Շուրջ մեկ ամիս համակարգչին չէր մոտեցել։ Դատարկ- դատարկ էր ներսս։ Ու համ էլ աչքերն արդեն ոչինչ չէին տեսնում՝ մեկ մի աչքն էր փակում, այնպես կարծես փոքր ժամանակ, երբ աչքով տալ էր սովորել մի կերպ ու, դեմքը ծամածռելով, փակում էր մի աչքը՝ անցորդներին ժպտալով, մեկ էլ՝ մյուս աչքը։ Սկսում էր տառերը նորից ճանաչել։ Երևի հոգնել էր, ֆիզիկապես չէ, ոնց որ հոգին էր հոգնած, դե եթե հոգիդ նուրբ է, կամ ինչպես ասում են՝ նրբանկատ ես, ուրեմն կորած ես։ Բայց դե նորմալ է երբեմն- երբեմն տխրություն զգալ։ Ու ոնց որ էդ տխրութունը բժիշկները դարի հիվանդություններից մեկն են համարում, էդ տխրությունն անուն էլ ունի։ Աշնան տխրություն կամ էլ՝ անհասկանալի ինչ-որ տխրություն։
Երազողները սիրում են լող տալ գիշերով։ Լողում են իրենց մտքերի մեջ, իրենց տխրության՝ մե՛կ աշնանային, մե՛կ ձմեռային, ոչ էլ պակաս գարնանային տխրության մեջ։ Քաղաքը տխուր է՝ աշնանային։ Փողոցները՝ գիշերային քողի տակ, սկսում են մերթընդմերթ հիշել շշուկները ու սկսում են պատմություններ հորինել։ Էդ պատմությունները ամենուր են՝ նստարաններին, որոնց վրա երկաթե տառերով գրված է՝ ԵՐԵՎԱՆ։ Աշնանային լուռ տխրության արձագանքի մեջ մի պահ ծիծաղի շշուկ է լսվում, երբեմն էլ՝ տխրության մի լուռ երգ։ Հա, շատ էլ նորմալ է նրբանկատ լինելն ու երբեմն լինել տխրության հիվանդ։ Տխուր աշուն է իմ Երևանում։ Տխրող մարդիկ շատ են, բայց դե նորմալ է։
Ուսանողական առաջին աշունն էր։ Աշունը շատ սիրուն էր ու շատ սպասված։ Չէր էլ հիշում, որ դասարանից գրեթե ամեն գիշեր քնելուց առաջ փակում էր աչքերն ու մի կուշտ պատկերացնում։ Թեև չէր էլ հասկանում՝ ինչ էր դառնալու ու կարևոր էլ չէր, գիտեր, որ մի բան կդառնար, և ամեն ինչ էլ ուզում էր դառնալ, բացի մի մասնագիտությունից։ Մի օր բժիշկ էր ամբողջ գիշեր, մի օր՝ ուղեկցորդ, մի օր երաժիշտ էր, հաջորդ օրը՝ տնտեսագետ։ Երբեք մտքով չէր անցել միայն իրավաբան դառնալը։
Չգիտեմ՝ քանի տարի երազած աշունն եկել էր, բայց ոչ մի աշնան էլ նման չէր։ Ուսանող էր ու գիտեր, որ երբեք էլ իրավաբան չի դառնալու, որովհետև այդքան տարի քնելուց առաջ, երբ փակել էր աչքերը, երբեք ու երբեք իրեն չէր տեսել իրավաբանականում, ու ամեն ինչ էլ մտքով անցել էր, բացի էս մեկից։
Սիրառատ ու շատ սիրուն աշուն էր, հետո՝ անմոռաց ձմեռ ու ինչ ասես, որ չտեսավ, նույնիսկ՝ պահածոյացրած տոլմա։ Բայց զարմանքն էլ ավելի սաստկացավ, երբ տոլմայի թիթեղյա ամանի վրա տեսավ գրառումը՝ պատրաստված է Չինաստանում՝ Made in China: Ու էս տարին հիշարժան էր ոչ միայն իբրև ուսանողական առաջին տարի, այլև միշտ հիշելու է պահածոյացրած տոլման, այն էլ՝ չինական։ Հենց էս ձմռան հետ էր կապված նաև ընկերուհիներով ջեռուցման (պառի) ջրով լողանալն ու անսովոր մաշկային խնդիրները։
– Վա՞յ, չինացիք տոլմա ունե՞ն,- աղաղակեց ընկերուհիներից մեկը,- հաստատ մսով չի։
– Հա՛, բա, իրենք մեր կերած մսերից չեն ուտում։ Բլոճ-մլոճով պիտի լինի։
– Եկեք առնենք էլի, որ լավը չլինի, կտանք մեր հարևանի կատուն կուտի։
Իրականում այնպիսի օրեր էին, որ ինչով էլ տոլման լիներ, հաստատ ոչ մի կատվի էլ բաժին չէր հասնելու։
Ուրախ – ուրախ մի երկու բան էլ հայթայթեցին։ Մի կերպ նկուղային մի խանութից չգիտես ինչպես մի հաց գտան ու շտապեցին պահածոյացրած տոլման նախ զննելու, հետո էլ դե երևի կուտեին։ Ախր, ոնց կարող էր տոլման պահածոյացրած լիներ, մի հատ էլ չինական։ Շտապ- շտապ բացեցին ու միջի պարունակությունը դատարկեցին մեծ ափսեի մեջ։ Չորս հատ տոլմա թափվեց ափսեի մեջ։ Ճիշտն ասած, տոլման տոլմա էր հիշեցնում, բայց չափսերն ավելի շատ պասուց տոլմայի չափսեր էին։
– Էս ինչ մեծ տոլմաներ են, բայց կարո՞ղ ա մսով չի,- սովից հալումաշ էր լինում Արփին,- ես չեմ ուտի, ի՞նչ իմանամ, բա որ իսկականից բլոճով լինի ու հատկապես խավարասերով։ Չինացիք ամեն ինչ էլ ուտում են։ Ինչ էլ մեծ են սարքել, տեսնես քանի՞ հոգով իրենք կկշտանան։
– Այ աղջիկ ջան, բաղադրիչների մեջ գրված է՝ տավարի և խոզի միս, մեզ անծանոթ բաղադրիչներ չկարդացի։ Հիմա չինական տոլմա ուտելու՞ ես, թե՞՝ չէ։ Հազիվ ձեռքներս տոլմա է ընկել, կամ էլ հնարավոր է վրիպակ է Չինաստանի պահը։ Հիմա կպել ես չինական հա չինական։ Ավելի՛ լավ, մի՛ կեր, մենք կուտենք, կամ էլ տոլման, եթե չինական էլ լինի, սա հատուկ Հայաստան արտահանելու համար է, իրենք խոմ իրենց համա՞ր չեն սարքել – մի քիչ բարկացավ աղջիկներից ամենաբոյովը՝ Կարինեն։ Փոքր ժամանակ իր բոյից կուչ էր գալիս, կաշկանդվում ու քայլվածքն էլ մի ձևի անհամարձակ էր, բարդույթավորված։ Կարծես սկսել էր գիտակցել, որ բարձրահասակ լինելն ամենևին էլ թերություն չէ ու վերջերս ոնց որ էլ չէր կաշկանդվում իր սլացիկ հասակից, սկսել էր համարձակ քայլել ու էլ ավելի համարձակ հայտարարություններ անել։
– Դե լավ, կուտեմ, մի՛ բարկացիր, համ էլ ինչ լինում է, թող բոլորիս միասին լինի,- մտքափոխ եղավ Արփին։
Մութն ընկնում էր, մայր մտնող արևն ի զորու չէր լուսավորել փողոցներն ու տները, միայն նշմարվում էին լղոզված ուրվագծեր։ Սեղանին տեղավորած ափսեների տեղը բոլորը գիտեին՝ նույնիսկ առանց ուրվագծերի։ Էդ օրերին ազգի մեծ մասը չգիտեմ որ կառավարությունից մի քանի տարի անընդհատ սպիտակ մանր լոբի էր նվեր ստանում։ Ու մենք, մեր մայրերն ու քույրերն ամեն օր փորձում էինք մի նոր բաղադրատոմս հնարել։ Բայց դե, ինչ ուզում ես արա՝ լոբին լոբի է։ Ինչ էլ ավելացնեին, այն իր կարևոր յուրահատկությունը չէր փոխում ու ուտելուց հետո ամբողջ ազգով զղջում էինք, որ ճաշակել ենք։ Հենց առաջին պատառը կուլ տալուց անմիջապես հետո իրենք իրենց անիծելուց հետո խոստանում էին, որ ինչքան էլ քաղցած լինեն, էլ բերան չեն տա ինչ-որ կառավարությունից նվեր ստացած սպիտակ, մանր լոբին։ Այդ օրը ճաշացանկը փոխված էր, բացի ազգանվեր լոբուց, ունեին չինական տոլմա՝ չորս հատիկ։ Աստղիկենց տանն էին։ Ունեցած- չունեցածը սեղանի վրա էր, ու չէին էլ տեսնում՝ ինչ կար, ինչ չկար, միայն գիտեին, որ պիտի կշտանային։ Ասեմ, որ տոլման շատ էլ համեղ էր, մի պահ բերաններում տոլմայի համ զգացին այդ օրը։ Չինական ուտեստը մի լավ քննարկեցին, բայց ոչ էլ հասկացան, թե ոնց եղավ, որ հիմա էլ տոլման չինական դարձավ։ Շատ գոհ մնացին, բայց էլ ոչ մի անգամ չկարողացան աշխարհի որևէ տեղից նույն տոլմայից հայթայթել։
– Երեխե՛ք, եկեք հետո մեր տուն գնանք, լողանանք,- իմիջիայլոց առաջարկեց Կարինեն։
– Պահո՛, մի օրվա համար շատ չի՞,- Աստղիկի աչքերը սկսեցին պսպղալ։
– Բայց ո՞նց ենք լողանալու,- հետաքրքրվեց Արփին։
– Պառի ջրո՞վ, ինչո՞վ,- պատասխանեց արդեն բարձրահասակ լինելը գեղեցկություն գիտակցող Կարինեն, – հա՛, ոչ էլ փոխնորդ է պետք, երեխե՛ք, սենց բան միայն երազել կարելի է, մերժելն անխոհեմություն կլինի։
Ինչ իմանային, որ հենց այդ օրը Կարինեենց տանը իրենց ամբողջ շենքի լողանալու օրն էր հայտարարված։ Մի կերպ բազրիքներից բռնելով, խարխափելով, աստիճանները հաշվելով հասան իններորդ հարկ։Իններորդ հարկի միակ առավելությունը թերևս ամբողջ շենքի ջեռուցման ջուրը գողանալն էր այդ օրերին, ու հանցագործությունը պառտակելու հայտնի մեթոդ է գողոնից անմեղներին էլ բաժին հանելը։ Գողոնը ժանգոտ ջուրն էր, որ պիտի հոսեր ամբողջ շենքի ջեռուցման մարտկոցներով ու ջերմացներ սառած տները։ Էդ օրերին շատ հազվադեպ բան էր, իսկ Կարինեենց դեպքում՝ վերջինը։ Դուռը բացվելուն պես խամրած լույս նշմարվեց, լամպի լույսից մի քիչ լուսավոր, ու կարծես ներսից երջանկություն էր հորդում։ Պարզ էր, որ լույս ունենալն էր հենց հորդացող երջանկությունը։ Շատ մարդիկ էին ժողովված այստեղ՝ անասելի ուրախ։
– Ո՞վ է վերջինը,- հարցրեց Սոնան։
– Ի՞նչի վերջն ես հարցնում, այ բալա, էս հերթը վերջ չունի։ Հերթով մտնում ենք, ում երբ հարմար է։
Ամբողջ տան պատուհաններից հաստ ծածկոցներ էին կախված, սկզբից կարծեցին, թե փորձառու մարդիկ են ու երևի հնարամտություն են գործի դրել, քիչ անց հասկացան, որ պարզապես քողարկում էին ներսի հազիվ նշմարելի լույսը։ Ամոթ էր, համատարած խավարի մեջ ի ցույց դնել հազիվ նշմարելի, լամպի լույսից մի քիչ պայծառ լույսը։ Ամոթ էր երջանիկ լինել, թեկուզ խավար լույսից, ամոթ էր հաց ունենալը, լողանալը։ Պարզվեց, Կարինեի փոքր եղբայրը լեզու էր գտել ռազմական ուսումնարանի պարետի հետ ու ամբողջ գիշեր փորել էր իրենց տնից մինչև ռազմական ուսումնարան տանող ճանապարհը, հետո լույսը հասցրել իրենց շենք, պայմանով, որ գողացած լույսը ոչ ոք չի տեսնի։ Դեռահաս տղայի հնարամտությունից ապշել էին շենքի կարգին տղերքը․ այ քեզ բան, ոնց իրենք ավելի շուտ գլխի չէին ընկել։Մի կարճ պահ անց էդ բոլոր տղաները, որոնք ինչ-որ մի պահի բանի տեղ չէին էլ դրել իրենցից ահագին փոքր տղուկին, ու ոչ հեծանիվ էին տվել քշեր, ոչ էլ ֆուտբոլ էին խաղացրել, հպարտությունը հաղթահարելուց հետո հերթով սկսեցին խնդրանքով մոտենալ դեռահաս տղային։ Ամենքն էլ լույս ունենալու ինչ-որ պատճառ ունեին, բոլոր պատճառաբանություններն էլ արդարացված էին։ Ոչ մեկի էլ չէր մերժել, բայց զգուշացրել էր՝ հանկարծ ոչ ոք չիմանա։ Ու ամենքն էլ իմացել էին, թե ինքն էն միակն է, ում Կարինեի եղբայրը ընծայել էր ժամանակի կարևոր կենսատու նվերը։ Ու մի ամբողջ գիշեր, մեն մենակ փորելով սառած հողը, բոլորին մի լամպի լույս էր տվել։ Իրականում բոլորն էլ գիտեին, թե ովքեր շենքում «լեվի» լույս ունեին, բոլորն ունեին, այսինքն։
– Կա՛ր, քո բարի ապերը ձեր շենքի Պրոմեթևսն է ոնց որ։ Մնում է Զևսը չբարկանա,- սրամտեց Սոնան։
– Հա՛, բոլոր մահկանացուներին լույս է տալիս, դե լույսն էլ ջերմացնում է։ Գիտես, չէ՞, հիմա էլ դիմացի թաղամասից են գալիս, խնդրում ու որոշել են, օդով լարանցում անեն, որ մենք լարով իրենց փոխանցենք մեր քսանչորսժամյա մի լամպի լույսը, իրենք էլ մեզ բաժին հանեն իրենց հասանելիք օրինական մեկ ժամյա լույսից։ Մեր ու իրենց լույսը տարբեր ժամերի են տալիս ու ստացվում է, որ երկու ժամ ենք հզոր լույս ունենում։ Մի ամբողջ գիշեր շենքի գրեթե բոլոր բնակարաններից մարդիկ եկան, եկան ու լողացան, ոմանց ճանաչում էին, ոմանց՝ ճանաչեցին հենց այդ օրը։ Աղջիկները երկու հոգով էին մտնում լոգարան՝ ժանգաջրով մի լավ լողանալու։ Հաջորդ օրը պարզվեց, որ Սոնայի մարմնի ավելի նուրբ հատվածներն ամբողջովին ծածկվել էին զզվելի բշտիկներով։ Այդ օրերին ամենուր խոսում էին միայն մի անագորույն, անբուժելի հիվանդության մասին։ Իսկ Սոնային չէր էլ հետաքրքրում այդ հիվանդության պատճառների բացակայությունը իր մոտ, կարևորը, ոչ մի դրդապատճառ չուներ այդ հիվանդությամբ վարակվելու, միևնույնն է, ինքն արդեն ինքնախտորոշել էր, ինքը հենց այդ հիվանդության կրողն էր։ Մի մեծ ամոթ էր նրան համակել։ Բժշկի գնալուց էլ էր ամաչում, ոնց պիտի ենթարկվեր հատկապես տղամարդ բժշկի «հանվեք» հրահանգին։ Մի մղձավանջը հաջորդում էր մյուս մղձավանջին, անվերջ թվացող տառապանքից հետո գոտեպնդվեց, որոշեց ամոթն էլ թողնել մի կողմ ու գնալ բժշկի։ Որոշեց չմտածել այլևս ամոթի ու դրա նման ավելի ամոթալի բաների մասին։ Ամոթխած կանգնել էր մաշկաբանի սենյակի դռան առջև։ Դուռը բացվեց, ինչ-որ հիվանդ, փորձելով դեմքը ծածկել, դուրս եկավ սենյակից։ Ինչո՞ւ էին մաշկաբանի սենյակից հիվանդները դեմքները քողարկած դուրս գալիս, գլխի չէր ընկնում։ Մանրիկ քայլերով, անվստահ քայլերով ու գետինը մտնելով ներս մտավ։ Բերանը ցամաքեց, շուրթերը ճաքեցին, ներքին մի դող ու քրտինքը պատեց նրան։ Եթե բժիշկը հարց տար, կակազելու էր, ներքին դողն արդեն նաև արտաքին դող էր դարձել։ Անկառավարելի ցնցումների մեջ էր։
– Եկե՛ք, եկե՛ք, աղջիկ ջան,- ներս հրավիրեց պաշտպանած բժիշկը։
Սոնան, մի կերպ զսպելով դողը, փորձեց հիշել գանգատները։ Հետո համրացավ։ Բժիշկն ընկերուհու հայրն էր։ Գիտեր, որ ընկերուհու հայրը բժիշկ էր, բայց ընկերուհին էլ իր հերթին էր խուսափում ավելի մանրամասնելուց, ու նրան թվում էր, որ ընկերուհու հայրը երևի գինեկոլոգ էր։ Ամոթից կուչ էր եկել, հիմա արդեն բշտիկները ցույց տալու հերթն էր։
– Սոնա ջան, բոլորդ էս օրն եք ընկել։ Հերթով աղջիկները եկան, բոլորի մոտ նույն բանն է, ախր, ո՞նց եք ամբողջ շենքով մի լոգարանի մեջ լողացել։ Դե պառկիր, մի հատ նայեմ։
– Ազատ քեռի, կլինի՞ չնայեք, հաստատ էդ նույն բանից է ինձ մոտ։
– Չէ՛, ո՞նց կլինի, ես բժիշկ եմ, Ազատ քեռին չեմ այս պահին,- ասաց ու շատ հաստ ապակիներով ակնոցը դրեց աչքերին։
Սոնան վերջնականապես գետինը մտավ ու մտերիմ ընկերուհու հայրը նրան ոչ թե անզեն աչքով զննեց, այլ՝ բավականին հաստ ապակիներով, կարծես զոդողի ակնոցով։
– Վերջ, պարզ է, վեր կաց։ Շա՞տ էիր վախեցել։
Սոնան միանգամից թեթևացավ ու չէր շտապում շորերը կարգի բերել, ինքն էր սկսել Ազատ քեռուն հարցեր տալ։ Էլ չէր ամաչում ու այդ պահի ամենաերջանիկ մարդն էր, որովհետև իր ախտորոշումը սխալ էր դուրս եկել, որովհետև դեռ պիտի ապրի՝ երկար-երկար։
– Ոնց էլ այսքան երկար դիմացել ես, այ բալիկ ջան։ Ի՞նչ կա, նայեցի, հասկացա ու հիմա քեզ այնպիսի նշանակում կանեմ, որ կյանքում ինչ կեղտոտ լոգարանակոնք էլ մտնես, էլ էս ինֆեկցիան քեզ չի սպառնա։ Ես դրան հիմա շատ խորը կքնեցնեմ։
Երազողները սիրում են գիշերը մտքով թափառել, լող տալ։ Փողոցները գիշերային քողի տակ մերթընդմերթ սկսում են հիշել շշուկները ու սկսում են պատմություններ հորինել, մի պահ՝ տխրության մի լուռ երգ։ Հա, շատ էլ նորմալ է նրբանկատ լինելը։ Սիրուն ձմեռ է իմ քաղաքում, տխրող մարդիկ՝ շատ։ Իսկ Սոնայի երեսուն տարվա վարակը դեռ խորը քնի մեջ է։