Հերթական անգամ Մարիաննայի երազն ընդհատվեց այն պահին, երբ Վիգենը պատրաստվում էր ասել այն կարևորը, ինչին այդքան սպասել էր ինքն ու ինչի պատճառով թերևս չէր կարողանում նրան մոռանալ։ Երեք տարի շարունակ Մարիաննայի առավոտները սկսվում էին Վիգենի մասին հիշեցումներով։ Մարիաննան չէր ուզում հավատալ, որ ինքն այն աղջիկներից է, որոնք չեն կարողանում մոռանալ տղաներին։ Նա ինքնաճանաչման, սեփական զգացմունքների հետ աշխատելու երկար ճանապարհ էր անցել, ու հիմա ճանապարհը նրան կանգնեցրել էր դատարկության առջև, որն ամեն գիշեր լցվում էր Վիգենի մասին երազներով, նրանց միջև անպատեհ հայտնված լռությամբ ու վախով ընդհատված թռիչքով։
Երբեմն նամակներ էր գրում՝ պատմելով իր զգացմունքների մասին, հետո այրում էր դրանք, նայում էր մինչև վերջ՝ պատկերացնելով, թե ինչպես են այդ զգացմունքները, Վիգենի մասին մտքերն ու հիշողություները այրվում՝ դառնալով մի պտղունց մոխիր։ Պատկերացնում էր թելը, որով կապված էին ու կտրում էր այնքան, մինչև օդի մեջ լսում էր երևակայական մկրատի չխկոցը։ Վիգենին մոռանալու համար պայքարող Մարիաննայի դեմ պայքարում էր նրա մյուս եսը, որը երազներում արհեստական շնչառությամբ ուզում էր կենդանի պահել մեռնող այս պատմությունը։
Կար ևս մի տարբերակ, որ կարող էր օգնել բաց թողնել անցյալը. նա պետք է «փակեր» գեշտալտը։ Որոշեց զրուցել իր մյուս եսի հետ, որի դեմ պայքարում էր։
– Ես ուզում եմ, որ դու չլինես։ Ինձ տանջում են հիշողություններն ու տարիներ ձգվող երազները։ Ուզում եմ ջնջել իմ այն եսը, որն ընդունակ էր եղել սիրահարվելու ու չմոռանալու, հուսալու ու պատրանքներով ապրելու։ Ես չեմ ընդունում այդ Մարիաննային։
Մարիաննան վեր կացավ աթոռից և տեղավորվեց դեմ-դիմաց դրված մյուս աթոռին, ձեռքը տարավ դեմքին, շոշափեց իր կիսադեմը, որի անկատարությունն առանց հայելու անգամ զգում էր ։ Այդ այլափոխությունից հետո հայելուց իրեն էին նայում երկու տարբեր կիսադեմեր, և երկուսն էլ իրենն էին, ինքն էր, իրենից անբաժան իր երկու եսերը։
Նա նայեց իր դիմաց, դատարկության մեջ ստեղծեց իրեն ու պատասխանեց.
– Այն, ինչ ուզում ես ջնջել, հենց դո՛ւ ես։ Առանց ինձ դու ամբողջական չես։ Հետո կիսատությունը քեզ անվերջ կտանջի, և կկորցնես քեզնից մի կարևոր մաս, որը փրկելու համար ես փորձում հրաժարվել ինձանից։
– Դու սխալ սիրահարվելու չափ թույլ ես եղել։ Դու վատնել ես քեզ մի զգացմունքի մեջ, որն ապագա չուներ։ Կատվի թաթն ընկած կծիկի նման քո աշխարհը գլորվում էր այս ու այն կողմ, խճճվում։ Ես ատում եմ ինձ այնքան տարի շարունակ, որքան դու հիշել ես նրան։ Դու թույլ ես եղել ինչ-որ տղայի չմոռանալու չափ,-շարունակում էր մեղադրել Մարիաննան,-և ես ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս և ինչո՞ւ քեզ համար կարևոր դարձավ մեկը, ում համար դու անկարևոր ես։ Այդ անկարևորության մեջ ես կորցրել եմ իմ արժեքը։ Իմ մտքերը, զգացմունքներն ու ժամանակը սպառվել են այդ հարաբերություններում, որոնք մտացածին էին։ Ես չեմ ներում քեզ ինձ վատնելու համար։
Մեղադրանքին հաջորդեց կիսամութ սենյակի լռությունը, հետո բարձրակրունկները հնչեցին, ու ձայնը խոսեց արդեն մյուս աթոռից։
– Ես փորձում եմ մտածել, որ նաև չստացված փորձառություններից ենք կերտվում մենք։ Վիգենի հետ իմ հարաբերությունները իրականությունն ու թվացյալը զատելու միջոց դարձան։ Վիգենն իր իրականությամբ հայտնվել էր իմ ճանապարհին, իսկ ես նրան դիմավորել եմ պատրանքների աշխարհում։ Այս հակադիր աշխարհները ոչ մի կերպ չեն միավորվում։ Ես նուրբ սիրահարվածության մասին եմ մտածել, որը չհամընկավ Վիգենի պատկերացումների հետ,- բացատրելու հերթական փորձը կատարեց Մարիաննան։
***
Երբ Մարիաննան վերադարձավ Հայաստան, իր կյանքը նման էր գեղեցիկ ու կոկիկ դասավորված գրադարանի, ուր սիրո մասին գրքերը դրված էին հետևում, գերադասելի էր էզոթերիկ գրականությունը, ինքնազարգացումը, ինքնաճանաչումը։ Նա բոլոր հնարավոր ուղիներով փորձում էր ճանաչել իրեն ու հասկանալ իր ուղին այս կյանքում։ Վիգենի հայտնվելն ամբողջությամբ հակասում էր իր ընտրած ընթացքին։ Մանկության տարիներին ընտանիքներով մտերիմ էին: Մարիաննան համակրում էր Վիգենին, իսկ վերջինիս նախընտրելի խաղընկերը Մարիաննայի քույրն էր։ Մարիաննայի համար դա այնքան էլ տառապալից չէր. սիրահարված էր դասարանից Սուրենին, բակից Վարդանին, ամառային արձակուրդներին հարևանուհուն գրեթե մեկ ամսով հյուրընկալվող Միքայելին։ Վիգենը նրանցից ոչնչով չէր տարբերվում, սովորական պատանի էր։ Սիրահարվելու տարիքում էին բոլորը, ու սիրտը պատահական հերթականությամբ ընտրում էր, թե նրանցից ում համար պետք է արագ զարկի։
Եվ Վիգենը հայտնվեց։
Ֆեյսբուքում առաջարկվող ընկերների շարքը թերթելիս ծանոթ անուն-ազգանունը նկատեց, մտավ էջն ու արդեն հասուն տղամարդու դիմագծերի մեջ գտավ մանկության ընկերոջ աչքերը, ժպիտի ուրվագիծը. անմիջապես ուղարկեց ընկերության առաջարկը։ Հաջորդիվ սկսեցին գրել իրար ու պայմանավորվեցին անպայման հանդիպել։
Գարնան նուրբ ու երազանքով լեցուն երեկոներից էր, երբ սիրտդ ներսում չի ուզում մնալ, և աչքերդ էլ կարոտած ուզում են կլանել շուրջբոլորդ ծլարձակող կանաչը։ Մարիաննան աշխատանքից հետո քայլում էր մարդաշատ մայթերով՝ գլխում Վիգենի հետ հանդիպման հազարավոր մտքեր։ Վերհիշում էր դրվագներ իրենց մանկությունից։ Փոքր տարիքում համակրում էր նրան. հետաքրքիր է՝ ինչ կզգար հիմա՝ տարիներ անց։ Հասավ այգու մուտքի մոտ, որտեղ պայմանավորվել էին հանդիպել։ Սկսեց աչքերով որոնել, բայց վստահ չէր, որ նկարների վրա հիմնվելով կարող էր ճանաչել նրան։ Եվ ահա զգաց, որ ինչ-որ մեկը հայացքն իրեն ուղղած քայլում է ընդառաջ, ահա նրա ժպիտը, հետաքրքրությամբ լի հայացքը։
– Մարիա՞ննա։
– Վիգեն,- ժպտաց նա։
Գրկեցին իրար, մի քանի վայրկյան նայեցին միմյանց. այդքան տարիներ էին անցել, երեխաները դարձել էին հասուն մարդիկ։ Հետո սկսվեցին ընդհանրական հարցերը և վերադարձ դեպի անցյալ, հիշեցին բոլոր խաղերն ու չարաճճիությունները։ Մարիաննան ուսումնասիրում էր Վիգենին, ուզում էր հասկանալ՝ ինչպիսին է նա դարձել, գրավի՞չ էր նա իր համար. սեփական զգացողությունների փորձարկումներ։
– Շատ ուրախ եմ քեզ տեսնելու համար, կարելի է ասել՝ չես փոխվել, նույն Մարիաննան ես,- Վիգենը ժպտաց խորամանկ։
«Մի՞թե նա չի նկատել»,- մտածեց Մարիաննան՝ ձեռքը սահեցնելով դեմքի վրայով ու մազափունջը ականջի հետևը տանելով։
Երբեք իր դեմքի աղճատվածությունը այսքան թաքցնելու ցանկություն չէր զգացել, սակայն Վիգենի հայացքն այնպիսին էր, կարծես ոչինչ չէր նկատել։ Դեմքի ծռվածությունը թեև բավականին ուղղվել էր, բայց չնկատել չէր կարելի։ Նրբանկա՞տ էր այդքան։ Այդ խնդրի գոյությունից սկսած Մարիաննան իրեն գրավիչ չէր զգում, երբեմն նույնիսկ մտածում էր, որ իրեն նայելը կարող է և տհաճ լինել։ Պարզապես ինքնավստահության կորուստը վերականգնելը դանդաղ էր ստացվում։
Վիգենը պատմում էր այստեղ իր անցած ճանապարհի մասին, հետո թեմաները լրջացան մինչև կյանքի իմաստի փնտրտուք, աշխարհում քո առաքելության գիտակցում, որոնց շուրջ Մարիաննան իհարկե մեծագույն հաճույքով էր զրուցում։ Նա բավականին երկար էր մտածել այդ հարցերի շուրջ, որոնք իրեն ուղղորդել էին դեպի հոգեբանություն ու աստղագիտություն։ Մարիաննան հաճելիորեն զարմացած էր, թե ինչ հետաքրքրությամբ էր Վիգենը լսում, ու փորձում էր մտապահել Վիգենի պատասխաններն իր հետագա վերլուծությունների համար։ Մարիաննային բնորոշ էր մարդկանց ուսումնասիրելը, նրանց ժեստերը, խոսքերը, դիմախաղը, ամեն ինչ կարող էին նրան պատմել անձի մասին։ Պատահական չէր, որ նրանք նորից հանդիպել էին, ու Մարիաննան կարծես կրկին համակրանքով էր լցվում նրա հանդեպ։ Վիգենը իրոք համակրելի երիտասարդ էր. նրա կեցվածքը, ձայնը, աչքերը հեշտությամբ գրավում էին դիմացինի ուշադրությունը։ Նրա մեջ ինչ-որ առեղծվածային բան կար, որը ձգում էր Մարիաննային, կամ գուցե ինքն էր վերագրում նրան այդ անբացատրելին։
– Ես այդպես էլ չհասկացա, թե մենք ինչու ենք հիմա՛ հանդիպում,- հոնքերը բարձրացրեց Վիգենն ու հարցական նայեց Մարիաննային։
Մարիաննան զգում էր, որ իր պատասխանը շատ անորոշ է, բայց որոշեց փորձել.
– Ինձ հետ այնպիսի բան տեղի ունեցավ, որի պատճառով, ինձ թվում է, ես դեռ շատ երկար ընկճված կմնամ։
– Ընկճվա՞ծ էիր, դրա համա՞ր չէիր ուզում որևէ մեկին տեսնել։
– Ես չէի ուզում, որ ի՛նձ տեսնեն,- վերջին երեք բառերը շեշտելով ասաց Մարիաննան։
Վիգենը զգաց Մարիաննայի ցավը…
– Փաստորեն որոշել ես մնալ Հայաստանում,- հայացքը հեռուն ուղղելով՝ արագ փոխեց թեման։
– Հա՛, որոշել եմ մնալ այստեղ, արդեն աշխատանք ունեմ, ես, կարելի է ասել, փախել եմ այնտեղից։ Մեծ քաղաքներն ինձ համար չեն։ Այդ մեծության մեջ կորում են օրերդ, ճանապարհը կլանում է ժամերդ, իսկ ես ուզում եմ ապրել, հետաքրքիր ապրել։ Ես փոքր երկրի մարդ եմ մեծ գաղափարներով ու դրանց նկատմամբ հավատով։ Նաև ուզում եմ, որ այս հողն զգա իմ ներկայությունը։
– Ճի’շտ ես, Հայաստանը շատ հարմար է ապրելու համար։ Մի քիչ խաղաղություն է պակասում երկրում ու մարդկանց մեջ։
Առաջին հանդիպումից հետո Վիգենը մի քանի անգամ ևս Մարիաննային հանդիպելու առիթ ստեղծեց։
Մի օր արևոտ եղանակին հանկարծակի տեղացող անձրևի նման գրեց.
– Գնում եմ մեքենա վարելու, կմիանա՞ս ինձ։
– Հիմա՞։ Այս ուշ ժամի՞ն,- հարցրեց Մարիաննան։
– Այո՛, այս ժամերին քաղաքը համեմատաբար ազատ է։ Պատրաստվի՛ր, գալիս եմ հետևիցդ։
Մարիաննային այդ պահին գրում էր նաև իր երկրպագուներից մեկը. տպավորություն էր, որ նա ընտրության առաջ է կանգնել։
– Լա’վ,- իր ընտրությունը կատարած պատասխանեց Մարիաննան։
Նրա ներսում կարծես թիթեռնիկ թռավ։ Բակում հետ ու առաջ էր քայլում, երբ Վիգենի մեքենան կանգնեց ուղիղ կողքին, նա իջեցրեց պատուհանը.
– Նստի’ր։
Մեքենայում հրաշալի երաժշտություն էր, փողոցները համեմատաբար ազատ էին, ու Վիգենը բավականին արագ սլանում էր քաղաքով։ Մարիաննան վայելում էր պահը, բայց միևնույն ժամանակ նրան անչափ հետաքրքիր էր, թե ուր են գնում։
– Ես հայտնաբերել եմ մի շատ հետաքրքիր վայր, կհասնենք, կտեսնես, հաստատ կհավանես։
-Օ՜հ, գայթակղիչ առաջարկ է։
Վիգենն էլ ավելի արագ սկսեց վարել, ընթացքում թեքվում էր դեպի Մարիաննան, ժպտում էին իրար։
Գրեթե քաղաքի ծայրամասային հատվածում էին, երբ Վիգենն արգելակեց մեքենան։ Իջան, քայլեցին մի փոքր, հասան անմշակ այգու նման մի վայր. փոքր հարթակ էր, որտեղից երևում էր ամբողջ քաղաքը՝ լույսերի մեջ կորած։ Մարիաննայի համար իրոք անսպասելի էր սա, տեսարանը ցնցող էր, նայեց Վիգենին, որի աչքերի մեջ շողշողում էր քաղաքը։
– Ես ինձ նյույորքյան ֆիլմում եմ զգում, վա՜ու, սա ուղղակի հրաշալի է։
– Հա՜, այս տեղի մասին երևի քչերը գիտեն, ու դա շատ լավ է։ Երբեմն, երբ կյանքումդ ամեն ինչ քեզ սեղմում ու նեղում է, պետք է փախուստի վայր ունենաս, սա իմ վայրն է, այստեղ ես ինձ լայն ու ազատ եմ զգում, կարողանում եմ այլ անկյունից նայել իմ կյանքին։
Մարիաննան վայելում էր պահը. թեթև ու զով քամի, մանկության ընկեր, որն իր գաղտնի ապաստարան էր թողել իրեն, ու երկրի վրա մի կետ, որտեղ մութն ու լույսը այնպիսի պատկեր են ստեղծել, որ կորցնում ես քո տեղակայման իրական կոորդինատները։
Հաջորդ հանդիպումը ևս տպավորիչ էր։ Այս անգամ հանդիպման վայրը առաջարկել էր Մարիաննան։ Մայիսի իննի երեկոն էր, Հաղթանակ զբոսայգում էին, մարդաշատ էր ու տոնական։ Քայլում էին, օրվա թելադրանքով խոսում պատմությունից։ Հետո չսպասված անձրև կաթկթաց, սկսեցին այսուայնկողմ նայել՝ պատսպարվելու տեղ փնտրելով։
– Արի Սատանայի անիվը նստենք, անձրևից էլ կթաքնվենք։
– Հը՞, լու՞րջ,- չնայած որ Վիգենին դուր եկավ գաղափարը, բայց անակնկալի եկավ. ուզում էր համոզվել, որ Մարիաննան չի կատակում։
– Հա’, գնացի՞նք։
Վիգենը պատասխանի փոխարեն մոտեցավ տոմսավաճառին, իսկ հետո քայլեցին դեպի Սատանայի անիվը։
Մարիաննային օգնեց մտնել խցիկը, ինքն էլ մտավ, ու սպասեցին։
-Սրանից էլ լավ տե՞ղ,- ժպտաց Մարիաննան։
Անիվը սկսեց պտտվել, դանդաղ բարձրանում էին վերև՝ աչքերով ուղեկցելով անձրևին։ Ամենավերևում Վիգենը հարցրեց, թե արդյոք չի վախենում բարձրությունից։ Մարիաննան ժպտաց ու գլուխը տարուբերեց.
– Ես Սատանայի անիվի հետ մի քանի տարի առաջ էլ եմ հանդիպել։ Ընկերուհուս հետ էինք, հենց այս նույն բարձրության վրա, ու հանկարծ այնպիսի ուժեղ քամի սկսվեց, որ խցիկը ճոճվում էր։ Նա այնպես էր վախեցել, լարվել, արդեն ուզում էր բարձրից գոռալ ու օգնություն կանչել, լացակումած ինձ էր նայում։ Ես խորը շունչ քաշեցի ու սկսեցի նրան «հանգստացնել», ու անտարբեր ասացի՝ ինչևէ, մենք հրաշալի կյանք ապրեցինք։
Վիգենը ծիծաղեց.
– Դու նույնիսկ սթրեսային իրավիճակում ես յուրահատուկ։ Եթե մահվանն ես այդպես արձագանքում, ուրեմն դժվար որևէ բան քեզ վախեցնի։
– Չէէ՜, կա մի բան, ինչից ես վախենում եմ,- շշնջաց նա,- օձերից։
– Այստեղ օձեր չկան, – նույնպես շշնջաց Վիգենը,- բայց եթե նույնիսկ լինեին, ես քեզ կպաշտպանեի։
Մարիաննան իրեն պաշտպանված զգաց ոչ միայն օձերից, այլև աշխարհում ամեն ինչից։
Իջնելու ընթացքում լուռ վայելում էին քաղաքը։ Այդ փոքրիկ խցիկում՝ աշխարհի աղմուկից հեռու և երկնքի անձրևային աղմուկի ներքո, Մարիաննան զգում էր, որ սիրտն անսովոր է բաբախում, երբեմն խորը շնչում էր իրականությունից չկտրվելու համար։ Պտույտն ավարտվեց, անձրևը դադարեց, աշխարհը վերադարձավ. դրսում հաճելի անձրևաբույր էր, և երեկոն էլ անվերջ էր թվում։ Առջևում տոնական հրավառությունն էր։
– Փաստորեն դու հրավառություններ ես սիրում։
– Այո՛, ամեն տարի պապիս հետ եմ այստեղ գալիս, դե այս տարի հրաժարվեց, իր համար դժվար է այսքան քայլել։
– Հիմա ես կամ, կարող ես ինձ հրավիրել,- ասաց նա, ու հենց այդ պահին երկինքը բոցկլտաց գույնզգույն լույսերի մեջ։ Երազանքի մխացող բույրով լցվեց օդը, Վիգենը շրջվեց դեպի Մարիաննան. կարծես ուզում էր զգալ նրա տպավորությունները։ Մարիաննայի աչքերում հրավառության գույներն էին, նա պայծառ ու ջինջ էր երեկոյի կապույտ կտավի վրա։ Նրանք նայում էին իրար, երկնքին, հետո հրավառությունը լռեց, ու բոլորի հայացքները վերադարձան ներքև։
Վիգենը նրան ուղեկցեց տուն։ Երբ Մարիաննան հրաժեշտ տվեց ու դուրս եկավ մեքենայից, նա պատուհանն իջեցրեց ու ասաց.
– Մինչ հանդիպում։
Եվ եղավ հանդիպում՝ անսպասելի։ Երեկո էր, Մարիաննան հաջորդ օրվա սեմինարին էր պատրաստվում ու հանկարծ հաղորդագրություն ստացավ, Վիգենն էր։ Սկզբում հարցրեց՝ ոնց է, ինչ է անում, հետո սկսեց իրենից պատմել. ընկերոջ հարսանիքն էր, իսկ հարսանիքներ գնալը իր համար չէր։ Երևի դա էր պատճառը, որ Մարիաննայի հետ հաղորդագրություններով շփվելը ավելի նախընտրելի էր։ Վիգենին կատակով խնդրեց տորթը նկարել ու մի կտոր էլ իր փոխարեն ուտել, ինչին Վիգենը կատակով առաջարկեց նրա փոխարեն ծաղկեփունջն էլ բռնել։ Արդեն ուշ էր, երևի հարսանիքը ավարտին էր մոտենում, երբ ևս մի հաղորդագրություն ստացավ՝ «Չքնե’ս, քեզ համար փոքրիկ տորթ եմ պեղել»։
Կեսգիշեր էր, երբ Վիգենը գրեց, որ հասել է։ Մարիաննան մոտեցավ դռանը, բանալին զգուշորեն պտտեց ու սպասեց։ Մթության միջից հայտնվեց նա, սովորականից տարբեր, դասական հագնված ու անչափ գրավիչ։
– Բարև,- շշնջաց։
– Բարև,- ժպտաց Մարիաննան։
– Ահա այն, ինչի համար մինչ այս ժամը քեզ արթուն պահեցի,- ու մեկնեց նրան ձեռքի փոքրիկ տուփը։
– Ինձ թվում էր՝ դու կատակում ես։
Մարիաննան բացեց տուփը, որտեղ փոքրիկ տորթ էր՝ հարսանեկան ձևավորմամբ։
– Սա էլ քեզ տարոսիկ,- շշնջաց ու ժպտաց։
Մարիաննան պատասխան ժպիտով ճանապարհեց նրան։ Այս ամենը կարծես դրվագ լիներ ռոմանտիկ ֆիլմից։
Մարիաննան չէր հասկանում Վիգենի այս քայլի պատճառը, ուզում էր ինչ-որ բացատրություն տալ, բայց վախենում էր սխալվելուց, իսկ գուցե այս քայլը հենց պատասխան էր։ «Չէ’, պետք չէ պատրանքներով ապրել, ու հետո փորձել իրականության հետ բախման հետևանքները վերացնել»,- ինքն իրեն փորձեց սթափեցնել։
Պառկել էր, բայց չէր կարողանում քնել։ Ինչ-որ սպասումներով էր լցված գիշերը, որոնք առավոտյան պետք է դառնային նոր հանդիպում, կամ միմյանց ձայները լսելու ցանկություն։ Մարիաննան, ինչպես այլ իրավիճակներում, հիմա ևս ցանկանում էր լինել այս նոր հույզերի դիրիժորը, հասկանալ ինչքան զգալ, ինչ ուժգնությամբ, կամ ինչպես, բայց զգացմունքների նվագախումբը կարծես չէր ուզում ենթարկվել իրեն։ Անծանոթ անհամբերության զգացումով քնեց նա։
Հաջորդ օրը հաղորդագրություն չստացավ։
Մի քանի օր անց Վիգենը գրեց, հարցրեց՝ ոնց է։ Նամակագրությունն անհասակալի արագ ընդհատվեց։
Հաջորդ շաբաթ նորից վերադարձ բարևին, ու կիսատություն։
Հաջորդ ամիս նա չգրեց։
Վերջին հանդիպումից հետո Մարիաննան քնելուց առաջ հաճախ մտածում էր Վիգենի մասին, վերլուծում իրենց հանդիպումները, ինչպես բնորոշ էր իրեն։ Ուզում էր հասկանալ, արդյոք կարո՞ղ է այս ամենն ընթացք ստանալ ու վերածվել գեղեցիկ պատմության, հատկապես վերջին հանդիպումը, որն այնքան ռոմանտիկ տպավորություն էր թողել, Մարիաննայի մեջ զգացմունքների ալիք էր բարձրացրել։ Վիգենն անհետացավ այն ժամանակ, երբ Մարիաննայի մեջ ձևավորվել էր ինչ-որ մեկից հաղորդագրություն սպասելու սովորություն, այդ մեկի հետ երեկոյան հանդիպելու ու զրուցելու պահանջ։ Վիգենը չկար ամբողջ աշնանը։ Մարիաննան արդեն որոշել էր, թե ինչն էր նրա բացակայության պատճառը. երևի իր հետ հետաքրքիր չէր շփվելը, կամ գուցե նա խուսափում էր մտերմիկ հարաբերություններից։
Դեկտեմբերը կիսվել էր, մոտենում էր Ամանորը։ Նոր տարուց առաջ Մարիաննան սիրում էր ամփոփել անցած տարին իր կարևոր իրադարձություններով։ Հերթը Վիգենի հետ կիսատ ու անվերնագիր հարաբերություններինն էր, որ հաստատ թողնելու էր նախորդ տարում, եթե նա չհայտնվեր ու նորից անորոշության երանգներով չլցներ Մարիաննայի աշխարհը։ Հաղորդագրություն էր ուղարկել, կարծես թե երեկ էին բաժանվել։ Խոսեցին, հետաքրքրվեց գործերից, անձնական կյանքից, ինչը շփոթեցրեց Մարիաննային։ Հետո առանց որևէ նախաբանի պարզապես գրեց՝ կներես։ Մարիաննայի համար հասկանալի չէր պատճառը, իսկ Վիգենը պնդում էր, թե նա գիտի ինչի համար, ու ոչինչ չմանրամասնեց։
Ամեն ինչ նորից սկսվեց։ Վիգենը կրկին ներկա էր, ու դա նյարդայնացնում էր Մարիաննային, որովհետև չէր կարողանում հասկանալ, թե ուր է տանում այս հոսանքը։ Իսկ գուցե պատասխանը մյուս տարու՞մ էր։ Ամանորի գիշերը տասներկուսն անց տասներկու Վիգենից ստացավ հաղորդագրություն՝ «Շնորհավոր Նոր տարի»։ Հետո գրեց, որ գալիս է իր հետևից, գնում են իրենց տուն։
Մարիաննան ընտրում է իր տոնական զգեստներից մեկը։ Ինչ-որ կախարդական զրնգոցով էր լցվել ժամանակը։ Հեռախոսը զնգաց, Վիգենն էր, ներքևում սպասում էր։
Երբ դուրս եկավ բակ, նա քայլեց ընդառաջ ու ուղեկցեց մինչև մեքենայի դուռը։
Մարիաննայի տրամադրությունը բարձր էր, ինչը փոխանցվում էր նաև Վիգենին։ Մարիաննան զգում էր իրեն ամանորյա հեքիաթի մեջ. քաղաքի տոնական լույսերը կարծես հազարավոր շողացող աչքեր լինեին, որոնք խոստանում էին, որ նա երջանիկ է լինելու։ Մարիաննան նայեց Վիգենին, վերջինս զգաց նրա հայացքը, ժպտացին իրար։ Անցնում էին կամուրջի վրայով, ամեն կողմում փայլ էր ու լույս, ու ճանապարհը արդեն երկրի վրա չէր, այլ կախված էր աստղաշատ տիեզերքի տարածության մեջ։
Վիգենի մայրը շատ ջերմ դիմավորեց նրանց։ Փոքր տարիքում Մարիաննան հաճախ էր նրանց տանը եղել, ծնողները լավ ընկերներ էին։ Վիգենի մայրը ուրախ էր այսքան տարի անց կրկին հանդիպել Մարիաննային։ Հիացած էր, թե ինչ խելացի, տարբերվող մտածողությամբ, յուրահատուկ հետաքրքրություններով օրիորդ էր դարձել։ Հանդիպումը շատ ջերմ էր անցնում, զրուցում էին անցյալից, ապագայի ծրագրերից, կարծես բաժանարար մի շերտ ևս հալվել էր Մարիաննայի ու Վիգենի միջև։ Վիգենը հաճախակի փնտրում էր նրա հայացքը, ինչ-որ հաստատող ժպիտ էր նրա դեմքին, թվում էր՝ լուռ տրված կարևոր մի հարցի դրական պատասխան էր տալիս։ Մարիաննան այնքան թևավորված էր, զգում էր տոնի կախարդանքը իր կյանքում։ Վիգենը ձեռքը դրել էր նրա աթոռին, ու անգամ այդ դրվագն այնքան ջերմ ու մտերիմ էր դարձնում ամեն ինչ։ Մարիաննան ֆիզիկապես զգում էր, թե ինչպես էր ժամառժամ կրճատվում նրանց միջև եղած տարածությունը։ Տաքուկ ու ընտանեկան ամանորյա երեկոն մոտենում էր ավարտին։
Վերադարձի ճանապարհին ավելի շատ էին խոսում՝ կրկին հիշողությունների գիրկն ընկած։ Ինչքան կուզեր, որ երկարեր ճանապարհը, ու հենց ա՛յս Վիգենի ներկայությունն ավելի շատ զգար։ Լուսարձակող քաղաքը մնաց հետևում, ու դա նշանակում էր, որ շուտով կհասնեն։ Ինչպիսի՞ն էին լինելու տարվա երկրորդ և հաջորդ օրերը, լինելո՞ւ էր Վիգենը այդ օրերում. Մարիաննան ուզում էր հավատալ, որ սա իրենց նոր պատմության առաջին էջն էր։ Մտքերի ընթացքն ընդհատեց Վիգենը՝ մեքենայի դուռը բացելով ու ձեռքը նրան մեկնելով։ Մարիաննան չէր ուզում անել այդ մի քանի քայլը, որից հետո իրենք կբաժանվեին։ Հասան դռանը։
– Դե’, բարի գիշեր, հուսով եմ՝ քեզ դուր եկավ երեկոն։
– Շնորհակալ եմ հրավերի համար, ինձ հաճելի էր մայրիկիդ նորից հանդիպել, մեր մանկության հիշողություններով լցնել տարվա ամենակարևոր օրը։ Բարի գիշեր։
Մարիաննան ուզում էր շրջվել դեպի դուռը, բայց Վիգենը մեկ քայլ առաջ եկավ ու զգույշ, բայց միևնույն ժամանակ ամուր գրկեց նրան, կարծես ուզում էր բառերով չասված իր կարոտի մասին պատմել։ Մարիաննային փոխանցվեց դեռևս չբացահայտված զգացմունքների փունջը, ուզում էր զգալ այս գրկախառնության ամեն հպումը, հիշել ու տանել իր հետ։ Վիգենը նույքան զգուշորեն բաց թողեց նրան, աչքերով ուղեկցեց, երբ նա փակեց դուռն ու ձուլվեց մթությանը։ Մարիաննան այդ գիշեր քնեց հաջորդ օրվա հեքիաթի սպասումով։
Հանդիպեցին նրանք միայն երկու շաբաթ անց։
Բարձրում նստած էին, ըմբոշխնում էին քաղաքի լույսերը։ Նոր տարին դանդաղ ծորում էր ներքև, իսկ իրենք փորձում էին ապրել նորովի։ Մեքենաների բարձրացող ու իջնող աղմուկի ներքո լույսերը պայծառանում ու խամրում էին։
– Կներես ինձ,- շշնջաց Վիգենը։
Մարիաննան թեքվեց նրա կողմը. գլուխը կախ էր։
– Ների’ր, որ անհետացել էի։ Գիտեմ, որ հասկացել ես պատճառը։
Մարիաննան զարմացած նրան նայեց։ Զգում էր, որ ինչ-որ բան է ասելու, ու դրանից հետո ամեն ինչ այլ է լինելու։ Ներսը դողում էր։ Գլուխը տարուբերեց։
– Ուզում ես անպայման ես ասեմ,- քթի տակ ժպտաց։- Քեզ չէի գրում, որովհետև ընկերուհի ունեի, կարճ տևեց, վիճեցինք ու բաժանվեցինք։
Վիգենն այնքան սովորական ձայնով էր պատմում, հանգիստ շնչառությամբ, հստակ բառերով։ Մարիաննան լսում էր, ընկալում էր, բայց դեռ չէր հասկանում, թե ինչպես պիտի արձագանքի։ Ինքը հավատացել էր մի բանի, որը չկար. ամեն ինչ երա՞զ էր, որից անվերադարձ արթնացավ։ Ինչո՞ւ էր մտածել, որ Վիգենին կարող է հետաքրքրել ինքը։
– Ես մտածում էի, որ քեզ ինձ հետ հետաքրքիր չէր, դրա համար չէիր գրում։
Վիգենը չէր կարող պատկերացնել, թե ինչ ճանապարհ անցավ Մարիաննան մինչ սա արտաբերելը։
– Քեզ հետ յուրաքանչյուրի համար հետաքրքիր կլինի,- ասաց Վիգենը։
«Բայց ոչ քեզ համար, եթե դու նախընտրել էիր այլ աղջկա հետ շփվել»,- մտածեց Մարիաննան։
– Ինձ թվում էր, որ մեր մեջ ինչ-որ բան է կատարվում, որ շատ հանդարտ զարգանում էր ու մեծանում, բայց դու շատ կտրուկ ընդհատեցիր դա։ Ինչ-որ պատճառ ամեն դեպքում կար, որ դու չցանկացար շարունակել։
– Այո’, կատարվում էր, այո’, զարգանում էր, բայց ես երկար եմ մտածել Մարիա՛ննա, մենք մանկության ընկերներ ենք, ու ես ուզում եմ պահպանել դա, չեմ ուզում փչացնել այդ թանկ հիշողությունը։ Դու ինձ համար շատ կարևոր ու հարազատ մարդ ես։
Մարիաննան չհավատաց, որ պատճառը դա էր, բայց այդ տարբերակն այնքան նուրբ էր ձևակերպված, որ նա ոչինչ չէր կարող ավելացնել։ Վիգենի ցանկությունն էր, որ ինքն այդպես մտածի։
Տարվա առաջին ամսվա կեսը դեռ չէր անցել, և ամեն ինչ փլվեց։ Այն, ինչ սկսվել էր ու պիտի գեղեցիկ շարունակվեր, ավարտվեց։ Մարիաննան չգիտեր՝ ինչ է զգում՝ հիասթափությու՞ն, դատարկությու՞ն, դառնությու՞ն, անհուսությու՞ն։ Չէ’, նա դեռ չէր կարող անվանակոչել իր զգացմունքները, բայց ինչ-որ կիսատության զգացում էր առաջացել։ Ամանորից հետո նա որոշել էր հավատալ ու սպասել իրենց պատմությանը, բայց այսօր Վիգենը նրանից խլեց այդ սպասումը ինչ-որ անհասկանալի ու չմարսվող բացատրությամբ։ Մարիաննան երբեք ռոմանտիկ չէր եղել, ու հիմա էլ թերևս խիստ սիրահարված չէր, բայց նրա կյանքում երեկ կար Վիգենը, րոպեներ առաջ էլ կար, իսկ հիմա՞… վա՞ղը… Մարիաննան բախվելու էր նրա թողած դատարկության հետ, կարողանալո՞ւ էր կոտրել այդ դատարկության պատնեշներն ու լցնել այն։ Հերթական անգամ անորոշություն մեջ չհայտնվելու համար անմիջապես ջնջեց նրան իր ընկերների ցանկից և արգելափակեց հաղորդագրություն գրելու հնարավորությունը։ Բայց հիշողությունների դեմ պայքարը շատ ավելի բարդ էր, երբեմն՝ անհույս։ Մարիաննան սկսեց դրվագ առ դրվագ ջնջել նրան։ Հաջորդ տարբերակը իր կյանքը լցնելն էր, ազատ չպիտի մնար ոչ մի րոպե։ Սկսեց հոգեթերապիայի մեջ ավելի մասնագիտորեն խորանալ, և հետաքրքրությունն այնքան էր, որ Մարիաննան ամբողջությամբ կլանվեց դրանով։ Երբ աշխարհը դեռ լուսավոր էր, Վիգենի մասին հիշողությունները հետ էին մղվում, սակայն գիշերները Մարիաննային տանջում էին նրա մասին երազները։
Շարունակությունն՝ այստեղ
1 thought on “Երանուհի Մկոյան/Դեմ-դիմաց(1)”