
Գեւորգ Հայրյան
«Պռավդա»֊ի Հայկական ՍՍՌ թղթակից
Գեւորգ Հայրյանի մասին՝ Վարդան Ջալոյանի հոդվածում։
Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի բազմաթիվ ինստիտուտներում մեծ բեղմնավոր աշխատանք է կատարվում։ Հայաստանի գիտնականները ոչ քիչ հաջողություններ են ձեռք բերել սովետական գիտության զարգացման գործում։ Նրանք ակտիվ մասնակցություն են ցուցաբերում մեր երկրի ստալինյան մեծ կառույցների շինարարության հետ կապված պրոբլեմների մշակմանը։ Ջրա֊էներգետիկ ինստիտուտը էքսպերիմենտալ բնույթի մեծ աշխատանք է կատարել կառուցվող Կույբիշևյան հիդրոհանգույցի համար։ Բյուրականի աստրո֊ֆիզիկական աստղադիտարանը Ակադեմիայի պրեզիդենտ Վ․ Համբարձումյանի ղեկավարությամբ շարունակում է հաջողությամբ զարգացնել խմբային աստղաստեղծման հետազոտությունները։ «Ընկեր Ստալինի «Մարքսիզմը և լեզվաբանության հարցերը» հանճարեղ աշխատության լույսի տակ իր աշխատանքը վերակառուցում է Լեզվի ինստիտուտը, որ գլխավորում է պրոֆեսոր Գ․ Ղափանցյանը։ Ուշագրավ է երիտասարդ գիտնական Ս․ Երեմյանի «Հայերի էթնոգենեզի շուրջը» նոր հետաքրքրական հետազոտությունը։
Սակայն վերջին ժամանակներս Հայաստանի առանձին գիտնականների աշխատություններում, մասնավորապես պատմաբանների և գրականագետների աշխատություններում սկսել են երևան գալ գաղափարական լուրջ ձախողումներ։ Դրանք արտահայտվել են պատմական ճշմարտությունը խեղաթյուրելու, հայ ժողովրդի անցյալը «միասնական հոսանքի» բուրժուական թեորիայի ոգով, առանց դասակարգային պայքարի ու հակասությունների լուսաբանելու փորձերի մեջ։
Հասարակական հոսանքների զարգացման ու պայքարի պատմությունը դիտելով «միասնական հոսանքի» տխրահռչակ թեորիայի դիրքերից, որոշ գիտնականներ փորձում են հավասարության նշան դնել ռևոլուցիոն֊դեմոկրատական մտքի ներկայացուցիչների և լիբերալիզմի իդեոլոգների միջև։ Այսպես, պրոֆ․ Մ․ Մկրյանի, պրոֆ․ Հ․ Մելիքյանի և Է․ Թոփչյանի խմբագրությամբ լույս տեսած «Հայ գրականության պատմություն» դասագրքի առաջին մասում փորձ է արվում ինչ֊որ «գաղափարական զուգահեռ» անցկացնել անցյալ դարի 50-60 -ական թվականների գործիչներ՝ ռևոլուցիոն դեմոկրատ Մ․ Նալբանդյանի և լիբերալ Ստ․ Նազարյանի միջև։ Իրականում այդ երկու գործիչները գլխավորել են երկու տարբեր հոսանքներ, քարոզել են տրամագծորեն իրար հակառակ հասարակական֊քաղաքական գաղափարներ։Նրանցից մեկը՝ Մ․ Նալբանդյանը, լինելով Ն․ Գ․ Չեռնիշևսկու աշակերտն ու զինակիցը, մասսաներին ռևոլուցիոն պայքարի էր կոչում ընդեմ ինքնակալության, մինչդեռ մյուսը՝ Ստ․ Նազարյանը բուրժուական լիբերալիզմի լիդերն էր և ռևոլուցիոն պայքարի մոլի հակառակորդը։ Նա ցարական սատրապներին խորհուրդ էր տալիս «պատժել» Նալբանդյանին, օրենքի ամենայն խստությամբ, որպես «քաղաքական հանցագործի», որպես բունտարի։
Ինչպես դասագրքում, այնպես էլ մամուլում հրապարակված մի շարք հոդվածներում սխալ կերպով է գնհատվում անցյալ դարի երկրորդ կեսի հայ գրողներ Ռ․ Պատկանյանի և Րաֆֆու ստեղծագործությունը։ Ճիշտ է, քննադատները ձևականորեն ընդունում են, որ թե՛ մեկ, թե՛ մյուս գրողի մոտ կան նացիոնալիստական տրամադրություններ, սակայն նրանք բավարար խորությամբ չեն բացահայտում այդ տրամադրությունների դասակարգային արմատները։
Իրոք, չնայած հայ գրականությանը այդ գրողների մատուցած որոշ ծառայությունների, նրանց շատ ստեղծագործություններ թափանցված են բուրժուական նացիոնալիզմի, որոշ ժողովուրդների նկատմամբ անվստահության, Արևմուտքի և Ամերիկայի առջև ստորաքարշության ոգով։
Հայ գրականության դասագրքի առանձին սխալներ արդարացի քննադատության ենթարկվեցին անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի Կոմունիստական պարտիայի 16֊րդ համագումարում։ Այդ թեմայով տեղական «Սովետական Հայաստան» թերթի էջերում քննադատական հոդվածով հանդես եկավ նաև Հայաստանի Կոմպարտիայի Կենտկոմի Գեղարվեստական գրականության և արվեստի բաժնի վարիչ Հ․ Մամիկոնյանը։ Հիմնականում ճիշտ քննադատելով դասագրքի սխալները, հոդվածի հեղինակը, սակայն, ընթերցողներին զարմացրեց չափազանց տարօրինակ հետևությամբ։ Նրա կարծիքով, հայ գրականության այդ դասագիրքը «անպայման արժեքավոր գործ է», ավելին, այնտեղ իբր «հեղինակները և խմբագիրները մարքսիստական մեթոդոլոգիայի դիրքերից աշխատել են վերանայել բուրժուական և նացիոնալիստական պատմագրության ավանդական հայացքները և ստեղծել հայ գրականության պատմության մարքսիստական դասագիրք»։ Լա՜վ «մարքսիստական դասագիրք» է, որը թափանցված է «միասնական հոսանքի» թեորիայով։
Կարելի էր սպասել, որ այդ գիրքը լուրջ և բազմակողմանի քննադատության կենթարկվի հայերեն լեզվով լույս տեսնող «Սովետական գրականություն և արվեստ» ժուռնալի էջերում։ Իրականում ժուռնալը, իր էջերում տեղ տալով այդ գրքի հակադիր գնհատականներին, հրաժարվեց ունենալ իր տեսակետը այդ հարցի վերաբերյալ։
Պատմության ինստիտուտի աշխատող, պատմական գիտությունների թեկնածու Վ․ Քալաշյանը այպես կոչված «միասնական հոսանքի» թեորիայի ոգով է դիտում հայ ժողովրդի պատմական անցյալի իրադարձությունները։ 19֊րդ դարի երկրորդ կեսի բուրժուական գաղափարախոս Գրիգոր Արծրունու կյանքի և գործունեության վերաբերյալ նրա աշխատության մեջ փորձ է արվում «լուսավորիչներ» մկրտել անցյալի գրեթե բոլոր հայ հասարակական գործիչներին, առանց նրանց քաղաքական հայացքների, նրանց աշխարհայացքի դասակարգային էության տարբերության։
Հայկական ՍՍՌ Գիությունների Ակադեմիայի հասարակական գիտությունների բաժանմունքի ղեկավար պրոֆ․ Աբգար Հովհանիսյանի «Ռուսաստանը և հայ ազատագրական շարժումը 18-րդ դարի 80֊ական թվականներին» գրքում, թույլ են տրվել մի շարք լուրջ սխալներ։ Հեղինակը, հետևելով բուրժուական պատմագրության կոնցեպցիային, որը անդրկովկասյան ժողովուրդներին ըստ կրոնական հատկանիշի բաժանում է քրիստոնեական և մուսուլմանական ժողովուրդների, բուրժուա֊նացիոնալիստական տեսակետի է հանգել վրաց, ադրբեջանական և հայ ժողովուրդների ազատագրական շարժումը գնահատելիս։ Խեղաթյուրելով պատմական ճշմարտությունը, նա ամեն կերպ լռության է մատնել ադրբեջանական ժողովրդի ձգտումը դեպի ռուս ժողովուրդը, նրա ձգտումը՝ ռուս ժողովրդի օգնությամբ ազատագրվել օտարերկրյա լծից։ Ավելին, առանձին խաների պրոթյուրքական օրիենտացիան վերագրել է առհասարակ ամբողջ ադրբեջանական ժողովրդին։
Այդ արատավոր գրքի այս և ուրիշ նացիոնալիստական սխալները երկար ժամանակ մնում էին չնկատված և միայն այդ գրքի լույս ընծայումից երեք տարի հետո Հայաստանի ԿՊ Կենտկոմի բյուրոն ընդունեց որոշում, որը գրքի հեղինակին պարտավորեցնում էր հանդես գալ իր սխալների քննադատությամբ։ Եվ, ահա, վերջապես, երևաց այդ ելույթը, բայց այն երևաց ոչ թե ռեսպուբլիկական թերթերի էջերում, այլ Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի «Տեղեկագրում» (1950 թ․ # 1), որ լույս է տեսնում աննշան տիրաժով։ Պետք է նշել, որ այդ գրքի խմբագիրը եղել է ընկ․ Զ․ Տ․ Գրիգորյանը, որ մինչև օրս մամուլում ոչ մի տեղ քննադատության չի ենթարկել իր ամենակոպիտ սխալները նացիոնալիստական գրքի լույս ընծայման գործում։
Թույլ տված սխալները ընդունելուց հետո պրոֆ․ Աբգար Հովհաննիսյանը գրեց․ «Ուստի իմ ուղղակի պարտականությունն է իմ հետագա գիտական գործունեության մեջ ուղղել այդ լուրջ սխալները և անդրկովկասյան ռեսպուբիկաների հետ համատեղ, պատմական կոնկրետ փաստերով ցույց տալ Անդրկովկասի բոլոր ժողովուրդների բարեկամությունը անցյալում ու նրանց համատեղ պայքարը ընդդեմ օտարերկրյա զավթիչների»։
Պետք էր սպասել, որ պրոֆ․ Աբգար Հովհաննիսյանը իր այդ խոստումը կկատարեր ինչպես իր անձնական ստեղծագործական աշխատանքով, այնպես էլ նրան վստահված ինստիտուտների ղեկավարմամբ։ Իրականում նա իր խոստումները չկատարեց։
Ինչ վերաբերվում է նրա անձնական ստեղծագործական աշխատանքին, ապա նա այդ ժամանակամիջոցում լույս չի ընծայել հիշյալ պրոբլեմների վերաբերյալ ոչ մի ինքնուրույն աշխատություն։
Պատմության, Գրականության ինստիտուտների և փիլիսոփայության սեկտորի գիտական աշխատանքների պլանները վերջին տարիների ընթացքում ներկայացվել են սովետական ժամանակաշրջանում հայ ժողովրդի պատմության և կուլտուրայի զարգացման պրոբլեմներին նվիրված մի շարք ակտուալ թեմաներով։ Բայց այդ պլանները վատ են կատարվում։
Անցած հինգ տարիների ընթացքում Պատմության իստիտուտը հրապարակել է ընդամենը մի քանի բրոշյուր և հոդված սովետական շրջանի պատմության վերաբերյալ։ Իսկ վերջին երկու տարում Պատմության ինստիտուտը Սովետական Հայաստանի վերաբերյալ գրեթե ոչինչ լույս չի ընծայել։ Ինստիտուտի հրապարակած աշխատությունների բացարձակ մեծամասնությունը վերաբերում է հայ ժողղովրդի հեռավոր անցյալին՝ հին ժամանակներին, միջնադարին, XIX֊րդ դարի սկզբներին կամ, լավագույն դեպքում, գյուղացիական ռեֆորմների ժամանակաշրջանին։ Նույնպիսին է դրությունը նաև Գրականության ինստիտուտում։ Այստեղ գլխավոր ուշադրությունը կենտրոնացված է հայ կլասիկներին վերահրատարակելու վրա։ Փիլիսոփայության սեկտորում մի շարք տարիների ընթացքում լույս չի ընծայվել ոչ մի լուրջ աշխատություն։
Հասարակական գիտությունների բաժանմունքի տեսադաշտից դուրս է ընկել մի շարք ակտուալ թեմաների մշակումը։ Չկան ժողովուրդների ստալինյան բարեկամությանը, ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական կուլտորայի զարգացմանը նվիրված լուրջ աշխատություններ։ Չկան աշխատություններ՝ նվիրված ժամանակակից բուրժուական իդեոլոգիայի քննադատությանը, արտասահմանյան հայ նացիոնալիստական պարտիաների ու խմբերի և ամենից առաջ հայ ժողովրդի ոխերիմ թշնամի, ամերիկյան իմպերիալիզմի գործակալ՝ դաշնակցական պարտիայի իդեոլոգիայի ռեակցիոն էության մերկացմանը։
Հասարակական գիտությունների բաժանմունքի հատկապես Գրականության և Պատմության իստիտուտների աշխատանքի անբարեհաջող վիճակը բացատրվում է նաև նրանով, որ այնտեղ միանգամայն անբավարար է ծավալված գիտական քննադատությունը։ Գիտական դիսկուսիաները կազմակերպվում են դեպքից դեպք՝ առանց անհրաժեշտ ուշադիր նախապատրաստության։ Դրա փոխարեն հիշյալ ինստիտուտներում գոյություն ունեն խորթ բարքեր, փոխադարձ երաշխավորություն, սխալների փոխադարձ ներում։ Միայն նման մթնոլորտում է հնարավոր դարձել այն նեխած լիբերալիզմի առկայությունը, որ ցուցաբերվել է դեպի Աշոտ Հովհաննիսյանի նացիոնալիստական կոնցեպցիաները, որոնք արտահայտվել են հրապարակման համար Ակադեմիային ներկայացված ձեռագրերում։ Գրականագետներից և պատմաբաններից ոմանք, կորցնելով զգոնությունը, երկինք էին հանում այդ հեղինակի աշատությունները։
Այս բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ Հայաստանի պարտկազմակերպություննը դեռևս անբավարար է պայքարում ինտիլիգենցիայի մարքսիստական֊լենինյան դաստիարակության գործը արմատապես բարելավելու համար, գիտության աշխատողների գաղափարական կոփման և աճի համար։
Չի կարելի բավարար համարել Հայաստանի Կոմպարտիայի Կենտկոմի կողմից Ակադեմիային, հատկապես հասարակական գիտությունների բաժանմունքին ցույց տրվող ղեկավարությունը։ Ճիշտ է, Հայաստանի Կոմպարտիայի կենտկոմի բյուրոն անցած մի քանի տարվա ընթացքում ընդունել է ոչ քիչ թվով լավ որոշումներ՝ հասարակական գիտությունների զարգացման բնագավառում գործերը բարելավելու նպատակով։ Բայց այդ որոշումները վատ են կատարվել։
Հայաստանի պարտիական կազմակերպության խնդիրն է՝ վերջ տալ իդեոլոգիական աշխատանքի թերագնհատմանը, արմատախիլ անել գիտական հաստատությունների աշխատանքում բուրժուական նացիոնալիզմի ամեն տեսակ դրսևորումները, ինտիլիգենցիայի կադրերին դաստիարակել սկզբունքային քննադատության ոգով, ինտերնացիոնալիզմի ոգով և մարտականորեն ապահովել ռեսպուբլիկայում ամբողջ գիտական աշխատանքի մակարդակի բարձրացումը։
Գ․ Հայրյան
«Պրավդա», 14 հունվարի
