Ցավից ուզում էր վերանալ: Անցավ ծառուղին, հասավ հին այգուն ու ոտքը ինչ-որ բանի խփելով ընկավ. մահը գտնի էստեղ իրեն: Հուսահատությունից գլուխը կորցրած` նա հասել էր հին մառանի` եղեգներով ծածկված հարթ տանիքին: Գալարվելով կողքից կողք`Յուլկան պոկոտում էր չրթչրթան ցողունները: Մտածում էր էնքան կլացի կմեռնի էդտեղ, բայց չմեռավ, մենակ շուրջը եղած ամեն ինչ սկսեց պղտորվել ու լողալ աչքի առաջ: Լացելուց էնքան էր հոգնել, ոնց որ ամբողջ օրը եփել-թափելու գործ արած լիներ: Մոլորված հայացքով սկսեց շուրջը ուսումնասիրել: Մի դեղին թռչնակ զգուշավոր շրջում էր խոտերի մեջ: Հավանաբար օրիոլ էր: Լճակից այն կողմ` ճանապարհի վրա ինչ-որ բան էր շարժվում: Չոր եղեգից անծանոթ հոտ էր գալիս: Մի կատու թփերի մոտ պտտվում էր ու թաքուն նայում Յուլկային` բերանը լայն բացած, հավանաբար մլավում էր, պարզապես թռչունների տարատեսակ ճռվողյունների մեջ նրա ձայնը չէր լսվում: Նրա դարանած դիրքից Յուլկան հասկացավ, որ պատրաստվում էթռչնակին բռնել: Քար ու հող շպրտելով կատվի վրա` նորից սկսեց բարձրաձայն լաց լինել: Ում մոտ գնար էդ ամոթալի վիճակով: Գլուխը հպել էր գետնին ու լացելով ասում էր.
-Հա՜յր, հա՜յր մեր…,- մինչև վերջապես քնեց:
Շոգ հետկեսօրը փայլում էր նրա վրա: Մերձափնյա թփուտների ցանցառանալու հետ սկսվում էր փոքրիկ լճակի սահմանը, որտեղ էլ ճռվողում էին ճնճղուկները: Ջուրը լուռ ծփում էր ու փրփրում ափին` լճի խոր հատակից դուրս բերելով գորշավուն ու ոսկեգույն թելեր: Քամին ներխուժեց ու խախտեց հանգիստ լռությունը: Աղմկեց տերևների արանքում, սուրալով բարձրացավ մինչև ծառերի կատարները, արագացրեց ալիքների վազքը ու խշշաց խոտերի մեջ: Բայց քամին էլ սսկվեց քիչ հետո:
Յուլկայի գլխավերևի ստվերը կամաց հետ էր քաշվում: Այնքան, որ արևը ծառերի արանքից ուղիղ ընկավ նրա դեմքին: Արթնացավ ու ժպտաց: Չկարողացավ հասկանալ, թե ինչու է ինքը լճակի ափին: Հաջորդ պահին հիշեց: Բայց այլևս չլացեց: Լցվելով աևի կենսական լիցքերով` Յուլկան անսովոր երջանկություն ու խինդ զգաց, ինչպիսին լինում է դժվարությունն ապրելուց հետո Աստծո փառաբանության պահին: Սառը դատելով, չնայած բավական ուշացած, որոշեց, որ նախ պետք է Շչեպանի հետ խոսի:
Թափ տվեց վրայի փոշին ու գնաց դեպի կալվածատուն: Ճանապարհին նրան թվաց, որ շատ հեռվից աղմուկ է լսվում: Հիշեց, որ երազում սարսափելի ճիչեր էր լսում: Կանգ առավ, որ ականջ դնի, բայց ականջները հակառակ կողմից էին ձայներ որոնում` զղջումի խոսքերով:
Շուրջը աչք ածեց: Բակում, որմնաշար ծաղկանոցի շուրջբոլորը ոչ մի շյուղ չէր շարժվում: Արևը սուր, հրակարմիր ճառագայթներով թափանցել էր այգի, որից բոլոր ստվերները շառագունել էին:
Յուլկան նստեց խոհանոցի շեմքին: Այնտեղ էլ մարդ չկար: Երևում է` բոլորը գնացել էին դաշտում զբոսնելու, ինչպես ամեն կիրակի երեկոյան կողմ, երբ քամին դադարում է: Խճաքարերով ծածկված հատակը հարթ էր ու ընդհանրապես չտրորված: Կավե ջրամանի մեջ հանդարտ արտացոլվել էր երկնքի մի կտոր: Յասամանների թփերի արանքում մի աղավնի ղունղունաց: Ծիծեռնակներներն էին թռչում` շարունակ դեպի վեր սլանալով: Բայց մարդ չկար:
Յուլկան նկատեց, որ հավերից երկուսը թաքնվել էին թփերի արանքում և պատրաստվում էին գիշերն այդտեղ անցկացնել` արդեն հարմար տեղավորվելով ցածր թփերի վրա: Վեր կացավ տեղից, որ նրանց քշի հավաբուն, երբ քարացավ տեղում: Իրեն չէր թվացել, իսկապես հեռվում գոռոցներ էին տարածվում: Գոռոցների մեջ նա առանձնացրեց պանի ձայնը, բայց ուրիշ ձայներ էլ կային, որ կամաց մոտենում էին դաշտի կողմից: Յուլկան ճանաչեց նաև հյուսնի խռպոտ ձայնը: Նա էր ծիծեռնակների ծիվ-ծիվին զուգահեռ գոռում.
– Ջրցան պիտի լինի նորմալ կալվածատանը: Ջրցան է պետք:
Ձայները դադարեցին մոտենալ, նա ցատկեց տեղից դեպի դարպասը:
Լճակի մոտ հավաքված էին բոլորը` պանը, պանին, երեխաները ու էլի մարդիկ: Հենց էդտեղ էին գոռում, կարծես ջրի մեջ էր ինչ-որ բան էր կատարվում:
Նորից առաջ շարժվեցին, էլի կանգ առան, այս անգամ էլ սկսեցին հենց ճանապարհի մեջտեղը գոռգոռալ: Որոշները պոկվեցին էդ թափորից ու սկսեցին ցրվել: Յուլկան վազեց նրանց ընդառաջ ու սկսեց հարցեր տալ: Մեկումեջ նրան պատասխանեցին, հետո նորից տաքացան ու սկսեցին սպառնագին խոսել:
Ոմանք գոռում էին, որ գյուղացիների կովերը սոված են, իրենք էլ քշել են առվի մոտ արածեցնելու: Մյուսներն ասում էին` առվի մոտ են արածել, բայց, այ, առվույտը հնձած չի եղել. պանն է կարգադրել այդքանը հնձել: Ուրիշներն էլ մեջ էին ընկնում` ասելով` գյուղացիք գազան չեն, որ ցորենի արտը հրդեհեն:
Յուլկան սկսեց հասկանալ, երբ տեսավ հորը: Պանի հետ ամբոխի մեջ քայլելով` իրար սարսափելի բաներ էին ասում:
– Բա քեզ ինչի համար եմ պահում: Դու դրա համար ես իմ հացն ուտում:
– Ձեր հացին իմ ատամն էլ չի կպել,-հակադարձեց հայրը:
– Բայց չիբուխդ կպցրել ես, որ բերքս վառես:
– Ովքե՞ր են էդ շան ծնունդները, որ ասել են, թե ես եմ կրակ տվել: Թող կուրանան էդ հաչացողների աչքերը, որ ուզում են ինձ կործանել:
– Դու ես ինձ կործանում, գրողը տանի: Չոլերն եմ ընկնելու քո պատճառով, թե շարունակես էսպես ղեկավարել: Բայց առաջինը դու կգնաս:
– Հենց հիմա կգնամ: Էլ ինձ էստեղ չեք տեսնի: Ավելի լավ է բաց դաշտում գիշերեմ:
– Գնա, գիշերի էդ դաշտում, որ կրակի ես տվել: Գնա, էնտեղ գիշերի:
– Ո՞վ է էդ դաշտը հերկել: Ես ինքս: Ես ցանել եմ, ես վառե՞լ: Որ Ձեզ ուզեն կրակի տալ, հացից չեն սկսելու:
– Գնա աչքիցս,- գոռաց պանը արդեն իր տան բակում ու գոռալու հետ մեկտեղ էնպես ցնցեց, կատաղած քաշեց վարդի թուփը, որ թուփը արմատախիլ եղավ:
Կանգ առան բոլորը: Մի մասը վազեցին պանին օգնության, մի մասը թողեցին, հեռացան:
Յուլկան ուզեց հոր հետևից վազել, բայց նրան ուղարկեցին կառապանի մոտ, որ ասի՝ բժիշկ բերի:
– Պանը հիվանդացել է,- ասաց նա` հասնելով ախոռ :
Ջրհորի մոտ մի երկու կառապան ձիերն էին ջրում ու լուռ ականջ դնում կալվածատան կողմից եկող աղմուկին:
– Որտե՞ղ է էդ ցորենը վառվել,- արցունքն աչքերին շշնջաց Յուլկան:
Ցույց տվեցին գոմերի արանքով դարպասները: Դուրս եկավ բաց դարպասներից ու տեսավ:
Հսկայական ցորենի արտը կրակից մոխիր էր դարձել, ու մայր մտնող արևի ճառագայթների տակ նմանվել սև ավերակների:
Ահա թե ինչ դժբախտություն էր պատահել մարդկանց այն ժամանակ, երբ ինքը այգում քնել էր ու երազներ էր տեսնում:
Կալվածատուն վերադառնալու փոխարեն գնաց իրենց տուն:
Մթության մեջ նստել էին ծեծվածների պես: Խոսելու բան չկար: Ցանկություն չկար: Յուժիոն էր միայն երջանիկ, մոր գրկին քնած:
– Տեսա՞ր Յուլկա, ով կմտածեր, որ նորից պիտի քամի կուլ տանք դաշտերում: Թանկ, թանկ ենք վճարելու մի քիչ էստեղ մեզ լավ զգալու դիմաց: Լավ կլիներ ընդհանրապես էս դռները թակած չլինեինք:
Յուլկան հորը հարցրեց զգուշորեն.
– Բայց ինչի՞ց էդ ցորենի արտը հրդեհվեց:
– Բա որ իմանայի,-պատասխանեց,- ծառի տակ հովին նստել են, կովերն արածացրել: Իրար պահում են դրանք: Ես հեռու թիկն էի տվել, մի քիչ ննջել, աղոթքի երկու տան չափ էլ չէի քնել, մեկ էլ գոռացին` վառվում է: Շրջվեցի, տեսնեմ կրակը ակոս-ակոս տարածվում է՝ ֆըռ-ֆըռ-ֆըռ… ու էնքան արագ է հրվում առաջ, շաղ է գալիս կարծես կրակե կաթիլներով: Աչքս թարթեցի, վառված էր:
– Հայրիկ… իսկ դու… ծխե՞լ ես:
Ծանր լռություն տիրեց:
– Չգիտեմ,- խոսեց վերջապես Կաչմարեկը:
Կանգնեց տեղից ու խփեց կրծքին.
– Ուղեղս մթնել էր, ես բան չեմ հիշում: Ոչ մի բան չեմ կարող հիշել, թե ինչ էի անում դրանից առաջ: Բայց ես ամենավերջին մարդը թող լինեմ, եթե հասած բերքի մոտ ծխախոտ եմ վառել: Ես հո հիմար չեմ, որ նման բան անեի, էդ ոնց որ ձեր կոկորդները կտրեի, էդ դաշտն ինձ էնքան հարազատ էր, ոնց որ իմ ընտանիքը, ոնց որ դուք: Ա՜յ քեզ բան:
Լալիս էին վշտացած, որ չարությունն է բուն դրել մարդկանց մեջ, որ կյանքը իրենց ծվատում է ու քարշ տալիս: Արցունքները դեռ աչքերին` Յուլկան հետ գնաց կալվածատուն: Պարզկա գիշեր էր: Լսվում էին լորերի ճտճտոցները:
Մի շաբաթ հետո, երբ պանը մի քիչ իրեն լավ էր զգում, Յոլկան հորը հարցրեց, թե ուր են գնալու հիմա: Գուցե հասել է էն պահը, որ պիտի ծով մտնեն կամ գնան Պրուսիա: Հայրը դեմ կանգնեց էդ խոսքերին` չէ որ չէ:
– Բա ուզում էիք, հայրիկ:
– Հիմա չեմ ուզում, հիմա ուրիշ է: Ես ինձնից շատ բան եմ տվել, էդ դաշտայինի գործի համար: Ես ձեզ սա կասեմ` ապրելն իմաստ չէր ունենա, եթե ապագայի ու մարդկանց հանդեպ հավատը կորչեր: Իսկ եթե բոլորը գնան, էստեղ ո՞վ կմնա ու կաշխատի:
– Ինչ է , չե՞ն գնալու ուրիշ գյուղերում պատմեն: Որ քո հսկած ցորենի արտն է հրդեհվել կամ մի ուրիշ բան: Ուրիշները չե՞ն գնում կալվածքից կալվածք: Էլ ո՞վ կհամաձայնվի քեզ գործի վերցնի,- զգուշացրեց մայրը:
– Ես էլ գյուղում գործ չեմ փնտրի:
– Բա որտե՞ղ,- հառաչեց մայրը:
– Է, քաղաք կգնանք: Դեռ էնտեղ չենք եղել:
-Ի սեր Աստծո: Քաղաքում թեթև են ապրում, բայց սոված են: Իրար կոկորդ են կրծում մարդիկ,- ասաց մայրը:
– Դեպի բարի տանող ճանապարհը միշտ երկար է լինում, մարդկանց փոխըմբռնման ճանապարհն էլ է երկար: Բայց երբ ամենաերկար ճանապարհն ես ընտրում: Մարդիկ չեն վատը, ուղղակի… Աստված հեռու տանի… Սկզբից գլխին են դնում, մեծարում, հետո հոշոտում իրար: Բայց էսպես չի լինի: Եթե ես չէ, ապա Յուլչա, դու կամ Յուժիոն ստիպված կլինեք անցնել դեպի բարին տանող էդ երկար ճանապարհը:
Էդ խոսքերը մի տեսակ մխիթարություն դարձան նրանց տանջված սրտերի համար: Մաքրեցին արցունքները, լույսերը վառեցին: Յուլկան պատուհանի գոգի ծաղիկները ջրեց: Հայրը շարունակեց.
– Ես պանից էլ բողոք չունեմ, չնայած ջղայնացած ժամանակ իրար ծանր խոսքեր ասացինք: Ես սկի չգիտեմ թե ինչ կանեի, եթե իմ ցորենի արտը հրդեհվեր: Բայց ինչ արած: Ես թույլ չեմ տա ինձ նեղացնեն: Երկրորդն էլ`եթե էդպես էղավ, ուրեմն ավելի շուտ պետք է մտածել նոր ուղի գտնելու մասին ու չափսոսալ էստեղից ընդմիշտ հեռանալու համար: Թող մնացողները դիմակայեն հանուն էս հողի: Ասում են, որ մեծ պատերազմ է լինելու: Գուցե պատերազմը էս ամենը մաքրի:
Էնքան խոսեցին, մինչև մթնեց:
– Գնա արդեն, Յուլչա, գնա,- ասացին աղջկան:
Երբ դռան մոտ էր, կանչեցին.
– Յուլչա:
Հետ շրջվեց:
– Յուլչա, եթե ուզում ես, մնա:
Պրպտեց փականի օղակը ու ասաց.
– Մտածում էի շնորհակալություն ասեմ նրանց ու ձեզ հետ գնամ էստեղից:
– Բա դու էստեղ սիրտդ ես կապել, ո՞նց կլինի:
Երկար լռություն տիրեց, հետո կոկորդում խեղդվող կոշտ ձայնով ասաց.
– Եթե ես նրա մտքում կամ, կգա իմ հետևից, եթե չկամ, ուրեմն էստեղ էլ ինձ չի գտնի:
– Խելացի ես մտածում,- գովաբանեցին: Իսկ երբ գնաց, ուրախացան, որ մի քանի տարի էլ դեռ իրենց հետ կյանք ու կենցաղ կկիսի:
– Մեզ համար դեռ դժվարն առջևում է: Պետք է սկսենք լրիվ նոր էջից: Իսկ նա ջահել է, առույգ, զվարթ, իսկական լույս խավարի մեջ: Դեռ ժամանակ ունի մինչև ամուսնանալու տարիքը:
Լրիվ նոր էջը միանգամից չբացեցին: Չնայած սպառնալից վիճակին` մնացին մինչև աշուն:
Այնուամենայնիվ: Հեռանալիս նրանց վարձած սայլն ավելի նոր էր ու սարքին, քան այստեղ գալիս: Հագուստները նոր էին: Հավ ունեին, մի քիչ էլ փող` կով ու խոզ առնելու համար, իսկ կատվից բացի շուն էլ ունեին արդեն:
Էդքանով հանդերձ կարևորն այն էր, որ բոլորը միասին էին՝ գոհ էին ու սպասում էին, թե կյանքը ինչ կտա իրենց:
Հայրը վճռական դեմքով կանգնեց սայլի կողքին և գոչեց.
– Շտապե՛ք, արագացրե՛ք, ժամանակը մի՛ վատնեք:
Էլ սպասել չտվեցին նրան, կատվին տոպրակով գցեցին հագուստների արանքը, իրենք էլ աղմուկով շարվեցին սայլի մեջ: Յուլկան առջևում նստեց:
– Զուժիա, պահիր շանը, հավերը դուրս կթռչեն դրա պատճառով, – գոռաց նա` հետ շրջվելով:
– Վե՞րջ,- հարցրեց կառապանը:
– Գնացինք,- գոչեցին,- հանուն Հոր և Որդվո…
Երբ թեքվեցին դեպի մեծ ճանապարհը, գլուխները թեքեցին, որ չտեսնեն նորակառույց աղյուսե տունը: Ավարտված էր արդեն ու չորանում էր աշնան վերջին արևներից:
Հեռու չգնացին, քաղաքը հազիվ մի մղոն էր հեռու: Բայց կարճ այդ ճանապարհը տանում էր նոր աշխարհ, ուրիշ մարդկանց մեջ, դեպի նոր ու օտար սովորույթներ:
Չէր տանում արդեն դեպի հողը, այլ մի բանի, որն անհայտ է իրենց: Այդ պատճառով նրանց թվում էր երկար՝ ավելի երկար, քան դեպի ցանկացած գյուղ տանող ճանապարհ, քան ճանապարհը դեպի Պրուսիա, քան դեպի ծովը: Ամենաերկարը:
Թարգմանությունը լեհերենից՝ Հռիփսիմե Զարգարյանի
1 thought on “Մարիա Դոմբրովսկա/Ամենաերկար ճանապարհը(3)”