Կին սյուրռեալիստները արվեստի պատմության մեջ կորսված գլուխ են։ Սալվադոր Դալիի, Ռենե Մագրիտի և այլ հայտնի տղամարդ սյուրռեալիստների կողքին շատ տաղանդավոր կին նկարիչներ էլ են եղել, բայց աննկատ են մնացել։ Քեյ Սեյջը սյուրռեալիստ նկարիչ էր և, հավանաբար, նրանցից ամենահայտնիներից մեկը։ Նա ապրել է զարմանալի կյանք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին օգնելով բազմաթիվ եվրոպացի նկարիչների տեղափոխվել ԱՄՆ։ Արվեստի գործերի իր հարուս հավաքածուն նա հետագայում նվիրաբերել է արվեստի մի քանի հաստատությունների։
Քեյի կյանքի պատմության մեջ կա մի բան, որ փառահեղ է, դրամատիկ ու միֆական։ Նա ծնվել է 1898 թվականին Նյու Յորքում՝ հարգված ընտանիքում, բիզնեսմեն և Նյու Յորք նահանգի սենատոր Հենրի Մեննինգ Սեյջի ընտանիքում։ Նրա մայրը՝ Աննա Ուիլեր Սեյջը, էքսցենտրիկ, կոսմոպոլիտ կին էր, որը ամուսնալուծությունից հետո հեռացավ ԱՄՆ-ից և, իր հետ վերցնելով փոքրիկ Քեյին, ճանապարհորդեց Եվրոպայով։ Ճանապարհորդությունները Քեյին օգնեցին զարգացնել ստեղծագործական ձիրքն ու ազատության զգացում ներարկեցին։ Շատ փոքր տարիքից նա խոսում էր մի քանի լեզուներով, իր մոր բոհեմական ճաշակի ազդեցությամբ ձեւավորվել էր արտիստիկ բնավորությունը։ Նրա անհանգիստ միտքը խաղաղվում էր ստեղծագործելով։ Դեռ դպրոցում սովորելու տարիներին էր նա սկսել գրել բանաստեղծություններ ու նկարել։ Սակայն արվեստի նրա ուղին սկսվեց Հռոմում։
Քեյ Սեյջն ուսանել է Scuola Libera Delle Belle Arti-ում (Ազատ Գեղարվեստի Դպրոց) և միացել Venticinque Della Campagna Romana խմբին՝ Հռոմի բնանկարիչների մի սիրողական բոհեմական խմբակի, որոնք էքսկուրսիաներ էին կազմակերպում քաղաքի սահմաններից դուրս՝ բնանկարներ նկարելու համար։ Այդ անհոգ հոգեվիճակում նա հանդիպեց, սիրահարվեց և հետագայում ամուսնացավ իտալացի արքայազն Ռանիերի դի Սան-Ֆաուստինոյի հետ։ Թեև սկզբում ամուսնությունը երջանիկ էր, այն, ի վերջո, ստիպեց Քեյին անտեսել իր նախասիրությունները և ստեղծագործական աշխատանքը՝ հանուն արքայական տան ավանդույթներին հետևելու։ Նա չափազանց բոհեմական և անկախ էր, որպեսզի հաշտվեր արքայազնի շքեղ, բայց պահանջկոտ միջավայրի ու իր նոր պարտականությունների հետ։ Նրա պատահական հանդիպումներն ու բարեկամությունը ամերիկացի բանաստեղծ Էզրա Փաունդի և գերմանացի քանդակագործ Հայնց Հենգեսի հետ բախտորոշ եղան նրա կյանքի համար։ 1935 թվականին Քեյը լքեց արքայազնին, տեղափոխվեց Փարիզ և ամբողջովին նվիրեց իրեն արվեստին։

Երբ Անդրե Բրետոնը և Իվ Տանգին 1938 թվականին այցելեցին Փարիզյան Անկախների սալոնը, Քեյի նկարները գրավեցին նրանց ուշադրությունը և հիացրին նրանց։ Նրանք երբեք չէին լսել այդ անունը և նույնիսկ չգիտեին՝ տղամարդ է նա, թե կին։ Սա բարենպաստ հանգամանք էր, քանի որ հետագայում նրա սեռը խանգարող գործոն էր դառնալու նրա աշխատանքների գնահատման հարցում՝ արվեստաբանների շրջանում, որ գլխավորապես տղամարդիկ էին։
Նրա հանդիպումը սյուրռեալիստ նկարիչների հետ սկիզբ դրեց ընկերության։ Նա քառասունն անց էր, գրավիչ էր, հարուստ և անկախ, հավանաբար այդ ամենով մի քիչ վախեցնում էր նրանց։ Անդրե Բրետոնի թեթև արհամարհանքը կին նկարիչների հանդեպ, ինչպես նաև նրա սոցիալիստական իդեալիզմը, թույլ չտվեցին նրան հաշտվել Քեյի հավակնությունների և արքայական անցյալի հետ։ Այն փաստը, որ Քեյը նկարում էր տղամարդու պես, այլևս նշանակություն չուներ։ Բրետոնը նրան որպես սյուրռեալիստ չէր ընդունում։ Իսկ Իվ Տանգին, հակառակը, սիրահարվեց նրան՝ ուժգին և անմնացորդ։
Նրա շփումը սյուրռեալիստների հետ 1930-ականների վերջին փոխեց նրա ստեղծագործական լեզուն։ Նա նույնիսկ ուրացավ իր գեղարվեստական կրթությունը՝ ավելի ուշ հայտարարելով, որ ինքնուս է։ Չնայած Բրետոնի վերաբերմունքին, Քեյը միշտ իրեն համարել է սյուրռեալիստ նկարիչ։

Երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, նա օգնեց իր շրջապատի սյուրռեալիստ նկարիչների մեծ մասին փախչել Եվրոպայից և տեղափոխվել Նյու Յորք։ Իր կապերն ու ծանոթությունները օգտագործելով՝ նա հիմնադրեց Եվրոպական մշակույթի պահպանության ընկերությունը՝ կազմակերպություն, որի միջոցով եվրոպացի նկարիչներին բերում էր ԱՄՆ, կազմակերպում ցուցահանդեսներ և նպաստում սյուրռեալիստ նկարիչների առաջխաղացմանը։ Միևնույն ժամանակ, նա ֆինանսապես աջակցեց բազմաթիվ նկարիչների և նրանց ընտանիքներին՝ օգնելով նրանց գոյատևել Ամերիկայում, այդ թվում՝ Անդրե Բրետոնին։
Զիգմունդ Ֆրոյդի «Երազների մեկնությունը» հսկայական ազդեցություն ունեցավ ХХ դարի առաջին կեսի արվեստի վրա։ Չգիտակցված, ճնշված մղումների գաղափարը, որոնք շարժվում են իրականության մեր ընկալման խորքում՝ դրա մակերեսին թողնելով հազիվ նկատելի, բայց կարևոր հետքեր, դարձել էր այն կարևորագույն շարժիչ ուժերից մեկը, որը ձևավորեց արևմտյան գեղարվեստական պրակտիկան այդ ժամանակաշրջանում։ Ֆրոյդյան տեսությունները հիմք դրեցին մի քանի հոսանքների, որոնցից մեկը սյուրռեալիզմն էր։
Սյուրռեալիստ նկարիչներն ու բանաստեղծները իրենց մռայլ ու սարսափազդու երազներում ուսումնասիրում էին մտքի խորհրդավոր անդունդները՝ քննարկելով ճնշված բնազդներն ու չգիտակցված ցանկությունները։ Եվ ժամանակներն իրոք ծանր էին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին և դրանից հետո եվրոպացի նկարիչները բախվում էին պատերազմի, սոցիալական անհավասարության, աղքատության ու սպառնացող տեխնոլոգիաների պատճառած անդառնալի վնասներին և անհանգստություններին, նրանցից շատերը՝ նաև արտագաղթին։
Իվ Տանգին արդեն հայտնի սյուրռեալիստ էր, երբ Քեյին հետևելով տեղափոխվեց Միացյալ Նահանգներ, որտեղ նրանք վերջապես ամուսնացան և հաստատվեցին Կոնեկտիկուտում։ Քեյը գնեց մի հին կալվածք և շրջակայքը վերածեց բնապատկերի, որը հիշեցնում էր Տանգիի նկարները։

Իվ Տանգիի արվեստն ուներ անհանգստության ծանրություն և գերբնական օտարացման զգացում․ նրա ընդարձակ անապատներն ու տարօրինակ արարածները արտահայտում էին նրա օտարացման զգացողությունն ու իրականության մերժումը։
Քեյը հիացմունքով և նվիրումով կանգնեց նրա կողքին՝ ընկղմվելով ամուսնու խորհրդավոր ու անհանգիստ մտքի և արվեստի մեջ, նրա մտքերի խորհրդավոր բնապատկերներում։ Նրա ամենաարդյունավետ տարիները կապված էին իրենց համատեղ կյանքի հետ։ Իվը նրա համար ուժ էր՝ միաժամանակ կործանարար և ստեղծարար։
Նրա նկարներում թեմատիկ հետաքրքիր փոփոխություն է նկատվում՝ սյուրռեալիստների և Տանգիի հետ հանդիպումից հետո։ Անկասկած, այստեղ կա Իվի ընդարձակ լանդշաֆտների ազդեցությունը։ Բայց նաև մի տեսակ հուսահատություն, որը նախկինում չկար։ Իհարկե, այդ տարիներին աշխարհն անցնում էր մեծ պատերազմի միջով, չափազանց շատ կործանման և սարսափի, որոնք ազդեցին նրա հոգեվիճակի վրա։
Նրա նկարները մի ակնթարթում դարձան բանաստեղծական բնապատկերներ կամ հակաուտոպիական գիտաֆանտաստիկա՝ տարօրինակ աշխարհի տխուր քարտեզագրումներ։ Նա խորապես ոգեշնչված էր Ջորջո դե Կիրիկոյի մռայլ լանդշաֆտներից և խորհրդավոր կոմպոզիցիաներից։

Առաջին նկարը, որը նա երբևէ գնել էր, պատկանում էր դե Կիրիկոյին, և Կիրիկոյի ստեղծագործությունները ամբողջ կյանքի ընթացքում մնացին նրա համար ուղեցույց։
Քեյի կերպարներում ամեն ինչ թվում է անշարժ ու թմրած, ինչպես հետպատերազմյան կամ հետապոկալիպտիկ լանդշաֆտում զբոսնելը կամ աղոտ կանխազգացումը։ Այստեղ կան խորհրդավոր շինարարական կառույցներ, որոնք ընդգծում են ճարտարապետական պարադոքսները։ Խաղաղ անհանգստություն ու զգացողություն, թե մոտենում ես մղձավանջին, բայց երբեք չես հասնում։ Այստեղ կան խաղաղ ծովեր և նավաբեկության ստվերներ, լուսնային լանդշաֆտներ և աղոտ մարդանման կերպարներ, ու այս ամենը՝ պայծառ լույսի ներքո։
Կործանումը ակնհայտ չէ։ Նրանց նայելը նույնն է, ինչ անհանգիստ երազ տեսնելը։ Սա ավելի խոր զգացողություն է, քան պարզ տխրությունը կամ մռայլ անտարբերությունը, ավելի շուտ՝ խոցելիության և վտանգի աղոտ զգացում։

Քեյն անհանգիստ միտք ու հախուռն խառնվածք ուներ, նա միշտ շարժման մեջ էր։ Այնուամենայնիվ, նրա նկարները ցուցադրում էին անշարժություն և իներտություն։ Նրա կյանքի հավերժական շարժումը կարծես թաքցնում էր անշարժության ձգտումը։ Երբեմն թվում էր, թե նա ցանկանում է հանգստանալ, բայց չի կարողանում գտնել իր նավահանգիստը։ Նրա կյանքը որոնումների ու դեգերումների շարան էր, որոնք ավարտվեցին Իվ Տանգիի կողքին։
Իվը հավատարիմ էր, բայց անտանելի։ Նրանց հանդիպումը Փարիզում աղմկոտ էր՝ հաշվի առնելով նրա նախկին կնոջը և սիրավեպը, որն Իվն ունեցել էր Պեգի Գուգենհայմի հետ մինչ Քեյի հետ հանդիպումը։ Չնայած Քեյն անընդհատ արվեստի երեկույթներ էր կազմակերպում, բնակությունը Կոնեկտիկուտի գյուղական անտառներում Իվի համար մեկուսացում էր ու ձանձրույթ։ Նա սկսեց քիչ ժամանակ հատկացնել նկարելուն և ավելի շատ խմել, ի վերջո սկսելով անընդհատ հարբել ու դառնալ ագրեսիվ։ Նա վիրավորել ու նվաստացրել էր Քեյին իրենց ընկերների ներկայությամբ։ Փաստեր կան՝ վկայող, որ նա բռնության էր ենթարկում Քեյին, և որ վերջինս համբերատար հնազանդվում էր։
Անշուշտ, իր կրքերին ու հակումներին հագուրդ տալու հարցում ազատ ու անկախ Քեյին չհաջողեց խուսափել այդ հայրիշխանական սովորություններից։ Նա բաժանվեց արքայազնից, որովհետև իր արվեստը մոռացված էր նրանց ամուսնության ընթացքում, բայց չէր կարողանում հեռանալ Տանգիից, չնայած վերջինիս վարքին։ Քեյը համարում էր նրան իր կյանքի սերն ու հիմնական ոգեշնչողը։ Կարելի է ենթադրել, որ Իվի ստեղծած այդ լարվածությունը երկուսի համար էլ ոգեշնչող ու գրավիչ էր։

Իվը մահացավ ալկոհոլիզմի պատճառով 1955 թվականին՝ անկողնուց ընկնելով ու գլխի վրա հարված ստանալով։ Նա ընդամենը 55 տարեկան էր։ Նրա մահից հետո Քեյը հայտնաբերեց, որ այլևս չկա վաղվա օր։ Դեղերի մեծ չափաբաժնով ինքնասպանության առաջին փորձը չհաջողվեց։ Նա ամբողջովին նվիրվեց Իվ Տանգիի ժառանգության պահպանմանը։ Նա կազմել և հրատարակել է նրա կատալոգը և շարունակել է նկարել, մինչև գրեթե կորցրեց տեսողությունը։ Այնուհետև հիմնականում կենտրոնացել է իր պոեզիայի վրա, որը նման էր իր նկարչությանը, բայց նաև տարբեր էր դրանից։
Քեյը գրում էր դեռ երիտասարդ տարիներից։ Եթե նրա նկարների անվանումները հնչեին որպես պոեզիա, ապա կարող էին նկարագրել այն պատկերները, որոնք նա երբեք չի ստեղծել։ Հին ու դատարկ սենյակներ՝ մեկից ավել, գունավոր դռներով, սև նապաստակներ, էբոնիտից աշտարակներ և արյունոտ մատուռներ։ Այստեղ կան մաքուր սյուրռեալիստական պատկերներ, երբեմն ավելի կտրուկ կամ աղմկոտ, քան նրա նկարներն էին։ Նրա բանաստեղծություններում նույնպես կա գույն՝ ավելի խիտ կամ արտահայտիչ, քան նրա նկարներում։ Եվ երբեմն, ինչքան էլ տարօրինակ է, այստեղ կա նաև հումոր։

Որոշ բանաստեղծություններ խորհրդավոր, մութ և հանելուկային են։ Մյուսները՝ խաղացկուն, թեթև և հումորային են, սյուրռեալիստական գրականությունից փոխառած չարաճճի փորձարարական տրամադրությունը։ Իր ինքնակենսագրության մեջ նա գրում է, որ գրականությունը էքսգիբիցիոնիզմի ձև է՝ ավելի դաժան, քան նկարչությունը։ Այնուամենայնիվ, նրա գործերում չկա դաժանության որեւէ ակնարկ։ Իրականում նրա պոեզիան պահպանում է նկարչության էլեգանտությունն ու խորհրդավորությունը՝ միաժամանակ արտահայտելով անհանգստացնող մենակության և հոգնածության զգացումը։ Դաժանությունը, որ նա զգում է գրելու ժամանակ, ավելի շուտ անուժության իր մշտական զգացողութան անփոփոխ ընթացքն էր։
Նրա աշխատանքներում ամենաշատ հանդիպող մոտիվը ձուն է։ Դրա խորհրդանշական իմաստն ակնհայտ է՝ հաշվի առնելով Քեյի խնդիրները մենակության, օտարվածության և աշխարհում փակված լինելու հետ, որը նա չէր հասկանում։ Ձվաբջջը թանկարժեք, բայց փխրուն կճեպի մեջ է, որը բանտ է կյանքի և ստեղծագործության համար՝ ստեղծագործության, որն ունակ է դուրս գալու և որը կարող են ոչնչացնել գիշատիչները։ Շարունակաբար իրեն օտարացված զգալով իր շրջապատից, ինչն անսովոր էր նման կոսմոպոլիտ կնոջ համար, Քեյը իր ինքնակենսագրությունը վերնագրել է «Չինական ձու»։
Իր կյանքի վերջին տարիներին նա գրեթե ամբողջությամբ կորցրեց տեսողությունը և այլևս չկարողացավ նկարել։ Քեյը որոշեց ինքնասպան լինել, և սա արդեն նրա երկրորդ փորձն էր։ Այս անգամ թույլ չտվեց, որ ձախողվի։ 1963 թվականի հունվարի 8-ին նա կրակեց իր սրտին։
Իր մահվան նախօրեին նա թողեց գրություն. «Իվի առաջին նկարը, որը ես տեսա մինչև նրան հանդիպելս, կոչվում էր «Ես սպասում եմ քեզ»։ Ես եկա։ Հիմա նա նորից սպասում է ինձ՝ ես արդեն ճանապարհին եմ»։

Պատրաստեց Գայանե Պողոսյանը
Աղբյուրն՝ այտեղ
Ձեզ կարող է դուր գալ
-
Ուղերձ արցախահայերին. Ռաֆայել Իշխանյանի անտիպ հոդվածը
-
Սոցռեալիզմից պոստմոդեռնիզմ և կապիտալիստական ռեալիզմ/Վարդան Ջալոյան
-
Բոլշևիզմի ուտոպիական մշակույթը և ստալինյան սոցռեալիզմը(2)/Վարդան Ջալոյան
-
Բոլշևիզմի ուտոպիական մշակույթը և ստալինյան սոցռեալիզմը(1)/Վարդան Ջալոյան
-
Արմեն Շեկոյանի ապոֆատիկ պոեզիան/Վարդան Ջալոյան