Սուսաննա Նահապետյան/Սիրո ու ատելության երգեր

              

 (Սիրո ու ատելության երգեր`  ոգեշնչված Լեոնարդ Կոհենով)

***

《Դու》

Սուրճի, նախաճաշի, շոգից մեռնելու արանքում ես պարտաճանաչորեն հիշում եմ գոյությանդ մասին ու հայհոյում քեզ նույնքան շատ, որքան սիրում եմ։ Քեզ հայհոյանքով սիրելն ավելի հեշտ է, քան փաղաքշանքով, դու այդպիսին ես։ Մեր մեջ ասած` ինձ դա շատ էր դուր գալիս։ Մայրիկիդ ավելի հաճախ եմ հիշում, քան քեզ, ինքդ եզրակացություններ կանես։

Ավելի ուշ` ճաշի, լվացվելու ու ծխելու արանքում ես ջանում եմ մոռանալ գոյությունդ` նորից հայհոյելով։ Ընդհանրապես, ինձ թվում է` հայհոյելը հանճարեղ դեղամիջոց է հիմարների դեմ։ Երեկոյան դեղատանը անպայման պետք է հարցնել` նման հաբեր ունե՞ն, թե՞ ոչ։ Եվ ընդհանրապես, կյանքի, մահի, հազի ու քիթ փորելու արանքներում աշխատիր մոռանալ ինձ, եթե երբևէ կարողանաս, չէ որ ինձ նմաններին չեն մոռանում։

***

《Ես》

Մի օր արթնանալ ու դատարկվել, մաքրվել ամենից ու զգալ, որ դատարկությունը խուտուտի պես մի բան է ներսումս` թեթև-թեթև, որ շնչելու աստիճան բնական է ու անհրաժեշտ։ Ու սիրել դատարկությունը, ու լցվել նրանով, զգալ այն, լրիվ զգալ։ Զգալ ամենուրեք, ուր քայլում եմ, ուր ապրում եմ, ուր եղել եմ։ Մի օր արթնանալ ու խաղաղվել, ու զգալ, զգալ, որ ներսումս լիքը տեղ կա ինձ համար, որ ոչինչ կարևոր չէ, որ ես երջանիկ լինելու չափ մենակ եմ։ Մի օր այդպես էլ չարթնանալ ու քնել, քնել մի դատարկ գրկում, ինքս ինձ հետ միասին, անհոգ։ Ու զգալ, որ դատարկությունը խուտուտի պես մի բան է ներսումս` եթեր։

***

《Դուք》

Դուք երբեք չեք իմանա` ինչպես անհետացաք, ես կհոգամ, որ չիմանաք, որովհետև երբ գիշերով տուն էի գալիս, փողոցի կեղտը ինձ ձեր մասին էր հիշեցնում, որովհետև դուք հայտնվում եք առանց հրավերի ու թույլտվության ու փակում շնչուղիներս ձեր սարսափելի ես-երով։ Այդպես վարվում են նրանք, ովքեր սրտերում բնակվել չգիտեն և ստիպված են բավարարվել քթանցքերով ու պարծենալ, որ սրտից մի գլուխ բարձր են տեղավորվել։ Դուք երբեք չեք իմանա` ինչպես ազատվեցի ձեզնից, երբ այնքան կպչուն եք, լպրծուն ու նողկալի, որ ձեզ չտեսնելու են տալիս։ Չտեսնելու են տալիս, որ բազմանաք, սովորաբար։ Գիշերով տուն քայլելիս ճռթճռթում էիք կոշիկներիս տակ, մռութով ասֆալտին լղոզվելիս ձեզնից արագ պատրաստման սննդի հոտ է գալիս։ Այսօր որոշել եմ վերջնականապես ազատվել ձեզնից, այսօր լոգարանում տրորելու եմ ձեզ մեջքիցս, մատներիս արանքից, դեմքիս ծակոտիներից։ Մեռուկացած մաշկի պես անցավ կպոկեմ ձեզ ինձնից ու ջրի հոսքի հետ կուղարկեմ կոյուղի` վաստակած հանգստի։ Ու հա, դուք այդ մասին երբեք չեք իմանա, ես կհոգամ, որ չիմանաք։

***

《Մենք》

Էս կյանքը մտածելուց առաջ զգալու մասին է, զգալու ու ներշնչելու, ներշնչելու ու չարտաշնչելու քեզ։ Էս կյանքը քո բացակայությամբ ներկայությունդ վայելելու մասին է, քեզ ամենուրեք գտնելու, բայց այդպես էլ չգտնելու մասին է։ Էս կյանքը ծաղիկների (քո), սիգարետի (քո), դառը սուրճի (քո) ու… ո՞ւմ եմ խաբում, քո մասին է։ Էս կյանքը քեզ գրքերումս թաքցնելու, չորացնելու, թիթեռ սարքելու մասին է, որ թռչել հեռանալ չկարողանաս, բայց այն քեզ թռիչքի մեջ սիրելու մասին է։ Իսկ ես մատներիդ մասին եմ, երակներիդ ու բնությանդ, ես քեզ չփնտրելու մասին եմ։ Թող գրողներն ու չգրողները տանեն Էս կյանքը, եթե այն քեզ թերթելու ու քեզնից գրքի պես հոտ քաշելու մասին չէ, եթե քեզ ճանաչելու ու մաշկդ ներծծվելու մասին չէ։

Էս կյանքը ներշնչելու մասին է, քեզ ներշնչելու ու երբեք չարտաշնչելու։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *