Նարե Գրիգորյան/Դե որ կախարդ, ուրեմն՝ կախարդ

աչքերդ բացում ես՝
լույսը ծակեց.
ես եմ:
ձայների հաճախականությունը
տատանում ա հավասարակշռությունդ.
ես եմ:
օդը անցնում ա քթովդ,
մրմռացնում մազանոթներդ.
ես եմ:
լցվում ա թոքերդ,
ձգում մկաններդ.
ես եմ :
շուրջիդ ջերմաստիճանը մաշկիդ.
չափազանց ա:
ես եմ:
երեկվա հոտերն ու համերը՝
բոլորը միաժամանակ.
ես եմ:
վերջույթներիդ մկանները
շարժում են քեզ.
ես եմ:
վազում ես ինձանից՝
գալիս ես մոտս.
ես եմ:
աչքերդ փակում ես՝
սև ա.
ես եմ:
բացում ես աչքերդ նորից,
նույնը՝ սկզբից մինչև վերջ.
ես եմ:

_____________

իմ անմեղ:
կախարդանքս՝
կենդանու պես վայրի:

վայրի-անմեղ
կախարդանքս՝
անեծք ա:

սիրտդ բացվի:
կախարդում եմ.
անեծք ա:

տառ առ տառ
լեղիդ ճաքճքի:
անիծում եմ:

ես, անմեղ-անկարող,
վայրի կենդանի:
կապս կտրեցիր:

ես՝ անմեղ,
դու՝ անմեղ ,
լեզուս՝ ժանիքներ-ճանկեր:

_____________________

կարդաս՝ ցավա-փշրվի:
պատկերս՝ ջարդուփշուր,
գլխումդ՝ երկրաշարժ:
քինախնդիր եղբայր,
ապաքինումդ մոտս ա.
մի ցասում-ցնծումով
արձանագրում եմ:
եղբայր, որ…
կարդաս՝ ցավա-փշրվի:

դե ոչինչ:
սիրուն ջան,
նո՞ր ես իմանում,
որ ոչինչ:

ջարդուփշուր պատկերս,
ջարդուփշուր պատկերս,
ջարդուփշուր պատկերս անեմ՝
դառնա կույտ գլխումդ:
գլուխդ ի՞նչ դառնա:
ի՞նչ կդառնա գլխումդ:
պատկերս խփեմ ու…
պատկերս:
պատկերս՝ փշուր-փշուր, սիրտդ՝ ի՞նչ:

_________________

չարած անգիրներդ
դարձան իմ գրերը:
լպրծուն տեքստեր՝
վերջին հաշվով:
հաշիվը ես եմ փակում:
երկուսով բացեցինք,
փակելը՝ ինձ:
անհամ տեքստեր:
թող ես էլ գրեմ
դառը տեքստեր՝
արած անգիրներիդ նման:
լպրծուն ու դառը՝
որևէ փչացած բանջարեղենի պես:
թափելու բառեր,
անպետք բառեր,
սուտ բառեր,
վատ բառեր:
չէի գրի՝ անգիր արած լինեիր:
կլինեին անգիր.
չգրված:

անկապ տեքստ
ոչ մի բանի մասին
երբ դառնում ա ոչ մի բան
ոչ մի բանի մասին
ոչ մի բանի
ոչ մի
ոչ

ոչից հետո ի՞նչ են գրում.
չքնաղչամիչչղջիկչափչու:
չչչչչչ:
ժխտական:
չ-ով են ինձ ասելիք բառերը:
պլագիատ:

նարեվ. գրագողություն: ոչ մի բանի գրագող:

ոչինչ:
տեքստեր:
սիրտս ցավաց:
էս ա:

հիմա պետք ա գրեի
խելացի բառեր,
իսկ ես գրում եմ
հիմար բաներ:
պատահածը հիմար բան,
ես՝ խելո՞ք բառեր:
կլկլացող բառեր:
կլկլոց լսողը
խելոք բառեր. ո՞նց,
ո՞նց գրի:

ո՞նց գրեմ խելոք բառեր,
կլկլացող պատմությունդ
կլկլան տեքսով կտրեմ,
եղբա՛յր:

ղղղ պատմությունդ
ղղղացող տեքստով կտրեմ:
վիրավորված-վիրավորող ՝ կլկլ-ղղղ:

կլկլ խոսացող կա
ղղղ խոսացող կա,
չփթփ խոսացող կա,
ֆսս խոսացող կա:
լսողը:
ա՜խ, կլկլղղղչփթփֆսս եմ գրել:

նախորդ բառերի համար
պատասխան ո՞վ ա տալու:
ի պատասխան՝ հնդկահավի ձայն:

___________________

ուրիշի ափերում,
խաչված մատների արանքում:
թրթռոցդ ցավ ա:
ո՞նց:
մատների արանքից
լույսդ՝ կրճատված,
սիրուն ջան:
ոնց:
ուժ տուր,
տաքացի՝
մատները վառվեն:
դե՛:
բացվի-արձակվի,
լիովին ճառագի:
դուրս:

կախարդեմ՝ քանդվի
դրածդ կապը,
նենգ միջոցները
խափանվեն,
բացվեն մատներդ,
լույսը ճառագի,
բաց թողնես՝
ազատվի:
ցավացնող մատներիդ բանտից
դուրս գա,
ազատ թրթռա,
կայծկլտա լույսը:
տաք-տաքուկ, սիրուն:
ջերմ՝ շուրջը քամի.
հաճելի:

___________________

հպման հիշողությունը՝
անտես դաջվածքներ:
ոլոր մոլոր ճամփեք են:
ուղիղ գիծ չկա:
էդ ճամփեքից դուրս,
տեսնես, ի՞նչեր կան:

տեսքս սիրեցիր՝ աչքերդ են սիրուն,
հոտս սիրեցիր՝ քիթդ ա անուշ,
համս սիրեցիր՝ լեզուդ ա քաղցր:
սիրտս չսիրեցիր՝ ի՞նչդ ա ինչ:

_________________________

կիպ: կպած՝ ինքս ինձ կպած:
բուռ: բռնած՝ օդը բռնած:
կից: կցած՝ բառերին կցած:
սուր: սրած՝ ամեն ինչ սրած:
բառից դեպի բառ.
զեխ, ժեռ, կեռ,
ոլոր-մոլոր ու պես-պես:
անհամար բառի մեջ, տարածք՝
լուռ ու համր:

լցված: լիքը՝ բաց տեղ չթողած:
բառով չէ, ուրիշ մի բանով:
ուրիշով լցված՝
գրավված, վերցված,
յուրացման եզրին:
եզր: եզերված՝ եզերված ու չանվանված:
լուռ: լռված՝ մի տեղ լռված:
ոչինչ: ոչինչ չի:
ինչ-որ բառ: ի՞նչ բառ:

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *