
Ջոշուա Ռոթման
Ի՞նչ ես կարդում եւ ինչո՞ւ։ Մի քանի տասնամյակ առաջ այս հարցերը հրատապ չէին թվում։ Կարդալը սովորական մի զբաղմունք էր, գրեթե անփոփոխ՝ սկսած տպագրության զարգացման բուռն շրջանից՝ 19-րդ դարից։ 2017 թվականին տպագրված «Ինտերնետից առաջ» վերնագրով հոդվածում գրող Էմմա Ռաթբոունը դիպուկ ներկայացնում է այն ժամանակվա ընթերցելու ոգին. «Ինտերնետից առաջ կարող էիր փռվել Չիկագոյի այգու նստարանին եւ կարդալ Դին Քունց, եւ դա միանգամայն սովորական բան էր, ոչ ոք չէր էլ իմանա, որ կարդացել ես, եթե չպատմեիր»։ Կարդալը պարզապես կարդալ էր, եւ անկախ նրանից՝ ինչ էիր ընտրում՝ թերթ, Պրուստ, թե ամսագիր, ընթերցում էիր՝ աչքերդ սահեցնելով էջի վրայով, լուռ, քո սեփական արագությամբ, տնօրինելով քո ժամանակը։
Այսօր ընթերցանության բնույթը փոխվել է։ Շատերը դեռ վայելում են ավանդական գրքերն ու ամսագրերը, եւ նույնիսկ կան ընթերցողներ, որոնց թվային դարաշրջանը գերգրագիտացման հնարավորություն է տվել․ նրանց համար սմարթֆոնը գրպանի գրադարան է։ Մյուսների համար, սակայն, ընթերցանության հնաոճ, իդեալական տեսակը՝ խորացված, երկարատեւ, տեքստի սկիզբից մինչեւ վերջ ուշադիր ընթերցանությունը դարձել են ժամանակավրեպ։ Նման ընթերցողները գուցե սկսեն գիրք կարդալ էլեկտրոնային սարքով եւ շարունակեն՝ լսելով ձայնային տարբերակը։ Կամ էլ ընդհանրապես հրաժարվեն գրքերից՝ երեկոն անցկացնելով Apple News-ի եւ Substack-ի հետ, մինչեւ կսահեն Reddit-ի հոսանքով։
Այսօր ընթերցանության մեջ միաժամանակ կա եւ ցրվածություն, եւ կենտրոնացում․ էկրանի վրա անընդհատ հոսում են պատահական բառեր, մինչդեռ YouTube-ի, Fortnite-ի, Netflix-ի մշտական ներկայությունը ստիպում է, որ անգամ երբ սկսում ենք կարդալ, պիտի շարունակաբար որոշում կայացնենք՝ չընդհատել։
Այս փոփոխությունը տեղի է ունեցել տասնամյակների ընթացքում՝ տեխնոլոգիաների պատճառով, որոնք ակտիվորեն կիրառել են երիտասարդները։ Հավանաբար հենց այս պատճառով էլ դրա նշանակալիությունը մշուշապատ է։ 2023 թվականին ԱՄՆ Ազգային արվեստի հիմնադրամը հաղորդեց, որ նախորդ տասնամյակի ընթացքում մեծահասակների տոկոսը, որոնք տարվա ընթացքում գոնե մեկ գիրք են կարդացել, նվազել է՝ հիսունհինգ տոկոսից հասնելով քառասնութ տոկոսի։ Սա տպավորիչ փոփոխություն է, բայց համեստ՝ համեմատած դեռահասների շրջանում տեղի ունեցածի հետ։ ԱՄՆ Կրթական վիճակագրության ազգային կենտրոնը (որին ըստ տեղեկությունների վերջերս խեղճացրել է Թրամփի վարչակազմը) պարզել է, որ նույն ժամանակահատվածում «գրեթե ամեն օր» հաճույքի համար կարդացող 13 տարեկանների տոկոսը նվազել է՝ քսանյոթ տոկոսից մինչեւ տասնչորս։ Ինչպես սպասելի էր, համալսարանի դասախոսները սովորականից էլ ավելի տագնապած են բողոքում սմարթֆոններից կախվածության մեջ գտնվող ուսանողներից, որոնք դժվարությամբ են կարողանում կարդալ երկար ու բարդ տեքստեր։
Անգրագիտության աճի մասին վկայող որոշ ապացույցներ բավական խոցելի են։ Օրինակ՝ լայնորեն քննարկված մի հետազոտություն գնահատում է ուսանողներին ըստ իրենց կարողության՝ վերլուծելու «Մռայլ տուն» վեպի մշուշոտ եւ իմաստային առումով խճճված սկիզբը։ Սա նման է նրան, որ լողորդներին գնահատեն կերամաթի մեջ լողալով հիսուն յարդ հաղթահարելու կարողությամբ։ Գրքից հեռանալու կապակցությամբ կան նաև լավատես լինելու պատճառներ՝ հաշվի առնելով, թե մենք իրականում ինչ ենք սիրում կարդալ։ Եթե մենք նախընտրում ենք դիտել «Տարօրնակ բաներ» սերիալը Սթիվեն Քինգ կարդալու փոխարեն, կամ օգտակար խորհուրդների փոդքասթ լսել այդ թեմայով գրքեր գնելու փոխարեն, ապա դա քաղաքակրթության վե՞րջն է, թե՞ պարզապես ուրիշ բան։ Ինչ-որ իմաստով ավանդական ընթերցանության անկումը կապված է թվային դարաշրջանում տեղեկատվության պայթունային աճի հետ։ Իսկ արդյո՞ք մենք իսկապես ուզում ենք վերադառնալ մի ժամանակաշրջան, երբ կարդալու, դիտելու, լսելու եւ սովորելու նյութերն ավելի քիչ էին։
Այնուամենայնիվ, անկախ այն բանից՝ ինչպես ենք վերաբերվում այս փոփոխություններին, թվում է՝ դրանք միայն արագանալու են։ Վերջին տասնամյակների ընթացքում բազմաթիվ գիտնականներ ընթերցանության նվազումը դիտարկել են որպես «գուտենբերգյան փակագծերի» փակում։ Դա պատմության մի ժամանակաշրջան էր՝ սկսված տպագրական մեքենայի գյուտով, երբ գերիշխում էր տպագիր բառի էկոհամակարգը։ Համացանցը, ըստ այս տեսության, փակեց այդ փակագիծը՝ մեզ վերադարձնելով հաղորդակցության ավելի ազատ, ապակենտրոնացված զրույցի ռեժիմի։ Գրքեր կարդալու փոխարեն մենք կարող ենք վիճել մեկնաբանություններում։ Որոշ տեսաբաններ նույնիսկ կարծում են, որ մենք վերադառնում ենք մի տեսակ բանավոր մշակույթի՝ այն, ինչ պատմաբան Վոլտեր Օնգը կոչում էր «երկրորդային բանավորություն», երբ զրույցն ու փոխադարձությունը հարստացած են գրավոր տեքստով։ Փոդքասթների, «նյուզլեթերների» ու մեմերի հաղթարշավը կարծես հաստատում է այս տեսակետը։ «The Joe Rogan Experience»1-ը կարելի է պատկերացնել որպես խարույկի շուրջ նստած երկու մարդու, որոնք գիտելիք են փոխանցում զրույցի միջոցով՝ հին հունական ոճով։
Բայց բանավոր մշակույթի տեսությունն այսօր մի քիչ անսովոր է հնչում։ Կարելի է ասել՝ այն հիմնականում ձեւավորվել էր «Ցուկերբերգյան փակագծերի» մեջ՝ պատմության մի ժամանակաշրջանի, որը սկսվեց Facebook-ի հայտնությամբ, եւ որի ընթացքում սոցիալական մեդիան դարձավ գերիշխող։ Այդ փակագծի ներսում շատերը նույնիսկ չէին պատկերացնում, թե արհեստական բանականությունը ինչ լուրջ վտանգ կարող է դառնալ հաղորդակցական համացանցի համար։ Մենք արդեն մուտք ենք գործել մի աշխարհ, որտեղ առցանց հանդիպած մարդիկ երբեմն իրական մարդիկ չեն։ Փոխարենը նրանք ստեղծվել են ԱԲ-ի միջոցով, որը վարժեցվել է աներեւակայելի մեծ քանակությամբ տեքստերով։ Թվում է՝ գրքերը կենդանացել են եւ հիմա վրեժ են լուծում՝ ստեղծելով մի նոր բան՝ տեքստի, մտքի եւ զրույցի միություն, որն ամբողջությամբ վերաիմաստավորելու է գրավոր խոսքի արժեքն ու նշանակությունը։
2024 թվականի հունվարին տնտեսագետ եւ բլոգեր Թայլեր Քոուենը1 հայտարարեց, որ սկսել է «գրել ԱԲ-ների համար»։ Հիմա արդեն նրա կարծիքով տրամաբանական է ենթադրել, որ իր հրապարակած ամեն ինչ ընթերցում են ոչ միայն մարդիկ, այլեւ արհեստական բանականության համակարգերը, եւ նա սկսել է այդ երկրորդ տեսակի ընթերցողներին համարել կարեւոր։ «Սակավաաթիվ բացառությունները չհաշված՝ անգամ այն մտավորականներն ու գրողները, որոնք իրենց կյանքի ընթացքում հայտնի են եղել, ի վերջո մոռացվում են»,- գրել է Քոուենը։ Իսկ ԱԲ-ները գուցե չմոռանան․ իրականում, եթե դու նրանց բավարար տեքստ տրամադրես, նրանք կարող են վերականգնել «քո մտածողության մոդելը», որի հետ ապագա ընթերցողները կկարողանան շփվել։ «Քո ժառանգները կամ գուցե ապագա երկրպագուներդ ստիպված չեն լինի փոշոտ հին գրքեր թերթել՝ քո գաղափարների հետ հաղորդակցվելու համար»,- գրել է նա։ Այդ շրջանում Քոուենը սկսել էր իր բլոգում գրել իր կյանքի հիմնականում աննկատ, առօրյա ժամանակաշրջանների մասին․ օրինակ՝ չորսից յոթ տարեկան ընկած տարիների։ Մարդ ընթերցողներն, իհարկե, գուցե մեծ հետաքրքրություն չունենան նման գրառումների նկատմամբ, բայց դրանք կարող են օգնել, որպեսզի «մոտ ապագայում զարգացած ԱԲ-ները կարողանան գրել Թայլեր Քոուենի կենսագրությունը բարձր մակարդակով»։
Քոուենը կարող է այսպես մտածել, քանի որ խոշոր լեզվային մոդելները (ինչպիսիք են՝ OpenAI-ի ChatGPT-ն կամ Anthropic-ի Claude-ը) միաժամանակ մի քանի բան են, այդ թվում՝ ընթերցող մեքենաներ։ Ճիշտ չէ ասել, թե դրանք «կարդում են» մարդկային իմաստով․ ԼԼՄ-ը (Լեզվային Խոշոր Մոդելը) չի կարող հուզվել ընթերցածից, որովհետեւ չունի զգացմունքներ, եւ նրա սիրտը չի կարող արագ բաբախել լարված պահերին։ Բայց միեւնույն ժամանակ անվիճելի է, որ կան ընթերցանության որոշ կողմեր, որոնցում ԱԲ-ները գերազանցում են մարդկային կարողությունները։ Վարժեցման ընթացքում ԼԼՄ-ը «կարդում» եւ «հասկանում» է աներեւակայելի մեծ քանակությամբ տեքստ։ Հետագայում այն կարող է այդ տեքստի բովանդակությունը գրեթե ակնթարթորեն հիշել (եթե ոչ միշտ՝ իդեալական ճշգրտությամբ), կատարել համեմատություններ, հաստատել կապեր, բացահայտել մտքեր եւ դրանք կիրառել նոր տեքստերի վրա, որոնց երբեք չի վարժեցվել, և ամենը՝ մեծ արագությամբ։ Այս համակարգերը նման են համալսարան ավարտածների, որոնք ուսման տարիներին ընթերցել են հանձնարարվող ողջ գրականությունը բառացիորեն։ Եվ նրանք կարող են կարդալ ավելի շատ, եթե առաջադրանք տաս։
Ես ճանաչում եմ մի քանի մարդկանց, որոնք թվում է ամեն ինչ կարդացել են, եւ նրանցից սովորելը կյանքս փոխել է։ Արհեստական բանականությունը չի կարող փոխարինել այդ մարդկանց, քանի որ այն ըստ էության համապարփակ ու համաձայնեցված է․ ChatGPT-ին երբեք չես դիտարկի որպես կրկնօրինակման մոդել մտքի համար, եւ ոչ էլ կհուզվես Gemini-ի մեծ տեսություններով կամ յուրօրինակ պայծառացումներով։ Բայց ԱԲ-ն ունի ընթերցողական ուժեղ կողմեր՝ հենց իր անանձնականության շնորհիվ։ Դեյվիդ Փերելի «Ինչպես եմ գրում» փոդքասթում Քոուենը բացատրում է, որ կարդալիս անընդհատ հարցեր է ուղղում չաթբոթին՝ այն ամենի մասին, ինչ չի հասկանում։ ԱԲ-ն երբեք չի հոգնում այդ հարցերից եւ պատասխանելիս օգտագործում է այնպիսի գիտելիքի շրջանակ, որին մարդը երբեք այդքան արագ չի հասնի։ Այս կերպ ցանկացած տեքստ կարող է դառնալ մի տեսակ մեկնարկային հարթակ կամ ուսումնական ծրագիր։
Բացի այդ, ԱԲ-ն կարող է պարզեցնել․ եթե, օրինակ, դու դժվարանում ես ընկալել «Մռայլ տան» սկիզբը, կարող ես խնդրել այն վերաշարադրել ավելի պարզ եւ ժամանակակից անգլերենով։ Դիքենսը գրել է․ «Gas looming through the fog in divers places in the streets, much as the sun may, from the spongey fields, be seen to loom by husbandman and ploughboy»։ Իսկ Claude-ը ընտրում է ավելի ուղիղ տարբերակ․ «Gas lamps glow dimly through the fog at various spots throughout the streets, much like how the sun might appear to farmers working in misty fields»։
Այսպիսով, ԱԲ-ով զինված ընթերցողները կարող են աստիճանաբար կորցնել առաջնային եւ երկրորդային աղբյուրների սահմանը՝ հատկապես այն դեպքում, երբ կարծում են, թե հնարավոր է տարանջատել ձեւն ու բովանդակությունը։ Շատերը վաղուց հարմարավետ են զգում իրենց այդ մոտեցման մեջ․ սկսած 2012 թվականից՝ Բեռլինում գործող Blinkist ընկերությունը, որը ինքն իրեն համարում է «ընթերցանության ապագան», առաջարկում է հանրաճանաչ ոչ գեղարվեստական գրքերի տեքստային եւ ձայնային 15-րոպեանոց համառոտագրություններ։ (Մի «հայացք»-ում՝ տեւող ընդամենը տասնհինգ րոպե, կարող ես մտնել Ռայան Հոլիդեյի՝ ստոիկ եւ բուդդայական փիլիսոփայության մասին «Stillness is the Key» գրքի տրամաբանության մեջ)։ Կամ հիշենք Reader’s Digest Condensed Books-ը՝ բաժանորդագրությամբ վաճառվող սեզոնային անթոլոգիաներ, որոնք պարունակում էին չորս կամ հինգ կրճատված վեպ՝ հրատարակված գեղեցիկ կոշտ կազմով։ Այս գրքերը շատ սիրված էին․ 1987-ին New York Times-ը հաղորդում էր, որ 1.5 միլիոն ընթերցողներ տարեկան 10 միլիոն հատոր էին գնում։ Եվ երբ ես մեծանում էի, մեր տանը մեր ծնողները մի ամբողջ դարակ ունեին դրանցից․ առանց հատուկ մտածելու՝ ես կարդացել եմ մի քանի «խտացված» թրիլլերներ՝ Դիկ Ֆրենսիսից ու Նորա Ռոբերթսից։ (Այս շարքը մինչ օրս գոյություն ունի՝ որպես Reader’s Digest Fiction Favorites)։ Եթե ես ակադեմիական աշխատանք գրեի Ֆրենսիսի 1979 թվականի «Whip Hand» վեպի մասին ու օգտագործեի կրճատ տարբերակը՝ մեծ խնդիրների մեջ կհայտնվեի։ Բայց եթե պարզապես ուզում եմ պատմությունը, տրամադրությունը, լարվածությունը, գուցե իրավացի եմ, որ ինձ թվում է՝ գիրքն արդեն «կարդացել եմ»։ Իսկ անկեղծ լինենք՝ հազիվ թե փորձեի գտնել ամբողջական տարբերակը։
Մեր ժամանակների ընթերցանության ռեժիմում համառոտ կամ փոփոխված տեքստերը բացառություն են, ոչ թե կանոն։ Բայց առաջիկա տասնամյակում այդ հարաբերակցությունը շատ լավ կարող է շրջվել․ գուցե մենք սովորություն դարձնենք սկսել փոխարինող տարբերակներից եւ միայն հետո որոշենք գտնել բնօրինակները՝ մոտավորապես այնպես, ինչպես հիմա Kindle-ի մեջ նոր գրքի նմուշ ենք ներբեռնում՝ նախքան ամբողջական տարբերակին անցնելը։ Քանի որ ԱԲ-ն կարող է ըստ պահանջի ստեղծել կրճատումներ, ամփոփումներ կամ այլ համառոտ տարբերակներ, մենք գուցե սկսենք տարբերակների միջեւ անցում կատարել՝ ըստ պահի անհրաժեշտության։ Նման մի բան է, երբ այսօր որոշում ես փոդքասթը լսել «2x» արագությամբ կամ ձանձրալի սերիալը դադարեցնում ու անցնում ես Վիքիպեդիա՝ պարզելու, թե ինչպես ավարտվեց։ Էստրադային երգերը հաճախ մի քանի տարբեր խմբագրում ունեն՝ «մաքուր» տարբերակ, տարբեր EDM ռեմիքսներ։ Որպես գրող՝ գուցե չցանկանամ տեսնել իմ տեքստը այս կերպ բեկված ու վերամշակված։ Բայց բեկման ուժն այլեւս ինձ չի պատկանելու․ այն ընթերցողի ու նրա ԱԲ-ի ձեռքում է լինելու։ Նրանք միասին կփակեն սահմանը ընթերցելու եւ խմբագրելու միջեւ։
Իհարկե, միանգամայն հասկանալի է ասել, որ որոշ տիպի գրականություն պարզապես չպիտի կամ չի կարող համառոտագրվել։ Եթե Էլենա Ֆեռանտեի2 նեապոլիտանական վեպերի ամփոփումը կարդաս՝ «Լիլան արեց սա, Լենուն՝ նա», քեզ կխաբես։ Միգուցե Դուգլաս Հոֆշտադտերի3 «Գյոդել, Էշեր, Բախ. Հավերժական ոսկե հյուսք» գիրքը կարելի է քամել դեպի հիմնական գաղափարները, եւ գուցե չաթբոթը կարողանա դրանք ավելի հասկանալի բացատրել, քան ինքը` Հոֆշտադտերը։ Բայց մյուս գրքի երկարությունն ու բարդությունը հենց էության մի մասն են։ Իսկ ընթերցողները վստահաբար կշարունակեն գնահատել մարդկային իրական ձայները։
Վերջերս ես կարդում եմ Տոլստոյի «Մանկություն, պատանեկություն, երիտասարդություն»-ը։ Այն լի է գերմաներեն արտահայտություններով, տարօրինակ պատմական մանրամասներով եւ ռուսական մշակութային նրբություններով, որոնք չեմ հասկանում։ Բայց նույնիսկ այդպես, նախընտրում եմ չկարդալ ծանոթագրությունները․ ուզում եմ մնալ պատմության հոսքի մեջ՝ Տոլստոյի կախարդանքի ներքո։ Հնաոճ ընթերցանությունը սիրող մարդկանց տոկոսը կարող է նվազել, բայց այն երբեք չի հասնի զրոյի կամ դրան մոտ։
Այնուամենայնիվ, չեմ կարողանում չհարցնել՝ արդյո՞ք գրության ներքին ամբողջականությունը այնքան ուժեղ կլինի, որքան թվում է։ Մի ժամանակ դժվար էր պատկերացնել, որ մի օր երգեր կարող են ստեղծվել առանձին նմուշների շուրջ կամ դրանցից բաղկացած լինել։ Այսօր դա սովորական բան է։ Արդյոք նման ռեմիքս մշակույթը կարո՞ղ է հասնել նաեւ ընթերցանությանը։ New Order-ի «Blue Monday»4-ի բազմաթիվ տարբերակներից որն է իսկականը։ Արդյո՞ք դա կարևոր է, եթե դու սիրում ես երգը։ Նույն կերպ՝ եթե ես կարդում եմ իմ տարբերակը «Իմ հանճարեղ ընկերուհին» գրքից, իսկ դու՝ քո տարբերակը, մեր երկուսիս համար էլ Ֆեռանտեն սիրելի չէ՞։ Հենրի Ջեյմսը5 կյանքի վերջում վերամշակեց իր շատ վեպեր, Թեյլոր Սվիֆթը6 մեզ տվեց իր «Taylor’s versions»-ները։ Մենք հետաքրքրվում ենք գրողի մտադրություններով, ինքնությամբ ու սեփականությամբ։ Գիտենք, որ գրությունը բառերի հատուկ դասավորվածություն է, որը, երբ վերադասավորված է, դառնում է պակաս հատուկ եւ շատ դեպքերում՝ պակաս արժեքավոր։ Բայց մենք նաեւ կարող ենք հաճույք ստանալ` դառնալով ԱԲ-ի աջակցությամբ մեր ընթերցածի խմբագրողները։
Ինձ համար ընթերցողի վերելքը եղավ լրագրություն մտնելուց առաջ, երբ ես զբաղված էի անգլերենի դոկտորական ծրագրով։ Ծրագրիս կեսից պետք է հանձնարարվեր ընդհանուր քննություն՝ երեք դասախոսների կողմից ժամերով տեւող հարցաքննություն։ Քննությունը հիմնված էր ընթերցանության ցուցակի վրա, որը տրամադրվել էր մեկ տարի առաջ եւ ընդգրկում էր գրեթե ամբողջ անգլերեն գրականությունը՝ Բեովուլֆից7 մինչեւ Beloved8, եւ ներառում էր օրինակ՝ Ջոյսի9 «Ուլիսեսը» եւ Յեյթսի10 շարքերը։ Ես կարդում էի ցերեկ-գիշեր։ Քանի որ աչքերս հոգնում էին, ստիպված էի գնել հատուկ լամպ եւ խոշորացույց՝ պատվանդանի վրա։ Երկու տարի անց հանձնեցի երկրորդ քննությունը, որին ընդառաջ կազմել էի ընթերցանության ցուցակ։ Այդ ցուցակը նույնպես նախատեսված էր մեկ տարվա ընթերցանությունը լրացնելու համար, եւ այդ ցուցակում երկու տասնյակ վեպ ու անսահման թվով գրական քննադատություն էր։ Ես սկսել էի կարդալ՝ կանգնած, որ ցավ չպատճառեմ մեջքիս։
Մարդու ընթերցանության տարբերակը ենթադրում է սահմանափակություն։ Հուզիչ էր բացահայտել՝ որքան շատ կարող եմ կարդալ, եւ քննությունների պատրաստությունը ինձ դարձրեց նրանցից մեկը, ով կարծես թե «ամեն ինչ կարդացել է»։ Բայց նույնիսկ երբ անցնում էի գրական կանոնի նշանակալի մասը, չէի կարող չնկատել, որ իրականում կարդում եմ միայն առկա նյութի փոքր մասը։ Մեր համալսարանի գրադարանը ահռելի էր՝ խորանալով դարակների արանքով՝ վառվող լույսերին համընթաց բացահայտում էինք գրքերի շարքեր, որոնք հազիվ թե ինչ-որ մեկը երբեւէ կարդացել էր, առնվազն վերջին շրջանում։ Եվ հիմա հետ նայելով՝ բացահայտվում է մեկ այլ սահմանափակում՝ հիշողությունը։ Գուցե ես կարդացել եմ Էդմունդ Սփենսերի11 «Ֆեյրի Քուին»-ը, բայց հիշո՞ւմ եմ դրա բովանդակությունը՝ ավելի, քան հիմնական գաղափարը։ Այդ պատճառով է, որ ես նույնքան ժամանակ եմ ծախսում արդեն կարդացած մեծ գրքերն ընթերցելու վրա (օրինակ՝ «Մանկություն, պատանեկություն, երիտասարդություն»), որքան նորերը գտնելու։
Արհեստական բանականությունը հիմքում խախտում է այս սահմանափակումները։ Հնարավոր է պատկերացնել, որ ինտելեկտուալ ընթերցող մեքենաները կօգնեն գտնել արժեք տեքստերում, որոնք հակառակ դեպքում կմնային չընթերցված։ (Այս գործընթացը կարելի է համեմատել հնագույն հումքի հանքարդյունահանման հետ՝ հին, մասնագիտացված կամ դժվար գրականությունը կրճատված ձևով օգտագործելով նոր մտածողության զարգացման համար)։ Կարող են լինել նաեւ սցենարներ, երբ Լեզվային Խոշոր Մոդելները երկարացնեն ու խորացնեն մեր հիշողությունը ընթերցանության առումով։ Եթե ես քննություններին պատրաստվեի ԱԲ-ի օգնությամբ, տարիներ շարունակ կշարունակեի քննարկել իմ ընթերցանությունը նույն ԱԲ-ի հետ, գուցե կստեղծեի մի տեսակի կենդանի ծանոթագրությունների գիրք՝ օրագրի պես մի բան։
Այդուհանդերձ, ես երջանիկ եմ, որ ունեմ մարդ զրուցակից՝ կնոջս, որը նույնպես իմ դոկտորական ծրագրում էր։ Մեր հարաբերությունները ձեւավորվել են մեր ընթերցանության շուրջ։ Արհեստական բանականությունը ինքնուրույն շարժառիթ չունի․ այն կարդում է, բայց ընթերցող չէ։ Նրա «հետաքրքրությունները» կախված են այն հարցերից, որ նրան ուղղվում են։ Ուստի օգտակարությունը, որը ԱԲ-ն կարող է ունենալ ընթերցանության գործիքի դերում, հիմնված է ընթերցանության մշակույթի վրա, որը ինքը չի կարող ներկայացնել կամ պահպանել։
Ի՞նչ կլինի ընթերցանության մշակույթին, երբ ընթերցանությունը ավտոմատացված լինի։ Ենթադրենք, որ մենք գնում ենք դեպի մի ապագա, որտեղ տեքստը կդիտվի որպես հոսքային, փոխարինելի։ Այդ ապագայում մարդիկ հաճախ կարդալու են՝ խնդրելով տեքստը կրճատել, ավելի սեղմ դարձնել կամ փոխակերպել ինչ-որ այլ ձեւի՝ օրինակ փոդքասթի կամ հաշվետվության։ Հեշտ կլինի տեքստի հիմնական միտքը հասկանալ, զգալ, թե կարծես տեքստը գիտես, ու հետեւաբար ընթերցելու որոշումը կլինի փորձառություն պահանջող քայլ։ Որոշ գրողներ կփորձեն գրավիչ լինել իրենց անհատականությամբ՝ շփոթեցնելով մարդկանց, մյուսները կվստահեցնեն, որ գրում են «ԱԲ-ների համար»։ Գուցե նոր ոճային մոտեցումներ կփորձեն արգելել ավտոմատացված ընթերցանությունը՝ ստեղծելով միայն մարդկային ընթերցանության գոտիներ։ Իսկ նրանք, ովքեր կարդում են «բնագրերը», հազվադեպ կդառնան, սակայն նրանք կունենան այնպիսի ճշմարտություններ ու փորձառություններ, որոնցից մյուսները զրկված կլինեն։ Բայց այն դարաշրջանը, երբ «շատ կարդացածը» համարվում էր կրթված կամ բանիմաց լինելու չափանիշ, մեծ մասամբ ավարտված կլինի։ Իրական ընթերցողներին տարբերելը մակերեսային ընթերցողներից դժվար կլինի։ Միգուցե, եթե ԱԲ-ով աջակցվող ընթերցանությունը բավական օգտակար գտնվի, այդ տերմինները կարող են ընդհանրապես կիրառելի չլինել։ Տեքստը կդառնա անցումային միջավայր, գաղափարների ժամանակավոր հանգրվան։ Գրությունը, որը այսօր հաճախ դիտվում է որպես վերջնական արդյունք, ավարտված աշխատանք, ապագայում կդառնա ընդամենը մեկ աստիճան՝ դեպի այլ բան։
- Թայլեր Քոուենը (անգլ.՝ Tyler Cowen, ծնվել է 1962 թ. հունվարի 21-ին) ամերիկացի տնտեսագետ է, սյունակագիր, բլոգեր և փոդքասթ վարող։ 2011 թ․ Foreign Policy հանդեսը նրան դասել է «Աշխարհի 100 լավագույն մտածողներից» 72-րդ հորիզոնականում։ Նույն տարում, The Economist-ի անցկացրած փորձագետների հարցման արդյունքում Քոուենը հայտնվել է վերջին տասնամյակի ամենաազդեցիկ 36 տնտեսագետների ցանկում։ ↩︎
- Էլենա Ֆերրանտե (իտալերեն՝ Elena Ferrante, ծնվել է 1943 թ․ ապրիլի 5-ին, Նեապոլ)-իտալացի գրող, հեղինակ է մի շարք հայտնի վեպերի, այդ թվում՝ «Իմ հանճարեղ ընկերուհին», «Նոր անվան պատմությունը», «Նրանք, ովքեր հեռանում են, և նրանք, ովքեր մնում են», «Կորած երեխայի պատմությունը», «Սուտ մեծահասակ կյանքը», «Անծանոթ դուստրը» և «Միայնության օրերը»։ ↩︎
- Դուգլաս Ռիչարդ Հոֆշտադտերը ամերիկացի գիտնական է, որի գործունեությունը ընդգրկում է ճանաչողության գիտությունը, ֆիզիկան և համեմատական գրականությունը։ Նրա հետազոտությունները կենտրոնացած են գիտակցության, մտածողության և ստեղծագործականության վրա։ Նա առավել հայտնի է իր գրքով՝ «Գյոդել, Էշեր, Բախ․ այս անվերջ երփներանգ շղթան», որը առաջին անգամ հրապարակվել է 1979 թվականին և 1980-ին արժանացել է Պուլիտցերյան մրցանակի՝ ոչ գեղարվեստական գրականության անվանակարգում։ Հոֆշտադտերը Նոբելյան մրցանակակիր ֆիզիկոս Ռոբերտ Հոֆշտադտերի որդին է։ ↩︎
- «Blue Monday»– բրիտանական New Order ռոք խմբի երգ է, որը թողարկվել է որպես առանձին սինգլ 1983 թվականին։ 1988-ին և 1995-ին երգը լույս է տեսել նոր ռեմիքսներով։
«Blue Monday» սինգլի թողարկումից հետո ստեղծվել են բազմաթիվ ռեմիքսներ և քավր-տարբերակներ։ Այն մեծ տարածում է գտել պարային երաժշտության շրջանակներում։ ↩︎ - Հենրի Ջեյմսը (անգլ.՝ Henry James, 1843 – 1916) ամերիկա-բրիտանացի գրող, գրական ռեալիզմի և մոդեռնիզմի միջև անցումային կարևորագույն կերպարներից մեկը։ Նրան հաճախ դասում են անգլերեն գրող ամենամեծ վիպասանների շարքը։ Նա առավել հայտնի է իր վեպերով, որոնք ուսումնասիրում են ամերիկացի էմիգրանտների, անգլիացիների և մայրցամաքային եվրոպացիների միջև սոցիալական ու ամուսնական փոխհարաբերությունները։ Հայտնի վեպերն են՝ «Տիկնոջ դիմանկարը», «Դեսպանները», «Աղավնու թևերը», «Ոսկե բաժակը», որ բնութագրվում են աճող փորձարարականությամբ։
Իր յուրահատուկ բազմիմաստության ու կառուցվածքի այլ առանձնահատկությունների համար նրա ուշ շրջանի գործերը հաճախ համեմատվել են իմպրեսիոնիստական նկարների հետ։ ↩︎ - Թեյլոր Էլիսոն Սվիֆթ՝ ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ։ Նա հայտնի է իր ինքնակենսագրական երգերով, ստեղծագործական վերաիմաստավորումներով և մշակութային ազդեցությամբ։ Սվիֆթը փոփ երաժշտության առանցքային դեմքերից է և հասարակական լայն հետաքրքրության առարկա։ ↩︎
- Բեովուլֆը հին անգլերենով գրված էպոս է՝ անգլոսաքսոնական գրականության հիմնաքարային ստեղծագործություն։ Այն պատմում է Գեաթների հերոս Բեովուլֆի մասին, որը մեկնում է Դանիա՝ օգնելու թագավոր Հրոտգարին պայքարել հրեշ Գրենդելի և հետո՝ Գրենդելի վրեժխնդիր մոր դեմ։ Բնագրի ավելի ուշ հատվածում Բեովուլֆը դառնում է Գեաթների թագավորը և պայքարում է վիշապի դեմ՝ ի վերջո զոհաբերելով իր կյանքը՝ նրան սպանելու համար։ ↩︎
- «Սիրելին» (Beloved) ամերիկացի վիպասան Թոնի Մորիսոնի վեպն է, հրատարակված 1987 թվականին։ Գործողությունները տեղի են ունենում Ամերիկյան քաղաքացիական պատերազմից հետո՝ պատմելով նախկինում ստրկացած մարդկանցից կազմված մի քայքայված ընտանիքի մասին։ Վեպը ստացել է Պուլիտցերյան մրցանակակ, New York Times-ի բեսթսելլերներից է։ ↩︎
- Ջեյմս Ջոյս (1982-1941), իռլանդացի գրող։ Հայտնի – որպես XX դարի կարևորագույն և ամենաազդեցիկ անձանցից մեկը։ Ջոյսը հռչակ է ձեռք բերել «Ուլիսես»(1922), «Ֆիննեգանի հոգեհացը» (1939), «Պատանի արվեստագետի դիմանկարը» (1916) վեպերով, ինպես նաեւ «Դուբլինցիներ» պատմվածաշարով (1914)։Էլիոթի, Վուլֆի, Փաունդի հետ գրական ավանգարդիզմի մի հոսանքի՝ անգլոսաքսոնական մոդեռնզմի ներկայացուցիչ է։ ↩︎
- Ուիլյամ Բաթլեր Յեյթս (անգլ.՝ William Butler Yeats, 1865 – 1939) իռլանդացի անգլիագիր բանաստեղծ, դրամատուրգ, 20-րդ դարի արևմտաեվրոպական գրականության նշանավոր գործիչներից մեկը։ Իր ստեղծագործական վերելքի տարիներին նա դարձել է իռլանդական գրական վերածննդի շարժիչ ուժը և հայրենի գրական մտավորականության հիմնասյուներից մեկը։ Կյանքի ուշ շրջանում Յեյթսը զբաղեցրել է սենատորի պաշտոն Իռլանդիայի Ազատ Պետության խորհրդարանում։ ↩︎
- Էդմունդ Սփենսեր ( 1552 – 1599) անգլիացի բանաստեղծ էր, առավել հայտնի իր էպիկական և ալեգորիկ պոեմով՝ «Փերի թագուհին» (The Faerie Queene)։ Այս վեպը փառաբանում է Թյուդորների դինաստիան և Եղիսաբեթ I թագուհուն՝ միաժամանակ ստեղծելով խորհրդանշական ֆանտաստիկ աշխարհի պատկերը։ Սփենսերը ճանաչված է որպես վաղ ժամանակակից անգլերեն բանաստեղծության արհեստավարժ ճարտարապետներից մեկը և համարվում է անգլերեն գրականության մեծագույն պոետներից։ ↩︎
Թարգմանեց եւ ծանոթագրեց Գայանե Պողոսյանը
Աղբյուրը՝ The New Yorker
