Իրական պատմության հիման վրա
Զգալով, որ գրոհը հաջողություն չունեցավ, հակառակորդը ետ քաշվեց, վերադասավորվելու և նոր գրոհ ձեռնարկելու համար։ Հաջորդ գրոհի պառնալիքը չէր վերացել, իսկ ուժերն անհավասար էին։ Մայորը ետ քաշվելու հրաման տվեց․
-Ե՜տ,-բղավեց խանձված ձայնով,-նահանջում ենք, հաջորդ գրոհին չենք դիմանա։ Հարմար ժամանակը հիմա է։
Ամոթալի էր զիջել դիրքը, սակայն հարկավոր էր խնայել ուժերը և ոչ այնքան առատ զինամթերքը։ Ջոկատը սկսեց արագ ետ դառնալ, հաճախակի հետ նայելով․․․Սկզբում գնում էին խրամատների միջով, հետո ստիպված դուրս եկան թարմ հողի կծվահոտով խրամատներից և հայտնվեցին թշնամական հարմար կրակի տակ։ Սակայն հակառակորդն այլևս կրակ չբացեց։
Վիրավորներին տանում էին իրենց հետ։ Ովքեր կարողանում էին, քայլում էին, մյուսներին օգնում էին։
Սպան մի փոքր էլ առաջ գնաց ու հանկարծ նկատեց, որ ժամկետային զինվորներից մեկը չկա։ Հիշեց, նրա՝ խրամատաճեղքի մեջ վերջին անգամ տեսնելուց հետ աչքով չէր ընկել․․․ոչ մեկին չէր կարելի թողնել․․․Զգույշ, համարյա սողալով նա ետ գնաց դեպի խրամատները։ Արագ քայլեց դեպի զինվորի խրամատաճեղքի ուղղությամբ։ Նկատեց մի փոքր հեռու ընկած զինվորին․․․վիրավո՜ր էր, ու նահանջի խառնաշփոթի մեջ չէի՞ն նկատել։
Արագ մոտեցավ վիրավորին։ Հենց այդ պահին հեռվից լսեց մայորի բղավոցը․
Կապիտան՛,-արագ ետ արի։
-Դուք գնացեք ես չեմ գալիս,-ասաց,-ավելի ուշ կգամ։
Չէր էլ ցանկանում լսել, թե նորից ինչ են բղավում ետևից, հիմա դա կարևոր չէր։ Հնարավոր է հասցնի ետ գնալ, վիրավորի հետ միասին։
Զինվորը լայն բացված աչքերով իրեն էր նայում․․․
-Կապիտան,-հազիվհազ ասաց վիրավորը խռպոտ ձայնով։
-Հանգիստ տղա՛ս, ես քո կողքին եմ։
Նա ստուգեց վերքերը, մի քանիսն էին և արյունահոսում էին։ Նա արագ բացեց, մաքրեց և կապեց վերքերը։ Արյունահոսությունը դադարեց, սակայն տղան գունատ էր, հավանաբար շատ արյուն էր կորցրել։ Կարո՞ղ է քայլել․նա հարցական նայեց վիրավորի դեմքին։
-Կարո՞ղ ես քայլել, տղաս։ Վերքդ ծանր չէ, ուղղակի քեզ մի փոքր հանգիստ է պետք։
Սպան հայացքն ուղղեց դեպի թշամական դիրքերը, սակայն հնարավոր չէր ոչինչ գուշակել։ Կհասցնե՞ն ետ գնալ, եթե միայն տղան կարողանա գոնե իրենից կառչել։ Զինվորը համարյա երեխա էր, դեմքի աղվամազը անկանոն աճել էր, նուրբ դիմագծեր ուներ, խոշոր աչքեր․դժվարությամբ էր շնչում։ Նա չպատասխանեց, սակայն ամեն ինչ պարզ էր, այս վիճակով կանգնելն իսկ անհնար էր։
-Պարոն կապիտան,-ասաց վիրավորը,-նահանջեցի՞ք, ինչո՞ւ ես այստեղ․․․
Սպան լուռ նայում էր նրա դեմքին և կարծես չգիտեր անելիքը։ Այստեղ մնալը ոչ թե վտանգավոր էր, այլ՝ հավաստի մահ։ Վիրավորը չի կարող քայլ իսկ անել, իսկ գրկած երկար չես կարող առաջ գնալ և ամենահարմար թիրախն ես։
Վիրավորը ժպտաց, նայելով կապիտանի լարված դեմքին, ապա ասաց․
-Պարո՛ն կապիտան․․․
-Թողնե՛լ, ինձ այլևս պարոն կապիտան չասես։ Անունս Գուրգեն է, այդպես էլ կդիմես։
Նա նորից նայեց առաջ։ Դիմացից միայն կարճահասկ ծառեր էին երևում, ավելի հեռվում՝ բաց տարածություն էր, այդտեղ հորիզոնն ավարտվում էր։ Նրանից այն կողմ թշնամին էր։
Նա զգաց տղայի տնքոցը, նայեց վիրավորին, ծանր էր շնչում։ Մտքով անցավ, որ կարող է հենց հիմա խոսել բժշկի հետ ու արագ զանգահարեց․
-Բժիշկ, Գուրգենն է, մայորը, վիրավոր զինվորի կողքին եմ։ Ծանր վերքեր ունի, կարո՞ղ է քայլել։
-Ի՞նչ վերքեր են, նկարագրի։
-Դժվարությամբ է շնչում, որովայնից վիրավոր է, ոտքն էլ է վնասված, արյունահոսություն ունի, կապել եմ, բայց։
-Պուլսը ստուգիր։
Նա ստուգեց, համարյա չէր զգացվում։
-Շատ թույլ է։
-Կապիտան․․․չես կարող այսքան տարածություն բերել տղային, իսկ հետո այդքան ցնցումներից վերքերն արյունահոսում են։
-Տղան մենակ է․․․մերոնք նահանջեցին։
-Չի ապրի այդ վերքերով, մտածիր, ինչ կարող ես անել, ինչ ես ուզում․․․
Նա զինվորական բաճկոնով ծածկեց տղային, զգաց ինչպես է դողում։ Վախի՞ց էր, թե մրսում էր։ Նա սուր ծակոց զգաց սրտագդալի տակ, ախր երեխա՜ է, ոնց փրկի։
-Վատ եմ զգում, -շշնջաց զինվորը։
-Տղաս, ես քո կողքին եմ ու չեմ հեռանա, մի վախենա․․․
-Ինձ մենակ չթողնես, պարո՛ն․․․ Գուրգեն։
Նա բռնեց տղայի ձեռքը, սառն էր ու թույլ։
-Տղա՛ս,-մի կերպ պոկեց բառերը շրթունքներից։
Լեռնագագաթներից թույլ լույս էր ճառագում, արեգակն աստիճանաբար լքում էր իրենց։
-Ծարավ եմ, Գուրգեն հորեղբայր․․․
Սպան տափաշիշը զգույշ մոտեցրեց զինվորի շրթունքներին։ Խմեց մի փոքր ու հասկացրեց, որ բավական է։
Սպան ուղղեց զինվորի հագուստները բաճկոնը, գլխի տակ դրեց ուսապարկը, հարմարեցրեց։
-Մենք մենա՞կ ենք։
-Ոչինչ, տղաս, ոչ մի բանից չվախենաս, ես քո կողքին եմ։
-Ինչի՞ համար։ Դու գնա, ես չեմ կարող շարժվել։
-Ես այստեղ նրա համար եմ, որ քո կողքին լինեմ, զինվոր։
Չե՞ս թողնի ինձ, նրանք կարող են նորից վերադառնալ։
-Տղա՜ս, մի մտածիր։ Պատմիր քո մասին, պատմիր քո ծնողներիդ մասին, ընտանիքիդ։
-Չեմ կարող։
-Լավ հանգիստ պառկիր ու ոչ մի բանի մասին մի մտածիր։
-Վախենում եմ։
-Մի մտածիր, դու չես մահանա։ Պատմիր, դպրոցում ինչպես ես սովորել»
-Դպրոցը․․․, գրքերն առանձնահատուկ բույր ունեին, միշտ սիրել եմ դասագրքերի հոտը, թարմ փայտի հոտ էր․․․Հիշում եմ իմ առաջին դասագիրքը, առաջին էջին գեղեցիկ նկարով, փոքրիկ աղջիկ էր՝ գիրքը ձեռքին, միշտ ուզեցել եմ հանդիպել նրան։
-Շատ լավ է, որ կարդալ սիրում ես, բայց մենք երբեմն սխալ գրքեր ենք կարդում, սխալ մտքերով։ Սխալ գրքերի ու մտքերի պատճառով այսպիսի պատերազմներ են լինում։
Սպան նորից ուղղեց վիրավորին, ջուրը մոտեցրեց շրթունքներին։ Խմեց, մի քանի կաթիլ։ Սպան նորից զանգահարեց բժիշկին։
-Բժիշկ, շատ թույլ է տղան, պուլսը համարյա չեմ զգում, գունատ է․․․
-Ետ արի կապիտան, ի՞՞նչ ես մտածում։
-Կգամ այն ժամանակ, երբ տղայի վիճակը պարզ կլինի։
-Իսկ դո՞ւ։
Սպան ուշադիր նայեց տղային․դեմքը գունատ էր շատ արյուն կորցնելուց, դժվարությամբ էր շնչում։ Զինվորը բացեց աչքերը, ապա նորից փակեց։
-Կապիտան․․․
-Ես քո կողքին եմ, տղաս, ես զենքի հետ եմ ամուսնացել, նայիր այս ավտոմատին, այստեղ մահ կա ու դա բոլորիս մահն է։ Եթե այստեղ եմ, ուրեմն մահից չեմ վախենում․․․մահին լուրջ են ընդունում։ Սա մեր վերջին կռիվն է, միգուցե։ Վերջին կռիվը իր մեջ գաղտնիք ունի։
Նա հարմարեցրեց տղայի դիրքը, ուղղեց համազգեստը, մի անգամ էլ ստուգեց զենքը, լիցքավորեց և նայեց հակառակորդի դիրքերին․․․ինչքա՞ն կարող էին սպասել․․․եթե տղան մահանա, ինքն արագ կհեռանա․․․այդպես կփրկվի․նա նորից գողունի նայեց տղային։ Միևնույն է, չի ապրելու․․․նայեց հակառակորդի ուղղությամբ։
Մի քանի րոպե մտածելուց հետո նա պառկելու նման դիրք ընդունեց, հոգնությունից աչքերը կուլ գնացին և ծանր անզգայության մեջ ընկավ, կարճատև քուն, մղձավանջ։ Իրեն թվաց, տղայի ծնողներն են եկել իր մոտ և ինչ-որ բան են խնդրում։ Ամբողջ մարմնով ցնցվեց և ուշքի եկավ։ Արդեն բավական ժամանակ էր անցել։
Սպան վերցրեց լիցքավորված զենքը և նայեց վերև, որտեղ թշնամին էր։ Թույլ շարժում նկատեց։ Շուտով առաջ կգան։ Նա ոտքի կանգնեց, ապա նորից նստեց։ Եթե հենց հիմա շարժվի, դեռ կհասցնի հեռանա վտանգավոր տեղանքից։
Հանկարծ զինվորը բացեց աչքերը, նայեց իրեն․․․
-Դու այստեղ ես․․․ասաց նա և խաղաղված փակեց աչքերը։
Սպան զենքը ցած դրեց և նայեց դեպի հակառակորդը։
Շուտով թշնամին գրոհի անցավ։
Կրակոցների ձայնից տղան բացեց աչքերը։
-Գալի՞ս են,-ասաց հազիվ շնչելով,-դու ինչո՞ւ մնացիր ախր,-երախտագիտությամբ նայեց սպային։
Հարձակվողներն աստիճանաբար մոտեցան։
Հնչեցին առաջին կրակոցները։ Սպան սկսեց պաշտպանվել։ Մի քանի պահունակ դատարկելուց հետո լռեց, պահեց վերջին պահունակը։ Թշնամին հասկացավ, որ դիրքում շատ մարդ չկա և ավելի համարձակ դարձավ։
Նա նայեց տղային։ Չէր շարժվում․․․միևնույն է, այլևս չի հասցնի հեռանալ
-Բարի գիշե՛ր, տղաս,-ասաց հուզված,-առավոտյան կհանդիպենք․․․
Նա լիցքավորեց վերջին պահունակը, կրակում էր զգուշորեն ու նպատակային, միևնույն է, թշնամին չէր համարձակվում շատ մոտենալ, սակայն իր ավարտը միայն ժամանակի հարց էր, վաղուղ թե ուշ կհասնեն իրեն։ Կկռվի մինչև վերջին փամփուշտն ու նռնակները-նա նայեց տղային, զգույշ ուղղեց մարմինը, բաճկոնը, ստուգեց տղայի գրպանները, հանեց զինվորական գրքույկը, կարդաց անուն ազգանունը․․․ եթե կենդանի մնա, կհանձնի ծնողներին, եթե կենդանի մնա՜․․․
Նա նայեց առաջ․թշնամին կտրուկ քայլերի էր դիմում, միևնույն է, ինքը երկար չի դիմանա, միակ մխիթարությունն է, որ զինվորը միայնակ չմահացավ, դաժան մահ կլիներ։ Իսկ ինքը՞․․․ երբ են մահանում, երբ դադարում են շնչել, թե՞ մի խորհուրդներ կան։ Նա նորից տղայի խաղաղ դեմքին, կարծես քնած լիներ-ինչ պատասխան է տալու աշխարհը քո ծնողներին, տղաս։
Սուր մի ցավ ճմլեց նրա սիրտը, քիթը մրմռաց հուզմունքից-ախր երեխա՜ է։ Միթե հնարավոր չէր փրկել կյանքը, չէ որ ինքն այսքան մնաց տղայի կողքին, այնքան կուզեր որ ժամանակը մի պահի կանգներ, երեկը ետ գար, երեխան կենդանի մնար, ինքն էլ։
Նա տեսավ իրեն մոտեցող թշնամիներին։ Ներքին լարվածությունից ու կատաղությունից սպան սկսեց գոռալ և ձեռքը վերցրեց նռնակները։ Ես ձեր մերը,-բղավեց,-երեխան մահացավ․․․Երեխան մահացա՞վ,-մտածեց,-երեխաներն ինչո՞ւ են մահանում։ Ուրեմն մենք էլ կմահանանք․․․Վերջին ռումբը մերն է,-զինվորս,-խոսեց նա տղայի հետ,-ինձնից չնեղացա՜ր, պայթեցնելու եմ բոլորին, ով մոտեցավ։ Դու խաղաղ քնիր․․․
Նա մեղմ շոյեց տղայի դեմքը, ապա ծածկեց շինելով։
Սպան նկատեց մոտեցողների խումբը, մոտ 20-30 հոգի կլինեին։ Նա հանեց նռնակներիի օղակը։ Նորից նայեց տղային․
-Հը՞, տղաս, ես արեցի ինձնից կախվածը։ Չվախենաս։
Նա ուղղեց տղայի ձեռքը, որ դուրս էր եկել շինելի տակից, գիտակցելով, որ ինչ-որ անսովոր և միգուցե անմիտ արարք է թույլ տալիս․․․ ձեռքը սառն էր։ Խաղաղ ժամանակներում այսպես չէր վարվի․․․
Խումբն ավելի համարձակ էր առաջ գալիս, մտածելով, որ այլևս վտանգ չկա․․․Նա անծանոթ լեզվով խոսակցություն լսեց, ինչ-որ մեկը խոսում էր, մի երկուսը ծիծաղում էին։ Հետո սկսեցին կրակել իր ուղղությամբ։
-Տղա՜ս,-գոռաց անմարդկային ձայնով, նետելով նռնակները կտրուկ, սահուն, ինչպես ուսումնական վարժանքում, միայն ավելի դիպուկ,-գալիս եմ, կհանդիպենք։
Հնչեցին անկանոն կրակոցներ, պայթյուններ։
Թվաց, թե երկնքից կապույտ ամպեր սահեցին իր գլխի վրայով ու մի պահ ծածկեցին բոլորին, իրենց, տղային։
-Դե, այդպես,-ասաց սպան և ձեռքերով ծածկեց գլուխը։ Ուժգին մի պայթյուն ցնցեց նրան։ Զգաց, թե ինչպես խոսակցությունները դադարեցին։
Հանկարծ անսովոր լռություն տիրեց։
