Մարտի 27-29ը Լայպցիգի գրքի տոնավաճառում տեղի ունեցավ «Երկու սիզիփոս:Բանաստեղծություններ Հայաստանից» թարգմանական անթոլոգիայի շնորհանդեսը։ Գիրքը 2024-ին Գերմանիայի Ռայնլանդ-Պֆալց երկրամասի Էդենկոբեն քաղաքի Արվեստի տան հրավերով կազմակերպված թարգմանական ծրագրի վերջնարդյունքն է։ Ծրագրին մասնակցում էին վեց հայ գրող՝ Գոհար Գալստյանը, Խաչիկ Մանուկյանը, Վիոլետ Գրիգորյանը, Արփի Ոսկանյանը, Վահե Արսենը, Կարեն Ղարսլյանը, որոնց գործերը թարգմանվել և տեղ են գտել ժողովածուում։ Գրքի խորագիրը Գոհար Գալստյանի բանաստեղծություններից մեկի վերնագիրն է։ Ժողովածուն ներկայացվել է Լայպցիգի գրքի տոնավաճառի՝ Էդենկոբենի տաղավարում և ականատեսների պնդմամբ շնորհանդեսն անցել է ջերմ մթնոլորտում։ «Երկու Սիզիփոս» գրքի շնորհանդեսի առիթն օգտագործելով՝ գիրքը կազմող թարգմանչուհի, հայագետ Արմենուհի Դրոստ Աբգարյանի հետ խոսել ենք «Հարեւանների պոեզիան․ բանաստեղծները թարգմանում են բանաստեղծներին» ծրագրի, հայկական ժամանակակից գրականության հնարավոր հաջողության, ինչպես նաև հայագիտության առկա վիճակի, հեռանկարների ու խնդիրների մասին։

– Այս տարի Լայպցիգի գրքի ցուցահանդեսին Հայաստանն իր տաղավարն ուներ, բայց մեր տաղավարից դուրս տեղի ունեցավ հայ գրականության հետ կապված մեկ այլ միջոցառում, որի կազմակերպման հետ Հայաստանի պետությունը կապ չուներ։ Դա «Երկու Սիզիփոս» գերմաներեն գրքի շնորհանդեսն էր, որում ներկայացված էին մի քանի հայ բանաստեղծներ, եւ որը 2024-ին Գերմանիայի Էդենկոբեն քաղաքում կազմակերպված «Հարեւանների պոեզիան. Բանաստեղծները թարգմանում են բանաստեղծներին» ծրագրի վերջնարդյունքն է։ Քանի որ Դուք կանգնած եք այ ծրագրի ակունքներում եւ գրքի վրա էլ նշված է Ձեր անունը իբրեւ թարգմանչի ու կազմողի, կցանկանայի՝ փոքր-ինչ պատմեք ծրագրի ու գրքի մասին՝ ինչպե՞ս եղավ, ինչպե՞ս ընտրվեցին հեղինակները, ինչպե՞ս անցավ շնորհանդեսը։
– Այո, ուրախալի էր, որ Լայպցիգի տոնավաճառում այս տարի ներկայացված էր նաև հայկական տաղավարը: Տոնավաճառի նախօրյակին Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ օծվեց նրան նվիրված «Ինքնություն» հուշատախտակն այն տան շենքի պատին, որտեղ բնակվել է հայ բանաստեղծը Լայպցիգի համալսարանում ուսանելիս (1892-1895): Այդ իրադարձությանը նվիրված հանդիսավոր երեկոյին և տոնավաճառում հնչեցին հայ դասական բանաստեղծի և 111 տարի առաջ Գերմանիայում ստեղծված Հայ-Գերմանական Ընկերության հիմնադիր անդամի գործերը: Այդ Ընկերությանը Ավետիք Իսահակյանի հետ միասին անդամակցել է նաև Թոմաս Մանը:

Ավետիք Իսահակյանի հետքերով անցյալ տարի Ռայնլանդ-Պֆալց երկրամասի մշակութային հիմնադրամի հրավերով Գերմանիայում էին գտնվում վեց հայ բանաստեղծներ, որոնք պետք է մասնակցեին «Հարևանների պոեզիան» ամենամյա ծրագրին: Արդեն 37 տարի ի վեր ընթացող այս ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի Էդենկոբեն քաղաքի «Արվեստի տանը» հանդիպում են վեց գերմանացի բանաստեղծներ որևէ «հարևան» երկրից հրավիրված վեց բանաստեղծների, որպեսզի մեկ շաբաթ բնագրերի հեղինակների հետ աշխատեն նրանց բանաստեղծությունների տողացի թարգմանությունների վրա: Այդ համագործակցության ընթացքում միացյալ ջանքերով հղկված ու մշակված թարգմանությունները հենց այդ շաբաթ էլ ներկայացվում են տեղի հասարակությանը և Յոհաննես Գուտենբերգի անվան Մայնցի համալսարանի թարգմանչական բաժնի ուսանողներին ու դասախոսներին, իսկ հաջորդ տարի լույս են տեսնում Լայպցիգի տոնավաճառի նախօրյակին՝ վերջինիս ծրագրում նախապես հայտարարված շնորհանդեսին ներկայացվելու համար: Մինչ Հայաստանը ծրագրի հյուրերն են եղել Անգիան, Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան, Շոտլանդիան, Շվեդիան, Շվեյցարիան, Լիտվան և այլ եվրոպական երկրներ: Քանզի ժամանակի ընթացքում աստիճանաբար Գերմանիայի հարևանների ընտրության աշխարհագրական չափանիշները փոխարինվել են մշակութային հարևանության բնորոշիչներով, մանավանդ պատերազմների ու բռնակալ կառավարությունների ճնշման հետևանքով դեպի Գերմանիա հորդած արտագաղթի պատճառով, այս երկրներին հաջորդել են Սիրիան, Ուկրաինան, Թուրքիան, Իսրայելը և այլ մերձարևելյան երկրներ, որոնց քաղաքացիները այժմ ապրում են Գերմանիայում: Հայաստանը, որի քաղաքակրթական սահմանները շատ ավելի լայն են, քան իր արդի աշխարհաքաղաքական դիրքը, դարձավ վերոհիշյալ ծրագրի 36-րդ հարևան հյուր երկիրը:
– Փաստորեն, քաղաքական իրադարձությունները կապ ունեն երկրի ընտրության հետ․․․ Ի՞նչ սկզբունքով են ընտրվել բանաստեղծները, այս հարցում ի՞նչ դեր ունեն հայաստանյան գրական կազմակերպությունները։
– Հայաստանի գրողներին հրավիրելու միտքը առաջացել էր Արցախյան երկրորդ պատերազմից առաջ, անգամ կորոնավիրուսային համաճարակից առաջ, այդ իրադարձությունները խոչընդոտ էին դարձել: Ինձ դիմել էին որպես Գերմանիայի միակ հայագիտական ամբիոնի պրոֆեսորի՝ ծրագիրը մասնագիտորեն ուղեկցելու և տողացի թարգմանությունները պատրաստելու խնդրանքով: Հայ բանաստեղծների ընտրության չափանիշների հարցում դեր էին կատարում տարիքը (հնարավորինս երեք սերնդի ներկայացուցիչներ), սեռը (երեք կին և երեք տղամարդ), գերմաներեն թարգմանությունների ծավալը (նվազ քանակի դեպքում այն մեծացնելու նպատակով), հնարավորինս նաև հայալեզու սփյուռքի ընդգրկումը և իհարկե ամենից առաջ որակը, որը չափվում էր տեղական և միջազգային գրական մրցանակների արժևորմամբ: Թեկնածուները առաջադրված էին այն գերամանացի և հայ նշանավոր մշակույթի ու գիտության գործիչերի կողմից, որոնց դիմել էր Էդենկոբենի «Արվեստի Տան» ծրագրի ղեկավարությունը հանձինս հայդելբերգցի հայտնի բանաստեղծ և թարգմանիչ Հանս Թիլի: Ամենաավագ սերնդի ներկայացուցիչներ Արտեմ Հարությունյանն ու ֆրանսահայ գրող ու գրականագետ Գրիգոր Պլտյանը առողջական խնդիրների պատճառով չկարողացան ժամանել: Բացառության կարգով սակայն գրքում ընդգրկվեց նաև Արտեմ Հարությունյանի «Նամակ Նոյին» բանաստեղծությունը Հանս Թիլի թարգմանական մշակմամբ: Մյուս հայ պոետների գերմանացի թարգմանիչ-բանաստեղծներն էին գերմանական գրականության հայտնի դեմքեր (մրցանակակիրներ, գրականագետներ, հրապարակախոսներ, գրական ամսագրերի խմբագիրներ) Դոմինիկ Դոմբրովսկին (Բոնն), Լիզա Գոլդշմիդտը (Վիսբադեն), Օդիլե Քեննելը (Բեռլին), Բիրգիտ Կրայպեն (Բեռլին), Յան Ռյոնհերտը (Բրաունշվայգ) և Անդրե Շինկելը (Հալլե-Զաալե), որոնք ծրագրի ղեկավարության հարցումների արդյունքում հետաքրքրություն էին ցուցաբերել թարգմանելու հայկական պոեզիան: Հանս Թիլի հրավերով ես դարձա գրքի համահրատարկիչը որպես տողացի թարգմանությունների հեղինակ և հայագետ՝ գրելով նաև գրքի վերջաբանը (նախաբանի փոխարեն):

Գիրքն, ինչպես ծրագրված էր, լույս տեսավ տոնավաճառի բացման նախօրյակին Հայդելբերգյան «Վունդերհորն» հրատարակչության «Հարևանների պոեզիան» շարքում «Երկու Սիզիփոս. Բանաստեղծություններ Հայաստանից» վերնագրով։ Շնորհանդեսը տեղի ունեցավ Էդենկոբենի Արվեստի տան տաղավարում: Այցելուների թվում էին գրողներ, թարգմանիչներ, գրականագետներ, հրատարակիչներ և հայ գրականությամբ հետաքրքրվող այլ անձինք, որոնք հնարավորություն ունեցան զուգահեռ հայերեն և գերմաներեն լեզուներով ծանոթանալ ժողովածուում ընդգրկված բանաստեղծներ Գոհար Գալստյանի, Խաչիկ Մանուկյանի, Վիոլետ Գրիգորյանի, Արփի Ոսկանյանի, Վահե Արսենի և Կարեն Կարսլյանի ստեղծագործություններին: Հանս Թիլը դիմեց հյուրերին ողջույնի խոսքով, իսկ Անդրե Շինկելը և ես ներկայացրինք բանաստեղծությունները բնագրի և թարգմանության լեզուներով: Ապագայում լավ կլիներ, եթե հայկական տաղավարը նախօրոք տեղեկացվեր Գերմանիայում լույս տեսած՝ հայերին ու Հայաստանին վերաբերող գրքերի մասին և համագործակցեր դրանց հրատարակիչների և տաղավարների հետ։

– Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանը, որի պրոֆեսորն եք Դուք, միակ համալսարանն էր Գերմանիայում, որն ուներ հայագիտության ամբիոն։ Այն ստեղծվել էր մեկ այլ կարեւոր ու նշանավոր նախաձեռնության՝ հայագիտական հետազոտությունների «Մեսրոպ» կենտրոնի ջանքերով, եւ երկու նախաձեռնության հիմնադրումն էլ իրականացվել է նշանավոր աստվածաբան, արեւելագետ ու հայագետ Հերման Գոլցի եւ Ձեր ջանքերով։ Նրա մահից հետո Դուք ստանձնեցիք ամբիոնի եւ հայագիտական հետազոտությունների ղեկավարի պաշտոնը։ Սակայն ցավով տեղեկացանք, որ անցյալ տարի՝ շուրջ տասը տարի գոյություն ունենալուց հետո հայագիտության ամբիոնը փակվեց։ Ինչո՞ւ։
– Գերմանիայի միավորումից և Հայաստանի անկախությունից հետո մեր երկրների միջև 1995թ. կնքվեց մի մշակութային համագործակցության հուշագիր, որը հետագայում լրացվելով և ընդլայնվելով վերածվեց պայմանագրի: Այդ պայմանագրի շրջանակներում է, որ 1998թ. սեպտեմբերի 6-ին Վիտենբերգի համալսարանի շենքում հիմնադրվեց հայագիտական միակ ակադեմիական կենտրոնը Գերմանիայում՝ «Մեսրոպ» անունով: Հիմնադիր տնօրենը Հալլե-Վիտենբերգի աստվածաբանության պրոֆեսոր Հերման Գոլցն էր, որի հայագիտական գործունեությունը սկսվել էր Յոհաննես Լեպսիուսի արխիվի ուսումնասիրությամբ: Այդ արխիվը, որը կարևորագույն փաստաթղթեր էր պարունակում հայոց ցեղասպանության վերաբերյալ, 20-րդ դարի 80-ական թվականների սկզբին նրան էր վստահել Լեպսիուսի դուստրը՝ Վերոնիկան: «Մեսրոպ» կենտրոնը կից էր Հերման Գոլցի ղեկավարած ուղղափառ արևելյան եկեղեցիների պատմության ամբիոնին, որը գտնվում է աստվածաբանության ֆակուլտետում: Նման կենտրոնները հասարակական կարգով վարում են այդ առարկաների ամբիոնի վարիչները: Հայագիտական ամբիոն, սակայն, մինչ այդ գոյություն չուներ: Պրոֆեսոր Գոլցի ամբիոնը հիմնականում պատասխանատու էր հույն, ռուս, բուլղարական ու ռումինական եկեղեցիների ուսումնասիրության համար, ուստի մենք պայքարում էինք, որպեսզի ստեղծվի հայագիտության մի ինքնուրույն ամբիոն, որին կարելի լիներ կցել «Մեսրոպ» կենտրոնը: Այդ պայքարը պսակվեց հաջողությամբ, երբ արևելագիտության ինստիտուտում, որտեղ ես աշխատում էի, 2010թ. Գերմանական Ակադեմիական Փոխանակության Ծառայության (DAAD / ԳԱՓԾ) ֆինանսավորմամբ ստեղծվեց առաջին հայագիտական արտակարգ ամբիոնը (պրոֆեսուրան) Գերմանիայում, որն ինձ վստահվեց:

Դա համընկավ պրոֆեսոր Գոլցի վաղաժամ մահվան հետ, ուստի աստվածաբանության ֆակուլտետի դեկանի խնդրանքով ես ստանձնեցի նաև «Մեսրոպ» կենտրոնի տնօրինությունը մինչև 2021թվականի վերջը: ԳԱՓԾ-ն չորս տարի ֆինանսավորել էր հայագիտական ամբիոնն այն պայմանով, որ պրոֆեսորի հաստիքը ֆինանսավորման ավարտից հետո դառնա պլանային մշտական հաստիք և շարունակվի ֆինանսավորվել համալսարանի կողմից: Այդ պայմանը դժբախտաբար ժամանակին չի ամրագրվել իրավական ուժ ունեցող մի որևէ գրավոր փաստաթղթով, ուստի համալսարանը չնայած շարունակեց ֆինանսավորել իմ արտակարգ պրոֆեսորական հաստիքը, սակայն իմ թոշակի գնալուց հետո այն այլևս չհայտարարվեց, այլ որպես մի մշտական, բայց ոչ պրոֆեսորական կարգավիճակ ունեցող հաստիք անցավ Քրիստոնյա Արևելքի լեզուների և մշակույթների ամբիոնին: Այստեղ դեր խաղաց նաև Սաքսոնիա-Անհալտ երկրամասի գիտությանն ու կրթությանը հատկացված բյուջեի կրճատումը, որի հետևանքով փակվեցին նաև դասական բանասիրության, հնդեվրոպաբանության, քրիտոնեական և բյուզանդական արվեստի, հնդկագիտության, արևելյան հնագիտության և այլ ամբիոններ: Սրան գումարվեց նաև այն հանգամանքը, որ Քրիստոնյա Արևելքի ամբիոնի նոր վարիչը, որը հասարակական կարգով այժմ ղեկավարում է իր ամբիոնին կցված «Մեսրոպ» կենտրոնը, հայագիտությունը չի համարում ինքնուրույն գիտություն և չպայքարեց հայագիտական ամբիոնը պահպանելու համար: Քրիստոնյա Արևելքի ամբիոնում դասավանդվում են վեց լեզուներ և տարածաշրջաններ իրենց հազարամյակների պատմությամբ ու մշակույթով (Ասորիք, Եգիպտոս, Եթովպիա, Հայաստան, Վրաստան և արաբախոս քրիոստոնյա աշխարհ): Մենք պայքարում էինք, որ «Արևելք» լայն հասկացության տակ որպես ակադեմիական առարկա միավորված այդ տարաբնույթ տարածաշրվաններն ուսումնասիրող գիտաճյուղերը սեփական ամբիոն ու պրոֆեսուրա ունենան, բայց ամբիոնի ներկա վարիչը ռեկտորատին հավաստիացրեց, որ մեկ ամբիոնը և մեկ անձը (ինքը) լիովին բավարար են բոլոր այդ լեզուները (հնդեվրոպական, սեմական, աֆրիկյան և կովկասյան ընտանիքներին պատկանող) իրենց հին, միջին և ժամանակակից փուլերով տիրապետելու, դասավանդելու և տնօրինելու համար: Բացի այդ, ըստ նրա, անարդար կլինի, եթե հայագիտությունն իր ամբիոնը ունենա, իսկ ասորագիտությունը, ղպտագիտությունը կամ եգիպտագիտությունը՝ ոչ: Իր ամբիոնում հայագիտությունը կարող է միայն օժանդակ ենթաճյուղի կարգավիճակ ունենալ այլ գիտաճյուղերի կազմում: Նա փոխեց նաև «Մեսրոպ» կենտրոնի պրոֆիլը՝ գտնելով, որ ներկա փոքրիկ Հայաստանն իր վերջին հարյուրամյա պատմությամբ մի շատ նվազ միավոր է, որպեսզի իր ինքնուրույն ամբիոնն ունենա: Այն պետք է վերածվի կովկասագիտության կենտրոնի՝ Վրաստանի և այլ կովկասյան մշակութների, այդ թվում Ադրբեջանի հետ միջբնագավառային համագործակցությամբ:

Այժմ հայագիտական ամբիոնի և «Մեսրոպ» կենտրոնի հաստիքները տրամադրված են մի վրացագետի և մի ասորագետի, իսկ հայագետի համար մնացած կես հաստիքը արդեն յոթ տարի է կարճ ընդհատումներով թափուր է: Ցավալի է, բայց փաստ է: Այս փաստին պետք է տեղյակ լինի Հայաստանի կառավարությունը, որը միշտ օժանդակել է ամբիոնին և հիմա էլ շարունակում է աջակցել անդամահատված «Մեսրոպի» աշխատանքներին, որն ընթանում է կովկասագիտության վերածվելու ճանապարհով: Ըստ իս ճիշտ կլինի, եթե Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունն իր ջանքերը կենտրոնացնի հայագիտական ինքնուրույն ամբիոնի վերականգնման հնարավորավորությունների վրա և դեսպանության միջոցով Սաքսոնիա-Անհալտի գիտության և կրթության նախարարությանն անընդհատ հիշեցնի Հայաստանի պետության շահագրգռվածության մասին այդ հարցում: Այլապես առանց այն էլ պետական սուղ միջոցները կարող են վատնվել դժբախտաբար ներկայումս սիրողական մակարդակով վարվող ծրագրերի վրա, որոնք կարող են վնասել հայագիտության հեղինակությանն ու ապագային Գերմանիայում:
– Այնուամենայնիվ, Հալլեի համալսարանում հայագիտությունը 300 տարվա պատմություն ունի, հայերենն առաջին լեզուներից է, որ որպես ակադեմիական դասավանդման առարկա ընդունվել է այս համալսարանում։ Իրերի այս դրվածքը պահպանվելո՞ւ է հայագիտական ամբիոնի փակումից հետո։
– Այո: Ինչպես նշեցի, հայոց լեզուն ըստ Քրիստոնյա Արևելքի ամբիոնի հիմնական ուսումնական ծրագրի արևելաքրիստոնեական լեզուներից (ասորերեն, ղպտերեն, եթովպերեն) մեկն է համարվում, ուստի կշարունակվի դասավանդվել նաև հայագիտական ամբիոնի փակումից հետո, ինչպես դասավանդվել է նրա ստեղծումից առաջ: Կարևոր է սակայն, որ այն դասավանդվի հայագիտության մեջ մասնագիտացված դասախոսների կողմից, ինչպես դա տեղի է ունեցել հատկապես վերջին 40 տարիների ընթացքում: Ներկայումս այն դասավանդում է ասորագետ ամուսնական զույգը: Ասորագիտական մասնագիտացում ունեցող հայագիտական կենտրոնի տնօրենի կարծիքով հայոց լեզու կարող են դասավանդել նաև գերմանագետները, անգլագետները կամ նույնիսկ թուրքագետները, եթե իրենց մայրենի լեզուն հայերենն է: Նրա պատկերացմամբ հայագիտական կրթությունը պարտադիր չէ Գերմանիայում հայագիտությամբ զբաղվելու համար:
– Ինչպե՞ս եք Դուք կազմակերպելու Ձեր աշխատանքները առանց այդ ամբիոնի։ Ի՞նչ ընթացիկ ու հետագա ծրագրեր ունեք։
– Հիմա ավելի շատ ժամանակ ունեմ ավարտին հասցնելու ծրագրերը, որոնք մեկնարկել էին դեռևս ամբիոնի գործունեության օրոք, որոնց արդյունքները սակայն դեռ լույս չեն տեսել: Շարունակում եմ ղեկավարել նաև դեռ չավարտված դիսերտացիոն աշխատանքները: Բացի այդ, ամբիոնի բացակայության պայմաններում ես շարունակում եմ սպասարկել պահանջարկը հայագիտության նկատմամբ Գերմանիայում և գերմանախոս մյուս եվրոպական երկրներում, ինձ շարունակում են հրավիրել մասնակցելու հայագիտության հետ կապված հրատարակչական ծրագրերի, դասախոսությունների, կոնֆերանսների և աշխատաժողովների, խնդրում են ընդդիմախոսել դիսերտացիոն աշխատանքներ կամ երաշխավորել նոր հայագիտական ծրագրեր: Շարունակվում է համագործակցությունը Յենայի և Լայպցիգի համալսարանների հետ, որտեղ հայագիտական թեմաներ են մշակվում և միջբնագավառային նոր ծրագրեր ծնվում: Այս պահին ես աշխատում եմ ավարտի հասցնել «Շարակնոցի» գերմաներեն թարգմանության եռհատորյա հրատարակությունն ընդարձակ առաջաբանով, ծանոթագրություններով, համաբարբառով և օժանդակ ապարատով հանդերձ, Յոզեֆ Կարստի «Միջին հայերենի բառարանը» և Եվսեբիոս Կեսարացու «Ժամանակագրության» արդիականացված գերմաներեն տարբերակը, որոնք լույս են տեսնելու Գերմանիայում, Իտալիայիայում և Բելգիայում հրատարակվող նշանավոր մասնագիտական մատենաշարերում: Մելինե Փեհլիվանյանի և Լևոն Չուգասզյանի հետ հրատարակության ենք պատրաստում նաև «Նոր հայագիտական ուսումնասիրություններ Գերմանիայում» և «Հայ մշակութային ժառանգությունը Գերմանիայում» հրապարակումները, որոնց ստեղծմանը աջակցել է Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը: Նույն նախարարության նախաձեռնությամբ ձեռնամուխ եմ եղել նաև Գրիգոր Նարեկացու «Մատեան Ողբերգութեան» երկի գերմաներեն թարգմանությանը: Այս տարի լրանում է Վատիկանի կողմից Նարեկացուն որպես տիեզերական վարդապետ հռչակելու տասնամյակը: Այդ առիթով էլ ծագել է նաև գերմանական տարբերակի անհրաժեշտությունն այն բանից հետո, երբ հրապարակի վրա են Աբրահամ Տերյանի, Ժան-Պիեռ Մահեի և Լենա Խանլարյանի կողմից կազմված անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն գիտական հրատարակությունները, ինչպես նաև Լևոն Զեքիյանի կողմից պատրաստած իտալերեն մասնակի թարգմանությունը:

– Մոտ մեկ տարի առաջ Բեռլինում չեղարկվեց «Արցախի մշակութայն ժառանգությունը» գրքի շնորհանդեսը Բաքվի ջանքերով։ Գերմանիայի հայագիտական համայնքը ինչո՞ւ չկարողացավ դիմակայել սրան, ի՞նչ է պետք անել, որ նման բան չկրկնվի։
– 2020թ. պատերազմի օրերին «Մեսրոպը» մի ստորագրահավաք կազմակերպեց և գերմանացի 150 հայտնի գիտնականների, պրոֆեսորների, մշակույթի ու կրթության գործիչների, գրողների ու հրապարակախոսների ստորագրությամբ մի բաց նամակ հղեց գերմանական կառավարությանը, Բունդեսթագի կուսակցական խմբակցությունների ղեկավարներին և Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավորներին, Գերմանիայի Եկեղեցական իշխանություններին և գերմանական Կարմիր Խաչի տնօրինությանը՝ պատրասրտակամություն հայտնելով աջակցել քաղաքական գործիչներին գիտական խորհրդատվությամբ՝ հայակործան պատերազմը դադարեցնելու իրենց դիվանագիտական ջանքերը գործադրելիս: Երբ Արցախի տարածքի մեծ մասը գրավվեց և սկսեցին ոչնչացվել առաջին հայ մշակութային հուշարձանները, գերմանական և գերմանահայ ակադեմիական հասարակությունը տարբեր գիտաժողովներ և աշխատանքային հանդիպումներ էր անցկացնում Գերմանիայում՝ ահազանգելու համար հայ մշակութի և նրա կրողների դեմ ընթացող հանցագործության մասին: Այդպես առաջացավ նաև Քիլի և Գյոթինգենի համալսարանների պրոֆեսորներ Անդրեաս Մյուլլերի և Մարտին Թամկեի նախաձեռնությունը՝ Հայաստանի գործընկերների հետ միասին Երևանում Արցախի մշակութային ժառանգությանը նվիրված մի հայ-գերմանական միջբնագավառային գիտաժողով անցկացնել, որին մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած փորձագետներ: Իմ զեկուցման թեման Գերմանիայի ամենահին հայկական ձեռագրի թվագրման ճշգրտումն էր, որը ծագում է Արցախից և պահպանվում է Հալլե-Վիտենբերգի համալսարանի գրադարանում: Գիտաժողովի նյութերը լույս տեսան Գերմանիայի Քիլ քաղաքի համալսարանական հրատարակչությունում: Գրքի շնորհանդեսը, որը կազմակերպել էին Արտաքին Քաղաքականութան Գերմանական ընկերությունն (DGAP) ու Կոնրադ Ադենաուերի Հիմնադրամը, պետք է լայն հասարակությանը գիտականորեն ներկայացներ Արցախի վտանգված մշակութային արժեքները: Սակայն Ադրբեջանի դեսպանատունը փորձում էր և փորձում է խափանել Արցախի վերաբերյալ յուրաքանչյուր ելույթ Գերմանիայում, որն ինքն իր խեղաթյուրող մեկնաբանությամբ չի կազմակերպել: Շատ նման Թուրքիայի դեսպանատան տասնամյակների գործունեությանը․․․
– Թուրքիան է՞լ է փորձել խոչընդոտել․․․
– Թուրքիայի դեսպանատունը խոչընդոտում էր ցեղասպանությանը նույնիսկ հեռավոր առնչություն ունեցող ցանկացած միջոցառման ու ծրագրի՝ բողոքներով, ցույցերի սպառնալիքով և խեղված տեղեկություններով հեղեղելով գերմանական կազմակերպիչներին։ Անձամբ ես ականատես եմ Յոհաննես Լեպսիուսի Տան հիմնադրման դեմ Պոտսդամում թուրքական դիվանագետների միջամտությանը, որի պատճառով երկրամասային կառավարության կողմից արդեն հաստատված ֆինանսավորումը դադարեցվեց (հետագայում պրոֆեսոր Հերման Գոլցին հաջողվեց այլ միջոցներով իրացնել իր մտահղացումը): Դա Գերմանիայի միավորումից հետո էր: Հայ տպագրության 500-ամյակին նվիրված՝ Գերմանիայում պահվող հնատիպ գրքերի և ձեռագրերի ցուցահանդեսը, որը կազմակերպել էր մեր ամբիոնը Բեռլինի Պետական Գրադարանի հետ միասին Մայնցի Գուտենբերգի թանգարանում, ևս ենթարկվեց տեղի թուրքական հյուպատոսության գրոհին (հայոց պատմության ժամանակագրական ցուցատախտակին նաև հայոց ցեղասպանության տարեթիվն էր նշված), որը ստիպեց թանգարանի տնօրինությանը ցուցահանդեսի մուտքի մոտ տեղադրել Բունդեսթագի կողմից 2005թ. ճամաչված ցեղասպանության փաստը հերքող ցուցատախտակ։ Բայց երկրամասի կառավարությանն ուղղած նյութերի ու հիմնավորումերի շնորհիվ կարողացանք հեռացնել տալ այդ խայտառակ ցուցատախտակը և անխափան շարունակել հայ հնատիպ գրքերի ցուցադրումը: Նաև իմ ամբիոնի կազմակերպած առցանց դասախոսությունների շարքը 2021թ. ձմեռային կիսամյակին՝ նվիրված Արցախյան հակամարտությանը և քառասունչորսօրյա պատերազմին, ԱՄՆ-ից, Հայաստանից, Արցախից և եվրոպական երկրներից հրավիրված մասնագետների մասնակցությամբ, թիրախավորվեց ադրբեջանական համայնքի կողմից՝ համալսարանի ռեկտորատին ուղղված բողոքի ակցիաների միջոցով:

– Վերադառնանք «Արցախի մշակութային ժառանգությունը» գրքին․․․
– Գրքի շնորհանդեսին նախորդեցին ադրբեջանական դեսպանատան բողոքն ու Գերմանիո ադրբեջանական կազմակերպությունների ու համայնքի նամակները: Բեռլինյան միջոցառման կազմակերպիչները, պատճառաբանելով, որ գրքի հեղինակների և ունկնդիրների կյանքին վտանգ է սպառնում, չեղարկեցին գրքի շնորհանդեսը՝ այն տեղափոխելով առցանց հարթակ: Գերմանիայի տարբեր ծայրերից Բեռլին ժամանած բազմաթիվ քաղաքացիներ հավաքվեցին միջոցառման շենքի առջև՝ բողոքելով միջոցառումը հետաձգելու դեմ: Մենք՝ գրքի հեղինակներս, մեր վրդովմունքն արտահայտեցինք Գերմանիայի ներքին գործերի նախարարությանն ու կազմակերպիչներին՝ գիտության ու խոսքի ազատության սահմանափակման փորձի առջև ընկրկելու համար: Այնպես որ, ինչպես հայկական համայնքը, այնպես էլ նրա գերմանացի համակիրներն ու մարդու իրավունքների պաշտպանները փորձում են դիմակայել այդ վտանգավոր միտմանը: Այն հաջողությամբ հաղթահարելու համար, սակայն, անհրաժեշտ է համակարգված ու հետևողականորեն գործել: Հասարակական կարծիքի և քաղաքական կամքի ձևավորման հարցում Գերմանիայում շատ կարևոր է պատմության և իրականության խեղաթյուրման դեմ միջոցներ ձեռնարկել փաստական տվյալների մատուցմամբ՝ գիտաժողովների, զեկուցումների, ցուցահանդեսների, համերգների, մշակույթի օրերի և այլնի միջոցով: Ամեն դեպքում լռությունն ու խուսափողականությունը դիմակայման միջոցներ չեն: Լռությունն ու անգործությունը որպես համաձայնության նշան են դիտվում:

ադրբեջանական դիվանագետների ճնշման ներքո
– Ձեր հարցազրույցներից գիտեմ, որ ցանկալի չեք համարում պետության նյութական հովանավորությունը այլ երկրներում հայագիտական ամբիոնների նկատմամբ, կարևոր եք համարում, որ հայագիտական ամբիոնները հովանավորվեն այն երկրի բյուջեից, որտեղ գտնվում է համալսարանը կամ կենտրոնը։ Այս առումով շատ այլ գիտնականներ Ձեզ հետ համակարծիք են։ Նաեւ մշտապես բերվում է Ադրբեջանի օրինակը, որը նմանատիպ կենտրոններ է ստեղծում ու օգտագործում որպես քարոզչության միջոց, ինչի արդյունքում նրանց գիտնականներին ու գիտական աշխատություններին արեւմտյան գիտական համայնքը լուրջ չի վերաբերվում։ Եվ այնուհանդերձ, մեր պետությունը անելիք ունի՞ այս հարցում։
– Իրավացի եք, երբ հղում եք կատարում այդ հակասական իրադրությանը: Այո, մի կողմից Հայաստանի միջամտությունը Գերմանիայի գիտական քաղաքականությանը կարող է բացասաբար ընկալվել, մյուս կողմից կարող եմ վկայել, որ Գերմանիայի գիտության և կրթության ոլորտի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ինձ խորհուրդ են տվել Հայաստանին դիմել, երբ ես փորձել եմ հիմնավորել գոնե մեկ հայագիտական ամբիոնի անհրաժեշտությունը գերմանական ակադեմիական աշխարհում: Նրանք, օրինակ, բերել են Բոննի համալսարանի մոնղոլագիտական ամբիոնի օրինակը, որը ֆինանսավորվում է Մոնղոլիայի կողմից: Այդ ամբիոնի կապակցությամբ դեռ սկանդալներ չեն եղել, ինչպես ադրբեջանագիտական ամբիոնի դեպքում Բեռլինի Հումբոլդտի անվ. համալսարանում, որտեղ Բաքվի ֆինանսավորմամբ գործող ամբիոնում միանշանակ քաղաքականացված ծրագրեր էին իրականացվում:

Ըստ իս Հայաստանի Հանրապետությունը չպետք է ուղղակիորեն խառնվի որևէ այլ պետության գիտակրթական քաղաքականությանը, սակայն կարող է «Գյոթե» (գերմանական), «Կոնֆուցիոս» (չինական) կամ «Սերվանտես» (իսպանական) ինստիտուտների նմանությամբ «Նարեկ» կամ «Մեսրոպ» ինստիտուտներ հիմնել եվրոպական կամ այլ երկրներում, որոնց նպատակը՝ իրենց լեզուների և մշակույթների միջազգային տարածումը, միջմշակութային կապերի ամրացումը և իրենց սփյուռքների ինքնության պահպանումն է: Դա կնպաստի նաև հայագիտության ամրացմանն ու նրա կշռի աճին որպես ինքնուրույն գիտաճյուղ:
– Եվ վերջում մի հարց, որ առնչվում է «Երկու Սիզիփոս» գրքին։ Դուք մեծ ներդրում ունեք ոչ միայն հայագիտական հետազոտությունների, այլեւ հայ գրականության հանրահռչակման գործում։ Քանի որ գերմանական միջավայրը Ձեզ նույնքան հարազատ, ծանոթ ու հասկանալի է, որքան հայկականը, միգուցե նույնիսկ ավելի, կուզենայի իմանալ՝ ինչպես է ընկալում հայ ժամանակակից գրականությունը գերմանացին (գրողները, ընթերցողները), գիտեմ՝ մի քիչ կոպիտ, մի քիչ էլ գուցե միամիտ կհնչի, բայց ուղիղ հարցնեմ՝ ակնկալելով անկեղծ պատասխան՝ մրցունա՞կ է արդյոք մեր գրականությունն այդ շուկայում, կարո՞ղ է հայի գրածը հետաքրքրել գերմանացուն առանց քաղաքական գործոնի։
– Պետք է ասեմ, որ Էդենկոբենի թարգմանչական ծրագրի ղեկավարները և այն գերմանացի բանաստեղծները, որոնք մինչ այդ ծանոթ չէին հայկական պոեզիային, ակնհայտորեն խորապես տպավորված էին մեր արդի բանաստեղծական արվեստի բարձր համաշխարհային մակարդակով: Մեր բանաստեղծները ոչնչով չեն զիջում իրենց գործընկերներին միջազգային ասպարեզում: Այնպես որ մեր արդի հայ բանաստեղծությունը, հատկապես ի դեմս մեր նորընծա հատորի հեղինակների, «մրցունակ» է, համընթաց մեր ժամանակներին և կարող է համարձակորեն ներկայանալ արտաքին աշխարհին:
Հարցազրույցը՝ Գրողուցավի