝ հայացքը դարձյալ պտտելով բոլոր տղաների վրայով և սևեռելով Էդուարդին:

     Ամեն ինչ ասված էր։ Իսկ «ես ընտանիքի աղջիկ եմ, և ես ընտանիք եմ ուզում» արտահայտությունը պարզորոշ գրված էր հայացքում։ Կարդացողը կարդաց, հասկացողը` հասկացավ, իսկ տհաս ու խակ ունկնդրին կհասկացնի ու կպարտադրի ամենադաժան ու անառարկելի ուսուցիչը` Կյանքը։ 

Էդուարդը բանակ գնաց կյանքի փորձություններին անճանաչ: 

      -Ես Էդուլին հավանում եմ, շատ եմ հավանում։ Բանակից առաջ չասացի, այդքան համարձակ չէի, համ էլ կարծում էի կնկատի ու ինքը քայլ կանի։ Բայց… էլ համբերողը չեմ։ Հենց եկավ, ասելու եմ,- մի օր ընկերուհու մոտ անկեղծացավ Աղջնակը։

     Մի քանի օր անց, երբ սահմանին կրակոցերի մասին էր կարդում, ընկերուհին նկատեց Աղջնակի արցունքները։

     – Էդուարդենց դիրքերի ուղղությամբ կրակում է թշնամին։ Աստված իմ, հանկարծ Էդուլիս բան չպատահի,-հորդացող արցունքների միջից Աղջնակի աղոթաձայնը հազիվ լսեց ընկերուհին։ «Հանկարծ Էդուլիս բան չպատահի, Աստված իմ»,- չմարող դնդնոցով երկար հնչեցին այս բառերը։

      Անցան ամիսներ։ Ընկերուհու հետ քաղաքում շրջելիս փողոցի ծայրին նկատեց Էդուարդին։ Զինվորական համազգեստի մեջ ավելի տպավորիչ էր։ Զգացմունքներն ալեկոծեցին անհանգիստ սիրտն ու հոգին։ Էդուարդն էլ իրեն նկատեց ու ընդառաջ էր գալիս։ Մեկ-երկու քայլ, և իր արձակ թևերը ամուր կգրկեին Էդուարդի թիկունքը, ինքն էլ կգրկվեր Էդուարդի երկար, թեև բարակ, բայց բանակում ամրացած թևերում։ Կզգար Էդուարդի լանջաբաց կրծքում բաբախող սրտի տաք հևքը…

      – Էն ո՜ւմ Տհասն ա,- սիրտն ու հոգին տակնուվրա անող խոսքից փլվեց՝ Էդուարդի գիրկը չհասած։

     -Ի՜, անսպասելությունից ծոր տվեց Աղջնակը,- տհասը դու ես, արա: Լրիվ խակ ես…

    «Ես ինչ եմ ուզում, սա ինչ ա ասում։ Ես քո կողքին, Էդուլ, բեմում և տանը Գալյա Նովենց էի լինելու, մինչդեռ քեզ համար մի շարքային տհաս եմ»,- տխուր ինքնախոստովանեց ու դառը հեկեկաց Աղջնակը։

     «Էս Տհասին ի՞նչ պատահեց», -անցավ նրբանկատությունը վաղուց կողմ դրած, զինվորական սեզոնային համազգեստների հետ ու դրանց մեջ քաղաքավարությունն էլ մաշած Էդուարդի մտքով։

     «Դեռ ջահել է, լրիվ խակ։ Քունքերը դեռ չեն ճերմակել, ու դեռ նայվում է,- Էդուարդի մասին մտածեց դասախոսը` տեղեկանալով Աղջնակին նվաստացնող արարքի մասին։- Հետո ինքդ ես նվաստանալու, երբ ընտանիք կազմելու համար արժանավոր աղջկա փնտրտուքը, Աստված մի արասցե, ամենաանարժանի գիրկը նետած կլինի քեզ, Էդուարդ»,- մտածեց պրակտիկ փորձով համոզված ու իմաստնացած դասախոսը, ու ինքն իրեն թե` «Լավ ես ասում դու, ծերունի…։ Բայց Էդուարդին բարձրաձայն ոչինչ չասաց։ 

    «Ապաշխարության ճամփան ամենքն իր դառը փորձով պիտի գտնի»,- համոզված է դասախոսը։

    …Էդուարդը զինծառայությունից ողջ առողջ վերադարձավ։ Իրեն սրտում պահող, թշնամու կրակահերթերի ժամանակ սիրտն իր համար գերապահով ապաստարան դարձրած Աղջնակի նկատմամբ նա բացարձակ անտարբեր է ձևանում։

     Փոխարենը Աղջնակի հետ է Էդուարդի միակ նվերը` մականունը` Տհաս, որ գուցե ավելի լավ բնութագրում է չկայացած Ալեն Դելոնի խակությունը։ Մեկ էլ Գալյա Նովենցին չիմանալն ու իր կողքին հայ բեմի նոր Գալյա Նովենց ունենալուն արժանի չլինելը։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *