Մարիա Դոմբրովսկան (1889-1965) 20-րդ դ. լեհական գրականության ամենահայտնի արձակագիրներից է. նրա գործերից որոշները նույնիսկ էկրանավորվել են և մեծ հաջողություն ունեցել։ Ծնվել է աղքատ ազնվականի ընտանիքում։ Հայրը՝ Յուզեֆ Շումսկին, 1860-ականներին մի շարք ապստամբությունների մասնակցած, ընտանիքի համար հացը վաստակում էր հարուստ կալվածատերերի մոտ ադմինիստրատորի աշխատանք կատարելով։ Հոր կերպարը երևում է համարյա բոլոր նովելների և պատմվածքների մեջ։ Նրա գործերի մեջ, ինչպես օրինակ, «Սուրբ Ծնունդը» կամ «Մարդիկ՝ այն կողմից» նովելների շարքը, իր մանկության տարիների դեպքերի և դեմքերի նկարագրությունն է։ Ծնողները ջանացել են, որ նա լավ կրթություն ստանա. սովորել է Լոզանի համալսարանում, ապա Բրյուսելում։ Հետագայում աշխատելով հայրենիքում որպես ուսուցչուհի, ապա աշխատելով Գյուղատնտեսության նախարարությունում՝ հրաժարվել է պաշտոնից, որպեսզի զբաղվի գրական գործունեությամբ։ Մարիա Դոմբրովսկան կյանքը լուռ դիտող և նրբորեն թղթին հանձնող արձակագիր է, որի գործերի առանցքում մարդն է՝ երազող, սխալական ու իրական, հաճախ ծիծաղելու կամ լացելու աստիճան։ Թարգմանությունը լեհերենից ու ծանոթագրությունները՝ Հռիփսիմե Զարգարյանի։
Անհամբեր սպասում էինք աստղիկին:
Օրերն ավելի ու ավելի կարճ էին, իսկ եղանակը` խոնավ ու տաք: Ձայները հնչում էին փափուկ ու հասանելի: Աքաղաղները կանչում էին ու թափահարում թևերը: Գարունը վախվորած դուրս էր եկել իր թաքստոցից, իսկ աստղիկը հեռանում էր: Իսկ հետո եկավ սառնամանիքը, և լսվում էր` ինչպես է նա նորից մոտենում` սառած գետնին թմփթմփացնելով ու դմփդմփացնելով: Հետո ձյուն եկավ ու փափկություն սփռեց նրա ճանապարհին:
Վաղ առավոտյան` գունատվող աղջամուղջի մեջ երևում էին լճի ափով ռոռատի1 գնացող մարդկանց խմբերը: Նրանց ձեռքի լապտերներն ու ջահերը երկար, կարմիր ժապավեններ էին հյուսում լճի վրա, որոնք համարյա հասնում էին կալվածատան պատուհաններին: Իսկ մարդկանց երկար ստվերները ձգվում էին դեպի եկեղեցին:
Երեկոյան մինչև պատուհանների փայտե փեղկերը փակելը երեխաները զգուշավոր մոտենում էին` տեսնելու, թե ինչպես է պատուհանից այն կողմ ննջում հրաշագեղ, ու իր գեղեցկությամբ հիացողների հանդեպ անտարբեր գիշերը. ինչպես են բաց ոսկեգույն ձյան վրա տարածվում ծառերի մուգ կապույտ ստվերները, ինչպես են բարձրում` ձյունոտ ճյուղերի արանքից դողդողում աստղերը, իսկ նրանց մեջ անմատչելի հպարտությամբ ճեմում է դեղնաարծաթավուն լուսինը:
Ահա փակվեցին փեղկերը: Այդ ժամանակ երեխաները նստում են սեղանի շուրջը և սկսում տոնածառը զարդարելու նախապատրաստությունները: Ջրիկ խմորից պատրաստված մածուկով ժապավենը ամրացնում են ժապավենին… Դեղինը` մանուշակագույնին, կարմիրը` կապույտին, զմրուխտը` շափյուղյային, արծաթը` ոսկուն: Երկար, խշխշան շղթաները անց էինք կացնում մեր վզներին ու հպարտ նստում սեղանի շուրջը` ինչպես վայրի ցեղերի առաջնորդներ:
Օպլատեկները2 հայտնվում էին դեկտեմբերի առաջին կեսին: Դրանք բերում էր երգեհոնահարը, որ հենց հայտնվում էր շագանակների ծառուղում իր հսկայական զամբյուղով, անմիջապես նկատում էինք.
– Օպլատեկները գալիս են, էրեխեք:
– Փա՜ռք Տեր Հիսուս Քրիստոսին,- ասում էր երգեհոնահարը` ուղիղ ճաշասենյակ մտնելով: Նրանից ձյան ու սառնամանիքի հոտ էր գալիս, իսկ նրա խոսքերը բուրում էին կոլենդաների3, եղևնու և սուրբծննդյան երեկոյի բույրով: Սեղանին փռում էր օպլատեկները: Սկզբում խոշոր տուփն էր` ծնողների համար, իսկ ոսկե ժապավենով աստղը դնում էին խաչի վրա: Փայլատակում էր այն` հսկա, ոսկեգույն, յոթճյուղանի: Տուփի ներսում բեթղեհեմյան ժելատինե բեմադրությունն էր` թղթե ֆիգուրներով: Իսկ բոլոր անյուններում լցված էին աստղիկներ և հրեշտակներ: Հետո հանում էր հինգ տուփ` երեխաների համար: Դրանց մեջ հատուկ փոքրիկ օպլատեկներ էին: Մեր օպլատեկները նույնպես զարդարված էին աստղիկներով ու հրեշտակներով, բայց ոչ այդչափ ճոխ: Եվ վերջում գալիս էր աշխատողների տուփը: Բոլոր տուփերի մեջ պետք է պարտադիր լինեին գունավոր` դեղին, կարմիր, կապույտ օպլատեկներ, որոնք որպես զարդարանք կախում էինք տոնածառին կամ առաստաղից: Օպլատեկներն այնքան շատ էին, որ մենք հետո չրթում էինք արևածաղկի սերմերի նման. այրում էինք եզրերը լամպի կրակի վրա և ուտում: Գժվում էինք վառված օպլատեկների համար:
Երգեհոնահարն էլ քիչ չէր տանում՝ ձու, պանիր, երշիկ, խոզի ճարպ, հաց: Հետ գնալիս նա ծանր բեռի տակ կքված էր: Քիչ հետո գալիս էր ծխական քահանան. նշան, որ Աստղիկն ավելի է մոտենում:
Քահանա Ավգուստինը ծեր էր և կուզիկ: Ուսին դրած գավազանը իրենից հին էր, որ շիկակարմիր փայլով փայլում էր լույսի տակ: Քահանան նստում էր սրահի հին բազմոցին, հանում ճխամորճը և քարանձավային քթանցքներից ներս քաշում ծխախոտը: Երեխաներին, որոնց բոլորին ինքն էր կնքել բերում էր ամենամյա հին նվերը` մի տուփ պաչիկ: Նստում էր ու մինչև ուշ գիշեր պատմում սատանաների ու կախարդների մասին: Հետո սարսափելի էր լինում տեղից վեր կենալ-գնալ-քնելը:
Ապա քաղաքի հնամենի եկեղեցուց, որտեղ ցմահ ճգնում էին երեք ճգնավորներ, գալիս էր հարկահավաք տեր Էվգենիուշը: Քահանա Էվգենիուշը հաղթանդամ, կարմրահեր տղամարդ էր, խոսում էր բարձր ձայնով ու երբեք չէր ձանձրացնում իր զրույցներով: Երբ նա գալիս էր, գինի էր հայտնվում սեղանին, իսկ նրա պատմություններն ավելի ուրախ էին: Նրա պարզ ու տեղին խորհուրդները միշտ օգնական էին լինում մարդկանց: Հեռանում էր միշտ դատարկ կառքով, իսկ աստղիկն ավելի մեծ քայլերով էր գալիս:
Այդ օրերին մի օր մեր ծնողները գնում էին քաղաք գնումների: Երբ նրանք գնում էին, տունը դառնում էր ահռելի մեծ: Սենյակների ծայրը չէր երևում, խոհանոցն ու տնտեսական մասը դառնում էին հարյուր մղոն հեռու: Վերադառնում էին մթնշաղին, և նրանց հետ կառքից ներս էին գալիս տուփեր, տուփեր, տուփեր: Այդ բոլորը անհետանում էր մեծ պահարանի մեջ, իսկ վերջում երևում էր մայրիկը, որը սենյակներով անցնելով ասում էր.
– Ցուրտ է, ցուրտ է:
Տունը նորից դառնում էր փոքրիկ ու տաքուկ:
Սուրբ ծննդյան երեկոյից երկու օր շուտ գնում էին եղևնի բերելու: Լինում էր, որ գիշերը շուտ էր վրա հասնում, և եղևնին չէր հասցնում ժամանել: Երեխաները հազարավոր անհանգիստ մտքեր էին ունենում: Հայրը գալիս էր այդ տխուր պահին և մխիթարում նրանց.
– Դուրս է եկել արդեն ծերունի Յուզեֆը ամպերից: Իսկ ձյունն էստեղ մինչև ծնկներն է: Կամաց կամաց գալիս է ծերուկը…
Երեխաների սրտերը խփում էին զանգակի նման։
Բայց հանկարծ ինչ-որ բան է դրխկում պատուհանի տակ: Եղևնին էր ժամանել անտառից․գիշերվա թավշյա լռության մեջ պարզ լսվում էին ձայները` ինչպես են եղևնին իջեցնում կառքից: Հաջորդ օրն անմիջապես եղևնին հայտնվում էր ճաշասենյակում: Իր հետ ներս էր բերում անտառի և ձմռան հոտը: Հատակից մինչև առաստաղ կանգնում էր սառը, հպարտ, բարձրահասակ:
Երեխաները պտտվում էին նրա շուրջը ու հատ-հատ դիպչում սառցակալած փշերին:
Ընթրիքից հետո մայրիկը բացում էր հսկա պահարանը: Շունչներս պահում էինք…
– Ահա՛ ձեզ չրեր, թխվածքներ… Կոնֆետը հերիք է, ընկուզեղենը հիմա կգա: Էստեղ էլ՝ մարցիպանով մրգերը: Երեխանե՛ր, չուտե՛ք,- մի մասը մայրիկը լցնում է թասի մեջ: Մարցիպանով մրգերը շատ քիչ են, ու չի կարելի ուտել նույնիսկ մի հատ, քանի դեռ գոնե երկու օր տոնածառի վրա կախված չեն մնացել:
– Բերե’ք էստեղ զամբյուղը:
Եվ երեխաները վազում են զամբյուղի հետևից: Բերում են նաև հյուսկեն տակդիրով լամպն ու սկսվում է թելելու աշխատանքը: Երեխաներին բաժանում են գունավոր թելերը: Ամեն խաղալիքը պետք է թելել ու հանգույց անել: Ապա հայրը բարձրանում է ընկույզների ու խնձորների հետևից: Լսում էինք` ինչպես է հայրիկը երկար քայլում տանիքում, և սարսռում էինք` պատկերացնելով մութ տանիքի անհայտ խորություններն ու տեղ-տեղ ցցուն մասերը: Հայրիկը ինքն է երկու-երկու, երեք-երեք, չորս-չորս սոսնձում ընկույզներն ու իրար կապում խնձորները:
Ուշ երեկոյան մայրիկը ներս է բերում քաղցրեղենով սկուտեղը` անձեռոցիկով ծածկված: Դողում էինք արդեն` ավելի մոտ զգալով տոնական պահը, բայց միևնույն ժամանակ վախենում էինք` եթե հանկարծ Աստղը չերևա…
Այնուամենայնիվ Աստղը երևում էր:
Երբ արթնանում էինք քնից հաջորդ առավոտյան, դրսում դեռ մութ գիշեր էր: Պատուհանի փեղկերը բացվում էին, և գիշերը նայում էր բուխարու կարմիր բոցերից թրթռացող սենյակից ներս: Սրահի պատուհանից երևում էր վաղորդյան աստղը` ինչպես ադամանդե շուշան` երկնքի խավարի մեջ:
Ճաշասենյակի լամպը թույլ ճոճվում էր, իսկ երբ մեկը քայլում էր, պահարանի մեջ դողում էին տոնականորեն շարված բոլոր բաժակներն ու գավաթները` միանալով երեխաների անհամբեր ապրումներին: Գիշերը դանդաղ գունատվում էր ու լողում ծիրանի ու մանուշակագույն մշուշներում, այգին թոթափում էր վրայից ստվերներն ու մերկ, անհամարձակ կանգնում իր ձյունափայլ գեղեցկությամբ:
Երբ լույսը բացվում էր վերջնականապես, գալիս էին զարմուհիները` իրենց հոր հետ: Տուփերից հանում էին ոսկեգույն կախազարդեր և կախում տոնածառից: Դա մի մեծ աղմուկ էր: Տոնածառը պետք էր տեղափոխել սրահ: Բայց մինչ այդ պետք էր գագաթին ամրացնել արծաթագույն աստղն ու տրոմբոն փչող հրեշտակին: Տոնածառը արդեն զարդարված էր ու պարուրված արծաթե ու ոսկե թելերով: Սենյակի ջերմությունից սկսում էին պտտվել բազմագույն փայլազարդերն ու գլխապտույտ բուրել կոճապղպեղով թխվածքաբլիթներն ու թուզերը: Ահ, թուզերի բույրը: Դուք դեռ հիշում եք` ոնց են բուրում թուզերն ու խուրմաները` միացած եղևնու խեժահոտին:
Այդ ժամերին լճի մոտից լսվում էր հայրիկի ձայնը: Երեխաներս հագնում էին թաղիքե կոշիկներն ու բրդյա վերարկուներն ու վազում ներքև: Լճի սառույցի տակից մարդիկ քաշում էին ցանցն ու ձեռքները մտցնում սառույցի անցքերից ներս: Նրանց բոլորին ղեկավարում էր ստելմախը4: Ոչ մի կարևոր բան կալվածատանը առանց ստելմախի չէր կատարվում: Նա էր մորթում խոզերին, երշիկ սարքում, հետևում կարևոր գործերին, ղեկավարում ձկնորսությունը, ներկում հատակը, պաստառապատում պատերը: Երբ գործը լճի վրա վերջանում էր, ու ձկները, դույլի մեջ բերանները բացուխուփ անելով, հասնում էին խոհանոց, հայրիկը հրացանը ձեռքին գնում էր որսի, որ ամբողջ տարին հաջող անցնի: Երեխաները դեռ բակում, հովտում, այգում փնտրում էին աստղիկին, իսկ շները ցատկոտում էին նրանց ոտքերի տակ, աքաղաղները զգուշավոր քայլում էին` ոտքերը բարձր պահելով ձյուների մեջ, հնդկահավերը կչկչում էին` անճոռնի ցատկերով փախչելով: Վերադառնալով տուն` նրանք հիացած կանգնում էին շքեղորեն գեղեցիկ տոնածառի դիմաց` հմայված նրա փայլով:
Երկրորդ նախաճաշին ուտում էինք ծովատառեխ, որից հետո սկսվում էր հետկեսօրը` երկար ու անվերջանալի: Գնում էինք անկյունից անկյուն, լուռ ու երազկոտ նստում պատուհանի գոգին: Մութը այնքան դանդաղ էր գալիս: Թվում էր`արդեն մոտիկ է, բայց նորից հետ էր քաշվում: Փակում էինք աչքերը` մինչև հարյուրը հաշվելով, բայց մութը չէր շտապում:
Մայրիկը դեռ ներսուդուրս էր անում: Հայրիկը լուռ ու անշարժ նստած էր սրահում: Սենյակի եռուզեռին անհաղորդ` նա մտքերով գնացել էր դեպի ապստամբության տարիների Սուրբ ծնունդներն ու գուցե ավելի հետ` դեպի մանկություն:
Վերջապես հայրիկը խոսում է.
– Տեսնում եմ արդեն աստղիկը:
Իսկ եթե ամպամած էր, ասում էր.
– Պիտի որ արդեն աստղը լինի,- և կանգնում էր նստած տեղից:
Այդ ժամանակ լուռ, անսպասելի փակվում էին սրահի դռները: Ս. Յուզեֆի ժամանելու պահն էր: Մենք նրան չէինք տեսնում, նստում էինք երեխաներով ավելի ու ավելի մթնող սենյակում ու տագնապած սպասում: Վերջապես դռները բացվում էին: Սենյակը մեր աչքերի առաջ լուսավորվում էր ու սկսում պտտվել: Լսում էինք հրեշտակների թևերի սոսափյունը, ու եղևնին լուսավառվում էր անհավանական պայծառությամբ, կարծես երկինքն էր բոցավառվում միլիոնավոր աստղերով: Երեխաները ապշած ու վախվորած մոտենում էին տոնածառին: Ծնողները նույնպես կարծես կարկամած, բայց լիասիրտ գրկում ու համբուրում էին նրանց: Պատուհանների մեջ արտացոլվում էին կախարդական տոնածառներ: Բազում հրաշալի ակնթարթներից հետո վերջապես նկատում էինք նվերները տոնածառի տակ: Հայրիկն այդ ժամանակ նվագում էր ջութակը և երգում.
«Եվ երեկ երեկո, և երեկ երեկո,
Երկնքի դռներից…»
Ապա առոգանությամբ.
«Եվ Աստված ծնվեց, և չարը կորավ…»
Երեխաները բարձր գոչյունով միանում էին նրան:
Խոհանոցից սրահի դռների դիմաց էին հավաքվում բոլոր աշխատողները` մասնակցելու խնդությանը:
Ապա հայրիկը ցած էր դնում ջութակը, վերցնում օպլատեկներով լի ափսեն, և բոլորը միասին գնում էին խոհանոց, որտեղ մեծ սկուտեղների մեջ շարված էին խնձորներ, ընկույզներ, թխվածքաբլիթներ: Բոլորին բաժին էր հասնում` և տան անդամներին, և աշխատողներին: Բոլորը ձգվում էին, որ օպլատեկներ կիսեն: Հետո ստանում էին մեկական բաժակ օղի, և հայրիկը հերթով մոտենում էր բոլորին: Հետո գալիս էր ստելմախը, այգեպանը, խմբավարները, բայց նրանք` միայն օպլատեկ կիսելու և ցանկություններ մաղթելու: Հանկարծ աղջիկները ճչում էին վախից, երեխաները փախչում էին դեպի սենյակ. պատուհանից երևում էին մեծ, կարմիր երախներով դիմակները, որոնք խանութում կախված այդքան էլ սարսափելի չէին: Ապա գալիս էր երկար, սպիտակ մորուքով «աստղակիրը»5, որը երեխաներին աղոթքներ ասել էր տալիս:
Ավելի ուշ երբ մենք էինք օպլատեկներ կիսում ծնողների հետ ու նստում ընթրիքի, մայրիկը անհանգստանում էր, որ հանկարծ ձկան փուշ կուլ չտանք, իսկ մեզ թվում էր, թե արդեն կուլ տվինք: Այդ ժամանակ հայրիկը կարգադրում էր ուտել շատ կարտոֆիլ, և մենք հիանում էինք այդ հնարքով: Ապա ստանում էինք քաղցր մուսկաթի գինի` խնդրելով էլի: Վերջապես գալիս էր աղանդերը՝ ամբո՜ղջ տարվա երազանքը, բուրավետ խուրմայով և թզի զգլխիչ համուհոտով քաղցրավենիքները, ճտճտացող չամիչները, սառը մարմելադները, կոճապղպեղով թխվածքաբլիթները և վերջում` ընկույզները: Մեծ ընկույզները ջարդում էինք և ուտում մեղրով, փոքրերով հայրիկի հետ «զույգ ու կենտ» էինք խաղում:
Ընթրիքից հետո նորից վառում էին մոմերը․ բոլորն ընկնում էին խոր երանության գիրկը երջանկության մեծ վայելքից հետո: Կիսաքուն գրկած մեր խաղալիքները` լսում էինք, թե ինչպես են գիշերվա հեռուներում օրորվում կոլենդաների ելևեջները.
«Երբ ծնվում է Հիսուսը և ոտք դնում մեր աշխարհ,
Աստծո լույսով է լցվում ամեն գիշեր և խավար»:
Գիշերվա սաթի ֆոնին սկսում է կայծկլտալ կարմիր աստղը, և լսվում է գյուղացիների երգի ձայնը.
«Աստծո Որդի, դուրս եկ ոսկե սենյակից՝
Օծված հարդով` աստվածային, մոգական,
Թող քեզ օրհնի իր ձեռքով Հայր Աստված,
Եվ ճամփորդես աստվածային եզերքով»:
- Ռոռատ- Կաթոլիկ եկեղեցում Սուրբ ծննդյան տոնին նախորդող պատարագ` նվիրված արևածագին ↩︎
- Օպլատեկ- Եկեղեցում` ցորենի ալյուրից թխվող բարակ, նուրբ, սպիտակ, թափանցիկ հացի թերթիկ, որը խորհրդանշում է ներում, համերաշխություն, կամեցողություն: Կիսում են սեղանի շուրջը միմյանց միջև` ի նշան սիրո և համերաշխության: ↩︎
- Կոլենդաներ-Հիսուս Քրիստոսի ծննդյանը նվիրված թեմատիկ երգեր` բեթղեհեմյան մոտիվներով ↩︎
- Ստելմախ-Կառք սարքող և կառքը վերանորոգող վարպետ ↩︎
- Աստղակիր- Արևմտ. և հարավ. Լեհաստանում (Լուբուլյան, Վիելկոպոլյան, Կույավների մի մասը, Կաշուբներ) կոլենդա երգողներից ամենագլխավորը, ով կրում էր աստղը և երեխաներին բաժանում նվերներ ↩︎