Սևոյի մռութը ջարդել էին:
Երեք օր էր ոսկոր կրծելու, ծամելու ուժ չուներ: Միայն լմբլմբացնելով կեղտաջուր էր լակում, կամ էլ եթե բախտը բերեր, գլուխը խցկում էր տների կողքով հոսող բետոնապատ առուների մեջ, որ մաքուր ջրով սիրտն ու դունչը հովացներ: Չնայած, նորմալ ոսկոր էլ չէր գտնում. մարդիկ սկսել էին ժլատություն անել՝ արդեն մինչև վերջ կրծած, անմիս ոսկորներն էին շպրտում՝ էն էլ հավի: Կամ էլ պահում էին հարևան-բարեկամների շների համար: Մի ժամանակ քյասիբ էին, հիմա հարստացել ու քծիբ են դարձել…
Նախկին Սևոյից բան չէր մնացել․ շատ էր նիհարել, կողոսկրերը սկսել էին երևալ, կամաց-կամաց նմանվում էր թափառական ու անցեղ շան: Ամեն անգամ նեղվելիս, մանավանդ վերջին օրերին, ինքն իրեն հիշեցնում էր սեփական անձի ազնվական ծագման, ցեղի փառավոր պատմության մասին: Ականջներն ու պոչը ցցում էր, ջարդած մռութը ճիգ գործադրելով վեր էր բարձրացնում ու կուրծքը դուրս գցած քայլում մարդկանց միջով: Խիզախ էր հոգով՝ ինքն իրեն սփոփել գիտեր. բա մի բանով պիտի՞ հույս տաս քեզ, երբ ամեն ինչ մոտդ վատ է: Թեկուզ քեզ հետ անմիջականորեն կապ չունեցող բաներ լինեն դրանք, թեկուզ անցյալիդ մաս կազմեն, միևնույն է, հիշելու ու չկոտրվելու կարողությունը փրկագործության պես բան է դառնում: «Ոչի՜նչ, սա էլ կանցնի,- մտածում էր ինքն իրեն,- կարո՞ղ ա ոտքս չկպավ անցած տարի, երբ Սաքոյի համար հաց բերելու գնալուց մեքենան շպրտեց մի քսան մետր. կպավ, բա ի՞նչ պիտի աներ… բայց դե խելքս ասա, էս անգամ էլ իմ մեղքով էսպես ստացվեց, ո՞վ էր ինձ ասում քիթս խոթեի ուրիշի տան գործերի մեջ»:
Մի քանի օր առաջ՝ երեկոյան կողմ, հարևան բակի տներից մեկում տուրուդմփոց էր: Սևոն էլ, սովորության համաձայն, դուրս էր եկել ման գալու, բայց այս անգամ, առավել քան երբևէ, տխուր էր՝ Սաքոն գնացել էր քաղաքից. չէ է՜, քաղաքից եթե գնար, մի կերպ կդիմանար, երկրից էր գնացել՝ առնվազն մինչև ձմեռ: Դարձել էր խոպանչի, իրեն էլ անտեր էր թողել: Մեկնելուց առաջ կռացել էր, մռութը շոյել ու ասել՝ նայելով ուղիղ աչքերի մեջ. «Քո լավի համար եմ անում…»: Ասա թե մարդու լավի համար նրան անտեր թողնելը ո՞ր մի մեղքս է…
Չնայած, հա՜, ինքը մարդ չէր, լավագույն դեպքում մարդու ընկեր էր:
Դուրս էր եկել զբոսնելու…
Մի տեսակ արարողակարգային է հնչում այս դեպքում այդ զբոսնել ասվածը: Առանց դրա էլ Սևոն, ինքնըստինքյան, դրսում էր: Ավելի ճիշտ կլինի ասել՝ վեր էր կացել ու գնացել ման գալու, որովհետև Սաքոյի մեկնելուց հետո գիշերում ու լուսացնում էր դռան դիմաց դրված ոտմաքրելիքի վրա: Վերջին անգամ դրա վրա Սաքոն էր ոտքերը մաքրել՝ էն էլ տանից դուրս գալիս: Տարօրինակ սովորություն էր. ինքն էլ ստիպված հա՛մ տունն էր հսկում, հա՛մ Սաքոյի կարոտն էր քաշում, հա՛մ էլ իրեն էդպես տանտեր էր զգում: Այս անգամ որոշել էր մի քիչ հեռուները գնալ՝ նոր տեղեր կբացահայտեր, կցրվեր ամենօրյա, կրկնվող ու արդեն աչքերի մեջ դաջված, հոգնեցնող իրականությունից, վերելակի վար ու վերի դղրդացող ձայներից, փողոցն ու բակն ամեն առավոտ կռացած ավլող տատիկներից, խմբված տղամարդկանցից՝ ովքեր հայացքով ուղեկցում էին աշխատանքի շտապող բարետես տիկիններին: Սևոն նորություն էր ուզում` ապրումի, պատկերի, ձայնի ու հոտի…
Կատարվածից հետո աշխատում էր հեռու մնալ տան շեմքից, հարևանների հայացքներից: Խնդիր չուներ նրանց հետ, բնավ, անպատեհ առիթով երբեք չէր հաչացել, որ ցույց տար իր շուն լինելը, բայց նման տեսքով ամաչում էր ու պատվաբեր չէր համարում երևալ նրանց աչքին՝ մանավանդ դիմացի հարևանի ջահել հարսից էր քաշվում: Երեք օր առաջ որոշել էր՝ պիտի անցներ նույն չարաբաստիկ փողոցը: Մոտեցել էր, նայել կողքերը՝ մեքենա չկար, պոչը խաղացնելով, հանդարտ ու հպարտ քայլքով անցել: Վտանգն արդեն հետևում էր, խուսափել էր նոր բախումից: Հենց հասել էր թաղամասի միակ ու լուսավորված եկեղեցուն, քայլերն արագացրել ու հայտնվել էր առանձնատների խճճված, թույլ լուսավորված նրբանցքներում: Համատարած լռություն էր. ժամացույց էլ չկար աչքի դիմաց, որ ժամին նայեր, բայց հաստատ քնելու ժամ չէր: Մարդիկ, հավանաբար, փակվել էին իրենց տներում ու բազմոցներին գամված սերիալ էին նայում, բայց ապահովության համար հեռուստացույցի ձայնը ցածրացրել էին, որ հարևանները չիմանային, ու որ հանդիպելիս չկարողանային համարձակորեն ասել. «Հո դու էլ սերիալ նայողներից չե՞ս…»: Քայլերն արագացրել էր՝ թերևս նույն դատարկությունն ու դատարկ լռություն էր: Քիչ էր մնացել շրջվեր ու հետ գնար, երբ բակերից մեկում տղամարդու բարձր ձայն էր լսել: Դա արդեն նորություն էր, բայց պետք էր աչալուրջ լինել (դարանակալի պես մի յոթանասուն մետր չորեքթաթ վազելու ընթացքում տղամարդու ձայնն աստիճանաբար կորցրել էր տղամարդկայնությունն ու վերածվել ճվճվոցի): Մոտենալով դարպասներին փոքր անցք էր գտել, փորսուղ տալով անցել պատնեշն ու ականջները ցցել. կնոջ լացի ձայն էր՝ կմկմոց-նվնվոցով, փորձեր լացի ձայնը բարձրացներ՝ տղամարդը ճվճվալով ու հայհոյելով սաստում էր կնոջը: Հետաքրքրասիրությանն ու հանդգնությությանը հաղթել չէր կարողացել՝ գրեթե աննկատ մոտենալով վիճաբանողներին, թաքնվել էր թփերից մեկի հետևում: Սպասում էր, ինքն էլ չգիտեր՝ ինչի: Բայց սպասումը երկար չտևեց.
-Ա՛յ քած, ա՛յ փչացած շան աղջիկ, ո՞վ էր էդ թուլեն, որ զանգել էր, հը՞…
Սևոյի ներսը տակնուվրա էր եղել, աչքերի դիմաց Ջեկոն՝ նախկինն էր հայտնվել. «Ո՜նց թե շան քած»…, ինքը Ջեկոյին վիրավորելիս անգամ «աղջի»-ով դիմած չկար, թեպետ երբեք վիրավորած էլ չկար: Կնոջ վրա ինքնահաստատվող էս խամաճիկը հերիք չի իրեն թույլ էր տալիս էդպիսի տոնով խոսել կնոջ հետ, դեռ իբրև վիրավորանք էլ օգտագործում էր մի բառ, որը սրբությանը հավասար բան է իր թուլեքի համար…
Անիմաստ էր սպասելը՝ հայացքը շաղել, ականջները ցցել ու խառը հաչոցով դուրս էր պրծել թփի հետևից: Ընդամենը մի քանի սանտիմետր էր մնացել, որ հասներ ու ատամներով բզկտեր էդ անաստվածին: Հոտառությունը սրվել էր՝ արդեն օդում էր, երբ հայցաքներով հանդիպեցին ու սպիրտահոտ առավ…
Երկու րոպե գետնին թավալգլոր լինելուց ու կաղկանձելուց հետո արդեն ոչ մի հոտ չէր զգում՝ շան տղու արագությունն ու հարվածի թափն ուժեղ էր …
«Դե՜, ա՛ռը քեզ նոր հոտ ու նոր զգացողություններ, ավելի լավ չէ՞ր վեր ընկնեիր դռանդ դիմաց ու սպասեիր մինչև առավոտ, բավարարվեիր կորմեջք տատիկների ցախավելների սինխրոն շարժումներով.. Դե լավ, սա էլ կանցնի։ Ոտքս ո՞նց կպավ՝ սա էլ կկպնի։ Բայց մեկ է՝ ամեն դեպքում, էդ շան տղեն իրավունք չուներ կնոջը «շան քած» ասեր…»…
…Երեք օր էր փողոցները չէին մաքրվում: Ձյուն էր եկել, այնքան շատ, որ Սևոն ոտմաքրելիքի վրայից չէր էլ համարձակվում վեր կենալ ու մի քայլ անգամ անել շքամուտքի դռան կողմ՝ կծկվել ու կարոտում էր, երբեմն հոտոտում էր ոտմաքրելիքը, որ Սաքոի կարոտն առնի, բայց… Փողոցն ավլողների մեջքն ու բամբասկոտ տղամարդկանց աչքերը հազիվ հանգստանում էին, իսկ գեղեցկադեմ տիկնայք սրթսրթացնելով ու գլուխները վերարկուի մեջ խցկած շտապում էին աշխատանքի՝ առանց աչքի պոչով հետևելու իրենց կողմ ուղղված գրգռված հայացքներին: Սևոյի մռութը վաղուց էր կպել՝ մի քիչ ծամածռվելով, այնուամենայնիվ ծամել կարողանում էր, եթե ուտելու բան էր գտնում, եթե հարևանի ջահել հարսի տրամադրությունն առավոտյան կողմերը տեղն էր լինում:
Առավոտվա տրամադրությունդ շատ անգամ կախված է տեսածդ երազից կամ էլ նրանից, թե ինչպես ես անց կացրել գիշերդ՝ գիշերդ ցերեկ ես սարքել, գիշերդ քամո՞ւն ես տվել, թե քամիներ ես արել ու փոթորկվել:
Հարևանի հարսը միշտ բարյացկամ էր Սևոյի հանդեպ, ըմբռնումով էր մոտնենում վիճակին. ամուսինը նույնպես խոպանում էր: Մի տարբերությամբ սակայն՝ ամուսինը գոնե երեք ամիսը մեկ գումար էր ուղարկում յոլա գնալու համար, իսկ Սաքոն Սևոյի համար ոսկոր չէր կարող ուղարկել՝ էն էլ մսոտ ոսկոր… Արդեն քանի օր է ախորժակ չուներ: Կարոտը, սուր ատամ դարձած, հույզերը ոսկորի տեղ էր դրել ու առանց դադարի, դանդաղ, բջիջ առ բջիջ կրծում էր ներսը: Սիրտը մի բան զգում էր՝ չապրված զգացողություն ուներ:
Շքամուտքի դռներից դուրս քամին սվվոցով պարի էր հրավիրում գետնին նոր տեղավորված ձյան փաթիլներին: Սևոն մի պահ սթափվեց, վեր կացավ, թափ տվեց իրեն ու հարմար տեղավորվեց մշտական տեղում՝ թեկուզ մի կերպ, թեկուզ ինքն իրեն խաբելով, բայց քնել էր պետք: Մռութը հենեց թաթերին ու սկսեց երազել դռնից ներս ապրած օրերի մասին. դիմացը ժամացույց չկար, բայց գիտեր՝ բոլորը վաղուց քնած են:
Երբ հիշողությունն ու երազանքը խառնվում են իրար, լցվում ուղեղիդ ծալքերի մեջ, հոսելով նույն ակոսներով, ինչպես ավիշն ու արյունը երակներումդ, սկսում ես երանիով հիշել անցած օրերն ու երազել դրանց կրկնվելը: Հուշերդ սկսում են նվագարանների կոշտացած լարերի պես քերել նյարդերդ ու ցավեցնելով խազագրել կյանքիդ չկրկնվող մեղեդիների ամենագեղեցիկ կտորները, գերզգայուն ես դառնում անցյալի ամեն ակնթարթի հանդեպ, վայրկյանի ընթացքում փորձում ես հաղթել ֆիզիկայի բոլոր օրենքներն ու հայտնվել անցյալում։ Ավելի թույլերը ձգտում են անցյալի թևերից ու ոտքերից կառչել, քարշ տալ-բերել ներկա, որ գլուխը դնեն արմունկներին ու անօգնական սիրահարի աչքերով հայացքը հառեն վդրան ու ոչինչ չանեն…
Աչքը հազիվ կպել էր, երբ շքամուտքի դուռը շրխկաց: Ականջներն ալարելով սրեց, տեղից բարձրացավ, բայց չհամարձակվեց առաջ գնալ: Վախեցավ և՛ անորոշությունից, և՛ երազանքի իրականանալուց: Ոտնաձայների ծանր ու վստահ դառնալուն զուգահեռ անհանգստությունն ու վախը կրկնապատկվում էին։ Գոնե դռան հետևում լիներ՝ էնտեղից ավելի ինքնավստահ ու պաշտպանված կհաչեր, թե չէ հիմա ինչ ասես կարող է պատահել հետը. նախընտրեց լռելը: Վայրկյաններ անց նրա դիմաց հայտնվեց ձնակոլոլ, հաստ վերարկուով ու մորթե գլխարկով պաշտպանված պատկեր՝ ձեռքերից յուրաքանչյուրում մի մեծ, ճամպրուկատիպ տոպրակ: Մութ էր.Սևոն կես քայլ հետ գնաց, կպավ բնակարանի դռանն ու աչքերն անազորությունից կախեց՝ իրավիճակի ամեն տեսակ ելքի պատրաստ էր, մեկ էր արդեն…
Եկվորի ուրվագծվող չափերից կարելի էր հասկանալ միայն, որ տղամարդ է: Խորն ու անընդմեջ շունչ քաշելուց հետո ձնեմարդ հիշեցնողը տոպրակները ձեռքից ցած դրեց, կքանստեց, ազատվեց ձեռնոցներից ու շոյելով շան մռութը՝ սառը շնչառությամբ, բայց ջերմացնող ժպիտով վրա բերեց. «Բա իմ լավի համար չես մտածո՞ւմ, այ անաստված, չէի՞ր կարողանում էդ լիֆտը սարքել տայիր, էս ցրտին էկել-հասել եմ, որ քեզ անտեր չթողնեմ…» … Պատասխան չուներ՝ գիտակցում էր, որ շների ու մարդկանց երազանքները երբեմն նույնանում են՝ երկուսն էլ տուն են ուզում, դուռ են ուզում, որ իրենց հետևից ամեն առավոտ կարոտով փակվի,բայց որ հետևում միշտ սպասում լինի, որովհետև դռնից ներս ինքնավստահ ես դառնում…
Ուր մռութդ ջարդելու փոխարեն գլուխդ շոյում են…