Տաթեւիկ Դեբենց/մտավոր պատկերներ` մոտավոր բառերով

***

ու տխրությունդ բարեկործան
կգրի դեռ չեկած ձյան վրա այս բառերը։

***

երազունա՛կս,
լացս գալիս է այդ մասին հիշելիս, եւ
մատներս դողում են նույն արագությամբ, ինչ քրիզանթեմը` քամուց։

***

թույլ տուր հիշեցնել`
պարզից էլ պարզ մի բան կա.
դու ես։
եւ այդ մեկ մարդը դո՛ւ ես։

***

սառը ու ճչացող ձայնդ
մի ցող է արթնացնում արագ…
այտերիս, մայթերին, վարդերին…

***

հիշում եմ այսօրվանից էլ լավ ու ճշտորեն ուսդ ճնշող բեռները երազային,
քո մարմինը գրկող ձյունը, որ չէր եղել երբեք այսքան-այսքան,
եւ որ
հանդարտվում է այժմ ուրիշ վերարկուներին…

***

ոտնաթաթերիդ վրա կանգնում ու
նվաճում ես հարթաթաթներին բոլոր, թեպետ ինքդ չգիտես` այդ որն էր նրանց մեղքը` ցավելու ջանասիրաբար։

***

քաղաքային ստվերներում, հավանաբար, գնացքները կկորցնեն եւս մեկին
եւ քեզ` չգիտեմորերորդ չգտնված արդարացմամբ…

***

ու երբ ճիչն անթերի կլռի ականջներումս,
կմոռանամ քեզ մինչև հաջորդ վերադարձը քամուց դողացող քրիզանթեմի…

***

մոտավոր բառերով հայտնում եմ պատկերներս մտավոր,
որ թվում է` սերս է,
բայց հերթական անգամ դարձավ հասարակ ոտանավոր։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *