(Հեքիաթ իրական ու անիրական իրողություններով)
* * *
Ժուկով-ժամանակով լեռնային հեռավոր երկրում մի աղջիկ էր ապրում։ Մի անգամ նրա հայրը որոշում է ճանապարհորդել։ Վերցնում է կնոջը, հինգ երեխաներին և ճանապարհ ընկնում դեպի ծով։ Այն երկրում, որտեղ նրանք ապրում էին, լճեր, գետեր կային, բայց ո՛չ հայրը, ո՛չ մայրը, ո՛չ աղջիկը, ո՛չ էլ երկրի որևէ բնակիչ երբևէ ծով տեսած չկար։
* * *
Մայրամուտն իր գունագեղ հանդերձները նետել էր ծովի հանդարտ ծփանքներին։ Ծովափին միայն մերձափնյա քարերին զարկվող ալիքներն էին ու սրտակեղեք, հեռավոր կռնչոցներով ճախրող մրրկահավերը։
Ավազներին նստած աղջիկը կարծես չէր էլ նկատում ծիծաղով ու ճիչերով այս ու այն կողմ վազվզող, ալիքների հետ կռիվ տվող կրտսեր քույր-եղբայրների խաղերը։Նա մի տեսակ առանձնացած էր ու աչքերում փշրված մի դատարկությոն կար…
Դեռատի աղջիկը գողունի ուղղեց կրծկալը, որը նկատելի մեծ էր նրա նորաբողբոջ ստինքներին։ Մետաղի պարունակությամբ կտորի կոշտ եզրերի շփումը մաշկին` սարսռացրեց նրան։ Ամառը ձմեռ դարձավ։ Նորից սառեց, ինչպես այդ չարաբաստիկ օրը։ Կյանքն այդ օրվանից կանգ առավ ու շրջվեց։ Սպիտակը սև դարձավ, լույսը` մութ… Ո՞վ է ինքը…
Առավոտյան մայրն աղբարկղ նետեց մանկական փափուկ, բայց մաշված լողազգեստն ու պարտադրեց հագնել նորը` մեծականը։ Դուստրն ամաչում էր, որ այսուհետև մոր պես կրծկալ պետք է կրի։ Ինքն իր աչքին զզվելի էր թվում։ Այդ պահին նրա միակ ցանկությունն էր մկրատով անողոքաբար կտրատել կրծկալով նոր լողազգեստն ու նետել աղբարկղ։
Մրրկահավերը ծովի խորքից թռան ափ։
– Կյանքը չի կարող մշտական արձակուրդ լինել,- կտրուկ դիմեց մայրը փոքրիկ աղջնակին,- իմիջայլոց, տուն հասնելու հաջորդ օրը հրավիրված ենք հարսանիքի։
– Մա՜… չի լինելու այդ հարսանիքը… Երբ հասնենք քաղաք, փեսացուն արդեն երկու օր առաջ մահացած կլինի,- ինքն իր ձայնից վախեցած հազիվ արտաբերեց աղջնակը։
Ու չնայած դա շշնջոց էր, որ մարեց ափամերձ ալիքներում ձկների վրա սուրացող մրրկահավերի հաղթական, սուր ծղրտոցների մեջ, այնուամենայնիվ մայրը լսեց։
– Չեմ ուզում լսել բարբաջանքներդ… Դու մահվան մունետիկ չես, այլ փոքրիկ աղջիկ։
Մոր մանուշակագույն մեղեսիկե մատանիով զարդարված ձեռքն ափի հակառակ կողմով շրխկաց դստեր դեմքին։ Քարը կտրեց վերին շրթունքը։ Բերանի մեջ զգաց սեփական արյան աղահամը։ Այն հոսեց դեպի ծնոտը, վիզը, ապա ավելի ներքև` կոկոն կրծքերի արանքից հասավ մինչև պորտը։
Դուստրը փախավ մորից։ Սուրաց ափամերձ ալիքներով, ոտքերը խրվում էին թաց ավազների մեջ, տեղ-տեղ քարերը ծակում, վնասում էին ներբանները, բայց նա համառորեն վազում էր հնարավորինս մորից հեռու։
Կինը նույնիսկ չէր նկատել, որ ժպիտը երեսին ծնված իր դուստրն այլևս չէր ժպտում։ Սովորաբար նրան ուժով էին բակից ու խաղերից կտրում, տուն բերում։ Ճանապարհորդությունից թերևս մի քանի ամիս առաջ աղջնակն արդեն չէր խաղում երեխաների հետ, թաքնվում էր տան նկուղում, իսկ երբ դուրս էր գալիս այնտեղից` սարսափահար, չռված աչքերը փախցնում էր տնեցիներից։
Աստվածային զոհաբերող սիրուն այնքան մոտ մայրական սերը տարբեր դրսևորումներ կարող է ունենալ։ Կինը հոգսաշատ էր, պահանջկոտ, փնթփնթան։ Աչքի չէր ընկնում մարդկային սովորական ջերմությամբ, կարեկցանքով։ Ակնկալում էր, որ դուստրն անվերապահորեն իր աջ ձեռքը պիտի լինի կենցաղային գործերում և հոգ տանի կրտսեր եղբայրներին ու քույրերին։ Մայրը արժանի զավակն էր իր քաղաքի` հպարտանում էր իր անկողմապահությամբ, որը կարելի էր նաև դաժան անտարբերություն անվանել, իր տան, կենցաղի կարգուկանոնով, մաքրակենցաղությամբ, որը թերևս ավելի շատ անողոք մանրախնդրություն էր։
Աղջիկը չէր հասկանում, թե ինչ էր կատարվում իր ներսում. երազու՞մ էր, օդերի մե՞ջ էր, ի՞նչ անբացատրելի կախարդանք էր այդ ամենը… Ո՞վ քիչ առաջ հայտնեց իրեն սարսափելի մահվան մասին, որտեղի՞ց գիտեր, որ դրկից երիտասարդը մեռյալների աշխարհում էր։ Ի՞նչ աշխարհ է դա։ Ինչու՞ է անընդհատ հայտնվում այդ աշխարհում։ Լացում էր և՛ իր համար, և՛ դրկից ջահելի։ Ինչու՞ պետք է հարսանիքից առաջ մահանար գեղեցիկ փեսացուն։ Նա դեռ իր նորահարս կնոջ հետ շատ երեխաներ պետք է ունենար։ Ուրեմն այդ երեխանները չեն ծնվելու… Ինչ-որ սարսափելի մեկը նրանց դեռ չծված` խժռեց։ Գուցե դա սարսափելի մեկը չէր, այլ սարսափելի շատերը…
Հազարավոր մղոններ հեռվից աղջկա փոքրիկ գլխին էին թափվում գաղտնախորհուրդ տեսիլքներ, ինչ-որ հիշողություններ, որոնք ցնցում էին նրա հոգին, հետապնդում, շնչահեղձ էին անում։ Աղջիկը վազում էր ավելի ու ավելի արագ` աչքերը փակ, որպեսզի ծովային քամին մղձավանջները պոկի մաշկից, լուծի անեզր ծովում։ Զուր էին փոքրիկ աղջկա ջանքերը, տանջող տեսիլքները չէին լքում նրան։
Մթնեց։ Լուսինը կորցրեց անհանգիստ ալիքների մեջ լողացող մյուս աչքերը։ Կորստից ու վշտից թաքնվեց մռայլ ամպերի հետևը ու այնտեղից մերթ ընդ մերթ ծիկրակում էր լույսի աղոտ արահետ նետելով փոթորկվող ալիքներին։ Դեպի ծովի խորքը լողացող աղջկան այն հիշեցնում էր գավառական քաղաքի պուրակի թարթող էլեկտրասյունից կիսալույս` խուլ ծառուղին, որի ամենամութ անկյունում փողոցի ամենախիզախ ու ճարպիկ պատանին լուռ մոտեցավ ու համբուրեց իրեն։ Թվում էր, որ նրանք մեկը մյուսի հոգին էին սիրել անհիշելի ժամանակներից, երազում էին ամուսնանալ, երեխաներ ունենալ։ Երբեմնի թանկ հիշողությունն այլևս զորու չէր հուզելու աղջկան, այլևս գրոշի արժեք չուներ նրա համար։ Ու դա ավելի քան տխուր էր, ավելի քան դաժան, ավելի՛ քան սարսափելի…
Աղջիկը, լուսնի ճամփան բռնած, ավելի ու ավելի էր հեռանում ափից։ Փոքրիկ հրեշտակի էր նման։ Թվում էր՝ պատրաստ էր ալիքներից պոկվելու ու թևելու դեպի լուսամահիկը և իր նրբագեղ պատկերը հուր-հավիտյան դաջելու այնտեղ։ Բայց նա թևաբեկ էր, ուստի կարող էր միայն սուզվել մինչև ծովի հատակը` գիշատիչ ձկների բաժին կամ ջուր դառնար։ Ի զորու էր միայն չլինե՛լ, վերջանա՛լ, գոյություն չունենա՛լ։ Այնուհանդերձ սրտի խորքում փայփայում էր ապրելու հույսը ու մտքի մեջ շարունակաբար կրկնում էր. «Գոնե վերածվեի փոքրիկ ձկնիկի ու երբե՛ք չհանդիպեի մարդկանց»։
Աղջկա հայրական տան այգում, խնձորենու վրա հուրհրան դեղին խնձոր կար։ Աղջիկն այդ անկրկնելի խնձորն էր։ Բայց օրերից մի օր խնձորի ներսում բուն դրեց, տեղավորվեց յուղոտ, մազոտ, գարշելի, պառաված որդը։ Գարշելի որդը այդ ճիվաղն էր, սևսիրտ մոլան։ Միայն մահը կարող էր փրկել նրան այդ նողկալի բիձայից։
Անզգայացրեց մարմինը, նետվեց քարի պես ներքև։ Ջրի շերտերը նրա մարմինը քաշում էին ավելի ու ավելի խորը։
Ինչ-որ տարօրինակ բան կատարվեց տիեզերքում։ Մութ երկնքի կենտրոնում, ուղիղ աղջկա գլխավերևում տիեզերքի հեռավոր մի կետից, ինչ-որ անհայտ համաստեղության աննշան մի մոլորակ շլացուցիչ լույս արձակեց և երկինքը բաժանեց երկու մասի։ Ափամերձ շրջանը լուսավորվեց, իսկ ծովի խորքն այդպես էլ մնաց անթափանց խավարի մեջ:
Ու այնտեղ, որտեղ լույսն էր, իր մեջքի հետևից կիսամեռ աղջիկը «որսում էր» ինչ-որ ծեր կնոջ աղոթք հիշեցնող մրմնջոցը։ Ո՞վ էր աղոթում, ու՞մ էր աղոթում, իր ո՞ր նախատատն էր նա։ Ձայնի մեջ հազարամյակների հիշողություն կար։ Այո՛, գուցե հազարամյակների ամայացած հիշողությունից նրա հեռավոր նախա-նախատատի ձայնի արձագանքն էր` այն հեռու, շատ հեռու ժամանակներից, երբ երկրի վրա իմաստուն կանանց իշխանությունն էր։ Ու երկինքն ու երկիրը ծեր կնոջ տիրական շուրթերով հռչակեցին. « Դեռ ժամը չէ, դեռ ժամը չէ…»։
Կեսգիշեր էր, ալիքները նետել էին նրան անծանոթ ափամերձ ժայռերի մոտ։ Հայրը ճրագը ձեռքին նրա կողքին էր, ուշքի բերեց, տաք ծածկոցով փաթաթեց.
– Պետք է ապրես, որովհետև դու ավելին ես անելու, քան ես…
Դստեր փրկություն հայցող աչքերի ահագնացող տագնապը և սեղմված շուրթերի քար լռությունը վաղուց էր անհանգստացմում հորը։ Թերևս տղամարդու՝ հեռավոր ճանապարհորդություն մեկնելու որոշումը կապված էր անդրանիկ դստեր հոգեկան առողջության մտահոգությամբ։ Կային նաև այլ շատ լուրջ պատճառներ, բայց հորից բացի ոչ ոք այդ մասին չգիտեր։
* * *
Ի վերուստ նախասահմանված էր, որ միայն այս օտար ծովափից աղջիկը կարող էր հասկանալ այնքան բարձր ու հեռու գտնվող արծաթա-մոխրագույն մուժի մեջ կորած լեռնային իր երկիրը: Աշխարհի համար այդ երկիրը աննշան, տաղտուկ մի տարածք էր, որի բնակիչները` տասը տարի, հարյուր տասը տարի, թերևս երկու հարյուր տասը տարի, կամ գուցե մի քանի դար ավելի վաղ, ապրում էին ձանձրալի մի կյանքով։ Մարդիկ կենտրոնացած էին միայն ապրուստի վրա ու մի տեսակ տագնապած փող էին տնտեսում նեղ օրվա համար ու միայն շահ ու օգուտ էին փնտրում միմյանց մեջ։ Երբվանի՞ց այդ ամենը սկսվեց։ Նրանք չէին հիշում և չէին էլ փնտրում իրենց կորած հիշողությունները: Չգիտեին՝ ովքե՞ր էին իրենք, որտեղի՞ց են գալիս, ինչու՞ էին այդպես ապրում։ Նրանք չունեին անցյալ։
Գուցե երկրի սահմանամերձ վայրերից եկող մինարեթների մեղրածոր էզանի հեռավոր արձագա՞նքն էր, որ երկրի բնակչությանը պահում էր մտքի կապանքի մեջ։
Կամ գուցե մեղավորը Քաջ Նազար թագավորի քաղցրաթով ելույթնե՞րն էին։ Թվում է՝ թագավորը մեկ բերանի փոխարեն բազմաթիվ բերաններ ուներ, և դրանք, միմյանց հերթ չտալով, անվերջ բլբլացնում էին։ Նրա շարունակական, չվերջացող շատախոսության, անմիտ աշխուժության, փոփոխուն դիմախաղի, խուսափուկ հայացքի ազդեցության տակ հպատակները քաղցր թմբիրի մեջ էին։ Ու չնայած թագավորը հրեշի պես խժռում էր հպատակների ժամանակը, այնուհանդերձ, նրանք երջանիկ էին, որ թագավորը պատիվ է անում զրուցել իրենց հետ, և նրա ձայնի թավշե թովչանքը երկրի բնակիչներին պահում էր մոռացման թմբիրի մեջ։
Երկրի բնակիչները ապագայի հայտնություն նույնպես չունեին։ Նրանք ապագայի մասին մտահոգված էին այնքան, ինչքան գիտակցություն չունեցող արարածները` բույնը կարգի բերող թռչունը, որ պատրաստվում է ձվադրման, ձմեռային քնի համար որջ փնտրող արջը, ցրտին պատրաստվող գետափնյա ծառի փչակը կարգի բերող ջրաքիսը։
Նրանք կարծեցյալ սթափ էին, թվում է ճիշտ են հասկանում իրականությունը, կյանքը, բայց ընդամենը պինդ սերտաճած էին իրենց ապրուստին ու հոգսերին, ինչպես խլուրդներն են կառչած իրենց բներին ու կերին։
Երկրի բնակիչները նայում էին, բայց չէին տեսնում, լսում էին, բայց չէին հասկանում, քանի որ նրանց հոգու աչքերը փակ էին։ Հոգի չունես, ուրեմն` մարդ չես…
…
Փոքրիկ աղջիկը դատապարտված էր մահվան, քանի որ ինքնասպանության դևը բույն էր դրել նրա ներսում։ Նման տեսակի դևերը շատ հետևողական են, կեղեքում են մարդկանց մտքերը, մինչև հասցնում ինքնակամ մահվան։
Տառապանքները, դժբախտությունները կործանում են մահկանացուներին։ Բայց հաճախ տարօրինակ հրաշքներ են կատարվում աշխարհում` մեծ ցավերին հաջորդում են մեծ պարգևները։ Աղջիկը պե՛տք է ապրեր։ Ուստի՝ Վերինը նրան մտքի, ոգու պարգև տվեց: Միտք, ոգի` դրանք աշխարհի ու տիեզերքի ամենահզոր ուժերն են, դրանք հաղթում են ոչ միայն դևերին, այլ տարածություններն և ժամանակները։
Նույն գիշեր ծովափնյա ավանի փոքրիկ հյուրանոցի իր անկողնում ժամանակը աղջկան հետ տարավ մեկ դար, տասը տարի, գուցե տասը օր ետ։ Նա սարսափելի ոճիրների ականատես եղավ։ Սարսափահար աղջնակը նախ որոշեց փախուստի դիմել` հետ վերադառնալ։ Բայց մնաց խոշտանգվող մարդկանց կողքին: Նա գիտակցել էր, որ ինքը նրանցից մեկն էր։ Նրանք իր ժողովուրդն էին` այդ տղամարդիկ, կանայք, ծերերը, երեխաները։
Տեսնելով նրանց տառապանքները, նրանց հանդեպ մեծ կարեկցանքից աղջիկը սկսեց ողբալ ` կորցրեց ինքն իրեն, իր եսը, իր ցավերը։ Նրա արցունքներն այնքան շատ էին, որ ծովերը կարող էին օվկիանոսների վերածել, օվկիանոսները ափերից հանել, ջրի մեջ կորցնել ամբողջ մոլորակը։
Նա հասկացավ, որ իր ցեղի մարդիկ, երբ սկսում են հիշել անցյալը, ապա սկսում են իրենք իրենց խղճալ, ու նրանց հետ կատարվում է այն, ինչ իր հետ կատարվեց։ Գուցե խոր ցավից հետո մեծ մոռացում էր պետք։ Աղջիկը հասկացավ իր հայրենակիցներին, հասկացավ, թե ինչու՞ են նրանք անանցյալ։ Որպես խելացի աղջիկ` եզրահանգեց, որ անցյալ չունեցողները չեն կարող ապագա ունենալ և սարսռաց այդ մտքից։
Զարմանալի զուգադիպությամբ զավթիչները նույնպես անանցյալ էին։ Նրանք նույնպես ժխտում էին անցյալը, նրանք նույնպես անցյալի չգոյության կարիքն ունեին։ Նրանք ուզում էին մոռանալ իրենց պապերի, ապուպապերի վայրագությունը։ Նրանցից լավագույնները շիկնում էին ամոթից, կարմրում այնպես, որ մթնոլորտի ջերմաստիճանը բարձրանում էր այնպես, որ մոլորակը կարող էր վերածվել բոցավառվող, ամոթից հրակիզվող աստղի։ Այդպիսինները քիչ էին, ուստի ավելի հավանական էր, որ մոլորակը տառապյալների արցունքներից վերածվեր մեծ ջրագնդակի, քան հուսո փայլուն աստղի։
Այնուհանդերձ, զավթիչները ապագայի տեսլական ունեին, ուստի նրանց վերնախավը ձեռնամուխ եղավ սուտ անցյալ հնարելուն։ Նրանց մեծ-մեծ ստեր էին մոգոնում նոր կայսրության պատմությունը կերտելու համար։ Սուտը գաղափարախոսությունը դարձավ` զավթիչների կայսրության կառուցման անկյունաքարը։ Սուտ անցյալը սուտ ապագա էր կերտում։
* * *
Որպեսզի Երկիր մոլորակը փրկվեր ու չկործանվեր աղջկա արցունքներից ու չվերածվեր մեծ մի ջրագնդի, Հոգին նրան տարավ հազար տարի կամ գուցե երկու հազար հարյուր տասը տարի առաջ… Երկու մայրցամաքների, երկու ծովերի, երկու գետերի արանքում մի հզոր երկիր տեսավ։
Ամրակուռ բերդի պարիսպները գրոհում էին զորեղ տղամարդիկ, որոնց առաջնորդում էր ջրի կաթիլի պես իր նման մի աղջիկ։ Աղջիկը հասկացավ, որ ինքն արդեն եղել էր այստեղ, կռվել այս մարդկանց հետ կողք կողքի։ Այդ Նմանակ աղջիկը ինքն էր։
– Առա՜ջ, առաջ մեր կողմն է արդարությունը,- սուրը ձեռքին առաջ էր շարժվում Նմանակը։
Նետերը շարժվում էր նրա շուրջը և ոչ մեկը չէր դիպչում նրան, կարծես թե Նմանակը կախարդված էր։ Նրա կախարդանքը խիզախությունն ու անբեկանելի արդարությունն էր։
Իսկ տաճարում արքան էր` ասպետական ոսկեջրած զինազգեստով, թանկարժեք պարեգոտով։ Նրա թիկունքը ծածկեցին նռնագույն զինանշանով` նախշազարդած մեջքով շրջված արծիվներով ու հավերժության նշանով, լուսապսակ ճակատին ամրացրին արքայական բարձր խույրը, որն ընդգծում էր դեմքի վայելչատեսությունը, խրոխտ կիսադեմը։ Տոնախմբությունը նվիրված էր Արքայի թագադրմանը` Արքայից Արքա, Աստված տիտղոսներով։ Խիտ բազմության, հազարավոր խանդավառ մարդկանց մեջ մեր հերոսուհին համառորեն փնտրում էր ասպետական հագուստով ազնվական դշխոյին։ Գտավ նրան։ Նմանակը ծնկած էր Արքայից Արքայի առջև, հետո գլուխը հպարտորեն վեր հառնեց ու Նրան հանձնեց զավթիչներից ազատագրված հայրենի քաղաքի դարպասների բանալիները։
Ասում են` անցնում է միայն այն, ինչը արդեն չի հուզում ո՛չ ոքի։ Ծովից ծով երկիրը, որտեղ ապրում էին Արքայաից Արքան ու ազնվական դշխոն, վաղուց-վաղուց չկա։ Այնուհանդերձ մեր հերոսուհին կորցրեց քուն ու հանգիստ ու գիշեր ու զօր մտածում էր իմաստուն Արքայաց Արքայի և իր Նմանակի մասին։ Նրա միակ փափագը դարձավ դառնալ նմանակ աղջկա պես։ Ուստի հեքիաթը շարունակվում է։
Սովորականի պես մթի մեջ սուզված հյուրանոցի պատշգամբից լսվում էր ալեբախության արձագանքը, և քամին ծովի աղահոտն էր սփռում շուրջ բոլոր, երբ աղջկա սիրտը ծառս ելավ անսովոր, անաձնական սիրուց դեպի իր հայրենակիցները։ Հոգնած, չարչկված մի բառ, որ վաղուց նրա հայրենակիցները սայթաքել և կորցրել էին, մտավ նրա սիրտը` հարություն առավ այնտեղ։ Բառը Հայրենիքն էր, որ դեռ կորած-մեռած էր իր երկրի համար։
Փոքրիկ աղջիկը ծնկեց պատշգամբի սառը սալահատակին։ Հայացքը ուղղեց դեպի աստղազարդ Երկինքը և խրոխտ պահանջեց.
– Ամենակարո՛ղ, Ամենատե՛ս, առաջնորդիր ինձ։ Եվ օգնիր ինձ արժանապատիվ անցնել ճանապարհս…
* * *
Հանգստյան օրերը սպառվեցին։ Հայրը բազմաթիվ ծանր արկղեր բարձել տվեց ծառաներին ու հետ ճամփա ընկան, դեպի իրենց լեռները։ Ավագ դուստրը նստած էր հոր կողքին ու չէր ուզում բաց թողնել նրա ձեռքը։ Տուն դարձի ամբողջ ընթացքում մայրը գողունի հետևում էր դստերը։ Մեղմ էր աղջկա բնույթը, քաշվում էր մորից ու վերջինիս սուր հայացքներից խուսափելու համար բաց թողեց հոր ձեռքը։
Աղջիկը նման էր մեզնից շատերին. հագուրդ տալով շրջապատի հետ վեճերից խուսափելու ու դրանցից ազատվելու ավելորդ գլխացավանքներից, անցնելով մի տեսակ ինքնապահովագրման ցանկություններով, վախենալով ընդվզել, մենք կորցնում ենք ի վերուստ մեզ համար նախասահմանված առաքելությունը։ Եվ այդպես… աղջիկը, ինչքան հեռանում էր ծովափնյա քաղաքից, այնքան կորցնում էր իր պայծառատեսությունը, ու երբ մոտեցավ լեռնային իր երկրի սահմաններին, հայտնվեց ինչ-որ թմբիրում, ու մոռացավ… իր Նմանակին։
Երբ հասան քաղաք, նրանք տեսան այն, ինչը չէր կարող ենթադրել այդ երկրամասի որևէ բնակիչ։ Քաղաքում մոլեգնում էր ապստամբությունը։ Մոլեգնած բնակիչները գոչում էին.
-Մահ մարդասպաններին….
Ամենուրեք հրդեհների կծվահոտն ու սև մշուշն էր։ Սպանվածներ շատ կային։
Հաջորդ օրը կեսօրին հարևան թաղամասից հուղարկավորության թափորն անցավ նրանց տան լուսամուտների առջևով։ Սարսափահար մայրը չէր հավատում աչքերին։ Դա այն երիտասարդի թաղումն էր, որի հարսանիքին երեկոյան պետք է ներկա լինեին։ Երիտասարդը զոհված ապստամբներից մեկն էր։ Կինը խիստ մտահոգվեց և սկսեց մտորել, որ անմեղ հայացքով և վարդագույն այտերով իր դստեր ներսում ապրում է ուրիշ մեկը։ Գուցե թե այդ ուրիշը վհու՛կ էր, կախարդու՛հի կամ հուշկապարի՛կ։ Կամ գուցե նրանք շատ էին` բոլորը միասին։ Մայրը սարսափեց այդ մտքից, քանի որ գիտեր, որ նմանները դժբախտություն են բերում։ Եվ այդ օրվանից դստեր ներկայությունը ատելի դարձավ նրան։ Մորը թողնենք իր ատելության հետ ու շարունակենք մեր հեքիաթը։
* * *
…Ապստամբության առիթը սխալ դատավարություններն էին։ Դատում էին ոչ տեղաբնակ երկու բժիշկների։ Տասնյակ տարիներով վիրահատությունների համար իրենց աջակցությանը դիմած կանանց սերմնափողերը կապել էին, զրկել նրանց մայր դառնալու հնարավորությունից, իսկ ծննդկան կանանց մոլորեցրել էին, համոզել, որ նրանք մեռելածին երեխաներ են ունեցել և նորածիններին վաճառել երկրից դուրս։ Բոլոր տուժած կանայք, մայրերը` տեղաբնակներ էին: նեցրեց…
Դատում էին նաև իմ կողմից արդեն հիշատակված գարշելի, որդանման ծերուկին: Պարզվեց նողկալի բիձան հանցագործ բժիշկների հայրն է, նրանց ոգեշնչողը։ Նրա տան ստորգետնյա խորշերում մանկահասակ աղջիկների խոշտանգված դիակներ էին գտել։ Բոլոր խոշտանգվածները տեղաբնակներ էին։
Ոչ ոք գիշերը չքնեց. ծնված և չծնված մանուկների, խոշտանգված օրիորդիկների հուսահատ քրքիջը կախված էր գիշերային լռության մեջ, որ լուսաբացին վերածվեց կանանց ու մայրերի լաց ու կոծի։
Անհերքելի էին հանցագործության ապացույցները, բայց դատարանի որշումները տարօրինակորեն մեղմ էին հանցագործների հանդեպ` հորը մեկ տարվա ազատագրում ուղղիչ տանը, որդիներին`արդարացում։
Դատավճիռն այնքան անհեթեթ էր, որ մարդկանց աչքերից թափվեցին թեփուկները, նրանք սրտի խոր կսկիծով հասկացան, որ իրենց երկիրը արյունարբու զավթիչների տիրապետության տակ է։ Իսկ Նազար թագավորն ընդամենը խամաճիկ է նրանց ճիրաններում։
Ժողովրդի զայրույթն այնքան մեծ էր, որ իրենց իսկ ձեռքերով սպանեցին հանցագործներին ու նրանց հովանովորող օտարեկրացի պաշտոնյաներին…
Քաղաքում պարետային ժամ էր։ Զավթիչները հույս ունեին մի քանի ժամվա մեջ արյան մեջ խեղդել քաղաքի անզեն բնակիչներին։ Օրհասական այդ պահին աղջկա հայրը դիմեց իր հայրենակիցներին.
– Վեր կացեք, սիրելիներս, եթե ոչինչ չանենք, ապա կկործանվենք։
Ժողովուրդը տեսավ հոր աչքերի լույսը։ Նրանք հավատացին նրան ու խնդրեցին.
– Առաջնորդիր մեզ։
Միայն այդ ժամանակ հայրը հեռավոր ծովափից բերված հրացաններն ու նռնակները բաժանեց նրանց։ Թերևս ինչ-որ ձևով նա էր միայն կանխատեսել դեպքերի նման զարգացման ընթացքը։ Ամենուրեք մարդիկ ողջունում էին նրան հիացական բացականչություններով, համախմբվում նրա շուրջը, օրհնանքի համար առաջ էին մեկնում իրենց մանուկներին։ Նրա կողքին մոռանում էին երկպառակությունները, սեփական շահը, անհանդուրժողականությունը, չարությունը։ Սերն ու միաբանությունն էր թևածում նրա շուրջը։ Այն տարածվեց ամենուրեք, ճախրեց դեպի երկինք` թևածեց երկրով մեկ, պարուրեց մի ամբողջ ժողովրդի, ու նրանք մեկ սիրտ դարձան, մեկ բռունցք։ Ամեն ինչ փոխվեց։ Բոլորը կերպարանափոխվեցին: Ըստ էության՝ նրանք քաջ մարդիկ էին, բայց մոռացել էին այդ մասին։ Ցեղի արժանավորագույն մարդիկ դարձան նրա օգնականները։ Նրանց կողմն էր արդարությունը, քանի որ նրանց առաջնորդում էր իրենց հողերը, Հայրենիքը հետ վերադարձնելու բուռն ցանկությունը։ Հերոսության ու խիզախության աննախադեպ շատ դեպքեր եղան։ Հայրենիքի երկու բաժանված հատվածները միացան։ Եվ երկրի քարտեզը նմանվեց գանգրամազ մազերով գեղեցիկ աղջկա կլորավուն պրոֆիլի, սահմանամերձ անհասանելի բարձունքներով։ Եկավ խաղաղության և լիության մի քանի տարի։
* * *
…Հետո դժվար ժամանակներ եղան։ Հյուսիսից` կարմիր բերետով խարտյաշ դևի զորքերը, հարավից գորշ գայլ թագավորի, արևելքից` երկու դևերի խաչասերումից ծնված դևուկի բանակը, արևմուտքից անթիվ-անհամար մոջայիդների հետ միասին հարձակվեցին նրանց վրա։ Ու շրջապատեցին երկիրը` փակեցին արևն ու երկինքը։ Սովն ու ցուրտը դարձան երկրի տերերը։ Սառած ու սոված մարդկանց սրտերում վախը բույն դրեց, վախը իրենց մանկանց, կանանց, ծերերի համար։
Նազար թագավորը նորից հայտնվեց ասպարեզում։ Ամբոխը գիշեր ու զօր ունկնդրում էր անմիտ թագավորին, խելքամաղ լինում նրա ձայնի թավշե ելևէջներից։ Նրանց ուղեղի գալարները օրեցօր հարթվում էին, արդուկվում, և հպատակները վերածվում էին տկարամիտ զանգվածի, որն ընդունակ չէր որևէ տրամաբանության ու ճշմարիտ եզրահանգման։ Թագավորը մեծ երկպառակություններ սերմանեց ժողովրդի մեջ։ Վախի, պարտության խոսքեր հնչեցին երկրի քաղաքներում, ավաններում, գյուղերում։ Ժողովուրդը սկզբից շշուկով, ապա բարձրաձայն սկսեցին մեղադրել իրենց առաջնորդներին։ Հատկապես մեղադրում էին հորը։ Հայրը խախտել էր խնայողության սրբազան սովորույթը.
– Ո՞վ է տեսել, որ մարդը ընտանյոք հանդերձ մեկնի հանգստի, քամուն տա իր ունեցվածքը։ Եթե չմեկներ, զենքերն էլ չէին հայտնվի երկրում, և մենք էլ էս զուլումի առջև չէինք կանգնի։ Մեղավորները առաջնորդներն են, որ բարկացրին թշնամիներին։ Թավիշ թագավորը ճիշտ է` պետք զիջել, ամեն ինչ հանձնել թշնամիներին, գոհ ու երջանիկ պահել նրանց, էդ դեպքում նրանք չէին ասի աչքիդ վերևում հոնք կա ու էսպես անխնա չէին ոչնչացնի իրենց…
Միաբանության ու սիրո տոնը ավարտվեց երկրում։ Նեռի «խրախճանքն» էր երկրում։ Մթագնած ուղեղով ժեխը բանտարկեց երկրի առաջնորդներին ու սահմանամերձ բարձրադիր ամրոցների բանալիները հանձնեց թշնամիներին։ Ու դրանից հետո նրանք, բթացած խղճով առանց ամոթի սկսեցին քարշ տալ իրենց անպատիվ, խղճուկ գոյությունը, չմտածելով, որ այդպես ընթանալով կորցնելու են ոչ միայն ի վերուստ իրենց պարգևած Երկիրը, այլ նաև իրենց հոգիներն ու Երկինքը…
***
Աղջիկը վերջին անգամ հորը տեսավ քաղաքի հրապարակում անարգանքի սյունին գամված, ի տես և սարսափ բոլորի, որոնք երբևէ կփորձեն ընդվզել արյունարբու թշնամիների դեմ։ «Ի՜նչ անասելի վատն են մարդիկ, արժանի միայն արգահատանքի` երեկ Հայրս նրանց Աստվածն էր, այսօր` ամենավերջին սրիկան»,- հեկեկում էր աղջիկը ճեղքելով հռհռացող ամբոխը, որ «թամաշայի» էր եկել։ Այնուհանդերձ, ամբոխի մեջ հատուկենտ քաղաքացիներ պատկառանքով ճանապարհ էին տալիս նրան։ Նրանք ճանաչում էին առաջնորդի դստերը։
Հայր ու դուստր աչքերով հրաժեշտ տվեցին միմյանց։ «Սիրիր ու ներիր մարդկանց, նրանք չեն հասկանում, թե ինչ են անում», – հազիվհազ աղերսեց խոշտանգված, խաչված դատպարտյալը դստերն այնպես, ինչպես երկու հազար տարի առաջ խաչափայտից մեկ այլ մահապարտ` Երկնքում ապրող իր Հորը։
Հայրն ընդունեց բոլոր անհիմն քաղաքական, քրեական մեղադրանքները, ընդունեց ամեն ինչ, ինչ պարտադրում էին օրենքի և ճշմարտության նենգ, ծախու քննիչներն ու դատավորները, որպեսզի փրկի իր երիտասրդ համախոհներին։ Հորը հաջողվեց ազատել միայն մի քանիսին, որոնցից մեկը երբեմնի այն աշխույժ տղան էր, որ մի ժամանակ սիրում էր մեր հեքիաթի աղջկան։ Այժմ նա ամրակուռ, խելացի մի երիտասարդ էր։ Աղջիկն ու տղան հանդիպեցին հրապարակին կից նեղ նրբանցքում։ Երիտասարդն առաջարկեց ուղեկցել նրան տուն, քանի որ արդեն ուշ երեկո էր, ու քաղաքը մահապատժի առիթով լցված էր ամեն տեսակ խուժանով, գողերով, հանցագործներով։ Խաչափայտին հորը տեսնելուց հետո մարել էր դստեր ապրելու վերջին հույսը։ Նա ուշաթափության եզրին էր։ Ավագ դուստրը հենվեց նեղ նրբանցքի սառը պատին և ուժերի վերջին լարումով տիրապետեց իրեն։ Աղջիկը նման չէր իրեն, նա ուզում էր փախչել բոլոր մարդկանցից։ Առանց որևէ պատասխանի շրջվեց տղայից ու շարունակեց իր ճանապարհը։ Տղան հեռվից հեռու ստվերի պես հետևեց աղջկան, ուղեկցեց նրան մինչև տուն։ Երիտասարդը մտահոգված էր, գիտեր, թե ինչ վտանգներ էր սպասվում առաջնորդի աղջկան քաղաքի մութ նրբանցքներում։ Բայց խնդիրը միայն այն չէր, որ երիտասարդն անհանգստանում էր առաջնորդի դստեր անվտանգության համար։
Իրականում տղան մինչ օրս սիրում էր աղջկան այնպես, ինչպես պատանի ժամանակ։ Նա պատրաստ էր հանուն այդ աղջկա փոշի դառնալ, կորչել… Այն ճամփի փոշու պես, որով կանցներ գեղեցիկ աղջկա ոտքը…
* * *
Հիմա գանք ու պատմենք աղջկա մոր մասին։ Ինչ էր կատարվում այդ կնոջ հետ, որ միշտ գոհ ու ապահով ապրել էր նվիրյալ, կարող ամուսնու կողքին։ Նա զրկվել էր ամեն ինչից։ Թվում է, որ դժբախտությունը մորն ու աղջկան պետք է միավորեին, դարձնեին երկուսին մեկ` դիմագրավելու ճակատագրի սարսափելի շրջադարձը, աղքատությունը, կառավարիչների ու դրացիների հալածանքները։ Բայց մայրն օր օրի ավելի էր ատում աղջկան, համարում էր, որ ամեն ինչում մեղավորը նա է` անմեղ հայացքով ապագա կանխագուշակող այդ փոքրիկ վհուկը։ Նրա համար սարսափելի էր մեկ հարկի տակ ապրել մահվան գուշակի հետ։ Կինը ձգտեց հնարավորինս շուտ ազատվել աղջկանից։
Ամեն ինչ ավելի քան բարեհաջող դասավորվեց։ Ծովափնյա այն քաղաքից, որտեղ ապստամբությունից առաջ նրանք մեկնել էին հանգստի, տեղի մեծահարուստներից մեկը տարիներ առաջ նկատել էլ դեռափթիթ ավագ դստերն ու տենչում էր, որ վաղ թե ուշ մղոններ հեռու լեռներում ապրող փոքրիկ գեղեցկուհին դառնալու էր իր կինը։ Այն, ինչ տեսավ մեծահարուստը, ապշելիք էր, նախշուն աղջիկը հասունացել էր, փթթել էր իր ամբողջ հասակով մեկ, դարձել մի հուրի-փերի, մի անտես-աննման, որին ո՛չ ուտես, ո՛չ խմես, այլ գիշեր ու զօր նայես։… Մեծահարուստը խելքամաղ եղավ աղջկա կախարդանքի առջև ու առանց երկմտելու կատարեց մոր պահանջը` որպես դստեր գլխագին մի ահռելի հարոտություն տվեց նրան։ Աղջկան տարավ ծովափնյա իր քաղաքը, եկեղեցով ու խաչով ամուսնացավ նրա հետ։
– Խոսք եմ տվել Աստծուն ու հուր-հավիտյան քեզ հավատարիմ կլինեմ Քեզ, Տեր իմ,- հարսանիքից հետո ավագ դուստրը ասաց իր ամուսնուն։ Եվ իրոք նա արժանապատիվ, իր խոսքին տեր կանգնող աղջիկ էր։ Հայրն էր նրան միշտ այդպես խրատել։ Ավագ դուստրը երբե՛ք չէր դրժի ամուսնուն տված խոսքը ու մինչ խոր ծերություն պատրաստ էր նրա կողքին մնալ և՛ հիվանդության, և՛ դժբախտության օրերին, և՛ լայն, և՛ սուղ օրերին։ Բայց դեպքերն այլ կերպ ընթացան։
Ծովափում աղջկա պայծառատեսությունը հետ եկավ։ Նա օր ու գիշեր սևեռված էր լեռնային իր հեռու երկրի վրա ու այն, ինչ կատարվում էր այնտեղ, մորմոքում էր նրա սիրտը։ Նա տեսնում էր, թե ինչպես Նազար թագավորը լուծարեց զորքը, առանց կրակոցի ու դիմադրության հրաժարվում էր երկրի սահմանամերձ բերդերից, գյուղերից, ավաններց, բոլորը հերթով հանձնում էր թշնամուն։ Հանձնվեց աղջկա երկրամասը, ծննդավայր քաղաքը`ամրակուռ բերդերով, պաշտպանական բարձունքներով։ Թվում էր, որ շուտով գալու է այն օրը, որ երկրում այևս տեղ չի գտնվելու նրա գահավորակի համար, ու թագավորը ո՛չ մի հպատակ ունկնդիր չէր ունենա, քանի որ բոլորը կլքեն երկիրը։ Ու բոլորից առաջ երկիրը կլքի հենց ինքը թագավորը։
Հազարամյակների ընթացքում գոյություն ունեցող երկիրը մի քանի տարում կարող էր հօդս ցնդել՝ վերածվելով գազային գոլորշու։
* * *
…Մեծահարուստը ցանկասեր, վավաշոտ մարդ էր, և փափագում էր իր կողակցի սերն ու կիրքը, տեղի անտեղի շքեղ զգեստներ ու զարդեր էր նվիրում նրան։ Ծառաները նրա հրամանով թաքուն ցանկասիրություն բորբոքող թուրմեր էին լցնում տիրուհու խորտիկների մեջ, հուռութքներ, հմայիլներ կապում զգեստների, անկողնու գաղտնածածուկ ծալքերում։ Բայց ո՛չ մի նվեր, ո՛չ մի դեղ ու ճար չփոխեց աղջկա բնույթը, նա մարմարի պես սառն էր ու անհաղորդ։ Հուսահատ մեծահարուստը ցավով ընդունեց, որ գայթակղիչ գեղեցկությամբ իր կինը, բնավ գայթակղիչ չէ, այլ անսեր, անսեռ, անկիրք չոր մի փայտ է։ Ու երբ հասկացավ, որ ոչ մի ձևով հնարավոր չէ փոխել կնոջ բնույթը, ապահարզանի թուղթ ձևակերպեց ու բաց թողեց նրան.
– Սրանից դենը ազատ ես, արա, ինչ ուզում ես, գնա, որտեղ սիրտդ ուզում է…
Էհ, առավոտ լույսը բացվեց, բայց երկնքում դեռ լուսին կար, երբ աղջիկը ժողովեց իր հասանելիք շորերը` հավաքեց, բարձել տվեց մշակներին, ճամփա ընկավ։ Նա տխուր էր, որովհետև հայրենի ծննդավայր քաղաքի, տան դարպասները փակ էին և՛ իր, և՛ իր ազգակիցների համար։ Այնտեղ թշնամին էր, ու թերևս երբե՛ք հույս չկար վերադառնալու իր նախահայրերի բնօրանը։ Ինչքան էլ տխուր լիներ աղջիկը, նշխարաչափ, հալումաշ եղած Հայրենիքի դեռ կար, գոյություն ուներ։ Ու աղջիկը շտապում էր այնտեղ։ Նա վերադարձի տեղ ուներ։ Աղջկան թողնենք իր երկար ու դժվար ճանապարհին, ու ձեզ պատմեմ, թե ինչ է կատարվում երկրում։
* * *
Երկիրը շփոթ վիճակում էր։ Սուգն ու վիշտը շատ էր երկրում։ Անթիվ էին զավակներ կորցրած մայրերը, ամուսիններ կորցրած այրիները։ Նրանք՝ այն սրտացավ, հայրենասեր փոքրամասնությունը, որ ժամանակն ու կյանքն չէին խնայել երկրի համար, անկարող էին հարմարվել այն մեծ հրճվանքի կորուստի հետ, որը հաղթանակն էր։ Նրանցից շատերը ներփակվեցին իրենք իրենց մեջ, հայտնվեցին խոր ընկճախտի մեջ։ Հավատացյալներն երես շրջեցին վախկոտ թագավորից` փակվեցին մենաստաններում, զօր ու գիշեր աղոթում և ողորմություն էին խնդրում երկրի համար, իսկ սուտ աստղագուշակները փուչ մարգարեությունններ էին անում հօգուտ նրան։
Իրականությունն այնքան ծանր էր, որ մարդկանց մոռացում էր պետք. ցանկասերներն առաջնորդվում էին` «պե՛տք է ապրել» սկզբունքով ու ավելի վավաշոտ ու անհագուրդ էին դարձել։ Պատմության, խոր անցյալի, դեռ Արքայից արքայի փառքի մեջ ապրողները խիստ մեկուսացման մեջ մագաղաթների հետ «կռիվ էին տալիս», պնդելով, որ հավատարիմ էին ի վերուստ իրենց տված առաքելությանը, «ուտող-խմողները» ավելի շատ քեֆ էին անում՝ հետևելով «քեֆ արա Հասան, աշխարհում մեռնել կա» կարգախոսին, շոր ու փալասի հետևից ընկնողներն ավելի ու ավելի անունով թանկ ապրանքներ էին կրում։ Էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը…. Իսկ թշնամին ավելի ու ավելի էր մոտենում երկրի սահմաններին։
Խնդիրը թերևս ավելի լուրջ էր, քան շեկ կամ գորշ գայլ դևերն էին կամ նրանց խաչասերումից ծնված նենգամիտ դևուկը, ինչ-որ ավելի մեծ բան` աներևույթ սարդոստայնով, գերհարստանալու մարմաջով ղեկավարում էր աշխարհում կատարվող ամեն բան: Դա շահի, օգուտի, մամոնայի հոգին կրող յոթ գլխանի դևն է, որը վերջին ժամանակները այնքան էր հարստացել, ուռճացել, որ գլուխների քանակը յոթից հասել էր քառասունի։
Արևելքի ու արևմուտքի, հյուսիսի ու հարավի արանքում գտնվող փոքրիկ երկիրը մեծ շերեփով խառնում էին վերևից, նրա գոյությունը շահ ու օգուտ փնտրող ոչ մի գերտերության պետք չէր։
…Աղջիկը անչափ ուրախ էր, երբ հասավ իր երկիր։ Նա սարսափում էր այն մտքից, որ մի օր Հայրենիքը կարող էր չլինել, ինչպես իր ծննդավայրը։
Մորը չգտավ։ Մահից մազապուրծ իր շատ համաքաղաքացիների պես, նա իր զավակների հետ հանձնվել էր յոթ դևի տիրապետության տակ գտնվող ինչ-որ երկրի իշխանությանը, որը նրանց արագ ու կազմակերպված առաջնորդում էր` մոռանալ մանկությունը, անցյալը, հորը, քրոջը, Հայրենիքն ու մայրենի լեզուն։
Երկիրը ճակատագրական օրերով էր անցնում։ Բայց ինչքան էլ թմբիրի մեջ գտնվեր ցեղը, մարդիկ քնելուց առաջ գիշերները շուռումուռ էին գալիս անկողնում, կորցրել էին քուն ու հանգիստ։ Հիշում էին իրենց առաջնորդին, որի կենդանության օրոք այնքան լավն էին, ուժեղ, ազնիվ… Նրանք կարոտում էին կորցրած հաղթանակը, ամաչում էին անպատվաբեր ներկայից, ուր մարդը օրեցօր սպանվում էր իրենց ներսում։
Լուսայգ էր, երբ ավագ դուստրը վերադարձավ երկիր։ Լուրը տարածվեց երկրով մեկ, մեծ խանդավառություն առաջացրեց բոլորի մեջ։ Ժողովուրդը քաղաք առ քաղաք, խումբ առ խումբ, ընտանիք առ ընտանիք ինքնամոռաց ուրախությամբ, վառ հույսերով ու հափշտակությամբ գալիս էր առաջնորդի դստերն ընդառաջ։ Տղան նույնպես եկավ նրան տեսնելու։ Նա չէր կարող չգալ։ Տղայի սերը աղջկա հանդեպ սովորական չէր, նա որոշում ուներ աղջկան սիրել մի ամբողջ հավիտենականություն։ Միայն նման սերը կարող էր հարություն տալ անապատի վերածված կնոջ ցամաքած սիրտը։ Չնայած կինը վաղուց սպանվել էր նրա ներսում, այնուհանդերձ, սերը տղայի ափի հպումից փոխանցվեց նրան։ Սերը փթթեց, ծաղկեց առաջնորդի դստեր հոգում։ Եվ սերը կին դարձավ ու սիրեց իր տղամարդուն։
Յոթ օր ու գիշեր հարսանիք եղավ, ու ժողովուրդը նորապսակներին կարգեց իրենց ու երկրի գլխին` թագավոր ու թագուհի։ Մի ամբողջ երկիր այգաբացի ուրախության մեջ էր, քանի որ մեծ էր սիրո, կյանքի հրճվանքը։ Ու խանդավառ հպատակները երջանիկ էին, որ պատերազմներից, հազարավոր մահերից հետո կա հարսանիք ու տոն։ Բոլորը սրտատրոփ սպասում էին, որ բազմաթիվ մահերից հետո լինելու են անթիվ-անհամար ծնունդներ ու գեղեցիկ հրաշքներ, որ ո՛չ աչքն է տեսել երբևէ այս երկրի վրա, ո՛չ էլ ականջն է լսել։… Նրանց սպասումը արդարացավ, երբ թագուհին ինը ամիս, ինը օր, ինը ժամ հետո ծնկեց ու ոսկեգանգուր տղա ծնեց։
Ճիշտ ժամանակն է հեքիաթն ավարտելու և գրելու երկնքից երեք խնձոր ընկնելու մասին, բայց այս ժողովրդի ճակատագրի մասին մինչ օրս ինձ տարբեր շշուկներ են հասնում։ Ասում են, որ թագուհին դարձավ իր Նմանակի պես, թիկունք կանգնեց սիրեցյալ թագավորին, երկիրն ազատեցին Նազար թագավորի կամայականությունից, բաժան – բաժան տարածքները միավորեցին, վերգտան կորցրած հայրենիքները և վերադարձրեցին նրան երբեմնի փառքն ու ապահովությունը, այդպիսով խափանելով իրենց երկրի համար մամոնա անունը կրող քառասուն գլխանի դևի բոլոր դիվական ծրագրերը։ Ու միայն դրանից հետո հզոր տերությունները հարգեցին նրանց ու սկսեցին նրանց հետ նստել ու վեր կենալ հավասարի պես….
Նաև հակասող լուրեր հասան ինձ այն մասին, որ ի վերուստ այդ ցեղին տրված բոլոր առաձնաշնորյալ շնորհները նրանք պետք է փոխանցեին երկրի վրա ապրող բոլոր մյուս ժողովուրդներին, ազգերին, ուստի պիտի լքեին իրենց երկիրը, ձուլվեին, կորչեին, հալչեին մյուս ազգերի մեջ։ Երկրի վրա նրանց մասին հիշողությունը պետք է իսպառ տրորվեր ու կորչեր, քանզի թշնամիները իսպառ ոչնչացնելու էին նրանց հիշատակները, որպեսզի նույնիսկ հողը մոռանա երբեմնի իր բնիկներին, նրանց ստեղծարար անուշահոտությունը ցնդեր, անէանար աշխարհի վրա գերիշխող մյուս հոտերի մեջ։
Ասում են, որ թագավորն ու թագուհին ամեն կերպ պայքարեցին այդ մարգարեության դեմ, որպեսզի ի վերուստ Տիրոջ արարման առաձնաշնորհյալ սերմն իր մեջ կրող քաղաքակրթությունը չոչնչանա։ Դա նրանց առաքելությունն էր, ու նրանք մինչև իրենց կյանքի վերջին շունչը հավատարիմ գտնվեցին ի վերուստ իրենց տված կոչմանը։
Ու մի օր, երբ նրանք կանգնած էին լրիվ բնաջնջման եզրին, կանգնեցին թշնամիների դեմ հանդիման, կենաց-մահու ճակատամարտում։ Թագավորն ու թագուհին, հավատարիմ հպատակների հետ իրենց կյանքի գնով, իրենց մարմիններով պատնեշեցին ոսկեգանգուր փոքրիկ արքայազնին, ծծկեր ու մատղաշ մանուկներին, բոլոր անչափահասներին։ Երբ թշնամիների բիրտ զենքերից նրանք արյունաքամ էին լինում մահվան ճիրաններում` ինչ-որ տարօրինակ բան կատարվեց տիեզերքում։
Մութ երկնքի կենտրոնում, ինչպես տարիներ առաջ հեռավոր ծովում, արդեն տեղի էր ունեցել փոքրիկ աղջկա գլխավերևում` տիեզերքի հեռավոր մի կետից, ինչ-որ անհայտ համաստեղության աննշան մի մոլորակ շլացուցիչ լույս արձակեց ևերկինքը բաժանեց երկու մասի։ Այս անգամ այնտեղից վայրէջք կատարեց հրթիռը, որտեղից հրեշտակներ դուրս եկան։
Նրանք փրկեցին ոսկեգանգուր թագաժառանգին, կաթնակեր մանուկներին, բոլոր պատանիներին, պարմանուհիներին ու հասցրեցին նրանց տիեզերքի կենտրոնում գտնվող անհայտ համաստեղության կանաչ մոլորակը։ Այդ երեխաները մեծացան ո՛չ թե տարիներով ու ամիսներով, այլ օրերով ու ժամերով։ Ստեղծվեց նոր մի քաղաքակրթություն, որտեղ չկան ցեղասպանություններ, պատերազմներ, սուգ ու մահ, տագնապ, կորուստ, ցավ ու անելանելիություն։ Այնտեղ իշխում է Սերը, Կյանքը, Անվտանգությունը ու հավերժական Արարումը։
Վերջապես եկավ այն պահը, որ երկնքից թափվեն երեք կենաց խնձորները, առաջինը` կանաչ մոլորակում ապրող հրաշալի մարդկանց և հանուն նրանց ապագայի իրենց կյանքը զոհված հերոսներին, երկրորդը` սիրելի ընթերցողներին, որպեսզի երկրի և երկնքի վրա նրանց բոլոր բարի, առաքինի գործերը ծաղկեն ու տասնապատիկ, քառասունապատիկ, հարյուրապատիկ անգամ բարի պտուղներ տան։
Վերջին խնձորը թո՛ղ իմը լինի, որպեսզի այն տրոհեմ մանրագույն կենարար մասնիկների ու բաժանեմ իմ ընկեր հեքիաթասացներին, որպեսզի նրանք սփռեն սիրո, հույսի, կարեկցանքի մասին իրենց հրաշագործ զրույցները աշխարհին, տվնջական աստղերին ու հավիտենականությանը…