ափսոս, հայրենի՛ք,
բառերի գերեզման ես,
կոր ողնաշար ես,
մենք կիսում ենք այս վիշտը
թե՛ հիմա, թե՛ միշտ շատը թողնելով քեզ:
մենք չքնաղ կապույտ ունեինք, երկի՛ր իմ, հո՛ղ իմ,
սարեր ունեինք, ասում էին նաև աստղեր, լույսեր,
և միայն դու էիր, անժառա՛նգ զավակս,
քո անփառ ներկայից տաղեր հյուսել:
կծիկ ես կծկված բառերի, վանկերի,
ինձ վերածնեցիր
փոշին աչքերիս մեջ:
ես աչքերիդ մեջ,
հանուն քեզ և սրտիդ բոլոր կարերի…
թունելից վերադարձ,
հայրենի՛ք, որ կարիքս չես այլևս,
որ կարող էիր լինել ուրիշս, արևս,
քեզ պիտի թողնեմ անդարձ թե՛ հիմա, թե՛ միշտ,
քանի որ ո՞ւմ է պետք ցավիցդ
այսքան այրվելս:
ափսո՛ս, հայրենիք,
բառերի գերեզման ես,
կոր ողնաշար ես,
բայց և անթերի,
ո՞ւմ դարդն է մեր իրար սիրահարվելը,
նույնիսկ երբեմն առավելը,
դողից էլ պառավելը.
բոլորին հակառակ ես կիսում եմ
այս վիշտդ էլ թե՛ հիմա, թե՛ միշտ:
կիսատ էլեգիա է, կիսատ պատիժ,
իմ երգերի հայելին ես,
վա՛յ իմ հայրենիք,
չի լինում թախիծը ավարտել,
կսկիծը կարկատել,
հայտնի բան է՝ անկարող եմ, անկարող եմ.
վա՜յ ինձ, վա՜յ ինձ…
2024

Տաթևիկ Դեբենց/Էլեգիա
Please follow and like us: