Գեւորգ Հայրյան․ «Արմատախիլ անել»/Վարդան Ջալոյան

Մենք գիտենք և հիշում ենք շատերին, որ դարձել են ստալինյան բռնաճնշումների զոհ, բայց կարծում եմ, որ  հեռու ենք գոնե մոտավոր պատկերացումից հատկապես ճնշումների մեխանիզմի մասին։ Խորհրդային Միությունը գոյություն է ունեցել 70 տարվանից առավել, հետևաբար եղել են կառավարման շատ թե քիչ արդյունավետ մեթոդներ։

Օրինակ՝ գրաքննության մասին Վիքիպեդիայից մի հատված․ «Թեպետ սոցիալիստական ռեալիզմը կաշկանդում էր գրականության զարգացումը, բայց և այնպես խորհրդային տարիներին ստեղծվել են համաշխարհային նշանակության այնպիսի արժեքներ, ինչպիսիք են Ե. Չարենցի, Ա. Բակունցի, Հ. Շիրազի, Պ. Սևակի, Հ. Սահյանի, Հ. Մաթևոսյանի և ուրիշների ստեղծագործությունները»։ Այսպիսով, հետխորհրդային ակադեմիական մոտեցումը կարելի է ամփոփել այսպես՝ «թեպետ ․․․բայց»․ զարգացել է գիտությունը, գրականությունը և արվեստը, թեպետ համակարգը եղել է ճնշող, բայց մշակույթի կառավարումը եղել է արդյունավետ։ Սա այնպիսի տարածված կլիշե է, որ չեն փորձում վիճարկել առողջ դատողության միջոցով, չնայած այն ակնհայտ շիզոֆրենիկ բնույթ ունի։

Խորհրդային մշակութային համակարգը ես կփորձեմ բացահայտել տիպաբանորեն, Գևորգ Հայրյանի տիպական օրինակով։

Գևորգ Հայրյանը եղել է ազդեցիկ խորհրդահայ կուսակցական նոմենկլատուրային գործիչ։ 1940-1941 թվականներին աշխատել է ՀԿԿ Կենտկոմում որպես մամուլի սեկտորի վարիչ։ 1941-1946 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1949֊1954 թթ․ եղել է «Պրավդա»-ի սեփական թղթակիցը Հայաստանում, 1954-1961 թվականներին՝ ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչը, 1961-1966 թվականներին՝ ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարը։ 

1967-1979 թվականներին եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի նախագահը, 1979 թվականից՝ «Սովետական գրող» հրատարակչության տնօրենը։

Դրա հետ մեկտեղ Գևորգ Հայրյանը ունեցել է պակաս տպավորիչ, բայց ազդեցիկ ակադեմիական կարիերա։ 1965 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1968 թվականին՝ դոկտորական ատենախոսություն, պրոֆեսոր՝ 1969 թվականից։ 1949-1975 թվականներին (ընդմիջումներով) դասախոսել է ԵՊՀ-ում, որտեղ 1962-1971 թվականներին եղել է ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչը։ 

Բացի դրանից եղել է  ԽՍՀՄ գրողների միության անդամ (1939), հեղինակել է գեղարվեստական, գրականագիտական բազմաթիվ գրքեր։ Հրատարակել է բանաստեղծությունների ժողովածուներ, արձակ գործեր։ Գ․ Հայրյանի սցենարով նկարահանվել են «Ասք մեծ ճշմարտության մասին» (1968), «Սիլվա Կապուտիկյան» (1978) և այլ վավերագրական, ինչպես նաև «Հեղկոմի նախագահը» (1977) գեղարվեստական ֆիլմը։

Գևորգ Հայրյանը եղել է ստալինյան կոմսոմոլի դաստիարակած կադրը, մինչև հիմքերը խորհրդային համակարգին նվիրված ֆունկցիոներ, բայց ․․․համատեղության կարգով նաև հայրենասեր և ազգասեր։

Երկու կարևոր դրվագ պետք է նշել նրա կենսագրական ուղու մեջ։

Առաջինը առնչվում է Պարյուր Սևակի «Անլռելի զանգակտան» հրատարակմանը։ Ըստ Գևորգ Հայրյանի հիշողությունների

«Առարկություն չունեմ, չէ՞ որ «Զանգակատան» պաշտպանը միայն ես չէի, կային նաև ուրիշները, բայց հարցը լուծվեց միայն այն բանից հետո, երբ բանաստեղծ Համո Սահյանի հետ հեղինակը մեր տուն եկավ և իմ խնդրանքով կարդաց ամբողջ պոեմը, որից հետո գրեց այս դիմումը (այն ժամանակ կենտկոմի ագիտացիայի եւ պրոպագանդայի բաժնի վարիչն էի).

«Հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի մասին գրել եմ մի մեծածավալ պոեմ, որ նախատեսված է Պետհրատի խմբագրական պլանում, բայց չի մտել հրատարակչական պլանի մեջ:

Քանի որ ընթացիկ տարվա սեպտեմբերին լրանում է Կոմիտասի ծննդյան 90-ամյակը, խնդրում եմ, Ձեր միջնորդությունը, որպեսզի պոեմը խմբագրական պլանից մտնի հրատարակչական պլանի մեջ:

Ավելացնեմ, որ Պետհրատն արդեն ստացել է երկու դրական գրախոսական:

28-01-59 թ.

Երևան»:

«Չարաշահելով» իմ պաշտոնական դիրքը, դիմումի վրա արեցի հետևյալ մակագրությունը.

«Կարդացի Պ. Սևակի նոր պոեմը, իմ կարծիքով, տաղանդավոր գործ է, որը պետք է հրատարակել Կոմիտասի 90-ամյակի կապակցությամբ:

Խնդրում եմ, խմբագրելու համար այն հանձնել Հ. Սահյանին, որին ես հաղորդել եմ իմ դիտողությունները:

Լա՛վ բանաստեղծին պետք է խմբագրի լա՛վ բանաստեղծը:

28-01-59 թ.»:

Ի վերջո «պոեմի տպագրությունն արգելելու մի խումբ հանրահայտ զրպարտիչների փորձերը» տապալվում են։ Սիրում էին շատ խորհրդահայ գրողները մատնագրեր գրել։

Բայց գրքի տպագրությունից հետո կրքերը չեն հանդարտվում։ Ըստ Գ․Հ․֊ի․ «Գրքի ազդօրինակը ստացվելուց հետո, կուլտուրայի բաժնի վարիչի տեղակալի` Կիմ Պողոսյանի մոտ է գալիս հանրահայտ պրոֆեսոր Գևորգ Աբովն ու պնդում, թե պոեմը գաղափարապես արատավոր է, պետք է արգելել դրա վաճառքը: Ավելացնում է նաև, թե Սևակը երկու օր առաջ Աբովյան փողոցում ծեծել է ազգությամբ ադրբեջանցի մի գրողի։ ․․․Ավելին, այդ օրը Մոսկվայից Թովմասյանին զանգահարում է ԽՄԿԿ Կենտկոմի գաղափարախոսության բաժնի վարիչի առաջին տեղակալ Սնաստինը, բառացիորեն կրկնում է Աբովի խոսքերը և պահանջում անհապաղ քննել հարցն ու արդյունքների մասին տեղյակ պահել իրեն»:

Հուշագիրը շարունակում է․ «Իմ հանձնարարությամբ «Գրական թերթը» հրատարակեց գրականագետ Սուրեն Աղաբաբյանի գրախոսականը, որտեղ հեղինակը, բարձր գնահատելով Սևակի նոր ստեղծագործությունը, նշել էր նաև մի քանի թերություններ: Մեկ-երկու օր անց տեղի ունեցավ ՀԿԿ Կենտկոմի պլենումը, որտեղ գրեթե նույն ոգով ելույթ ունեցա նաև ես:

Դրանից հետո տեղեկանք կազմվեց այն մասին, որ լույս է տեսել գաղափարական և գեղարվեստական տեսակետից արժեքավոր գործ, որտեղ «տեղ են գտել նաև առանձին վրիպումներ» և որ այդ թերությունները քննադատության են ենթարկվել գրական մամուլում և ՀԿԿ Կենտկոմի պլենումում»: Եվ այլն, և այլն․․․ Երևում է, որ հեղինակը պալատական դավերում մեծ փորձառություն ունի։

Մյուս կեսագրական կարևոր դրվագը կապված է Ս․ Փարաջանովի «Սայաթ Նովա»/ «Նռան գույնը» ֆիլմի հետ, երբ Գ․ Հայրյանը  Հայաստանի կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի նախագահն էր։ Ֆիլմի թողարկումը բախվեց բազմաթիվ գրաքնչական դժվարություննրի, որոնց անմասն չէր մեր հերոսը։ Բայց թողնենք այս մասը, այն մանրամասն շարադրվել է մեր կինոգետների կողմից, բայց հանուն արդարության նշենք, որ, կարծես թե դրա համար Գ․ Հայրյանը զղջացել է։ 

Համաձայն մի հրապարակման․  «Այս մուլտֆիլմը [Ռ․ Սահակյանցի «Աղվեսագիրքը»] դիտելուց հետո, Հայաստանի պետական կինոկոմիտեի նախագահ Գևորգ Արմենակովիչ Հայրյանը հետևյալ կերպ արտահայտվեց. «Ես ոչինչ չհասկացա, բայց այն ժամանակ չհասկացա նաև «Նռան գույնը», բայց պարզվեց, որ դա Փարաջանովն էր։ Հիմա չեմ ընդունի, կպարզվի, որ դա նույնպես Փարաջանովն է»: Ռ. Սահակյանցը չի ազատվել աշխատանքից ստեղծագործության հրապարակումից հետո՝ ժամանակակից արևմտյան նորաձևության հետ սիրախաղ անելու համար»։

Մեծ է Գևորգ Հայրյանի գրական ժառանգությունը, ցուցակը կարող եք գտնել նրա Վիքիպեդիայի էջում։ Կարծում են, դրանք հիմա մոռացված են, հնարավոր է՝ արդարացիորեն։ Բայց կա մի տեքստ, որ պետք է հիշել։ Դա նրա «Վճռականապես արմատախիլ անել գիտական աշխատանքում եղած թերությունները» հոդվածն է, տպագրված «Պրավդայում» հունվարի 14֊ին։

Հոդվածում քննադատվում է գրականագիտության և պատմագրության մեջ տեղ գտած ազգայնական խեղաթյուրումներին, մասնավորապես արտահայտտված «Միասնական հոսանքի» «թեորիային» հետևելու տալու համար։ Ստալինյան վերջին տարում հայաստանյան գրականագիտության մեջ գաղափարախոսական հալածանքների մասին՝ այստեղ։

Անշուշտ, ինչպես այն ժամանակ էր ընդունված էր ասել, Հայաստանի ղեկավարությունը և ԿԳԲ֊ն պետք է համապատասխան կազմակերպչական հետևություններ անեին։ Հետևություններ արվեցին, որոշումներ ընդունվեցին, բայց իրագործել չհասցրին, Ստալինը մահացավ։

Please follow and like us: