Ուղերձ արցախահայերին. Ռաֆայել Իշխանյանի անտիպ հոդվածը

Մի օր (1989 կամ 1990 թվականն էր) երջանկահիշատակ Ռաֆայել Իշխանյանը եկավ խմբագրություն ու, սեղանիս դնելով այս հոդվածը, դառնացած ասաց․ «Հանել են համարից։ Չեմ ուզում հավատալ, որ իմ ուսանողը, ում ես կրթել, սիրել եմ տվել մեր մշակույթն ու լեզուն, մի օր պիտի դեմ լինի այս հոդվածին։ Ափսոս իմ աշխատանքը, ուրեմն իզուր եմ ապրել»։

Հանգստացրի, հորդորեցի, որ այդպես չէ, որ գյուղերում մեր աշակերտները հրաշալի հայերենով են կրթվում։ Պատմեցի վերջին գործուղմանս մասին, թե ինչպես էին Վերին Բազմաբերդ գյուղում աշակերտները երգում մեր ազգագրական գեղեցիկ երգերը։

Պրոֆեսորը մի տեսակ թևաթափ էր, չէր հանդարտվում, հետո ասաց․ «Մի ծանոթ ունեմ լուսավորության մինիստրությունում, բավական բարձր պաշտոն ունի։ Մի օր գիտե՞ս ինձ ինչ ասաց․ «Ո՞ւմ համար եք գրում, կամ հայ գրողներն ո՞ւմ համար են գրում, և ինչո՞ւ են գրում։ Տասը տարի հետո ոչ մեկը հայերեն չի կարդալու»։ Եվ սա ասում էր լուսավորության բնագավառի աշխատողը, որը կոչված է հսկելու հանրապետությունում կրթության գործը»։

Հիշեցի մեր զրույցը ռուս լրագրող Մարկ Գրիգորևի հետ՝ ազգային լեզվով կրթության անհրաժեշտության մասին։

«Մեզ պետք չէ ռուսերեն լեզվով գրող այլազգի կիսագրագետ պոետ։ Մերն էլ մեզ հերիք է: Չեմ հասկանում՝ ինչու ռուսերեն պիտի սովորեք, երբ մենք՝ ռուսներս, բուն Ռուսաստանում երբեմն դժվարանում ենք սեփական լեզուն հաղթահարելու հարցում։ Մի՞թե այդքան հեշտ է մեր լեզուն սովորելը։ Նույնիսկ վիրավորական է»,- ասել Է ռուս լրագրողը:

Իմ արխիվում գտնված այս բնագիր հոդվածի տպագրությունը ևս մեկ հուշարձան կլինի՝ մեր լեզվի անկեղծ նվիրյալ, սիրելի պրոֆեսորի անմահ հիշատակին:

Շուշան Ղազարյան, լրագրող, հրապարակախոս

Ուղերձ արցախահայերին

Սիրելի արցախցիներ, հարազատներ, «Խորհրդային Ղարաբաղ» թերթի այս տարվա սեպտեմբերի 3-ի համարում սրտի խոր ցավով կարդացի, որ այս տարի Ստեփանակերտում 430 հայ երեխա ընդունվել է ռուսական դպրոցների առաջին դասարանները։ Դա կազմում է այս տարի ձեզ մոտ դպրոց ընդունվածների 40 տոկոսը։ Սարսափելի է։ Դուք 430 հայերով էլ ավելացնում եք ռուսախոս արցախցիների բանակը։ Ձեր ղեկավարները հանահավաքներում, ժողովներում կամ հեռուստատեսությամբ մեծ մասամբ խոսում են ռուսերեն։ Այինքն նրանք մեր հազարամյակների հայկական, հայաշունչ Արցախը ներկայացնում են ռուս ազգի լեզվով։ Եվ արդարանում են՝ պայմանները։ Սուտ է։ Օրինակ, ո՞վ է ստիպել այս տարի Ստեփանակերտի 430 հայազգի ծնողներին իրենց զավակներին տալ ռուսական դպրոց։ Ոչ ոք։ Վաղը-մյուս օրը այդ երեխաները մեծացած նույնպես ռուսերեն ելույթներ են ունենալու եւ արդարանալու՝ պայմանները։ Վերջ տանք կեղծավորությանը, մեր մեղքերը ուրիշների վրա չգցենք։ Արդարացում չկա։ Ինչո՞ւ հայաստանցի ադրբեջանցները՝ բոլորն անխտիր գիտեն իրենց լեզուն, իսկ բաքվեցի, սումգայիթցի, կիրովաբադցի եւ, ցավոք, նաեւ արցախցի հազարավոր հայեր խուլ ու համր են իրենց ազգային լեզվից։

Սիրելի բարեկամներ, մենք կարծես դիտմամբ ուզում ենք հաստատել ադրբեջանցի այն հերյուրող «գիտունների» գրածը, թե արցախցիները հայ չեն, այլ աղվան են։

Առանց հայախոսության, հայագրության եւ հայկական կրթության չկա հայ ազգ, չկա Հայաստան, չկա հայկական Արցախ։ Եվ մենք միմյանց հետ որքան շատ ենք խոսում ու գրում այլ լեզվով, որքան շատ հայ երեխա ենք տալիս ռուսական դպրոց, այնքան շատ ենք սպանում հայ ազգը, հայկական Արցախը, Հայաստանը։

Այն հայը, որն այսօր իր զավակին տալիս է ռուսական դպրոց, նա, ինչպես ժամանակին Միքայել Նալբանդյանն է ասել, ազգասպան է։ Այո՛, հայ երեխաներին մեր այս ծանր օրերին զրկել հայկական կրթությունից, ռուսախոս ու ռուսամտած դարձնել՝ ցեղասպանություն է։ Արցախում թե Հայաստանում հայ երեխաներին այսօր ռուսական կրթության տվողները հավասարվում են Թալեաթին, Էնվերին, Խանլարին եւ մյուս հայասպաններին։

Սիրելի արցախցի, որ այս տարի զավակիդ ռուսական դպրոց ես տվել, դու քո բաժին հայկական Արցախը սպանել ես, քո ուժերի չափով ռուսացել ես։ Եթե մենք հայ չենք մնալու, միեւնույնն է թուրք դառնանք, թե ռուս։ Մենք ուզում ենք Արցախը ադրբեջանական իշխանությունից ազատել, ինչո՞ւ, արդյոք այն նպատակով, որ ավելի ազա՞տ ռուսանանք։ Ռուսաստանը մեծ է, Արցախի ռուսացումով նրան մի բան չի ավելանա, բայց Հայաստանից շատ բան կպակասի։ Ո՞ւմ է պետք ռուսացած Արցախի միացումը Հայաստանին։ Իսկ դուք ահա ջանք չեք խնայում՝ մեր հայկական այդ հինավուրց երկրամասը հայությունից զրկելու համար։ Ստեփանակերտում իշխում է ռուս գիրն ու ռուս խոսքը։ Նույնիսկ Սումգայիթի զոհերի հուշարձանին միայն ռուսերեն եք գրել։

Իհարկե, Երեւանում եւ այս կտոր Հայաստանում էլ ռուսացումը բավական խորացել է։ Ես սարսափում եմ՝ մտածելով, որ եթե այսպես շարունակվի, Մեծ Հայքից հրաշքով փրկված ու հայկական մնացած այս երկու փոքր Հայաստանները կվերանան որպես Հայաստան, քանի որ, կրկնում եմ՝ չկա Հայաստան առանց հայոց լեզվի։ Մի՞թե մենք ինքներս այդ կերպ պիտի լուծենք մեր միացման հարցը՝ ուրախացնելով միացումի բոլոր հակառակորդներին։

Այստեղ «Մաշտոց» միավորումը ահեռ պատերազմ է սկսել Հայաստանը ռուսացնողների դեմ։ Հարյուրավոր հայ երեխաների ռուսական դպրոցներից տեղափոխում ենք հայկական, ռուսական միշարք մանկապարտեզներ ու դպրոցներ դարձրել ենք հայկական, կռվում ենք Հայաստանի լիովին ռուսացած հիմնարկներն ու գործարանները հայացնելու համար։ Հաջողություններ կան, բայց քիչ են։ Ահա Հայաստանի Գերագույն Խորհրդի սեպտեմբերյան այս արտահերթ նստաշրջանը ցույց տվեց, որ մեր շատ ղեկավարներ արհամարհում են հայոց լեզուն, թքում են մեր դարավոր լեզվի, մաշտոցյան լեզվի վրա։ Ելույթների մի մասը ռուսերեն էին։ Ցավոք, մեր մտավորականության մի զգալի մասն էլ ստրկահոգի է, կամավոր ստրկացած ըտար խոսքի ու գրի ձեռքին։ «Մաշտոց» միավորումը կռվում է նաեւ այս լեզվական հոգեւոր ստրկության դեմ։ Ձեզ մոտ կա «Մաշտոցի» մասնաճյուղը, օգնեք նրան, որ նույնպես անզիջում պայքար տանիԱրցախը ռուսացումից փրկելու համար։

Սիրելիներ, եկեք ազատվենք այս կամավոր լեզվական ստրկությունից։ Հայ ազգի, հայոց Արցախի բախտն է որոշվում։ Մի՞թե չկշտացանք այս 300 տարի հայացքներս դեպի Հյուսիս դարձնելով։ Ո՞վ վերացրեց անկախ Խամբայի մելիքությունները՝ հայոց վերջին պետականությունը, ո՞վ խլեց Արցախը եւ նվիրեց Բաքվին։ Ո՞վ Նախիջեւանը նվիրեց Բախվին։ Ո՞վ Կարսն ու Իգդիրը հրամցրեց Անկարային։ Ո՞ւմ համաձայնությամբ են շրջափակվել Արցախն ու Հայաստանը։ Լավ մտածեք։ Իսկ մենք հիմա ինքներս մեզ դարձրել ենք վերցնողի, խլողի, նվիրողի լեզվի ստրուկը։ Սա ազգային ինքնասպանություն է։ Այն ազգը, որ իր երկրում արհամարհում է իր ազգային լեզուն եւ սկսում է չխոսել, չգրել, զավակներին չկրթել իր լեզվով, մահանում է։ Օրինակները շատ են՝ շումերներ, ասուրաբաբելացիներ, գալեր, դակեր, գարգարացիներ եւ այլն։

Կոչ եմ անում՝ այսօր եւեթ, վաղը եւեթ արցախյան հայ զավակներին ռուսական դպրոցներից փոխադրեք հայկական։ Ռուսական մանկապարտեզները դարձրեք հայկական։ Ոչ մի հապաղում, ոչ մի զիջում, քանի դեռ ուշ չէ։

Ռուսական դպրոցները մեր ռուս բնակիչների զավակների համար են, հայ երեխան այնտեղ գործ չունի։

Կոչ եմ անում նաեւ՝ իրար հետ եւ հայերի առաջ խոսեք միայն հայերեն, գրեք եւ ստորագրեք միայն մեսրոպատառ։ Եթե գրական հայերենին չեք տիրապետում, խոսեք, ելույթ ունեցեք հասարակ հայերենով կամ Արցախի հրաշալի բարբառով։ Մի ամաչեք։ Դա մեր բնիկ ազգային լեզուն է, իսկ ռուսերենը մեզ համար ոչ բնիկ է, ոչ ազգային, այլ օտար լեզու է։ Այն ռուս ժողովրդի լեզուն է։ Հայը հայի հետ, հայը հայերի առաջ ինչո՞ւ պետք է մի այլ ժողովրդի լեզվով խոսի։ Ամոթ է, խայտառակություն է։

Ձեզնից ով որ չգիտի մաշտոցյան տառերը, թող արագ սովորի, բացեք դասընթացներ, ինչպես որ Երեւանում «Մաշտոցն» է բացել։

Հարազատներ, վերահայանանք, կործանումից փրկվելու ուրիշ ուղի չկա։ Ծանր մեղք է Աստծու տված սեփական ազգի լեզուն եւ գիրն ուրանալը։ Պատիժ կա։ Եվ այդ պատիժներն արդեն 1988-ին եկան մեր գլխին։ Սթափվենք, հակառակ դեպքում ավելի մեծ պատիժների կարժանանանք։ Եվ մեր ազգային իղձերն էլ չեն կատարվի, եթե շարունակենք այսպես ինքներս մեզ ռուսացնել։

Միացումը կլինի միայն այն ժամանակ, եթե հարգենք մեր լեզուն, այսինքն, ինքներս մեզ։ Մենք չենք հարգում, ուզում ենք, որ ուրիշները մեզ հարգեն։ Չի լինի։

Ուրեմն, մեր բոլոր ուժերը լարենք, ամեն ինչ անենք, կռվենք վերահայանալու համար։ Ով ուզում է այս երկու փոքր Հայաստանների միացումը, նա պետք է պատերազմի ընդդեմ մեր ինքնառուսացման, հանուն մեր վերահայացման։ Սա է միակ ճանապարհը։ Ով այս ճանապարհով չի ընթանում, նա դեմ է միացմանը, մեր ազգային գոյությանը, ինչ ճառեր էլ ուզում է խոսի։

Հանուն հայոց լեզվի, հանուն մեր գոյության մղվող այս ահեղ կռվում Արցախի խիզախ եւ անվեհեր հայությունը պետք է կանգնի առաջին շարքում, ինչպես որ 1918 թվին Սարդարապատում առաջին գծի վրա կանգնած նա պաշտպանեց Երեւանն ու այս մի կտոր Հայաստանը։

Ռաֆայել Իշխանյան
«Մաշտոց» միավորում։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *