Թեա Թոփուրիա/Չորս անգամ մեռած

Գաբրիելին թաղեցին շաբաթ օրը, բայց  կիրակի  նա արդեն տխուր դեմքով նստած էր տան դիմացի երկար նստարանին։

– Էլի չնդունեցի՞ն, ա՛յ տղա,- գլխին կանգնեց գյուղի քահանան։

– Չէ՛, տեր հայր։

– Բա ի՞նչ ասացին։

– Նորից նույնը, տեր հայր, ասացին՝ հիշիր։

– Կարող ա՞ հիշես, հը՞ն։

– Եթե Աստված կամենա։

Սա Գաբրիելի թվով չորրորդ մահն էր։ Երբ առաջին անգամ մեռավ և առաջին անգամ կենդանացավ, գյուղում աղմուկ բարձրացավ, բայց մարդիկ ամեն ինչին ընտելանում են, սրան էլ վարժվեցին։ Ասում էր, որ հանդերձյալ կյանքում մյուս մեռելներն իրեն չեն ընդունում, ասում են, թե մեծ մեղք է գործել, մինչև չապաշխարի, չեն կարողանա իրեն ընդունել։ Ո՛չ ինքը գիտեր, թե ինչ մեղք էր գործել, ո՛չ էլ նրանք էին ասում։ Ողջ օրը նստում էր ճամփեզրին, ամեն անցնող-դարձողի հարցնում, թե ինչ վատություն է արել նրան։

– Ես քեզ վատ բան արե՞լ եմ, Մարինե:

– Նորից կենդանացե՞լ ես, ա՛յ մարդ։

– Նորից։

– Բա ի՞նչ վատություն ես արել, չեմ կարողանում հիշել։

– Ի՞նչ իմանամ, Մարինե։

– Աստված քեզ օգնական։

*** 

– Գիորգի, մի դեսը նայի։

– Հըն, հո բան չի՞ փոխանցել օղորմածիկ հերս։

– Բա հո քեզ իզուր չեն ասում՝ խելառ Գիորգի։

– Ոչ մի վատություն չես արել, քանի անգամ պետք ա ասեմ։

– Մտածի։ Կարող ա մի բան հիշես։

– Ամուսնանալուց իսկի չեմ մտածել, քո համար մտածե՞մ։

– Դու էլ ասիր, էլի։

***

– Միգուցե քնի մե՞ջ եմ վեր կացել, միգուցե քնի մե՞ջ եմ մեկին սպանել։

– Մենք էստեղ մեռել չենք տեսել։

– Լսե՞լ եք նման բան, անես ու չհիշես, ասում են՝ ապաշխարիր, բայց որ չգիտեմ՝ ինչ եմ արել, ինչի՞ համար ապաշխարեմ։

– Պավլե պապս ասում էր, որ ժամանակին դեպի երկինք սանդուղք է եղել։ Մե՛կ մարդիկ էին բարձրանում, մե՛կ Աստված էր իջնում: Հետո մի  ընտանիքի վրա հարձակվում են ավազակները և սպանում՝ մենակ փոքր երեխան է ողջ մնացել։ Չոչ անելով ճամփի վրա է դուրս  եկել էդ երեխան՝ արյունոտ ու թշվառ… Մարդիկ ասել են՝ եթե սա երկինք բարձրանա, Աստված մեզնից ոչ մեկին այլևս ողջ չի թողնի, ու  սանդուղքը թաքցրել են։ Դրանից հետո ո՛չ մենք ենք բարձրանում երկինք, ո՛չ էլ Աստված է իջնում, ու էսպես մնացել ենք։ Իսկ դու զարմանում ես, թե ինչի հողը քեզ չի ընդունում:

– Հա բայց ուրիշներին ընդունում ա, չէ՞։

– Եսիմ։

*** 

– Գաբրիել, դու լրիվ ցնդե՞լ ես, ա՛յ տղա: Ի՞նչ ես անում։

– Փայտ եմ հավաքում, էլի որ մեռնեմ, վառեք ինձ, կարող ա էլ չկենդանանամ։

– Վառե՞նք․․․ Գոճի ես, ինչ ես․․․

– Դե հողը չի ընդունում ինձ, կարող ա դա աշխատի։

– Դե, դու էլ ապրի, ի՞նչ ես մտածում։

– Մինչև ե՞րբ, այ մարդ, մեղք եմ։

– Դե հա, մեղք ես, իրոք։

*** 

– Լավ հիշիր, Ալեքսանդր, կարո՞ղ նեղացրել եմ քեզ:

– Ես ոչինչ չեմ հիշում, իսկ գուցե հանդերձյալ աշխարհում մեկին համոզես, վերջապես ասի:

– Չեն ասում։ Մահին էլ տեսա, չասաց։

– Մահի՞ն։

– Հետն էլ ողջ ժամանակ։ Մեր գյուղ էր եկել, դռնեդուռ էր ման գալիս։ Դուք ուշադրություն չեք դարձրել, իսկ ես միանգամից ճանաչեցի, չորս անգամ եմ տեսել։

– Ի՞նչ գրող էր ուզում։

– Թամարին էր փնտրում։

– Թամարի՞ն։

– Ասաց՝ նրա մեռնելու ժամանակն է եկել, պետք է տանեմ։ Ամբողջ գյուղը տակնուվրա արեց։ Հետո ես ասացի՝ Թամարը վաղուց մեռել ա։

– Չգիտե՞ր։

– Ասաց՝ ես չեմ սպանել։ Երևի սիրահարված ա եղել։ Մեկ-մեկ սերն էլ ա գալիս ու մարդկանց տանում։

– Խե˜ղճ աղջիկ։

– Ես էլ աղաչեցի, պաղատեցի, ասացի՝ դատարկ մի գնա, ինձ տար հետդ, ասաց՝ քեզ չէ։

– Բա ինչու՞։

– Չասաց՝ ինչու, ինքն  էլ չասաց։

*** 

– Գաբրիել, կարո՞ղ ա Մուրայիս տեսել ես հանդերձյալ կյանքում։

– Երանի քեզ։

– Ասա, էլի, մի թաքցրու։

– Չեմ տեսել։

– Ապրես դու, Գաբրիել, դե, ուրեմն տուն կգա մի անգամ։

– Շունը պետք ա տիրոջը սպասի, ոչ թե՝ հակառակը։

– Շնորհակալ եմ, Գաբրիել։

– Ա՛յ տղա։

– Հը՞ն։

– Կարո՞ղ ա մի վատություն եմ արել քեզ։

– Ոչ մի նման բան չեմ հիշում, Գաբրիել։

*** 

– Տեր հայր, երեկ նորից հիվանդացա:

– Հիմա ո՞նց ես:

– Ավելի լավ, բայց եթե նորից մեռնեմ, ի՞նչ ա հալս լինելու: Ինձ կվառեք, չէ՞։ 

– Վառելն ինչ պիտի օգնի, թե չէ կվառենք, հա՛։

– Բա ի՞նչը կօգնի ինձ, տեր հայր։

– Պետք ա մի կերպ հիշես։

– Չեմ կարողանում հիշել։

– Ուրեմն էնպես արա, իբր հիշել ես, իբր ապաշխարել ես, իբր ուրիշ մարդ ես։

– Ինչպե՞ս։

– Սիրիր կյանքը։ Սիրիր մարդկանց։ Սերը մեծ ուժ ունի։

– Սիրուց բան չեմ ուզում, տեր հայր, ի՜նչ լավ աղջկա գլուխը կերավ։

– Մի բան պետք ա մտածես։

*** 

– Էդ ո՞ւր եք բոլորով միասին գնում։

– Հարսանիք, Շոթայի տղան ա պսակվել։

– Սպասեք, մի բան պետք ա ասեմ ձեզ։

– Ասա՛։

– Կներեք ինձ, ժողովո՛ւրդ։

– Ի՞նչը ներենք։

– Չգիտեմ, բայց ներեք։

– Մենք էլ չգիտենք, ո՞նց ներենք։

– Մի ձև, մի կերպ։

– Ահա՛, ներում ենք։

– Խնդրում եմ, մարդի՛կ։

– Ի՞նչ վատություն ես մեզ արել, ա՛յ մարդ։

– Չգիտեմ, բայց ներեք, ինչ կլինի։

– Ներում ենք։

– էդպես եք ասում, ու հետո էլի ողջ եմ մնում։

– Մենք ի՞նչ անենք, Գաբրիել։

– Ներեք ինձ, ժողովո՛ւրդ․․․

– Ինչպե՞ս։

– Մի ձև, մի կերպ․․․

Թարգմանությունը վրացերենից՝ Ասյա Դարբինյանի

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *