Շենքում վայրկենապես տարածվեց լուրը, որ երկրորդ հարկի Գոհարի աղջիկ Վարդուհին, որն Ամերիկայում դարձել էր Վարդա, մեկ ամսով վերադարձել է Հայաստան։
– Մամ, Վարդուհին մոդա չի, անունս չեն կարողանում ասել, համ էլ Վարդան ժամանակակից ա ու սիրուն,- բացատրում էր մորը Վարդուհին։
– Ես էլ չէի ուզում, ուղղակի հերդ ստիպեց, թե բա՝ մամայիս անունն ա, չկորի,- արդարանում էր Գոհարը, երբ գրեթե մեկ տարի է՝ Ամերիկայում էին։
1998 թե՞ 1999 թվականն էր, շենքում նույն արագությամբ տնից տուն մտավ լուրը, որ Գոհարն ընտանիքով մեկնում է Ամերիկա։ Հարևանները շտապեցին տան ունեցած բարիքներից՝ պահածո, բաստուրմա, չիր, չորացրած ուրց, կոնյակ, Ararat ծխախոտ և ուրիշ այլ բաներ բերել և խցկել իրերի մեջ։
– Էսքան ինչի՞ համար եք բերել, կարո՞ղ ա Ամերիկայում չկան սրանցից,- զայրանում էր Գոհարը։
– Իհարկե չկան, դու Ամերիկայում դեղձի չիր, ուրց կճարե՞ս կամ՝ մեր կոնյակից,- ասաց հարևանուհիներից մեկը՝ պայուսակից հանելով նշված իրերը։
Տունը չվաճառեցին, նույնիսկ վարձակալության չտվեցին․ ո՞վ իմանար՝ ովքեր կգային ապրելու, իրենց ողջ կյանքի ապրուստ-վաստակը կփչացնեին։ Բանալիները տվեցին կողքի հարևան Անժիկին, որ երբեմն-երբեմն դուռ-լուսամուտ բացեր, ծաղիկները ջրեր։ Եվ մի անգամ էլ վերևի հարկի հարևանն անզգուշաբար ջուրը բաց էր թողել, Գոհարի տունը ջրի մեջ կորել էր։ Անժիկը կեսգիշերին տղայի հետ հասցրել էր արագ բացել դուռը, մաքրել, չորացնել։ Գոհարը հաջորդ ամիս հարյուր դոլար էր ուղարկել ԱՆժիկին։ Վերջինս էլ նեղացել էր, թե բա՝ հարյուր տարվա հարևաններ ենք, ես հո փողի համար չեմ արել։ Գնացել էր շուկա՝ առևտրի, հետո հարևաններով «նշել» էին Գոհարի տան թրջվելը։
Վարդան տասնմեկ տարեկան էր, երբ Հայաստանից գնացին, սա նրա առաջին այցն էր, բայց սա ոչ թե հայրենի պաղ ջրի կամ Արարատի հանդեպ կարոտն էր նրան բերել այստեղ, այլ հայրական տունը վաճառելու համար էր եկել։ Քսանվեց տարի պահանջվեց, որ հասկանային՝ Հայաստան վերադարձողը չեն։ Վարդայի հայրն էր մահացել՝ տունը նվիրելով աղջկան (հավանաբար, հայրը հույս ուներ, որ մի օր կգա իր տուն, Ամերիկան իրեն տուն չեղավ)։ Աղջիկն էլ արարողություններն ավարտել, եկել էր տունը վաճառելու․ բիզնես էր սկսելու։
Վարդուհին հարկ չհամարեց հարևաններին այցելել՝ համարելով, որ եթե նրանք ցանկանան, կգան իրեն կտեսնեն, իր տան դուռը բաց է։ Իսկ Անժիկի տուն գնաց, որովհետև բանալիները պիտի վերցներ։ Հաջորդ օրը բոլորը սկսեցին Անժիկին զանազան հարցեր տալ՝ փոխվե՞լ է Վարդուհին, թե՞ առաջվա նման լիքոտ ա, հայերեն կը հասկնա՞, կատակեց հարևաններից մեկը, չորս տարի ա ՝ ամուսնացել ա, ինչի՞ մի էրեխա չի ունենում, բա Գոհարը ո՞նց ա, հազար տարի է՝ չենք խոսել։ Մինչ հարցերը քչից-շատից պատասխաններ էին ստանում, Վարդան քայլում էր իր մանկության մանրահատակի վրայով, որից այլևս մաստիկայի հոտ չէր գալիս, բայց մի ծանոթ հոտ էր թափառում օդում․մոր Katrin օծանելիքի բույրն էր՝ խառնված ծխախոտի հոտին,որը ներծծվել էր պատերի մեջ։ Խոհանոցի դարակներում առաջվա նման կողք կողքի շարված էին թթվասերի, մածունի դատարկ տարաները․Գոհարը ոչինչ չէր նետում աղբը, մի օր պետք կգար, լվանում էր, դասավորում, որ ամռանը չորացրած կանաչի լցներ։ Հյուրասենյակի փոքրիկ սեղանի վրա մոր ասեղնագործած սփռոցն էր՝ վրան էլ փոշոտ ու սևացած մոխրամանը։ Կահույքի մեջ մեծից փոքր դրված էին օղու, հյութի ապակե բաժակները, որոնք դուրս էին հանվում Ամանորին և իր ծննդյան տարեդարձին։ Հետո, երբ իր սենյակի դուռը բացեց, պատից կախված կապուտաչյա տիկնիկն ընկավ ոտքերի առաջ։ Վերցրեց, թափ տվեց փոշին ու ժպտաց։ Հիշեց, որ մայրն այս տիկնիկի համար մի ամբողջ աշխատավարձ էր վճարել, որ ինքը մանկապարտեզ գնալիս հետը տաներ, որ խմբի երեխաներից հետ չմնար։ Այն է, ուզում էր ներսի Վարդուհին արթնանար, տրվեր զգացմունքներին, դռան զանգը հնչեց․
– Վարդուհի ջան, հացը պատրաստ ա, քեզ ենք սպասում,- ասաց Անժիկը։
Տիկնիկը դրեց անկողնու վրա և մոտեցավ ճամպրուկին, քրքրեց-քրքրեց հազիվ մի տուփ ամերիկյան շոկոլադ գտավ, վերցրեց ու գնաց ճաշելու։ Ամբողջ ճաշի ընթացքում Անժիկն ու մյուս անդամները զանազան հարցեր էին տալիս․
– Մաման չի ուզո՞ւմ գա, Վարդուհի ջան։
– Չէ, գա ի՞նչ անի, արդեն սովորել ենք էնտեղ,- լակոնիկ պատասխանեց Վարդան։
– Իսկ ինչքա՞ն ժամանակով ես եկել։
– Մեկ ամսով, բայց որ տունը շուտ վաճառվի, շուտ կգնամ, հետադարձի տոմս չունեմ։
– Հա՜, լավ ես արել,- պատասխանեց Անժիկը,- մնա, հանգստացի, կարոտդ առ քաղաքից, բարեկամներից, մեզ․․․,- ուզում էր ասել մեզնից, բայց լեզուն կծեց Անժիկը։
Մի քանի օր հետո գնորդները սկսեցին գալ, տունը նայել, փորձել սակարկել, հետո խոստանալ, որ կզանգեն։ Վարդուհին մեկ-մեկ գնում էր Անժիկի տուն՝ սուրճի՝ իր հետ տանելով հետը բերած սուրճը։
– Էստեղի կոֆեն շատ դառն ա, ո՞նց եք խմում,- դժգոհեց նա։
Այնպիսի տպավորություն էր, որ Հայաստանի պլանտացիաներից էին հավաքել սուրճը։
Ընկերների հետ մի քանի տեսարժան վայր գնաց, նկարվեց, ուղարկեց մորը, ամուսնուն։ Մայրը հաստատեց, որ Հայաստանը փոխվել է, սիրունացել, երևի նաև՝ զարգացել։ Երբ ինքն էր Հայաստանում, փողոցներում այդքան մեքենա չկար, իրենց բակի թթի ծառը, զրուցարանն ու հարևան Խաչիկի տնակ-խանութն էլ այլևս չկան, միայն իրենց շենքի բաց պատշգամբներն են ավելացել։ Մի բանն էր, հավանաբար, նույնը մնացել՝ բոլոր պատշգամբներից Արարատը երևում էր, բայց ոչինչ, իրենք առանց այդ տեսարանի 26-27 տարի ապրում են, էլի կապրեն։
Առավոտ կանուխ տիկին Անժիկը դռան զանգը տվեց։
– Բարև Ձեզ,- հարցական հայացքով նայեց կիսաքնած տղամարդուն,- Վարդուհին ու՞ր ա։
– Ի՞նչ Վարդուհի, տիկին ջան, առավոտ շուտ,- դժգոհեց տղամարդը։
– Տանտերը։
– Հա՜, Վարդա՞ն,- քիչ-քիչ արթնանում էր տղամարդը,- ինքը երեկ չէ առաջին օրը հետ գնաց, ես եմ տունն առել։
Անժիկը անակնկալի եկավ, չգիտեր՝ ինչ խոսել։
– Ես էլ գյուղ էի գնացել երկու օրով, ուրց էի հավաքել, որ հետը տաներ, Գոհարը սիրում էր։- Էս էլ մեր այգու խնձորը,- ասաց Անժիկը՝ ցույց տալով խնձորները։
– Ինչի՞, Ամերիկայում ուրց չկա՞,- ժպտաց տղամարդը։
– Դե, լավ, տղա ջան,- ասաց Անժիկը՝ չլսելով նրա հարցը,- խնձորները վերցրու, մեր շենքում ադաթ կա, որ նոր հարևան է գալիս, քաղցրով ենք դիմավորում։
– Լավ ադաթ ա, – քթի տակ ժպտաց տղամարդը,- շնորհակալություն, անպայման կփորձեմ խնձորից։ Ասաց ու դուռը ծածկեց Անժիկի հետևից։
