ՊԱՏՐԱՆՔ
Նա այնքան հզոր է, որ կարողանում է
ծիծեռնակի աչքի մեջ սպանել գարունը,
թրատել՝ Աստծո կոկորդում ապրող մարդուն,
և որդու ձեռքով թույն խառնել մոր հացին․․․
Եվ ահա քո տեսքով ինձ մոտ է եկել,
առաջին անգամ եմ տեսնում դեմքդ առանց քեզ
և ոչինչ չեմ ասում, որ բառերիս մեջ քեզ չսպանեն,
լուռ նայում եմ դեմքիդ, որն առանց քեզ ինձ մոտ են բերել․․․
Իմ հոգին քեզ որպես գանձ փրկել է անցյալի մոխրից,
ապագայում իբրև հաղթանակ այն ոգուս փոխանցելու համար,
որ չմրսեմ դատարկ փողոցներում մենակ քայլելիս,
կամ սեղան նստելիս գինի ու հաց ունենամ․․․
Եվ հիմա քո դեմքը հագած, նա եկել նստել է սեղանիս մոտ
և լուռ սպասում է, գիտի, որ սիրտս ինչ-որ բան կուզի ասել աչքերիդ,
իմացիր պարզապես, որ ես հող եմ և հիմա անապատ եմ դառնում,
որովհետև դու ջուր ես ու չկաս անգամ անձրևի տեսքով․․․
***
Ավելի երջանիկ ժամանակներ կային,
երբ քաղաքը ժպիտով իր ուսերին
տանում էր իմ ծանր բեռը,
երբ դեռ նոր-նոր էի սկսում մեռնել,
գարունը գալիս և մնում էր
սովորականից ավելի երկար,
ամեն ինչ թեթև ու հաճելի էր թվում,
մեկ գավաթ սուրճ կամ կոնյակ խմելու պես։
Նույն քաղաքն է, նույն փողոցները,
փոշու միջից վարդի պես բացվող նույն ժպիտը,
ես էլ նույն ես-ն եմ, որ կարծես հայտնվել եմ արդեն
բոլորովին ուրիշ մարդու երազի մեջ,
ուր թափառում եմ անկոչ հյուրի պես,
առասպելական անուն ունեցող մեկ դուռ փնտրելով։
Նույն երկինքն է, կապույտի փոխարեն սև հագուստ հագած,
նույն աստղերն են, աչքերը փակած, կոպերը թեքած,
բացվում է բեմը, ուր ոչ ոք չկա ինձանից բացի,
հին դերերիցս և ոչ մեկը չեմ հիշում արդեն,
ինձ մուտքն էր տրվել, ես ելք փնտրեցի,
հրաժեշտի վերջին ծեսի պես հեռանում է նաև հուշարարը,
քարափների, արձանների և անձրևների միջով
օրերի պես թեթև, երբ նոր-նոր սկսում էի մեռնել,
օրերի պես ծանր, երբ նոր-նոր սկսում էի ապրել։
ՍԻՐԻՈՒՍ
Սիրտս վառվում է
մայրամուտի կարմիր վառարանի մեջ,
ուր քո հեռացող արտացոլանքը
նույն հաճախականությամբ բզկտում է այն,
ինչպես Զևսի ուղարկած արծիվն էր ծվատում
Պրոմեթևսի լյարդը,
ու ամեն գիշեր ծնվում եմ կրկին
Սիրիուսի համաստեղության ներքո,
որովհետև դու այն գերեզմանափոսն ես
որտեղից ես հարություն եմ առնում․․․
ԴՐԱԽՏԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Քո աչքերում չի բացվի իմ լույսն այլևս,
և քարե արձանների տխուր ստվերներ կարթնանան
ժամանակի թափանցիկ հայելիների մեջ,
կբացես աչքերդ և չես կարողանա կարդալ
պատուհանիդ մարմարին գրված տողերս․․․
Իմ լռությունը չբացված ծաղիկ է քո կոպերի տակ,
որ երազանքներ է խմում ջրի փոխարեն,
քաղաքի սև գլխին դեղին գլխարկի պես
պսպղում է լուսինը,
ես դուրս եմ գալիս երազանքներ հավաքելու
փոշոտ փողոցներից,
որ ապրի կոպերիդ տակ քնած լռությունս․․․
Քո աչքերը չեն բացվի իմ երազի մեջ այլևս,
դու փակել ես բոլոր դռները,
բայց հիշողությունը միակ ամրոցն է,
որը հսկելու համար զինվորներ պետք չեն,
այն կարող է անցնել պատերի, ապակիների
երկաթե դռների և դարպասների միջով․․․
Անցյալը բանալի է, որն անհնար է կորցնել,
դրա համար քեզ թաքցնում եմ բառերիս մեջ,
որտեղից հնչում ես որպես շարական,
դու կարող ես արթնանալ
և երկրորդ անգամ ուտել խնձորը,
ես այլևս չեմ արտաքսվի դրախտից,
որովհետև իմ լռությունը չբացված ծաղիկ է,
քո կոպերի տակ․․․