– Մա՛մ, կլինի՞ նստենք, հոգնեցի, ծարավ եմ, ջուր կառնե՞ս,- վիճակս ավելի ծանրացնելու համար մի հոգոց հանեցի։
– Ջրի ժամանակ չի, գնանք դրանք էլ առնենք ու հասնենք տուն, ոտքերիս մեջ ուժ չկա արդեն, առավոտից սպորտային կոշիկ ենք ընտրում,- ձեռքիցս ավելի ուժեղ բռնելով ասաց մայրս ու քայլերն արագացրեց։
Լուռ հնազանդվեցի․ այնպես չէր, որ այլ տարբերակ ունեի։ Ոտքերս հազիվ քարշ տալով հետևեցի մորս՝ ընթացքում խփվելով շուկայում անցուդարձ անող մարդկանց։ Օգոստոսի վերջին շաբաթն էր, ու շուկայում ասեղ գցելու տեղ չկար։ Սեպտեմբերի մեկի նախապատրաստությունն էր շուկայում․ մեկը սպիտակ վերնաշապիկ էր փորձում, մյուսը՝ շրջազգեստ, իսկ երրորդ մեկը չէր կողմնորոշվում՝ որ պայուսակն ընտրի։
Վերջապես հասանք մի տաղավարի, որտեղ ֆիլմում տեսածս սպորտային կոշիկներից կար։
– Մա՛մ,- ձեռքը քաշելով գոռացի ես,- տես, սրանցից եմ ուզում։
Մայրս կոշիկների արժեքը հարցրեց։
– Իսկ ավելի էժան չի լինի՞։
– Չէ՛,- չոր ու արհամարհական պատասխանեց վաճառողը՝ արևածաղիկը հատ-հատ բերանը գցելով ու կուլ տալով։
Ուզում էի խփել ձեռքին ու ամբողջ արևածաղկը թափել գետնով մեկ։
– Լավ,-ասաց մայրս,- թող հագնի, տեսնենք կլինի՞ հագին։
Սկզբում աջ ոտքինը հագա, ապա երկուսը միասին ու քայլեցի ստվարաթղթի վրա, որ կոշիկները չկեղտոտվեն։
– Լա՞վ ա,- հարցրեց մայրս,- չի սեղմո՞ւմ։
– Շատ լավ ա,- ուրախությունից ինձ կորցրած՝ ասացի ու պատկերացնում էի՝ ինչպես եմ սրանցով դպրոց գնալու։ Ինձ թվում էր, որ միայն ես կունենամ սրանցից, լավ կլիներ, որ այդպես էլ լիներ, քանի որ չէի սիրում՝ իմ հագուստից ուրիշն էլ էր հագնում։
– Վերցնում ենք, – ասաց մայրս ու պայուսակը մոտեցրեց, որ դրամապանակը հանի։ Պայուսակի շղթան բաց էր։ Մաման զարմացավ, որովհետև նա շատ ուշադիր էր իրերի նկատմամբ։ Սկսեց քրքրել պայուսակը․ դրամապանակը չկար։ Մամայի շունչը կտրվում էր լավածությունից, դեմքը կարմրել էր, աչքերն արցունքով էին լցվել։
– Փողերս տարել են,- գոռաց մաման։
Ես այդ պահին մտածում էի, որ վերջ, այս կոշիկները չենք առնի, որ աշխարհի ամենամեծ դժբախտությունն է ինձ հետ կատարվում, բայց չէի մտածում, որ մաման դրանից ավելի է նեղսրտելու, որ չկարողացավ ինձ իմ երազած կինոյի կոշիկները գնել։
– Փող չունեք, ինչի՞ եք գալիս շուկա, էս էլ նոր ձև ա, փողերը գողացել են,- քթի տակ խոսում էր վաճառողը՝ ձեռքի արևածաղիկը գրպանը դատարկելով,- հանի էդ կոշիկները, բալիկ ջան։
Ես շատ դժվարությամբ, չուզելով նստեցի հատակին ու դանդաղ արձակեցի քուղերը, հագա իմ հին կոշիկներն ու ոտքի կանգնեցի։
Մաման պայուսակի շղթան արտասվելով փակեց, գողացողի հասցեին մի քանի բան ասաց, պայուսակն ուսին գցեց ու առաջ շարժվեց, ես էլ՝ իր հետևից։ Երբեք նրան այդպես ընկճված, անզոր չէի տեսել։ Նա ինձ համար ուժ էր, նրան ոչինչ չէր կարող ընկճել, բայց այդ պահին այնքան էր փոքրացել, որ եթե մի ձեռքով գրկեիր, կգրկվեր։
– Մա՛մ, մի քիչ սեղմում էր ոտքս, լավ եղավ, որ չվերցրինք,- չգիտեմ ինձ, թե մամային մխիթարելու և իրավիճակը փրկելու համար ասացի ես։
– Հաջորդ ամիս կառնենք,- գլուխն առանց իմ կողմ շրջելու պատասխանեց ու չդադարեցրեց քայլերը,- որ չնվնվայիր, ուշադրությունս չշեղեիր, սենց չէր լինի։
Ոչ մի բառ չավելացրի․ ինչ էլ ասեի, միևնույն է, ես էի մեղավոր լինելու։ Ձեռքս տարա գրպանս, մատներիս տակ կոշտ բան խաղաց, ձեռքս հանեցի, տեսա մանրադրամ էր։ Այդ ժամանակ մեկ ուղետոմսի արժեք ուներ։ Ուզում էի տալ մամային, բայց վախեցա ու դրեցի գրպանս։ Գրպանումս անընդհատ խաղում էի մետաղադրամով, հիշեցի՝ որտեղից ու ամաչեցի։ Նախորդ օրը լարախաղաց էր եկելմեր բակ, բոլորս հավաքվել էինք նրա շուրջն ու շունչներս պահած նայում էինք, թե ինչպես է այդ մարդը մի ոտքի վրա ճոճվում․վախենում էինք նրա փոխարեն՝«վա՜յ», «հեսա կընկնի», «հը՜», գոռում էինք ակամա։ Հետո երեխաներով աչքներս կլորցրած նայում էինք իրար՝տեսա՞ր՝ ոնց չընկավ։
Ով ինչ ուներ այդ պահին ձեռքի տակ՝ քաղցրավենիք, մանրադրամներ, տալիս էին լարախաղացին։ Մեր հարևանը գրպանից մի բուռ մետաղադրամ հանեց ու տվեց օրվա հերոսին։ Դրամներից մեկն ընկավ, ես տեսա, բայց չասացի։ Եթե հիմա էլ հարցնեք՝ ինչու, դարձյալ չեմ կարողանա պատասխանել, որովհետև, իսկապես, չգիտեմ՝ ինչու չմոտեցա ու դրամը չտվեցի նրանց։ Ոչ ոք չնկատեց այն, ես հողերի միջից հետո գտա ու պահեցի ինձ։ Սկզբում ուրախացա, բայց հետո վախեցա, եթե տեսնեին, ինչ պիտի ասեի, որտեղից կամ ով է տվել։ Այդ դրամն ամբողջ օրն ապրեց ինձ հետ։ Կարծում էի, որ լարախաղացի դրամը թաքցնելու համար գողացան մամայի դրամապանակը, իմ մեղքով էր, ու ես պատժվեցի։
– Ոտքով ենք գնալու տուն, մոտս ոչ մի կոպեկ չունեմ,- սթափվեցի մորս ձայնից։
– Ես,-ուզում էի ասել՝ ես ունեմ, որ կարող ենք դրանով գնալ տուն, բայց լեզուս ինձ քաշեցի,- ես համաձայն եմ, ընդհանրապես հոգնած չեմ։
Մաման նայեց ինձ, խոր շունչ քաշեց ու քայլեցինք։ Այդ դրամն աննկատ գցեցի ու սիրտս թեթևացավ․ ազատվեցի այդ բեռից։ Երանի հիմա էլ այդքան հեշտ լիներ խնդիրներց ազատվելը։ Ու սա գրում եմ, որ ազատվեմ այդ մեղքի զգացումից, որ ասեմ՝ դա երեխայական, չմտածված քայլ էր, որը երբեք ինձ հանգիստ չտվեց։
Շուկայից մեր տուն բավականին երկար ճանապարհ էր, բայց պատրաստ էի կրկնակի քայլել, միայն թե այդ դեպքը չլիներ ու մամային այդ վիճակում չտեսնեի։Տարիների հեռվից այս դեպքն ավելի դժվար ես միջովդ անցկացնում, երբ գիտակցում ես, որ մամայի համար ավելի դժվար էր, քան ինձ համար։ Ես չունեցա այդ կոշիկները, որովհետև այլևս չգնացի այդ շուկա, չէի ուզում հանդիպել արևածաղիկն ատամների արանքում պտտացնող, կեղտոտ տաբատով ու շապիկի վրա քրտինքի հետքեր մնացած տղամարդուն, որին, եթե հիմա էլ տեսնեմ, նույն զգացողությունը կունենամ, ինչ քսան-քսաներկու տարի առաջ էր։ Եվ հետո, այդ սպասումը, սրտի թրթռոցը չէր կրկնվի երկրորդ անգամ այդ կոշիկները տեսնելիս, դրանք այդ պահին պիտի տրվեին կամ՝ ոչ։ Զգացողություններ կան, որոնք առաջին անգամվա համար են միայն։ Այդ օրվանից ինձ համար միևնույնն էին աշխարհի բոլոր կոշիկները, որոշեցի այլևս չընտելանալ, չկապվել ոչ մի իրի հետ, անասելի ծանր է, երբ անընդհատ ապրում ես երազանքիդ հետ, բայց իրականության մեջ լրիվ մենակ ես։ Եվ որովհետև կան հիշողություններ, որ մեզնից երկար են ապրում։