Սուսաննա Նահապետյան /Իմ անծանոթին

Արի հաց կիսենք, սիրելիս, ցամաք հաց, անաղ հաց, անպանիր հաց, անսոխ հաց` աշխարհի ամենահամեղ հացը։ Արի նստենք գնացք, գնանք հեռու, ու կիսենք իրար հետ հաց, միայն հաց, սիրելիս։ Արի սիրենք իրար ու նույնիսկ բաժանվելիս խոստացիր, որ իրար մեջ կիսվող միակ բանը հացը կլինի։ Եվ թող մեր հացին դառնահամ ոչինչ չմիջամտի, թող այն խմորվի առանց արհեստական խմորիչների։ Արի հաց կիսենք, իմ հեռավոր, եթե մի օր իրար հանդիպենք, արի հաց կիսենք, իմ մեղավոր, եթե մի օր իրար հանդիպենք, արի հաց կիսենք, իմ աներկբա, իմ անբաժան, իմ անծանոթ։

     Արի նույնիսկ անհաց, նույնիսկ` անսեր, որ քեզ ճանաչեմ, որ քեզ գեթ տեսնեմ, որ մեկ ուրիշի հետ հաց կիսելիս` ինքս ինձ չդավաճանեմ։ Արի, անհաց արի, քեզ հետ քար էլ կկիսեմ։

                                 ***

Ուզում եմ ասել քեզ` քեզնից բացի ոչինչ չունեմ։ Ուզում եմ ասել, որ ոչինչ չունենալու դեպքում էլ ուզում եմ քեզ ունենալ։ Ուզում եմ խնդրել, որ ներես ինձ չունենալդ, ուզում եմ ներել չլինելդ։ Ի վերջո, ես քեզ գիտեմ, իսկ իմանալ, նշանակում է ճանաչել, իսկ ճանաչելն ինչ-որ իմաստով նույն ունենալն է։ Ուզում եմ ասել քեզ` քեզնից բացի ոչինչ չունեմ, ուզում եմ խնդրել` ոչինչ չունենալու դեպքում էլ թույլ տուր…

Ներիր, մտքերով էի ընկել։

                                ***

Ես սիրում եմ քեզ, որովհետև դու սիրում ես ուրիշին,

Ես սիրում եմ քեզ, որովհետև ես այդ ուրիշը չեմ,

Ես սիրում եմ քեզ, որովհետև այդ ուրիշը քեզ երբեք չի սիրի,

Ես սիրում եմ քեզ, որովհետև չեմ սիրում նրանց, ովքեր սիրում են ինձ։

Դու սիրում ես ինձ, որովհետև այն ուրիշը դեռ չի եկել,

Դու սիրում ես ինձ, որովհետև ես այդ ուրիշը չեմ,

Դու սիրում ես ինձ, որովհետև այդ ուրիշը քեզ երբեք չի սիրի,

Դու սիրում ես ինձ, որովհետև չես սիրում նրանց, ովքեր չեն սիրում քեզ

Իհարկե, բացառությամբ այն ուրիշի։

Բայց ես սիրում եմ քեզ, որովհետև եթե պատմությունը գրվեր իմ աչքերով` այդ ուրիշը Դու ես։

                                  ***

Այն ճանապարհին, որ անցա առանց քեզ, ես հազար անգամ պատկերացրի ինչպես եմ մեռնում ավտովթարից, բայց այդպես էլ չկարողացա պատկերացնել այն ավելի ցավոտ, քան քո բացակայություններն են իմ ներկայությունների մերկության ժամանակ։ Ես հազար անգամ պատկերացրի ինչպես ես գտնում ջարդված մարմինս փողոցում ու ինչպես ես ջրափոսի պես լցվում արցունքներով, բայց այդպես էլ չկարողացա այդ ջրափոսը լցնել նույնքան, որքան իմ կարոտի անդունդն է լցված քեզնով։ Ես հազար անգամ պատկերացրի ինչքան կսիրեիր ինձ, եթե չսիրեիր մեկ ուրիշի, հազար անգամ պատկերացրի իմ կարոտները` փարատված, իմ հույսերը` լույս դարձած, իմ մտքերը` պարզաջրված ու մաքրագործված, բայց այդպես էլ չկարողացա պատկերացնել քեզ առանց նրա։ Եվ վերջապես, ես հազար անգամ պատկերացրի ինձ` քեզ մոռանալով, քո մենությունները լքելով, բայց այդպես էլ չկարողացա պատկերացնել ինձ առանց քեզ, քեզ առանց նրա։

Please follow and like us: