–
Բարձրացիր այս աստիճաններով,
Ես չգիտեմ ինչ կա վերջում,
Ես կնստեմ առաջին աստիճանին
Ու կնայեմ ինչպես ես բարձրանում։
Միայն ավելի վեր ելնելով՝
Երբեմն ձայն տուր ,
Որ հասկանամ` ինչքան բարձրացար,
Ու ամեն աստիճանի հետ
Համակերպվեմ հեռվանալուդ։
Ինչ-որ պահի էլ չես երևա,
Բայց ես կմնամ առաջին աստիճանին նստած
Ու կսպասեմ կանչերիդ՝
Այդպես էլ չիմանալով՝
Բարձրությու՞նն է պատճառը ,
Որ կանչդ չեմ լսում,
Թե՞ մի աստիճանից սկսած ՝
Այլևս դադարեցիր կանչել։
2022
–
Քեզնից ի՞նչ էր գնում
Գժությունս տանել…
Սուպերմարկետում հերթ է։
Այլևս ոչինչ չկորցնող կինը
Դանդաղ ապրանքներ է անցկացնում.
Տըկ-տըկ-տըկ-տըկ-տըկ
Տըկ-Տըկ….
2025
–
Օրերը խառնաշփոթ են
Ու չենք նկատում՝ ոնց դարձան տարի,
Ոնց անցավ տարին,
Հետո մյուսը ,
Ու հետո էլի:
Մենք միասին չենք ծերանա:
Օրերը խառնաշփոթ են
Ու չենք նկատում՝ ոնց դարձան տարի,
Ոնց անցավ տարին,
Հետո մյուսը,
Ու հետո էլի:
2021
–
Առավոտ:
Կեսօր:
Երեկո:
Գիշեր:
Գարուն:
Ամառ:
Աշուն:
Ձմեռ:
Արև:
Քամի:
Անձրև:
Ձյուն:
Ու այլ բաներ,
Միլիարդավոր ուրիշ բաներ…
Բայց մենք իրար էլ չենք սիրում:
2021
–
Ձմեռը փեչ դնող էլ չկա։
Ռոմանտիզմը մնացել ա սովետում։
Լարերը կտրած հեռախոսից փոշին եմ փչում։
Սիրածներին կոպեկով զանգել էլ չկա։
Բայց սովետական ռեմոնտներից դեռ հույս ա փչում,
Ու լիքը շշեր․․․
Թաց յուղաներկից կուսազուրկ փեշեր,
Ընկերոջ պապու թթի արաղ,
Երևակայող անհամբեր ֆլիրտներ։
Դրսում ծանոթ անտեր շան հաչոց։
Մատերով թվեր եմ պտտում։
– Ալո։
– Ում ե՞ք ուզում։
Սովետական ռեմոնտով սենյակում,
Կչկչում ենք,
Անցյալի պատկերներում խորացած՝
– Ո՞վ է խոսում։
2023
–
Ես շուռ եմ տալիս
Աթոռներ,
Օրեր,
Ներկաս,
Կոտրում եմ
Բաժակներ,
Հացի աման,
Հիման։
Հացը թանկացել ա,
Մտքերս շատ են,
Դու հեռվացել ես,
Ներկան բարդ է։
Կենցաղը հաղթում է՝
Նպատակները թողնում եմ հետոյի՝
Նյարդերս ելնում են։
Ես ջարդում եմ ձեռքիս տակ ընկածը՝
Քո մեջ երազածը,
Դու իրական
Ու իմ ՝ քեզ սստեղծածը՝
Կռիվ են տալիս։
Իմ անձը,
Իմ լացը,
Թանկացած հացը
Նեռվերս իրար են տալիս։
Ես կոտրում եմ
Ձեռքիս տակ եղածը՝
Քեզ
Ու ներկաս
Գետնով եմ տալիս։
2022
–
Գըգըմբ․․․
Ընկավ ․․․
Շենք էր․․․
Ձեռս՝ մանդարին,
Մի կտորը՝ բերանս,
Ու կուլ չի գնում ,
Որովհետև լուրը
Մանդարինից թարմ ա։
Աչքերս տանս պատերով պտտվում են,
Պատերս կան,
Մանդարինի կտորը՝
Դեռ բերանումս,
Ես դեռ հեռվից ցավողի դերում եմ
Ու անասունի պես ծամում եմ
Մանդարինի կտորը
Ու տեսածս լուրը…
2024