Սկիզբը՝ այստեղ
***
– Դա թուլություն էր, և ես օր օրի հիասթափվում եմ քեզանից, ինձանից։ Այո’, կային վառ հիշողություններ, բայց չկային այնքան խորը զգացմունքներ, որ տեղափոխեին Վիգենին քո երազներ։ Ես չեմ ուզում հավատալ, որ խնդիրը պարզապես մոռանալու անկարողությունն էր։ Բաժանու՛մը պետք է լիներ սահմանը, բայց դու խախտեցիր այն, ու որոշեցիր պահել Վիգենին գոնե երազներում։ Եվ ես ավելի եմ ատում քեզ, այդ երազների համար։
Նա պետք է պաշտպաներ իր զգացմունքները. վեր կացավ ու դիմացի աթոռին նստեց։
-Հասկանում եմ քեզ, բայց ապրելը զգալու ազատության մեջ է նաև։ Թույլ եմ տվել ինձ հասկանալ նրա դերը իմ կյանքում։ Ես զգում եմ՝ առեղծվածային մի բան կա այս ամենի մեջ, ու դա է մեզ այդքան գրավում։ Ամեն նոր երազ ավելացնում է այդ խորհրդավորությունը։
Դեմ-դիմաց մյուս աթոռին նստած Մարիաննան փշաքաղվեց, արտասվեց։ Զգում էր՝ ինչպես է մեղադրանքն ընկրկում, ու հաշտության ալիքն անցնում էր իր ներսով։ Մարիաննան սրբեց այտերը, մի պահ լռեց, խորը շնչեց և ասաց.
-Ես պատրաստ եմ ընդունել այս ամենը։ Թող լինե՛ն նրա մասին մտքերը, երազները, մինչև կհասկանամ, թե ինչի համար է այս փորձառությունը։
***
Մարիաննան շարունակեց ապրել առանց մեղադրանքի ծանր բեռի։ Գարուն էր, նրա ամենասիրելի եղանակը, որը հաճախ նորի սկիզբ էր դառնում։
Այս անգամ գարունն իր հետ բերեց Գևորգին։ Նա Մարիաննայի համակուրսեցին էր Մոսկվայից։
Հանդիպել էին սրճարանում ցուցահանդես-վաճառքի ժամանակ։ Մարիաննան իհարկե զարմացավ, թե որտեղից նա գիտեր իր տեղը։ Գևորգը խոստովանեց.
– Չնայած որ դու տասներկու տարի առաջ ինչ-որ անհասկանալի պատճառով ինձ քո կյանքից ջնջել էիր, բայց հաճախ, երբ կարոտում էի քեզ, ֆեյսբուքում անձնական էջդ էի այցելում, և դու նշել էիր, որ այսօր այստեղ էիր լինելու։
Ցուցահանդեսից հետո երկար քայլեցին, շատ բան ունեին վերհիշելու։ Հետո Գևորգը հրավիրեց սրճարան՝ շարունակելու գարունով ու հուշերով լցված երեկոն։
– Ինչպես հասկացա, դու քեզ այստեղ լավ ես զգում։ Չես վերադառնալու՞ Մոսկվա,-հարցրեց Գևորգը։
– Իմ կյանքն այստեղ եմ պատկերացնում, նորից հարազատ եմ դարձել ամեն ինչին, բայց չգիտեմ քեզ ինչ խորհուրդ տալ,- ժպտաց Մարիաննան։
– Մտքերս անընդհատ ինձ հետ են բերում, բայց գիտեմ, որ իրատեսական չի վերադարձս, մեկ շաբաթ էի պլանավորել մնալ, բայց երևի երկարաձգեմ, չեմ ուզում ինձ ստիպելով հեռանալ։
– Դու պարտականություններ ունես, ընտանիք։ Ես իմ առջև եմ միայն պատասխանատու։
– Ճիշտ ես, բայց երբեմն կարոտում ես անպատասխանատու կյանքին և ուզում ես շարժվել, ուր քամին կտանի։
– Քամիները կարող են հողմապտույտի մեջ գցել քեզ, հետո դուրս կնետվես այնտեղից, կհայտնվես անհայտ մի կետում՝ սկիզբդ կորցրած,- ասաց Մարիաննան ու զգաց, թե ինչպես են ջնջված դրվագները փորձում նորից պատկեր դառնալ։- Գնա՞նք արդեն։
Մարիաննան ուզում էր տուն գնալ ու պատսպարվել արտաքին աշխարհի ազդակներից, իսկ Գևորգը կարծես բաց չէր թողնում նրան։
Գևորգը շատ ուշադիր էր ու հոգատար, բայց Մարիաննան վախենում էր, որ դա ավելին է, քան անհրաժեշտ է նրա կարգավիճակում։ Շաբաթվա ընթացքում մի քանի անգամ հանդիպում էին, Մարիաննան ոգևորված խոսում էր հոգեթերապիայի տարբեր եղանակներից, Գևորգը հիանում էր նրա մտքերով ու բացարձակապես ամեն ինչ սովորելու ընդունակությամբ, ինչը դեռ ուսանողական տարիներին էր նկատել։ Գևորգը զգում էր, որ այստեղից չհեռանալու իրական պատճառը Մարիաննան է։ Պատկերացնում էր, թե ինչպես է կարոտելու նրա հետ անցկացրած այս օրերը, ով էր իրեն այսքան լսելու և խորհուրդներ տալու։ Իսկ եթե հիմա նա զգում էր այս ամենը, և զգացել էր տարիներ առաջ, ինչո՞ւ ուրեմն Մարիաննան չէր իր կինը։
Գևորգը խնդրել էր Մարիաննային վերլուծել իր տեսակը, շատ խճճված էին մտքերը, և բացի այդ, ևս մեկ առիթ էր Մարիաննային հանդիպելու համար։ Մարիաննայի համար էլ դա հրաշալի հնարավորություն էր փորձարկելու իր հոգեթերապևտիկ գիտելիքները։ Գևորգն անկեղծ էր, հաճախ էր ուղիղ նայում Մարիաննայի աչքերին ու ասում, որ կարոտում է նրան։ Մարիաննան փորձում էր խուսափել այդ զրույցների շարունակությունից, երբեմն ի պատասխան լռում էր, բայց գիշերները, երբ պառկում էր քնելու, Գևորգի կարոտի գոյությունը ջերմացնում էր նրան։
– Մարիա՛ննա, մենք կարող ենք լինել ընկերներ։ Դու մեղմ հիշողություն ես, որ ես անընդհատ կրկնում եմ չմոռանալու համար, որովհետև դու ինձ վերադարձնում ես ինքս ինձ։ Ես չգիտեմ, թե որքան հեռվից է գալիս այս կապվածությունը և դեպի ուր է գնում, բայց այն ինձ անհրաժեշտ է։ Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում քեզ իմ կյանքում ունենալու համար, մենք շարունակելու ենք շփվել անգամ, երբ ես վերադառնամ Մոսկվա։
Գևորգի հետ անցկացրած ժամանակը լիքն էր, հետաքրքիր, շրջեցին Երևանից դուրս, ռոմանտիկ ընթրիքներ ունեցան, Գևորգը պատրաստ էր ամեն հարցով աջակցել Մարիաննային, լինել նրա կողքին, լսել և սովորել նրանից։ Մի տաք ու ապահով զգացումների շերտ էր ավելացել Մարիաննայի կյանքում, որ Գևորգի մեկնելուց հետո անհետացավ, ու Մարիաննան մրսեց։
Հայտնվեցին նորից այն երազները, որ ծվատում էին Մարիաննայի հոգին։ Վերջին օրերի երազներում անընդհատ վիճում էր Վիգենի հետ։ Մարիաննան հոգնել էր, ուզում էր քնել ու վերջապես հաշտվել նրա հետ։ Գիշերվա կեսին նա արթնացավ ու դեռ լսում էր երազի միջից իրեն մեղադրող Վիգենի ձայնը. «Քո մեջ անընդհատ ցանկություն կա մեր հարաբերությունները վիրահատելու։ Աղջիկներն իմ կյանքում անցողիկ են․․․»։
Նա վեր կացավ, մոտեցավ պատուհանին, ուզում էր մաքուր օդ շնչել ու մոռանալ Վիգենի բառերը։ Ուզում էր դուրս նետվել այս երազախառն իրականությունից։
Հանկարծ զգաց, թե ինչպես է իր ներսում ինքը հետ-հետ վազում, ու որպեսզի այդ արագությունից իր ֆիզիկական մարմինը չշարժվեր, նա տեղում ամուր կանգնել էր։ Նա վազում էր հետ, առանց կանգառի, առանց նայելու։ Հոգնել էր, բայց ուզում էր էլի ու էլի հեռու լինել Վիգենից։ Մի՞թե չկար մի տեղ, որտեղ իրականությունը ավարտվելու էր, մի՞թե նա մեջքով չէր հարվածելու այդ սահմանին, ու վերջապես հոգնած ընկներ ծնկների վրա, մի կիսադեմով սահուն լացեր, մյուս կիսադեմը անհասկանալի թրթռար։ Մարիաննան շարունակեց էլ ավելի արագ վազել, առանց տեսնելու, առանց զգալու, փակ աչքերով. սա արդեն տարածություն չէր, այլ պայքար ժամանակի մեջ։ Նա զգաց՝ ինչպես դիպավ նրան. մեջքի հետևում խոչընդոտ էր հայտնվել։ Կանգ առավ։ Մարմին էր իր մարմնի նման, միս էր ու արյուն, ջերմություն ու փափկություն։ Նրանք կանգնած էին մեջք մեջքի ու մատները հանգուցած։
***
– Անտո՛նիո, ես համաձայն եմ։ Կամուսնանամ քեզ հետ,- երջանիկ լինելուց հեռու ձայնով արտաբերեց Ֆրանչեսկան։
Անտոնիոն զգուշորեն բռնեց Ֆրանչեսկայի նուրբ ձեռքը, համբուրեց այն ու ասաց.
– Ֆրանչե՛սկա, ինձ հետ դու երջանիկ կլինես, աշխարհում ամենից շատ ուզում եմ քո մասին հոգալ, իմ կյանքում քեզ ավելի շատ ունենալ, ես սպասել եմ քեզ երկար, ու այսօր իմ սպասումը պարգևատրվեց։
Անտոնիոն իրեն ընտանիք էր տալու, ինքը դառնալու էր նրա կինն ու ապագա երեխաների մայրը, ունենալու էր այն ամենն, ինչը պահանջում էր հասարակությունը իր տարիքի աղջկանից։
Ֆրանչեսկան վերադարձավ տուն՝ իր կյանքի կարևորագույն որոշումներից մեկը կայացրած։ Որոշման մասին Ֆեդերիկոյին անձամբ էր ուզում հայտնել։ Մինչև նամակը տեղ հասներ, գուցեև ամուսնացած լիներ։
«Ֆեդերի՛կո,
Բարի առավոտ կամ երեկո չեմ գրում, որովհետև այս պահին ես կանգնեցրել եմ ժամանակը քեզ հրաժեշտ տալու և իմ նոր ժամանակում առանց քեզ ապրելու համար։ Նախորդ անգամ՝ Միլանից վերադառնալուց հետո, ասացիր, որ ես դեռ պետք է սպասեմ. պետք է ավարտեիր ուսումդ ու կայանայիր։ Ես սպասեցի քեզ, սպասումիս համար ես ժամկետ չէի սահմանել, մինչդեռ դու, կարծես թե, անժամկետ էիր այն պատկերացրել։ Որոշել էի սովորել ու նաև քեզ մոտ լինել, բայց քաղաքացիական պատերազմը խլեց հորս, ու ես չէի կարող այդքան եսասեր լինել։ Մեկ ամիս առաջ, երբ քո ձայնը մի քանի րոպե լսելու հնարավորություն ունեցա, դու խնդրեցիր, որ ես ինքս որոշեմ ինչ պատասխանել Անտոնիոյի առաջարկին։ Ես զգացի, թե ինչպես իմ սրտից անհետացավ քեզ համար պահած այն վերջին փոքրիկ անկյունը, որ ես թաքցրել էի Անտոնիոյից։ Գիտե՞ս ինչու եմ թաքցրել, որովհետև նա առանց ինձ հարցնելու գալիս ու լցվում էր ամենուր իր սիրահարված ժպիտով, հոգատարությամբ ու լուռ սպասումով, իր նվիրվածությամբ ու այս դժվար պահերին իմ կողքին լինելու ցանկությամբ։ Ընտանիքդ չէր ընդառաջել ինձ հետ ամուսնանալու քո ցանկությանը, բայց ես պատրաստ էի քեզ հետ կիսել այդ բարդ ուղին։ Ֆեդերի՛կո, դու ցավեցնելու չափ անկեղծ էիր, երբ մեր ճակատագիրը հանձնեցիր ինձ։
Ես ամուսնանում եմ…
Մնաս բարով…
Պալերմո
04.10.1924թ.»։
Ֆրանչեսկան ձեռքը սահեցրեց նամակի վրայով, ծրարը կողքին էր, բայց չէր ուզում փակել այն։ Ուզում էր մի քիչ էլ երկարաձգել Ֆեդերիկոյի ներկայությունը իր կյանքում, Ֆեդերկոյի փոխարեն երկխոսել ինքն իր հետ։ Նա վեր կացավ, մոտեցավ պատուհանին, բացեց իր ներսը ու հրավիրեց անձրևին՝ Ֆեդերիկոյի հրաժեշտին մասնակցելու։
Ֆրանչեսկան ամուսնացավ Անտոնիոյի հետ, նամակն ուղարկված էր Միլան։ Չէր սիրահարվել ամուսնուն, լավ ընկերոջ պես սիրում էր նրան, ինչը բավարար եղավ նրանից երկու երեխա ունենալու։ Գուցե այդպես էլ են ընտանիքներ կազմվում՝ առանց կրքոտ ու ցավոտ սիրահարվածության։ Այնտեղ՝ հետևում ինչ-որ տեղ, մնում էր Ֆեդերիկոն, իսկ կյանքում ընտանիքն է, Անտոնիոյի նվիրված սերը։ Վերջինս գիտեր, որ ի՛նքը չէր Ֆրանչեսկայի ցանկալի ընտրությունը, բայց հավատում էր, որ իր սերն ու հոգատարությունը և Ֆրանչեսկայի բարեսրտությունը կարող են ընտանիք դառնալ։
Այո՛, կարող են, այնքան ժամանակ, քանի դեռ Ֆեդերիկոն չի հայտնվում իրական կյանքում, և կապ չունի, թե մոռացության քանի տարի է դարսվել իրենց սիրո վրա։
Տարիներ անց նրանք պատահական հանդիպեցին, սկզբում կարծես թե ասելիք չկար, հետո անհագորեն լսում էին իրենց կյանքի պատմությունները։ Երկուսն էլ ընտանիք ունեին, Ֆեդերիկոն ստացել էր նրա նամակը։ Նրանք մի քանի անգամ ևս հանդիպեցին, սիրահարված էին, ու պատրաստ այդ սերը գերադասելու ընտանիքից, պատասխանատվությունից, որ ստանձնել էին տարիներ առաջ։ Ֆեդերիկոն այստեղ էր, ու Անտոնիոյի գոյությունը երբեք այսքան անտանելի չէր եղել։ Սկսել էին վիճել, Ֆրանչեսկան ամեն կերպ փորձում էր վեճը բաժանման առիթ դարձնել ու վազել դուրս, ուր այլ զգացմունքներ էին նրան սպասում։ Հետո Ֆեդերիկոյի մայրը հիվանդացավ, նրանք հազվադեպ էին հանդիպում, Ֆրանչեսկան լարված էր անընդհատ, փողոցներում, անցորդների մեջ քայլում էր նրան փնտրելով։ Անտոնիոյի կողքին նա էլ ավելի էր հեռանում՝ թույլ չտալով պարտքի և ամոթի որևէ զգացման ներխուժել իր մտքերի մեջ։
Նրանց ճանապարհները կրկին բաժանվեցին, ու Ֆրանչեսկան իր ու Անտոնիոյի հարաբերությունները վերարժևորելու ճանապարհն էր անցնում։ Երբեք բարձրաձայն ներողություն չխնդրեց, միշտ շնորհակալ եղավ նրա սիրո համար, չզղջաց իր սիրահարվածության համար, ինքնակեղեքվեց դավաճանելու համար, ի վերջո հավատաց, որ սերը կարող է լինել նաև այսպիսին, ինչպիսին իր և Անտոնիոյի միջև էր։ Եվ գուցե Ֆեդերիկոն պատահել էր իր կյանքում այս սիրո խորությունը հասկանալու համար։
Մարիաննան իր մեջքին զգաց Ֆրանչեսկայի մարմնում թրթռացող ինքնահաշտության մեղմ ալիքը։
Անցյալում չապրած զգացմունքները արտացոլվում են ներկայում ամենաանսպասելի ձևերով՝ սիրելի մարդկանց անտարբերությամբ ու չգնահատված մարդկանց հոգատարությամբ։ Նա Ֆրանչեսկան էր, որը դավաճանել էր Անտոնիոյի նվիրվածությանը, ժամանակը չէր մոռացել դա՝ դրսևորվելով Վիգենի՝ Մարիաննային չընտրելով, իսկ Գևորգը լրացրեց Ֆեդերիկոյից չստացած սերը իր ջերմ ներկայությամբ ու աջակցությամբ։
Նա բաց թողեց Ֆրանչեսկայի մատներն ու վազեց առաջ՝ դեպի իրականություն։ Օդի մեջ կախված էին անթիվ խնդիրներ՝ անհույս ու առանց լուծումների, չներված արարքներ, վիրավորանքի գարշահոտն էր բարձրանում, չխոնարհվող հպարտություն կար, սիրո նմանվող զգացմունքներ, այնքան ասելիք ունեցող լռություններ, ու խոսքերից խեղդվող պարզ ճշմարտություններ։
Մարիաննան մոտեցավ իրականությանը, նա շարունակեց դանդաղ վազել, հետո անցավ քայլքի, ու բարձրակրունկները կրկին հնչեցին կիսամութ սենյակում. Մարիաննան նստեց դատարկ աթոռին։
-Ես փորձում էի հասկանալ, թե ինչ առաքելությամբ են մարդիկ հայտնվում իմ կյանքում։ Վիգենի շնորհիվ սովորեցի չապրել պատրանքներով ու սպասումներով, երախտապարտ եմ Գևորգին ճիշտ պահին իմ կյանք վերադարձի և ինքնավստահությունս վերագտնելու համար։ Պետք է ապրեի այս բոլոր զգացումներն այնտեղ՝ հեռվում, ժամանակների արանքում բաց մնացած վերքերը փակելու համար։ Կյանքը շարժում է դեպի առաջ, ու խոչընդոտների բախվելիս լուծումներն այդ պահի մեջ ու ապագայում ենք փնտրում՝ մոռանալով, որ մենք անցյալից եկող շղթայի մասնիկ ենք, որը մեզ հետ ճամփորդում ու այստեղ իր պատմության բժշկող կտորն է փնտրում։
Ես ունեմ անթիվ հույզեր, զգացմունքներ, երբեմն տեղին, երբեմն օդում կորչող, բայց դրանք ես եմ։ Իմ որոշումները, ընտրությունները՝ ճիշտ կամ սխալ, ստեղծում են ինձ։ Բաց աչքերով եմ ապրելու նաև այդ զգացմունքների ողջ գունապնակը՝ երազներից տեղափոխելով իրականություն։ Չէ՞ որ զգալու ունակությունն է մեզ մարդեղացնում ու հարստացնում։
Նա ձեռքերը տարավ դեմքին.
– Այս կիսադեմերը ես եմ,- ժպտաց նա ինքնահաշտության արցունքների միջից։- Ես հաշտվում եմ քեզ հետ, Մարիա՛ննա։
Վեր կացավ աթոռից, ու մոտեցավ իր դիմաց դրված դատարկ աթոռին, փակեց աչքերն ու թաց թարթիչների միջից տեսավ, թե ինչպես էր ինքնիրեն ամուր գրկում։
Գեշտալտը փակված էր։
1 thought on “Երանուհի Մկոյան/Դեմ-դիմաց(2)”