Տաթեւիկ Դեբենց/Բանաստեղծական շարք կամ շարքային բանաստեղծություններ

***

լուսավո՛ր իմ մենություն,
չտեսնվա՛ծ,
չգրվա՛ծ,
չեղա՛ծ,
պատմի՛ր այսպիսով, թե ոնց ես շրջում ամեն մայթով`
արհամարհելով մեքենաներ հազարավոր,
լուսացույցեր, լուսամուտներ, լուսաելներ կարգազանց։

***

մռնչա՜ ու մռնչա՜…
հանիր ինչ ձայն կուզես…
միայն թե բացահայտի՛ր վերջապես`
այդ ո՞ւմ բռունցքն է կարոտել քո քիթը,
այդ ո՞ւմ է որոնում նա դեռ կատաղած։

***

պատահե՞լ է աղբատար մի օդանավ, վայրենի մի կաթնասուն կամ, գոնե, մոլորված մի անասուն փողոցի մեջտեղում այն ճշգրտված քեզ համարի իր փրկությունը եկած ճիշտ պահին,
չէ՞ որ դու ինչ-որ մեկից ուշացել ես նորից անփութորեն`
մյուսի համար դառնալով աստված։

***

չեղա՜ծ,
չգրվա՜ծ,
չտեսնվա՜ծ,
խոստացե՞լ են քեզ վարդագույն պիջակներ,
գուլպաներ դեղին կամ հողագույն,
թե՞ դու պտտվում ես այդ մայթերում առանց շահի ու ահի
և հավաքում տխրությունը որպես մագնիս։

***

բայց, սիրելի՜ս,
էության իմ առանձնացվա՛ծ, չգտնվա՛ծ մի մաս,
երբ թվում է,
թե ոչինչ չի մնացել ասելու,
դու գալիս ես և հիշեցնում,
դու գալիս ես և գոռում իմ ականջում
որ ոչինչ էլ չի ասվել`
պատռելով մրոտածս վերջին։

***

արցունքներս իջնում են ճիշտ այդ էջին,
և դու հավաքում ես ուժերդ բոլոր.
հաստատվելով իմ մեջ`
հաստատելու համար ճշմարտությունը ամենակարևոր,
թե ճիշտ էությունը ոչինչ է, առանց հորինված մենության։

***

գյուղի կանա՛չ ավտոբուս,
մի երկու րոպե կանգնի՛ր, էլի,
քեզ այնքան եմ սպասել, այնքան-այնքան,
որ կորցրել եմ հաշիվս, ների՛ր ինձ։
բայց գիտեմ`
դու գալիս ես առավոտյան լուսաբացի հետ,
վաղորդայնի հետ
ու այնպիսի մի հրաշալի ձայնով,
որ ինքնաբերաբար մի արթնացում է թվում քո գալն իմ պատուհանի համար։

***

հասկացի՛ր ինձ ևս մի անգամ,
որ երեկ քնել էի առանց գիտակցումի,
պառկել տակն ինչ-որ գետնանցումի,
ու ջուրը գազարագույն հոսում էր ճակատովս այնքան արագ,
որ անհնար էր դարձել արդեն շոշափել քո հետագիծը նույնիսկ։

***

հոգնել եմ արդեն
վազել-վազել-վազել`
կիսատելով զրույցներ կարևոր,
մաշելով նոր գնած կոշիկներս,
կորցնելով
այս վերջերս գտած սերս վաղաժամ…

***

անարդյունավետ օրվա վերջում, երբ ամեն ինչ սխալ է թվում նորից,
և ոչ ոք ոչ մեկին չի սպասում,
գոնե դո՛ւ կանգ առ. գուցե այդպես հասկանամ` ինչ-որ տեղ հայտնաբերելո՞ւ եմ մեծագույն ճշմարտությունը մի օր,
ինչ-որ տեղ հայտնաբերվելո՞ւ եմ պատահմամբ։

***

ինձ տա՛ր հեռու-հեռու,
կորցրո՛ւ բոլոր հետքերը,
որ ցրվեն մեզնից կասկածներն անհամար։

***

երանի մենք էլ նորագույն համակարգերով աշխատեինք,
մինչ երկուսս էլ, ծիծաղում եմ, բայց դառն է, մնացել ենք նախորդ դարից էլ նախորդ մի դարում։

***

ինձ համար պահի՛ր տեղերը լավագույն, թեպետ քեզ հետ թեկուզ կանգնած կսավառնեմ.
լավ գիտես` ոնց եմ սիրում թռիչքները մեր միասնական հանդիպելիս քարացած մի ավազաշերտի։

***

գյուղի կանա՛չ ավտոբուս, գնե՞լ են քո գիծը, չե՞ս գալու սրանից հետո,
այլևս երբե՞ք,
իսկ ո՞ւմ եմ պատմելու վշտերս,
ո՞վ կպահի մեղքերս հատ առ հատ
անարդյունավետ մի օրվա վերջում,
կիսատված ու կիսաստված ամեն ինչի արանքում
լինելով եզակի մխիթարություն անմխիթար։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *