Էվա Սուրմա/Պատերազմական օրերի երգ

Էվա Սուրման ժամանակակից ավստրիացի բանաստեղծ է։ Ծնվել է Գրաց քաղաքում, ապրում է Լայբնիցում (հարավային Շտիրիա), բայց սիրում է ծովը: Ֆեմինիզմը նրա մասնագիտությունն է և կոչումը: 2005 թվականին նա և իր գործընկերը հիմնեցին Freiraum կանանց խորհրդատվական կենտրոնը: Նրա մասնագիտական հետաքրքրության շրջանակում են միգրացիոն հետազոտություններն ու գերմաներենը՝ որպես օտար լեզու: Որպես մարդ, որ սիրում է սահմաններ խախտել, նա միշտ փնտրում է հինն ու նորը։ Էվա Սուրման գրում է արձակ եւ պոեզիա։ Լեբրինգերի գրական խմբակի և Ավստրիական ՊԵՆ-ի անդամ է։ Նրա բանաստեղծությունները մրցանակների են արժանացել Ավստրիայում, Իտալիայում և Խորվաթիայում (վերջերս ստացածներից․ 2022 թվականին՝ Un Monte di Poesia, Firenze և 2023-ին՝ Sipar, Moscenicka Draga)։

Ջրի բերած

Ջրի բերած
Ջրի տարած
Կանանց կյանքը կարևոր է
Անկախ նրանից՝ ով է նրանց
կարիքն ունեցողը
Նրանք միշտ բոլորի կողքին են
Միշտ զբաղված են
Իրենց հանձնելով ուրիշներին
Ձեռք մեկնելով ուրիշներին
Մինչև վերջն ամենա
Մինչև այն պահը
Երբ էլ ոչ մի ձեռք չմնա
Նրանց հացամանում
Այնքան հեշտ է
Ինչ-որ բան խլել
Հոգատար կնոջից

Ողջույն, քույրեր

Ողջույն քույրեր
Ողջույն քույրեր, ինձ լսու՞մ եք
Ես ձեզնից մեկն եմ
Նրանք մեզ հետ հաշվի չեն նստում
Նրանք ծիծաղում են մեզ վրա
Լինելով հիմար
Անելով իրենց աշխատանքը
Մաքրելով իրենց զուգարանները
Մեծացնելով իրենց որդիներին
Սոսկ շարունակելով պատմությունը
Ես երազում եմ, որ մենք մեզ տեր կանգնենք
Նրանք դեռևս բռնանում են մեր քույրերին
Սասանելու համար մեր ուժը
Մի թողեք ինձ չհասկացված
Սա ձեր ընտրությունն է, քույրեր
Եկեք նորից սկսենք
Եվ կերտենք հզոր քույրություն
Մարդկանց

Պատերազմական օրերի երգ

Վերցրու գավաթը մայրության
Երանությամբ լի և անհանգստությամբ
Այն ամենն, ինչ քոնն է
Ողջը՝ երազներ ու իղձեր
Որոնց երբեւէ հավատացել ես
Բերել են քեզ
Տարօրինակ և համեստ մի տեղ
Սա նոր աշխարհի արևածագն է
Որ բացվել է հուժկու հարվածով
Քո դեմքին
Ի զորու չլինելով կիսվել մեջտեղից
Դու պետք է հաշտվես, որ պատերազմ է

Վերջապես կուզեմ

Մարեդա 2024

Վերջապես կուզեմ ես էլ
Կարեւոր բաներն ասել։
Ուզում եմ ազատ շարժվել,
Շորերս անվախ մաշվեն։

Պատկերներով բարբառել
Եվ ալիքները պատռել։
Մարմիններ վրձնել բառով,
Գոռոզանալ սահուն ճառով։

Լավ բաներով, որ ունեմ
Ինքս իմ գովքը երգեմ։
Ինքս ինձ գրկեմ անահ՝
Եվ կրքոտ, եւ ագահ։

Սահեմ ամպերում, իշխեմ,
Որպես մի չքնաղ դշխո։
Ծովի փրփուրներում պառկեմ,
Անթիվ հեշտանքներ ապրեմ։

Ինձ համար լինեմ, միայն ինձ,
Բավական լինեմ ինքս ինձ,
Թզենուց հա թզեր քաղեմ,
Կյանքս միակ զարդարեմ։

Պարադոքս

Այխենդորֆի «Լուսնկա գիշեր» բանաստեղծությունից հետո

Իմ կյանքը քեզ էր կարոտում
Տենչում էի քեզ ուժգին,
Եվ այդ տենչանքն էր համբուրում
Ամեն մի իղձը իմ։

Օրերը միշտ լողում անսաս,
Ժամերն անցնում էին շուտ,
Չէր երեւում ոչ մեծ վնաս,
Ոչ որևէ օգուտ։

Ուզում էի ես մեռնել խաչիս,
Մարել էի ես անտես,
Շնջացիր բայց ականջիս․
«Մենք՝ այդ դու ես եւ ես»։

Լեզուն

Լեզուն չի հասկանում։
Լեզուն չի ներում։
Լեզուն չի խամրում։
Լեզուն չի զղջում։

Լեզուն զորեղ է,
Վսեմացնում ու նսեմացնում է։
Լիազորող է։
Լեզուն սրբացնում է։

Թաքուն ծաղկում է։
Լեզուն լցնում է։
Լեզուն ձաղկում է,
Լեզուն հունցում է

Բոլոր քո հույսերը,
Բոլոր երազներդ։
Լեզուն մարում է։
Չի լցնում եզերք։

Լեզուն ոչ մի տեղ չէ,
Եվ միշտ այստեղ է։
Սահմանում է մեզ,
Ամեն ինչ պատմում է։

Լեզուն ցամաքում է,
Երբ չեն խնամում։
Մարում է իմ միտքը,
Որ փայփայում էի։

Անգլերենից եւ գերմաներենից թարգմանեցին
Կիռա Շվառցն ու Արփի Ոսկանյանը

Please follow and like us: