Հովիկ Մխիթարյան/Ջութակահարը

Անմիջապես աչքովս է ընկնում չորս լեզուներով գրված բավականին մեծ ցուցանակը՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, պարսկերեն՝ «Օգնենք փոքրիկ Նարեին»։ 

Սովորություն ունեմ կարդալ գումար հավաքողների մակագրությունները․ դրանք ինձ ճակատագրերի խորհրդանիշներ են թվում։ Ինչ-որ մեկի ճակատագիրը ձուլվում է իմ կյանքի հետ և ուշագրավ համադրություն ստեղծում։ Ինքս ինձնից ու նախասահմանվածությունից գոհ, սկսում եմ ուսումնասիրությունները «Հաղթանակ» զբոսայգու գետնանցումում, որը սոցիալական կյանքի, գովազդների ու սեռական երազանքների, նկարչական ֆանտազիաների դրսևորման հարթակ է հիշեցնում։ 

Պատերին ամեն ինչ կարելի է տեսնել, տարբեր գրություններ, ռոք երաժշտության խորհրդանիշներ, ձեռքի հայհոյանշանի հնարամիտ պատկերներ։ Կրքոտ մի խենթ թավ տառերով անմահացրել է՝ է Fuck․․․ բայց կոնկրետ ում է ուղղված, մնում է միայն գուշակել,  կարդացողների երևակայությանը համապատասխան։ 

Պատերին ազատ տարածք չկա նոր գրություններ ավելացնելու համար։ Եթե չկրկնվող, այնտեղ գրվածներից տարբեր գաղափար ունես, պետք է ջնջես քո չհավանածները կամ ծայրահեղ դեպքում՝ պոկես պատի ծեփը և գրես քոնը։ Այստեղ գաղափարների բարդ պայքար է գնում, կարող ես դրսևորվել, ինչպես համացանցում, հայհոյել սրտիդ ուզածի չափ, միայն՝  պատերի վրա։  

Ձմռանն այստեղ տաք է, ամռանը զով, մնացած եղանակներին՝ ինչպես դրսում։ Թույլ լույս է վառվում տարվա բոլոր եղանակներին ու խորհրդավոր կիսամութ է։ Դանդաղ մոտենում եմ, քայլերս արձագանքում են կեղտոտ բետոնի վրա՝ կըտ-կըտ-կըտ․․․

Գումար հավաքող ջութակահարը երիտասարդ, համակրելի տղա է, ջութակն ու գումարներ հավաքելու արկղը` հենց ոտքերի մոտ։ Երբ նայում եմ նրան, խոնարհում է աչքերը։ Որոշում եմ ընկերություն անել, զրուցել։ Մի փոքր մտմտալուց հետո խախտում եմ անհարմար լռությունը․

– Մի բան կնվագե՞ս ինձ համար։ 

Առանց ինձ նայելու նա վերցնում է գործիքը։ Չեմ սպասում նվագի, նոր միայն գումարը տամ։ Առանց այն էլ իրեն շատ վատ է զգում․․․ գումարն անմիջապես զգուշորեն դնում եմ արկղի մեջ։ 

Նա նվագում է։ Ջութակի երաժշտություն շատ եմ լսել, բաց այս մեկն անսովոր է․․․ Խորհրդավոր կիսախավարի մեջ երաժշտությունն ավելի հուզիչ է հնչում․․․ Գետնանցումի կիսախավարի մեջ երաժիշտի կերպարանքըը ֆանտաստիկ ստվերների կերպարներ է ընդունում, մեկ ընդարձակվում, մեկ աղճատվում ու անհետանում, երաժշտության էլևէջներին համապատասխան։ Հենվում եմ պատին ու լսում եմ։ Այս տղան ասելիք ունի՝ կարևոր ու մեծ։  

-Տղաս,-լսում եմ մի ձայն,-դու լավ ես նվագում։ Կասե՞ս ինչի համար ես գումար հավաքում։ 

Ուրեմն այստեղ միայնակ չեմ։ Ասողը ծեր կին է։ Աննկատ մոտեցել է և քիչ հեռվում կանգնած լսում է նվագը։ Որոշ ժամանակ անց ընդհատելով նվագը, ջութակահարն ասում է․

– Մայրիկ, գումարը ես հավաքում եմ քրոջս աղջկա՝ Նարեի հիվանդության բուժման համար։ Նա պետք է բուժվի Գերմանիայում և մենք փորձում ենք այսպես օգնել։

Լուռ մտորում եմ։ Մի՞թե հնարավոր է նվագով հավաքել անհրաժեշտ հսկայական գումարը․․․զգույշ նայում եմ դրամների արկղին։ Ապա հայացքս ուղղում եմ գետնանցումի պատերին խառնիխուռն նկարված ու գրված փիլիսոփայական մակագրություններին։ Կա՞ այնպիսի մի ուղերձ, որը մեզ ցույց կտա ուղին և հույս՝ անհույս աշխարհում։ Ավելի սևեռուն եմ նայում տանկի ճեպանկարին և Fuck-ին։ 

– Իսկ նվագով շա՞տ գումար ես հավաքում,-հարցնում եմ։   

-Նայած օր։ Բայց եթե շատ երկար ժամանակ կանգնեմ, միգուցե հասցնեմ մի մասը վաստակել։ Ես վաճառել եմ իմ ունեցած ամեն ինչը և քրոջս տանն եմ բնակվում։

Այս ասելիս նա նայում է իմ կողմը․ես կիսամութի մեջ չեմ տեսնում նրա դեմքի արտահայտությունը․․․ հանկարծ ինձ կարևոր եմ զգում, որովհետև ցանկանում է իմանալ իմ առանձնահատուկ կարծիքը։

– Հետաքրքիր արվեստագետ ես,-ասում եմ,-բայց աշխարհն այլ օրենքներով է ապրում։ Նա ընդունում է հանճարներին՝ բարության, սիրո, ուժի գիտության, ստախոսության, պղծության, բոլոր բնագավառների հանճարներին։ Աշխարհը միջակություններին չի սիրում։ Իսկ դու հանճա՞ր ես, վստա՞հ ես, որ նա մի օր կգնահատի քո ջանքերը։ 

Նա խորհրդավոր ժպիտով ինձ է նայում։ 

– Ես գիտեմ, որ աշխարհի բոլոր երեխաները պետք է բուժվեն, թեպետ ամեն օր աշխարհում 20 000 երեխա է մահանում քաղցից ու նրա հետևանքներից։ Եթե գիտակցում ես ու զգում մղձավանջը նյարդի ամեն բջիջով, դու արդեն հանճար ես։ 

– Ամեն օ՞ր,-ապշում եմ ես։

– Ամեն օր, ես նայել եմ վիճակագրությունը։ 

– Իսկ կարևոր չէ՞, թե դու որ երկրում ես ապրում։

– Ամեն ինչն է կարևոր է, բայց կա մի բան, որի դեմ մենք չենք կարող պայքարել՝ դա դիպվածն է։ Երեխան չի որոշում, որտեղ ծնվել, բարեկամս, ու երբ ծնվել։ Կամ ինչո՞ւ ընդհանրապես ծնվել։ Շատերն են ափսոսում, որ ծնվել են, բայց իմաստ կա այն բանում, որ ծնվել են։ Հոբն էլ էր ափսոսում իր ծնվելու համար, որովհետև այնքան տառապանքներ տեսավ, բայց վերջում երջանկություն գտավ։ 

– Կամ երջանկության նման մի բան,- արտահայտությում եմ իմ կարծիքը,- չէ որ երբեք չէր մոռանալու անցած կորուստներն ու տառապանքները։ Ինձ թվում է, մենք համակերպվողներ ենք, թրթուրների նման մեր գլուխները հողի տակ թաքցնողներ։

–  Հնարավոր է և այդպես, թեպետ այլ ելք չունենք։

– Իսկ սրիկանե՞րն ինչո՞ւ են ծնվում։ 

–  Ծնվում են, որ սրիկա չլինեն, սակայն այդպիսին դառնում են, մենք բոլորս ընտրում ենք։ 

Հետաքրքիր տղա է,- անցնում է մտքովս,- բռնած գործից մի բան դուրս կգա՞ տեսնես։ 

Ջութակահարը նորից է վերցնում ջութակը և շարունակում նվագել։

Մեղեդին թևածում է գետնանացումի կիսախավարում։ Մեղմ թախիծը պարուրում է հոգիս, աշխարհի պատմությունն անշարժանում է աչքերիս առաջ, ապա արագ անհետանում։ Այն, ինչ կատարվում է այս պահին իմ ներկայությամբ, հուզիչ ու անսովոր գեղեցիկ պատմություն է։ 

Մեր կողքով երկու ռուս տղաներ են անցնում, ուսապարկերը մեջքին գցած։ Նրանք վստահ տեսք ունեն, ինչպես բոլոր թարմ ազգերի զավակները, ով գիտի քանի կիլոմետրեր են կտրել աշխարհի քաղաքներով ու փողոցներով մինչև հասել են այստեղ։ Նրանք կարեկցանքով նայում են ջութակահարին ու փորձում հասկանալ գրությունը։ Ավելի բարձրահասակը, շեկ մազերով ու կապույտ աչքերով, անտարբեր թափահարում է գլուխը, հասկացնելով թուխ դեմքով ընկերոջը, որ հեռանան, սակայն ընկերը չի արձագանքում և  հանելով ռուսական թղթադրամը, գցում է արկղի մեջ։ Մինչ դրամի ճախրելը հասցնում եմ նկատել՝ 1000 ռուսական ռուբլիանոց է։ Թուխ դեմքովը թեքվում է դեպի ջութակահարը և ուշադրությամբ լսում։ Հետո հարցական հայացքն ինձ է ուղղում․․․

– Քրոջ աղջկա հիվանդության համար գումար է հավաքում- բացատրում եմ,- իսկ նրանք հանդիսավոր և լուրջ գլխով են անում։ 

Սկսում եմ պատմել 20 000 մահացող ու սովամահության եզրին գտնվող երեխաների մասին։

– Ո՞վ է մեղավոր,- հարցնում են նրանք։

– Բոլորը,- պատասխանում եմ,- ես, դու, բոլորը։ 

– Իսկ կոնկրետ ովքե՞ր,- նորից են հարցը կրկնում նրանք, համեմելով խոսքը ռուսական «համեմունքներով»։ 

– Քաղցած երեխաներն են աշխարհի խիղճը,- ասում եմ,- դա հենց կոնկրետն է։ 

Նրանք ոչինչ չեն պատասխանում ու մի քիչ էլ լսելով ասում են, որ շտապում են, պետք է գնան։ Հեռանալուց հետո լսում եմ, թե ինչպես բարձրահասակն ասում է․

– Օ՜խ էտի արմյանի։ 

Համաձայնվում եմ նրանց հետ։  

Մենք շարունակում ենք զրուցել, հետաքրքիր տղա է, ու քրոջ հիվանդ երեխա ունի։

– Հույս ունե՞ս, որ կճարես անհրաժեշտ գումարը,- հարցնում եմ նորից։ 

– Առանց կասկածի։ Նա երեխա է և պե՛տք է ապրի։ Վիճակագրությունը կապ չունի, թե քանիսն են մահանում։ Վիճակագրությունը նաև ասում է, թե քանիսն են կենդանի մնում։ Ինձ դուր է գալիս, որ մենք ընտրում ենք։ Դա ամենաբարդն է ու ամենապատասխանատուն, միևնույն ժամանակ՝ գեղեցիկ՝ դու ազատ ես, որովհետև ընտրում ես ․․․

– Բայց կարող ենք սխալվել,- խոսեցնում եմ ես,- մենք այս ամենը կարող ենք անվանել բախտ, ճակատագրի անիվ կամ նախախնամություն։ Մարդկության պատմության անիվը նման  է անդուլ պտտվող ճախարակի։ Բայց նա ավելի ու ավելի է ժանգոտում և պտույտի հետագիծը հիվանդություններն ու աղետներն են, պատերազմները ու ավելի հազվադեպ սիրո աղոտ ցոլքերը։   

– Չկա բախտ ու ճակատագիր։ Մեր յուրաքանչյուր որոշում ու քայլ, մեր կամքը նախասահմանված է տիեզերական մեծ կամքի մեջ ու մենք չգիտենք այդ գաղտնիքի լուծումը։ Հիմա՛ ենք կառուցում, ամեն օր սահմանում երկրի դեմքը մեզնով, այստեղ, ես, ծեր կինն ու դու։ Եթե լսենք մեր հոգու ձայնին, աշխարհը ճիշտ հունով կընթանա։  

Գետնանցումի մուտքի անմիջապես աստիճաններից բարձր ծիծաղի ձայն եմ լսում։ Ես լեզվի մասնագետ չեմ, բայց գնահատում եմ գերմաներենը։ Երկու շիկահեր, գեղեցիկ աղջիկ են մոտենում մեզ, ուրախ ծիծաղելով։ Նրանց չի շփոթեցնում անգամ ջութակի տխուր նվագը։ Հոգուս խորքում նախանձում եմ նրանց ազատությանն ու անկաշկանդությանը։ Որոշում եմ կյանքի դաս տալ նրանց և սպասելով որ մոտենան, ձեռքով ատրճանակ պատկերելով բարձրաձայն բղավում եմ․

– Խենդը խոխ,- ձեռքերդ վեր,- ասում իմ իմացած գերմաներեն շատ քիչ նախադասություններից մեկը՝ փորձելով «գերի վերցնել» գերմանացի աղջիկների գեղեցկությունը։ 

Նրանք մի պահ ապշում են, բայց հետո ծիծաղից թուլանում։ Ինչ որ բան են ասում  իրենց լեզվով, բայց չեմ հասկանում և օդ եմ նետում իմ իմացած գերմաներեն հերթական նախադասությունը․

-Շպրեխեն զի դո՞յչ,-այսինքն՝ գերմաներեն խոսո՞ւմ եք։

Նրանք ավելի ուժեղ են ծիծաղում, գնահատելով հումորը, և մոտենալով ինձ, նրանցից մեկը ձեռքը գցում է ուսիս, իրենց լեզվով ինչ-որ բան ասելով։ 

Ես ցույց եմ տալիս դրամների արկղը և անգլերեն բացատրում, թե ինչի համար է։ Աղջիկներն ուշադիր լսում են, իրար հետ երկար քննարկում, ապա ավելի երիտասարդը դրամապանակից հանում է 100 եվրո թղթադրամը և զգույշ սահեցնում արկղի մեջ։ 

Երաժիշտը գլխով շնորհակալություն է հայտնում։ Հանկարծ աղղջիկներից մեկը մոտենում է տղային և․․․ գրկելով համբուրում այտը։

Good bo~y.-ասում է նա,-that is for Nare…

Գեղեցիկ աղջիկներ են, համեստ հագնված։ Հավանաբար ճանապարհորդում են և նրանց համար ինքնատիպ Հայաստանը դեռ երկար հաճելի ու հակասական հույզերի ներշնչման աղբյուր կհանդիսանա։ Ես հրաժեշտ եմ տալիս նրանց օդային՝ միջազգային համբույրով, ստանալով նմանատիպ պատասխանը։ 

Մեր զրույցը երկարում է ջութակահարի հետ։ Խոսելու շատ նյութ կա, հիվանդ Նարեն․․․ Ավելի գեղեցիկ խոսում է ջութակի մեղեդին․․․ բավականաչափ գումար է հավաքվում, որը մեկ օրվա համար, տղայի խոսքերով ասած՝ ռեկորդային է։ 

Անցումով շատերն են անցնում՝ հայեր, ռուսներ, իրանցիներ, հնդիկներ, եվրոպացիներ։ Մեծամասնությունը գումարներ է զոհաբերում։ Ես երբեմն միջամտում եմ առանց անհարմար զգալու, բացատրում եմ․․․ Նարեն բուժման կարիք ունի, իսկ իրենք չեն աղքատանա գումար նվիրաբերելով, Աստված մեզ հարուստ է ստեղծել։ Այս տղան գետնանցումի տրամաբանության, փոքրիկ Նարեին անհրաժեշտ գումարի անհնարինության համադրումն է, բազմազգ մոլորակի՝ հայի ու ռուսի, իրանցու և գերմանացու միասնությունը հանուն փոքրիկ Նարեի փրկության։ Հավատն է ծեր կնոջ վստահությանը, որ երկար չմտածելով, ողջ թոշակը՝ 36 600 դրամի ողբերգությունը գցեց ջութակահարի արկղի մեջ։ 

Գետնանցումի կիսախավարն ինձ լույսին տանող ուղի է թվում, պատմության տիեզերական, հոգիներ վերափոխող արդարություն։ Իմ ամեն նյարդով զգում եմ «Անիրավ մամոնայի», համաշխարհային իշխանության երկրպագությունը, որի առաջ ծնրադրում են ու փափագելով աղոթում, մինչ Նարեի համար կհավաքվի անհրաժեշտ գումարը։

Հայացքս անշարժանում է ջութակահարի վրա։ Նա շարունակում է նվագել։

– Դու հանճարեղ ես,-ասում եմ տղային․․․ նվագիր միշտ, թող չլռի քո երգը, բարեկամ։ 

– Ես երաժիշտ եմ ու երազող։ Ես հավատում եմ ոգու հաղթանակին, համաշխարհային բարությանը, նարեների երջանկությանը։ Բայց նաև գիտեմ, որ աշխարհը լարախաղացի ճոպանի վրա առանց հավասարակշռության փայտի քայլող անտաղանդ ծաղրածու է․նա շատ վստահ է, որ ամուր է ճոպանը և ճարպի՜կ է ինքը, բայց գահավիժելո՜ւ է։

Սրա հետ էլ եմ համաձայնվում։ 

Գիտնանցումի խորհրդավոր կիսամութը արձագանքում է մեղեդու վերջին հնչյուններին։ Երաժշտությունը միշտ չէ, որ համահունչ է մեր հոգու նվագներին, բայց հիմա  այլ է․․․ Հայացքս նորից է ընկնում ծեր կնոջ վրա․նա հարմար տեղավորվել է գետնանցումի աստիճաններից մեկի վրա և ուշադիր մեզ է նայում։ Կնճռոտ, դուրս ցցված երակներով ձեռքը ժամանակ առ ժամանակ մոտեցնում է դեմքին և աննկատ շարժում կատարում, կարծես ճանճ քշելիս լինի, միայն ավելի մեղմ։ 

Արցունքնե՜րն է սրբում աշխարհի իմաստության չափ ծեր կինը։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *