Երբ 19․․․ թվին թուրքերը գրավեցին Կարսը՝ երիտասարդ ենթասպա Վահրամը, որ լավ երգչի համբավ ուներ իր հայրենի քաղաքում և մինչև բանակ կանչվելը երգում էր երեկույթներին, գերի ընկավ քաղաքի դիրքերը պաշտպանելիս։ Երբ նրան իր զորամասի ողջ մնացած զինվորների հետ տարան քաղաքից հեռու ընկած մի ինչ-որ տուն փակելու — նա իրեն պահում էր այնպես, որ թշնամին նրան չտարբերի զինվորներից․ դեռ մինչև գերի ընկնելը՝ նա ոչնչացրեց սպայական իր բոլոր նշանները և հագավ զինվորի պարզ հագուստներ։
Առաջին եկու օրը նրանց պահեցին փակած, հետո մի առավոտ հանեցին ամբողջ խմբով և, պահակներով շրջապատված, տարան նախ քաղաքի փողոցները մաքրելու, ապա հող փորելու։ Եվ այս շարունակվեց մի քանի օր։ Զինվորները երկյուղի մեջ էին, թե թուրքերն անպայման վնասելու են իրենց․ այսօր աշխատեցնում են, բայց վաղը , մյուս օրը, երևի բոլորին կսպանեն։ Եթե չսպանեն էլ, երևի, սովամահ կանեն։
—Ոչինչ էլ չի լինի ,— հուսադրում էր Վահրամը նրանց։ —Իմ քաղաքը ես գիտեմ․ այնպես կանեմ՝ մեզ կազատեն մի օր, իսկ եթե սոված մնանք՝ նամակ կգրեմ՝ հաց կբերեն․․․ պահակին մի բան տանք՝ հեշտ է։
Զինվորները, որ մեծ մասամբ գյուղացի մարդիկ էին, անխոս օրորում էին գլուխները և հառաչում անփարատ տխրությամբ․ և միաժամանակ նկատում էին, որ Վահրամը թեև սիրտ է տալիս իրենց և հանգստացնում, բայց ինքն էլ հանգիստ չէ․ հաճախ գնում-գալիս էր փակ նկուղի երկարությամբ կամ մեկուսի մտածում երկար․․․ Ու մի օր էլ նրանք լսեցին, թե ինչպես նա քթի տակ մռմռում է ինչ-որ, որը շուտով փոխվեց մի երգի, մի պարզ երգի, որ ծանոթ էր շատերին։
Սկզբում զինվորները զարմացան․- գերության մեջ երգե՜լ․․․
Դա շատ տարօրինակ թվաց նրանց, և ոմանք շշնջացին իրար․
-Չլինի սրան մի բան է պատահել․․․
Ու ձերքները բնազդաբար տարան դեպի գլուխները։
Բայց երբ երգը կրկնվեց երկրորդ, երրորդ և չորորդ օրերը՝ ընտելացան այնպես, կարծես օտարոտի ոչինչ չկար դրա մեջ։ Վահրամը թեև նոր էր նրանց շրջանում ու մինչ այդ եղել էր պաշտոնական, բայց այժմ հասկացան կարծես, որ դժբախտությունը մոտեցնում է մարդկանց․ ու մի երկու օրում նրանց մեջ վերացավ պաշտոնականը և նրանք Վահրամին վերաբերվում էին իբրև հավասարի, մանավանդ նրա երգից հետո․ և երբ Վահրամը չէր երգում՝ նրանց թվում էր մի բան պակաս է իրենց միօրինակ կյանքում, մի կարևոր ու հաճելի բան, որ պահ մի մոռացնել էր տալիս իրենց ծանր կեցությունը, ու խնդրում էին․
—Մի բան երգի, Վահրամ ջան։
Գերված զինվորներից շատերը Վահրամից տարիքով էին, տան-ընտանիքի տեր, մինչև քառասուն և ավելի տարեկան մարդիկ, իսկ Վահրամը հազիվ լիներ քսանհինգ-քսանուվեց, և թերևս այդ էր պատճառը, որ շատերը նրան անունով էին կանչում, իսկ ոմանք նրան համարում էին «անդարդ տղա», որ ոչ տան մասին է մտածում, ոչ ընտանիքի, ոչ էլ կարծես իր դրության, ու երգում է, երբեմն էլ մասալներ է անում անհոգ։ Սակայն չէին էլ դատապարտում իրենց սրտի խորքում․— Ջահել տղա է, արյունը եռո՜ւմ է․․․ և գոհ էին, որ իրենց հետ է ու օրեցօր ավելի էին մոտենում նրան, կարծես ավելի էին զգում նրա զրույցների ու երգերի կարիքը։ Ու հաճախ էր պատահում, որ այս կամ այն զինվորը այդ փակ նկուղում տիրող լռության մեջ դիմում էր նրան․
—Մի բան երգի, Վահրամ ջան։
Ու Վահրամը երգում էր սկզբում մեղմ ու ցածր ձայնով, որ դուրսը պահակները չլսեն, ապա կարծես երգով տարվելով ձայնը բարձրացնում էր աննկատելի։ Զինվորները նրան լսում էին իրենց անկյուններում նստած, գլուխները կախ, կամ ձեռները ճակատներին․․․ թվում էր երգը նրանց մեջ զարթեցնում է նվիրական հուշեր և նրանք մտքով տարվում են իրենց գյուղերն ու տները, և գուցե այդ էր պատճառը, որ հանկարծ երգի կիսին լսվում էր խոր մի հառաչանք , որ դուրս էր գալիս որևէ մեկի սրտից, կամ արցունք էր փայլում մեկի այտի կամ միրուքի վրա։ Վահրամը սակայն, թվում էր, չէր նկատում այդ բաները և շարունկում էր իր տխուր երգը, երբեմն միայն նայելով վեր դեպի նեղ պատուհանները, որոնցից շատ քիչ լույս էր ընկնում իրենց գերության նկուղը։ Երգում էր և հետզհետե երգով տարվելով, ձայնը բարձրացնում էր ավելի, մոռանալով, որ դուրսը կլսեն իրեն։
Բայց մի անգամ էլ, երբ նա ձայնն այդպես բարձրացրած երգում էր՝ թիկունքը պատին տված, նկուղի փակ դուռը բացվեց և մեկն անսպաս մտավ ներս։ Բոլորսը նայեցին լարված․ թուրք պահակն էր։
—Էս ո՞վ էր երգում,— առաջ եկավ նա՝ հրացանը ձեռնափայտի պես բռնած, բայց հանգիստ ձայնով։
Դա մի երիտասարդ զինվոր էր՝ թուխ դեմքով և սև, խոր նստած աչքերով, բայց վտիտ ու վատ հագնված։ Չնայած նրա խաղաղ տրամադրության ու ձայնի— գերի հայ զինվորներն իրար նայեցին շփոթված։ Իսկ պահակը, նկատելով, որ իր երևումն ընդհատեց երգը, և իր հարցին պատասխան չստանալով, ավելի առաջ եկավ։
—Դո՞ւ էիր երգում,— դարձավ նա առաջին պատահած գերի զինվորին, որ սթափ նայում էր նրան։
Զինվորը գլուխը շարժեց բացասաբար, չկամենալով կարծես հայտնել երգողի ո՛վ լինելը․ բայց Վահրամը անմիջապես միջամտեց․
—Ես էի երգում, ի՞նչ կա,— ու ձեռքով պահակին կանչեց իր կողմը։
—Բան չկա,— ասաց պահակը։— Լա՜վ էր․․․ բայց ձայնդ շատ մի բարձրացնի․ անցնողները, սպաները կիմանան՝ լավ չի։
Պահակի խոր նստած սև աչքերը թախիծի թե կարոտի արտահայտություն ունեին․ նա մտքով կարծես փոխադրվել էր իր հայրենի գյուղը և հիմա մի տեսակ զմայլված նայեց Վահրամին ու կրկնեց հանդարտ․
—Լա՜վ էր․․․
Ու դուրս գնաց։
Այս դեպքից հետո Վահրամն իր երգերն սկսում էր կամաց, երգում էր գրեթե կիսաձայն, բայց երբեմն, երգով սարվելով, ձայնը բարձրանում էր աննկատելի, մոռանալով, որ դուրսը պահակներ կան, անցորդներ են լինում, կարող է պատահել, որ դրանց մեջ լինի և թուրք սպա․ իսկ երբ սթափվում էր և մտածում այդ մասին, նրան միշտ թվում էր, որ նույն պահակն է դուրսը, որ նույնպես հավանում է իր երգը, ու այդ ժամանակ նրա ձայնը թեթևակի դողում, ելևէջներ էր տալիսա այդ գետնափորում, ինչպես բանտարկված մի թրչուն, որ թևածելիս դիպչում է միայն իր վանդակի պատերին։ Զինվորները նրա երգի մեջ մերթ տեսնում էին կարծես հայրենի հայրենի կանաչ դաշտեր, վճիտ աղբյուրներ, մերթ զգում էին հարազատների կարոտ ու ազատ օրերի բաղձանք և իրենք էլ, Վահրամի նման երգով տարված, թե նրա երգից հուզվելով, երբեմն բացականչում էին ինքնամոռացության մեջ․
—Ապրե՛ս, Վահրամ ջան, ապրե՛ս․․․
Եվ Վահրամը, չգիտես ոգևորվելով իր դժբախտության ընկերների խոսքերից, թե նրանց ու իր վիշտը ցրելու նպատակով, երգում է նորից իրեն մոռացած, այսինքն՝ մոռանալով, որ գերության մեջ է․ ինքնաբեր տարվելով երգի հիշողությամբ, թե ռիթմով, նա ձայնը բարձրացնում էր կրկին՝ պայմանների ներածից ավելի, այնքան, որ ոչ միայն պահակը կարող էր լսել, այլև գուցե ամեն մի անցորդ։
Ու մի օր էլ ահա, նորից գերության յոթերորդ թե ութերորդ օրը՝ երեկոյան, ուշ, երբ նրանք պատրաստվում էին պառկել-քնելու իրենց չոր տախտակներին ու հատակին փռած խոտերին, նորից ներս մտավ թրով պահակը, նրա հետ մի ուրիշ թրով զինված ստորին զորական ու պահանջեց, որ Վահրամը, կամ ինչպես իրենք ասացին, «երգողը դուրս գա»։ Կանչում են․․․
Գերի հայ զինվորները շփոթված ու վախեցած իրար նայեցին, իսկ Վահրամն այլագունեց մի պահ, ապա իրեն հավաքելով, հարցրեց մի խուլ ու բեկված ձայնով, որի մեջ ավելի կասկած կար քան հետաքրքրություն։
—Ո՞վ է կանչում։
—Գնանք՝ կտեսնես։
Պատասխանը քաղաքավարի էր, բայց և այնպես, կասկածելի։
Վահրամը վեր կացավ և ուզում էր դուրս գնալ գլխաբաց ու առանց վերարկուի, կարծելով, թե կանչողը դռան մոտ է, սակայն պահակի հետ եկած զարականը նրան առաջարկեց <<հագնվել>>։
Այս մի հատիկ բառն ավելի շփոթ ու շվարում առաջ բերեց գերիների մեջ և ամենից ավելի իր՝ Վահրամի։ Ո՞ւր են ուզում տանել և ինչո՞ւ։
—Ի՞նչ կա,— ակամա հարցրեց նա պահակին, երբ մոտեցել էր։
Պահակն ուսերը վեր քաշեց միայն։ Իսկ գերի հայ զինվորներն անհանգստացան ավելի․ պառկածները նստեցին, նստածները ոտքի կանգնեցին ասես կարմրած․ նավթալամպի բոցկլտող լույսը մռայլություն էր դրոշմել նրանց դեմքերին, և նրանց ամենքի մտքով համարյա նույն բաներն անցնան․- իմացել են, երևի, սպա է կամ թե երգը լսել են, տանում են պստժեն․․․
Նույն ենթադրությունն անցավ իր՝ Վահրամի մտքով․ սակայն նա, ներքին տագնապը թաքցնելու համար կարծես, արագորեն սեղմեց մոտը կանգնածների ձեռքերը, իսկ մյուսների գլխով արավ մտերմաբար։
—Մնա՛ք բարով, տղերք,— ասաց հայերեն։— Լավ կացեք։ Չտխրե՛ք։
Վահրամի ձայնը բեկված էր և խուսափուկ, իսկ գերի զինվորների խոսքը նույնպես ցավագին եղանակ ուներ, երբ ասացին․
—Գնաս բարով, Վահրամ ջան․․․
Ու էլ ուրիշ խոսք չկարողացան ավելացնել, որովհետև չգիտեին ո՞ւր էին տանում նրան և ինչո՞ւ։
Վերջապես, երբ Վահրամը հագնվելով դուրս եկավ բակը, նկատեց, որ մթան մեջ կանգնած սպասում էին երկու ուրիշ թուրք զինվոր էլ, որոնք իրեն և հետին զորականին տեսնելուն պես, առաջ եկան և բռնեցին նրա աջ ու ձախ կողմը։
—Գնանք,— ասաց երիտասարդ զորականը թուրքերեն։
Վահրամը ուզեց նորից հարցնել ո՞ւր, բայց ավելորդ համարեց։ Եվ նրանք երեքով Վահրամին տարան դեպի քաղաք։
Գիշերը մութն էր․ երկնքում չէր երևում և ոչ մի աստղ, իսկ տներում և ոչ մի ճրագ, ոչ մի լույս, և նրանք խավար փողոցով գնում էին անխոս և մի տարօրինակ փութկոտ ու ցրիվ քայլվածքով։ Թուրքերից մեկը՝ զորականը, որ հրացան չուներ, այլ միայն թրով էր, քայլում էր Վահրամի հետ կողք-կողքի, իսկ մյուս երկուսը գալիս էին հետևից, և, չգիտես ինչու, Վահրամին թվում էր՝ գալիս են հրացանները պատրաստ պահած։ Ու նա մեկ ուզում էր հարցնել, թե ո՞ւր են տանում իրեն, բայց անմիջապես էլ վանում էր այդ միտքը․ <<ինչ ուզում է լինի>>, ասում էր նա ու ինքն իրեն, ու առաջ էր գնում առանց քայլերը դանդաղեցնելու։
Նվաճված քաղաքը թվում էր մեռյալ․ փողոցներն ամայի էին․ չէր երևում ոչ մի անցորդ, չէր լսվում ոչ մի ձայն․ անգամ շներ չէին հաչում։
Նա գնում էր ընդարմացած, կարծես ծանր երազի մեջ։ Բայց մի տեղ՝ եկեղեցու փողոցում նա սթափվեց, երբ ջրի ձայն լսեց։ <<Սա Գոլոշենց աղբյուրն է>>, անցավ նրա մտքով, և նա զարմացավ, որ թուրքերի քաղաք մտնելուց հետո էլ այս ծանր օրերին, այս մթանը աղբյուրի ջուրը գնում է առաջվա պես գոչ-գոչելով և, մինչև իսկ, թվում էր ավելի բարձրաշառաչ․․․
Ու նորից նրան համակեց այն մտածումը, թե ո՞ւր են տանում իրեն. արդյոք գնդակահարելո՞ւ , թե իմացել են իր սպա լինելը ՝ տեղափոխում են հայ սպաների մոտ. սակայն ինչո՞ւ գիշերով… թերևս որոշել են նրանց գնդակահարել՝ ինձ էլ տանում են նրանց միացնելու ,— անցավ նրա մտքով և մի տեսակ բութ անտարբերություն զգաց . «ինչ լինելու է՝ թող լինի » , ասաց նա մտքում, «թուրքից լավ բան չի կարելի սպասել… երբեք»: Բայց քիչ հետո մտածեց, որ եթե կարողանա փախչել՝ գուցե և ազատվի… Բայց արդյո՞ք կարող է ազատվել…
Մի երկու կարճ փողոց անցնելուց հետո, երբ նրանք թեքվեցին մի նոր փողոց, Վահրամը կանգ առավ ակամա. նրա առաջ կանգնած էր վաճառական Անդրեասի երկհարկանի տունը, որ պայծառ լուսավորված էր. նրա բոլոր լուսամուտներից առատ լույս էր թափվում փողոց: Եվ Վահրամն զգաց, որ իրեն առաջնորդում էին դեպի այդ տունը:
– Հասանք,— ասաց թուրք զորականը:
Թե՛ տան լուսավորությունը և թե՛ թուրքի խոսքերը զարմացրին Վահրամին, և նա մտածեց, թե այստեղ հավանորեն զինվորական ատյան է, ուզում են, երևի, նախ հարցաքննել իրեն: Ներս մտնելիս, սակայն, նկատեց, որ իրենից առաջ տան աստիճաններով վեր է բարձրանում իրենց քաղաքում հայտնի հույն ջութակահար Երիկոն՝ պատյանով ջութակը թևի տակ։
Դա ավելի զարմացրեց Վահրամին: Ուրեմն Երիկոյին նույնպես բերել են հարցաքննելո՞ւ : Բայց ինչո՞ւ ջութակով… և այստեղ Վահրամի գլխով մի նոր միտք անցավ. չլինի իրեն երգելու համար են պատասխանատվության կանչում, Երիկոյին՝ ջութակ նվագելու , համարելով այդ երգն ու նվագը արհամարհանք դեպի իրենց: Չէ՞ որ հաղթողը տանել չի կարող պարտվածի ուրախությունը:
Բայց, աստիճանները բարձրանալիս, նա հանկարծ այնպիսի ձայներ լսեց ներսից, որ բնավ նման չէին զինվորական ատյանի ձայների.— լսվում էին խառնիխուռն ուրախկանչեր և ծիծաղ։
Դա շատ տարօրինակ թվաց Վահրամին․ ուրեմն զինվորական ատյան չէ… Ի՞նչ կարող է լինել հապա և ինչո՞ւ համար են իրեն ու այս ջութակահարին բերել այստեղ։ Մի վայրկյան հետո, սակայն, ամեն ինչ պարզվեց:
Երբ նրան աստիճաններով բարձրացնելով տարան մտցրին մի սենյակ, ուր մի քանի սպասավոր զինվորներ էին, Վահրամը նկատեց , որ հարևան սենյակում՝ վաճառական Անդրեասի ընդարձակ դահլիճում մի խումբ թուրք սպաներ էին ուրախանում մի երկար ճոխ սեղանի շուրջը. սեղանն այնպես էր լցված ամեն տեսակ ուտելիքներով և մեծ ու փոքր շշերով, որ ճերմակ սփռոցն՝ այլ ամենի տակ հազիվ էր երևում: Մյուս կողմից, չնայած դահլիճում մի քանի լամպ էր վառվում, բայց նա այնքան էր հագեցած ծխով, որ մարդիկ երևում էին մշուշի մեջ, ստվերների նման: Դրանից հետո միայն Վահրամը նայեց ջութակահարին և նրանց հայացքները հանդիպեցին իրար: Ջութակահարը ժպտաց մի տեսակ ինքնագոհ, սպասելով նույնը կարծես Վահրամից: Բայց Վահրամն այն աստիճան զարմացած էր այստեղ բերվելու հանգամանքով , որ անտարբեր միայն նայեց հույն ջութակահարին, աչքերը ծխից թե լույսից բացխփելով: Իսկ նրան առաջնորդող զորականը, իրեն բերելով այս սենյակը, ինքը պատկառանքով ու պատրաստակամ անցավ դահլիճ, մոտեցավ սեղանի մոտ նստած մի սպայի և ինչ-որ փսփսաց նրա ականջին: Ու մինչ Վահրամն սթափվելով կմոտենար ջութակահարին` սեղանից ելավ միջահասակ մի սպա և a՛la Վիլհելմ բեղերը սրելով, եկավ մոտեցավ և փոխնիփոխ նայեց հույն ջութակահարին և նրանից փոքր-ինչ, հեռու կանգնած Վահրամին, ապա բեղերը թողնելով , մատը բարձրացրեց:
—Գիտեք,— ասաց նա թեթև երերալով, — ձեզ կանչել ենք՝ մեզ ուրախացնեք,— և նորից հերթով նայեց ջութակահարին ու Վահրամին։— Մենք էլ գինվորական ենք՝ կկատարենք մեր․․․ մեր․․․— Նա, ըստ երևույթին , չգտավ ցանկացած բառը և ավելացրեց․— Դե, խնդրեմ․․․
Ու ձեռով ցույց տվեց խնջույքի սենյակը։
Վահրամը, որ մինչ այդ, մինչ սպայի խոսելը, մի վարկյան մտածեց, թե հավանորեն իմացել են, որ ինքն սպա է, կանչել են , երևի , խնջույքի , ինչպես երբեմն մեծահոգություն են անում հաղթող երկրի սպաները գերի ընկած սպաներին, այժմ, սակայն , լսելով թուրք սպայի խոսքերը և մանավանդ նրա «խնդրեմ»-ը (որ նման էր հրամանի, Վահրամին գոնե այդպես թվաց), նա մտածեց, թե արդյոք ո՞վ է իր տեղը հայտնել սրանց, իբրև երգչի… Ճանապարհին, իր մռայլ ենթադրությունների մեջ նա երբեք մտքովը չանցրեց, թե իրեն կարող են կանչել որպես երգիչ… թշնամի թուրք սպաների խնջույքին երգելու: Ճանապարհին նա մինչև իսկ մոռացել էր, որ ինքը երգիչ է:
Երգե՞լ… թուրք սպաների խնջույքի՜ն…
Այդ անսպասելի առաջարկը լսելով՝ նրա ականջները խշշացին և նրան թվաց, թե հատակն օրորվում է ոտքեր իտակ… Երգե՜լ… Չէ , սրանք, անշուշտ, ծաղրելու, ստորացնելու համար են բերել իրեն:
Վահրամն իհարկե չէր կարող իմանալ, որ մի երկու ժամ առաջ այդ սրահում, երբ կերուխումը տաքացավ, հիսունն անց մի ծերացող թուրք սպա, որ հիմա նստած էր սեղանի գլխավերև, սկսեց երգել իր խռպոտ ձայնով, հետո, ըստ սովորության , ինքն իրեն չհավանելով, պահանջեց, որ երիտասարդները երգեն: Հերթով հրաժարվեցին: Ծերունին նեղացավ. «Ի՜նչ երիտասարդներ եք, որ չեք կարող երգել․ Ո՞վ է տեսել առանց երգի քեֆ»… Այդ ժամանակ երիտասարդ սպաներից մեկը վեր կացավ տեղից:
—Ներողություն, էֆենդի,— ասաց,— մենք իսկապես երգելու շնորհք չունենք: Բայց ես մի լավ երգիչ ունեմ, եթե թույլ կտաք՝ կբերեմ:
—Բե՛ր, բե՛ր ,— պահանջեցին այս ու այն կողմից:— էլ ինչ թույլտվություն:
—Ոչ, թույլտվություն անհրաժեշտ է,— շարունակեց երիտասարդ սպան,— անհրաժեշտ է, որովհետև իմ երգիչը գերի է։
—Գերի՞՜․․․— զարմանքի ձայներ լսվեցին սեղանի բոլոր կողմերից: – Այդ ի՞նչ գերի է։
—Մի հայ սպա,— ժպտալով ու հանդիսավոր հայտարարեց երիտասարդ թուրք սպան, հետևելով սեղանակիցների դեմքերին, տեսնելու , թե ինչ տպավորություն է թողնոմ իր հայտարարությունը:
Բայց որովհետև շատերը տաքացած էին արդեն՝ նրա ասածն առանձին զարմանք չպատճառեց. մի քանիսին նույնիսկ զվարճալի թվաց, որ մի հայ սպա, պարտված երկրի սպա երգի իրենց սեղանին: Նրանց, հարկավ, ցանկալի կլիներ երգչուհի (մեկն այդպես էլ ասաց), բայց նրանք գիտեին, որ բարձր դասից կին չէր մնացել քաղաքում, իսկ հասարակ դասի մեջ դժվար էր այդպիսին գտնել, և չարժեր: Հիմա հետաքրքրական էր լսել այդ երգիչ հայ սպային, որ գերի էր. միայն մեկն ուզեց իմանալ, թե որտե՞ղ է արդյոք այդ գերի հայ սպան, որին մյուսների հետ միասին չեն ուղարկել թիկունք։
—Իմ թաղում,— ասաց երիտասարդ սպան:
Իսկ մի ուրիշ սպա հայտնեց, թե ինքն էլ գիտի մի հույն ջութակահարի տեղ, որին գտել են տներ խուզարկելու միջոցին: Եվ նա ծիծաղելով պատմեց, թե ինչպես խւզարկող չաուշը կամեցել է վերցնել նրա ջութակը, բայց տերը խնդրել է, որ չվերցնեն, փոխարենն ինքը կնվագի, եթե ուզեն:
—Այդ ավելի լավ,— ուրախացավ ծեր գնդապետը։— Կանչեցեք ուրեմն այդ ուռում ջութակահարին ու էրմանի երգչին:
Եվ ահա նրանց գտել բերել էին։
Սուր բեղերով սպան, իր առաջարկն անելուց հետո, գյուխը թեթևորեն կռացնելով՝ կարճատեսի պես զննեց թե՛ ջութակահարի և թե՛ Վահրամի դեմքերը, ապա երկուսին հրավիրեց դահլիճ և ինքն առաջ ընկավ:
Մտքերն այնպես էին խառնվել Վահրամի գլխում, որ դժվարանում էր գլուխը բարձրացնել և շուրջը նայել: Այն ինչ՝ նայողը կարող էր կարծել, թե ամաչում է։ Երգե՜լ… դա նրան թվում էր հեգնանք, չար մի ծաղր… Նրա մտքով անցնում էին վերջին օրերի խառնիխուռն դեպքերը— դիրքեր, կրակոցներ․․․ թրերի փայլ և ընկնող , վիրավոր զինվորներ… ճիչ աղաղակ… ապա տխուր մի նահանջ, և հաղթող թշնամու մուտքը քաղաք. փողերի ձայն ու հետո. գերինե՜ր, գերինե՜ր…
Մինչ Վահրամը տարված էր այս մտքերով ջութակահար Երիկոն, սեղանապետի առաջարկով, սկսեց նվագել արևելյան մեղմօրոր մի եղանակ, որն աղմկող թուրք սպաներին լռեցրեց իսկույն և ստիպեց ասես, որ նրանք լարվեն՝ հասկանալու, թե ինչ են ասում լարերը… Նրանք մինչև իսկ ուտելը թողին: Այդ մարդիկ, որոնց երաժշտությունը ամիսներ`շարունակ եղել էր հրացանների ճարճատյունը և թնդանոթների որոտը, կռիվների ու ռազմական կյանքի մեջ կոպտացած այդ մարդիկ՝ առանձին մի ուշադրությամբ էին լսում հույն ջութակահարին, որի նվագը թեև չէր փայլում նրբությամբ ու վարպետ ելևէջներով: Նրա դեմքին կար տարօրինակ հաճոյական մի ժպիտ, որ չգիտես առաջացել էր նրանի՞ց, որ ջութակի կոթը, նրա վզին սեղմված լինելով, ձգել էր նրա դեմքի մաշկը, թե նրանից, որ այդ մարդն ուզում էր իր ժպիտով էլ հաճույք պատճառել ունկնդիրներին: Համենայն դեպս, երբ նա՝ երեսունն անց այդ ջութակահարը վերջին անգամ կտնտոցը տարավ-բերեց մի ծորուն մեղմությամբ,— սպաներից մեկը, որ ավելի մոտ էր ջութակահարին և գուցե բոլորից ավելի էր հարբած, բացականչեց խանդավառ․
—Յաշասո՜ւն, յաշասո՜ւն…
Մյուսներն անմիջապես, սեղանի բոլոր կողմերից, ձայնակցեցին նրան ծափերով ու հարբած կանչերով, որոնք Վահրամը լսում էր և չէր լսում: Նստած նա իրեն զգում էր ոչ այն է երազի մեջ, ոչ էլ արթուն. ավելի շուտ՝ նրան կարծես պատել էր մի տեսակ մշուշ ու թմրություն. և այդ վիճակում նրան միայն մի միտք էր զբաղեցնում, թե հիմա հերթը կգա իրեն. կպահանջեն, որ ինքն էլ երգի… Այո, կպահանջեն կամ կհրամայեն, որ ինքն էլ երգի… Այդ դեպքում ի՞նչ պիտի անի ինքը.
—Երգի՞՜․․․
Եվ այս մտքերի հետ միասին նա, չգիտես ինչու, հիշում էր քիչ առաջ անցած ճանապարհը՝ ամայի փողոցներ, փակ, անլույս տներ, և այդ խավարի մեջ լռած հայրենի քաղաքը, որը նրան թվում էր մեռած… կամ՝ տեսածները պատկերացնում էր ավելի որոշ , քան երբևէ` նորից կռիվ, կրակոցներ, վիրավորներ, դիակներ ու գերիներ, որոնք տարվեցին չգիտես ո՞ր կողմը և ո՞ւր…
Սակայն այդ ամենի վրա, այդ բոլոր մտքերի ու հուշերի վրա իշխում էր այն սևեռուն միտքը, որ համակել էր իրեն, թե հիմա ուր որ է իրեն պիտի առաջարկեն երգել․․․
Երգե՜լ… Բայց կարո՞ղ է արդյոք ինքը երգել… իսկ եթե չի կարող, ինչպե՞ս խուսափի… Ինչպես մերժի հարբած, գինուց մոլեգնած, ուրախության կատաղության մեջ ընկած թշնամի սպաների պահանջը, որ ուրախություն են ուզում, որ հաղթությամբ հարբած՝ ցանկանում են հարբել և ուրախությամբ և գինով․․․
Ու Վահրամը մտածում էր, թե որքան իրոք բուռն է եղել նրանց՝ այս հաղթական թուրք սպաների ուրախանալու, զվարճանալու ցանկությունը , որ կեսգիշերին անգամ գտել բերել են ջութակահար Երիկոյին և իրեն… Եվ հիմա ինչպե՞ս հրաժարվել, ի՞նչ պատճառաբանությամբ,— մտածում էր Վահրամը, լսելով ջութակահար Երիկոյի նվագը, որ սենյակը լցնում էր իր ճեզերվեզիրով և վերջանում միշտ հարբած «յաշասուններով» ու ծափերով:
Այդ աղմուկի և հորթային հրճվանքի մեջ Վահրամին մխիթարում էր միայն այն, որ ջութակահարին կրկնել էին տալիս նվագած եղանակները: Նրան թվում էր իրեն մոռացել են… ուրեմն դեռ հնարավորություն ուներ մտածելու, հրաժարվելու համար մի հնար գտնելու:
Բայց որքան էլ մտածում էր՝ համոզիչ մի պատճառաբանություն գտնել չէր կարողանում , գոնե հնարավոր լիներ դուրս գալ, փախչել… Սակայն հենց այստեղ՝ դահլիճի դռան առաջ կանգնած էր իրեն բերող զորականը, իսկ ներքև ՝ զինված պահակներ: Կթողնեի՞ն արդյոք, որ նա մի քայլ աներ կամ դուրս գալու փորձ…
Այստեղ նա հիշեց իր զինվորներին, որ երկու ժամ առաջ ճանապարհ դրին իրեն սրտապնդող խոսքերով. «ղոչաղ կաց Վահրամ ջան»… Բայց ի՞նչ կարող է անել Վահրամը «ղոչաղ» լինելու համար…
Սակայն նրան իր ցնորական վիճակից հանեցին դարձյալ սպաների ծափերն ու բացականչությունները, որ ավելի խանդավառու տևական թվացին, քան առաջ: Ջութակահարը վերջացրեց իր երրորդ թե չորրորդ եղանակը: Հետո Վահրամն զգաց, թե ինչպիսի լռություն տիրեց դահլիճում, ինչպես սպաներից երկուսը վեր կացան տեղներից և Երիկոյին նստեցրին իր կողքին — առաջվան տեղը, ապա բոլորը խմեցին նրա կենացը։
Երբ, վերջապես, լռեց նվագին հաջորդած աղմուկը՝ սեղանապետ սպան, ծալած ցուցամատով իր a՚la Վիլհելմ բեղերը դեպ վեր շտկելով, հայտարարեց, նայելով Վահրամին, որ տակավին խորհում էր հայացքը սեղանի մի կետին հառած։
—Այժմ, էֆենդիներ, լսենք պարոն երգչին…— Ապա նա դարձավ ուղղակի իրեն Վահրամին․—Դե, էֆենդըմ…
Վահրամը մի ակնթարթ, միայն մի ակնթարթ նայեց սեղանի ղեկավարին ու հայացքը խոնարհեց դարձյալ… թվում էր՝ ընտրում է երգելիքը:
Նա խորհում էր գլուխը կախ և միաժամակ զգում, որ ամենքը նայում են իրեն… զգում էր դահլիճի անշշուկ լռությունը, որ նշան էր, թե բոլորն սպասում են իրեն՝ իր երգին:
Բայց նա հապաղում էր:
Տեսնելով երգն ուշանում է՝ թուրք սպաներից մեկը, ըստ երևւույթին, ամենից երգասերը թե հարբածը, կրկնեց իր առաջարկը, իսկ մի ուրիշը գինով լի մի բաժակ դրեց Վահրամի առաջ: Այս անգամ Վահրամը ցնցումի պես մի բան զգաց: Զգաց նաև, որ կարմրում է և ոտները դողում են:
Վճռական րոպեն մոտենում էր։
—Երգեցեք, պարոն, երգեցեք. դուք այլևս գերի չեք: Համարձակ եղեք և ուրախ: Դուք այսօրվանից ազատ եք,— ասաց թուրք սպաների մեծը:
—Ինքը- ազա՞՜տ… Եթե երգի — ուրեմն ազա՞տ է,— անցավ Վահրամի մտքով, և նա հիշեց քաղաքի ծայրամասում, խոնավ նկուղում փակված իր զինվորներին և մնաց դարձյալ լուռ և անշարժ։
—Ինչի՞ մասին եք մտածում,— հարցրեց նրա դիմացը նստած սպան, որն ըստ երևույթին տարօրինակ էր թվում Վահրամի լռությունը:
Վահրամը վերստին մնաց գլխիկոր ու լուռ․ թվում է, սպայի հարցումը չլսեց կամ չհասկացավ, թե՞ գուցե չէր կարողանում ընտրություն անել ի՛նչ երգել։
Իսկ սպաներն սպասում էին, և ամենից ավելի սեղանապետը, որ նայվածքը չէր հեռացնում Վահրամից: Ջութակահարը նույնպես անհարմարություն էր զգում հարևան, լռությունից, դանդաղումից. տեսնելով մանավանդ սպաներն սպասում են անհամբեր՝ նա արմունկով հրեց Վահրամին և շշնջաց հայերեն , առանց երեսը նրան դարձնելու:
—Անհարմար է. երգիր մի բան… քեզ կազատեն, կվարձատրեն… Երգի՛ր…
Վարձատրե՜ն… Ուրեմն Երիկոն ինքը սպասում է այդպիսի վարձատրություն, և դրա համար էր ճգնում որքան կարելի է լավ նվագել, շատ նվագել… Մտածեց Վահրամը և դարձյալ զգաց, որ թուրք սպաներն անհամբեր նայում էն իրեն ու սպասում են մի նոր հաճույք, ուրախաբեր մի բան, որ ավելի բարձրացնի իր տրամադրությունը…
Եվ իսկապես սպաները նայում էին նրան և սպասում… ու հանկարծ նրանցից մեկը, Վահրամի դիմացը նստող թուխ սպան, որ քիչ առաջ նրան հարցրեց, թե ի՞նչ է մտածում, լսելի ձայնով դարձավ կողքի սպային, Վահրամին ցույց տալով.
—Նա արտասվում է…
Իրոք, երկու կաթիլ արցունք դողում էին Վահրամի այտերին… Այդ նկատեցին և մյուս սպաները, իսկ սեղան կառավարիչ գնդապետը պարզապես հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է արտասվում պարոնը:
Վահրամի փոխարեն պատասխանեց Երիկոն.
—Պարոն Վահրամի սովորությունն է,— ասաց ցանկանալով, կարծես, Վահրամին լավ ներկայացնող բացատրություն տալ:— Պարոն Վահրամը երգելուց առատ հուզվում է… Երգիր, անհարմար է,— կրկնեց ջութակահարը՝ նորից արմունկով հրելով նրան:
—Երգե՜լ,— արձագանքի պես կրկնեց Վահրամը և հանկարծ՝ աջ ձեռի մի առանձին թափով վերցրեց առջև դրած սեղանի դանակը և… Եվ այնուհետև սեղանակիցներն իրենք էլ չնկատեցին, թե ինչպես նա դանակը տարավ դեպի կոկորդը.
—Իմ կոկորդը չի կարող ուրախացել…
Եվ մինչ ջութակահարն ու սեղանակիցներից մեկ-երկուսը վրա կհասնեին նրա ձեռքը բռնելու — արյունն աղբյուրի պես ցայտեց նրա կոկորդից, իսկ մինչև կբռնեին նրան, որ նստեցնեին աթոռին կամ դանակը խլեին ձեռից — նա ամբողջ հասակով փռվեց հատակին…
Փոքր անց, երբ թուրք սպաները հարցրին ջութակահարին, թե ի՞նչ է նշանակում երգչի հայերեն խոսքերը, հույնը թարգմանեց.
—Իր կոկորդը չի կարող մեզ ուրախացնե՞լ… Այդպես էլ ասա՞ց:
—Այո ,— գլխով արավ ջութակահարը:
Թուրք սպաներն իրար նայեցին անխոս, գլուխներն օրելով , իսկ ոմանք մտածմունքի մեջ ընկան:
1920
