Ալիսա Բաղդասարյան/Պատերազմներ

ՀՐԱԺԵՇՏ

Փոքր ես չափերով,
Բայց ո’չ այնքան,
Որ ինձ հետ տանեմ,
Վախենում եմ՝
Ճանապարհին քեզ ինձնից խլեն.
Ինչպե՞ս կապրես օտարության մեջ։

Համբերությունս
Դնում եմ սեղանին,
Նստում նրա դիմաց,
Սպիտակ թղթով
Փաթեթավորում
Սիրտս
Զգուշությամբ,
Որ հանկարծ չնեղվի,
Եվ գնալուց առաջ
Անձայն նվիրում եմ քեզ,
Այնպես, որ չիմանաս
Ներսի պարունակությունը,

Ոչ մի տեղ չտանող ճանապարհին
Բացում եմ ճամպրուկս
Եվ գտնում քեզ՝
Ծրարված
Կարմիր թղթի մեջ,
Չափերով այնքան փոքր,
Որ սրտիս մեջ տեղավորվում ես։

Ճանապարհը
Մեզ մի տեղ կտանի,
Հաստատ։

***

Բառերն այնքան
Համարձակություն չունեն,
Որ խոսեն քո հանդեպ ունեցած
Իմ սիրո մասին։

Կրակից գոյացած ծուխը
Շնչառությանս մեջ
Խորն է թափանցել,
Վառված հողից բարձրացած
Կրակն ու ծուխը,
Սովորականի պես,
Երկինք չհասան,
Ամբողջը հավաքվեց
Իմ թոքերի մեջ,
Որ ամեն մի արտաշնչում
Դուրս բերի վառված,
Գեհենում հայտնված
Մարմինների սարսափը։

Բառերն այնքան
համարձակություն չունեն,
Որ խոսեն իմ հանդեպ ունեցած
Քո սիրո մասին,

Խոսքն, այրելով ձայնալարերս,
Արցունք է դառնում,
Կուտակվում ոտքերիս տակ,
Եվ երբ շարժում եմ ոտքերս,
Հետքերս ինձ տանում են.
Ո՞ւր են տանում,
Ինչո՞ւ են տանում,
Ինչպե՞ս եղավ,
Ինչո՞ւ եղավ։

Կանչի’ր ինձ քեզ մոտ,

Մեկնի’ր ձեռքդ,
Հայրաբար
Առ ինձ գրկիդ մեջ,

Որ մոխիրների մեջ
Ապրող մտքերը
Տաք վերմակով
Ծածկեմ՝ չմրսեն։

Բառերն այնքան
Համարձակություն չունեն,
Որ խոսքերով
Դարպասներդ բացվեն։

Գիշերներս լուսանում են՝
Ծխից շնչահեղձ,

Քանի՜ գիշեր,
Քանի՜ աչքեր,
Քանի՜ ձեռքեր։

Ամեն օրը
Բաց երակ է,
Որ պետք է հոսի
Մինչեւ հասնեմ քեզ։

***

Պահի տակ
Ձեռքս մեկնում եմ,
Որ հասնեմ քեզ,

Այնքա՜ն մոտ ու հեռու,
Այնքա՜ն իմը,

Բայց եւ ուրիշինը։

ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ

Պատերազմները
Հորինել են դժբախտները,
Նրանք տանել չեն կարող
Երջանիկներին։

Եթե պատերազմ չլիներ,
Մանկությունս
Ադամանդե թեւնոց կկապեր թեւիս,
Եվ ես բարձր թռչել կսովորեի,

Պատանեկությունս էլ
Տխուր աչքերով չէր ուղեկցի ինձ.
Պատերազմի դաշտից․
Հոսպիտալ տեղափոխված հորս
Շարունակում եմ նամակներ գրել,
Նա այդ մասին չգիտի,
Եղբայրներս գուշակում են,
Որ պատերազմից հետո
Հայրս շարունակում է պատերազմել՝
Անաղմուկ, ինքն իր հետ։

Եթե պատերազմ չլիներ,
Ջահելությունս
Այնպես աննշան չէր անցնի,
Երեք տարեկան տղաս էլ
«Անունդդ ի՞նչ է» հարցին
Չէր պատասխանի՝
«Մեծ մարդ»։

Եթե պատերազմ չլիներ,
Յոթանասունն անց հայրս
Նորից տուն կառուցելու համար
Չէր մտահոգվի.

Հորս ձեռքերը
Դեռ հիշում են
Իր կառուցած տան պատերի
Տաք շնչառությունը։

Եթե պատերազմ չլիներ,
Ամուսինս գիշերները չէր արթնանա
Եվ վերացական հայացքով
Չէր զննի շուրջբոլորը.
Միայն մահվան աչքերը տեսած
Մարդը կարող է այդպես
Անդնդախոր նայել։

Պատերազմները
Երջանիկների համար են,
Որ կորուստներից առաջ
Ձեռքբերումներն արժեւորեն։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *