Մարիա Դոմբրովսկա/Ամենաերկար ճանապարհը(3)

Սկիզբը՝ այստեղ
Նախորդը՝ այստեղ

Ցավից ուզում էր վերանալ: Անցավ ծառուղին, հասավ հին այգուն ու ոտքը ինչ-որ բանի խփելով ընկավ. մահը գտնի էստեղ իրեն: Հուսահատությունից գլուխը կորցրած` նա հասել էր հին մառանի` եղեգներով ծածկված հարթ տանիքին: Գալարվելով կողքից կողք`Յուլկան պոկոտում էր չրթչրթան ցողունները: Մտածում էր էնքան կլացի կմեռնի էդտեղ, բայց չմեռավ, մենակ շուրջը եղած ամեն ինչ սկսեց պղտորվել ու լողալ աչքի առաջ: Լացելուց էնքան էր հոգնել, ոնց որ ամբողջ օրը եփել-թափելու գործ արած լիներ: Մոլորված հայացքով սկսեց շուրջը ուսումնասիրել: Մի դեղին թռչնակ զգուշավոր շրջում էր խոտերի մեջ: Հավանաբար օրիոլ էր: Լճակից այն կողմ` ճանապարհի վրա ինչ-որ բան էր շարժվում: Չոր եղեգից անծանոթ հոտ էր գալիս: Մի կատու թփերի մոտ պտտվում էր ու թաքուն նայում Յուլկային` բերանը լայն բացած, հավանաբար մլավում էր, պարզապես թռչունների տարատեսակ ճռվողյունների մեջ նրա ձայնը չէր լսվում: Նրա դարանած  դիրքից  Յուլկան հասկացավ, որ պատրաստվում էթռչնակին բռնել: Քար ու հող շպրտելով կատվի վրա` նորից սկսեց բարձրաձայն լաց լինել: Ում մոտ գնար էդ ամոթալի վիճակով: Գլուխը հպել էր գետնին ու լացելով ասում էր.

-Հա՜յր, հա՜յր մեր…,- մինչև վերջապես քնեց:

Շոգ հետկեսօրը փայլում էր նրա վրա: Մերձափնյա  թփուտների ցանցառանալու հետ սկսվում էր փոքրիկ լճակի սահմանը, որտեղ էլ ճռվողում էին ճնճղուկները: Ջուրը լուռ ծփում էր ու փրփրում ափին` լճի խոր հատակից դուրս բերելով  գորշավուն  ու ոսկեգույն թելեր: Քամին ներխուժեց ու խախտեց հանգիստ լռությունը: Աղմկեց տերևների արանքում,  սուրալով բարձրացավ մինչև ծառերի կատարները, արագացրեց ալիքների վազքը ու խշշաց խոտերի մեջ: Բայց քամին էլ սսկվեց քիչ հետո: 

Յուլկայի գլխավերևի ստվերը կամաց հետ էր քաշվում: Այնքան, որ արևը ծառերի արանքից ուղիղ ընկավ նրա դեմքին: Արթնացավ ու ժպտաց: Չկարողացավ հասկանալ, թե ինչու է ինքը լճակի ափին: Հաջորդ պահին հիշեց: Բայց այլևս չլացեց: Լցվելով աևի կենսական լիցքերով` Յուլկան անսովոր երջանկություն ու խինդ զգաց, ինչպիսին լինում է դժվարությունն ապրելուց հետո Աստծո փառաբանության պահին: Սառը դատելով, չնայած բավական ուշացած, որոշեց, որ նախ պետք է Շչեպանի հետ խոսի: 

Թափ տվեց վրայի փոշին ու գնաց դեպի կալվածատուն: Ճանապարհին նրան թվաց, որ շատ հեռվից աղմուկ է լսվում: Հիշեց, որ երազում սարսափելի ճիչեր էր լսում: Կանգ առավ, որ ականջ դնի, բայց ականջները հակառակ կողմից էին ձայներ որոնում` զղջումի խոսքերով: 

Շուրջը աչք ածեց: Բակում, որմնաշար ծաղկանոցի շուրջբոլորը ոչ մի շյուղ չէր շարժվում: Արևը սուր, հրակարմիր ճառագայթներով թափանցել էր այգի, որից բոլոր ստվերները շառագունել էին: 

Յուլկան նստեց խոհանոցի շեմքին: Այնտեղ էլ մարդ չկար: Երևում է` բոլորը գնացել էին դաշտում զբոսնելու, ինչպես ամեն կիրակի երեկոյան կողմ, երբ քամին դադարում է: Խճաքարերով ծածկված հատակը հարթ էր ու ընդհանրապես չտրորված: Կավե ջրամանի մեջ հանդարտ արտացոլվել էր երկնքի մի կտոր: Յասամանների թփերի արանքում մի աղավնի ղունղունաց: Ծիծեռնակներներն էին թռչում` շարունակ դեպի վեր սլանալով: Բայց մարդ չկար:

Յուլկան նկատեց, որ հավերից երկուսը թաքնվել էին թփերի արանքում և պատրաստվում էին գիշերն այդտեղ անցկացնել` արդեն հարմար տեղավորվելով ցածր թփերի վրա: Վեր կացավ տեղից, որ նրանց քշի հավաբուն, երբ քարացավ տեղում: Իրեն չէր թվացել, իսկապես հեռվում գոռոցներ էին տարածվում: Գոռոցների մեջ նա առանձնացրեց պանի ձայնը, բայց ուրիշ ձայներ էլ կային, որ կամաց մոտենում էին դաշտի կողմից: Յուլկան ճանաչեց նաև հյուսնի խռպոտ ձայնը: Նա էր ծիծեռնակների ծիվ-ծիվին զուգահեռ գոռում.

– Ջրցան պիտի լինի նորմալ կալվածատանը: Ջրցան է պետք:

Ձայները դադարեցին մոտենալ, նա ցատկեց տեղից դեպի դարպասը:

Լճակի մոտ հավաքված էին բոլորը` պանը, պանին, երեխաները ու էլի մարդիկ: Հենց էդտեղ էին գոռում, կարծես ջրի մեջ էր ինչ-որ բան էր կատարվում: 

Նորից առաջ շարժվեցին, էլի կանգ առան, այս անգամ էլ սկսեցին հենց ճանապարհի մեջտեղը գոռգոռալ: Որոշները պոկվեցին էդ թափորից ու սկսեցին ցրվել: Յուլկան վազեց նրանց ընդառաջ ու սկսեց հարցեր տալ: Մեկումեջ նրան պատասխանեցին, հետո նորից տաքացան ու սկսեցին սպառնագին խոսել: 

Ոմանք գոռում էին, որ գյուղացիների կովերը սոված են, իրենք էլ քշել են առվի մոտ արածեցնելու: Մյուսներն ասում էին` առվի մոտ են արածել, բայց, այ, առվույտը հնձած չի եղել. պանն է կարգադրել այդքանը հնձել: Ուրիշներն էլ մեջ էին ընկնում` ասելով` գյուղացիք գազան չեն, որ ցորենի արտը հրդեհեն: 

Յուլկան սկսեց հասկանալ, երբ տեսավ հորը: Պանի հետ ամբոխի մեջ քայլելով` իրար սարսափելի բաներ էին ասում:

– Բա քեզ ինչի համար եմ պահում: Դու դրա համար ես իմ հացն ուտում:

– Ձեր հացին իմ ատամն էլ չի կպել,-հակադարձեց հայրը:

– Բայց չիբուխդ կպցրել ես, որ բերքս վառես:

–  Ովքե՞ր են էդ շան ծնունդները, որ ասել են, թե ես եմ կրակ տվել: Թող կուրանան էդ հաչացողների աչքերը, որ ուզում են ինձ կործանել:

– Դու ես ինձ կործանում, գրողը տանի: Չոլերն եմ ընկնելու քո պատճառով, թե շարունակես էսպես ղեկավարել: Բայց առաջինը դու կգնաս:

– Հենց հիմա կգնամ: Էլ ինձ էստեղ չեք տեսնի: Ավելի լավ է բաց դաշտում գիշերեմ: 

– Գնա, գիշերի էդ դաշտում, որ կրակի ես տվել: Գնա, էնտեղ գիշերի:  

– Ո՞վ է էդ դաշտը հերկել: Ես ինքս: Ես ցանել եմ, ես վառե՞լ: Որ Ձեզ ուզեն կրակի տալ, հացից չեն սկսելու: 

– Գնա աչքիցս,- գոռաց պանը արդեն իր տան բակում ու գոռալու հետ մեկտեղ էնպես ցնցեց, կատաղած քաշեց վարդի թուփը, որ թուփը արմատախիլ եղավ: 

Կանգ առան բոլորը: Մի մասը վազեցին պանին օգնության, մի մասը թողեցին, հեռացան: 

Յուլկան ուզեց հոր հետևից վազել, բայց նրան ուղարկեցին կառապանի մոտ, որ ասի՝ բժիշկ բերի: 

– Պանը հիվանդացել է,- ասաց նա` հասնելով ախոռ :

Ջրհորի մոտ մի երկու կառապան ձիերն էին ջրում ու լուռ ականջ դնում կալվածատան կողմից եկող աղմուկին: 

–  Որտե՞ղ է էդ ցորենը վառվել,- արցունքն աչքերին շշնջաց Յուլկան: 

Ցույց տվեցին գոմերի արանքով դարպասները: Դուրս եկավ բաց դարպասներից ու տեսավ:

Հսկայական ցորենի արտը կրակից մոխիր էր դարձել, ու մայր մտնող արևի ճառագայթների տակ նմանվել սև ավերակների: 

Ահա թե ինչ դժբախտություն էր պատահել մարդկանց այն ժամանակ, երբ ինքը այգում քնել էր ու երազներ էր տեսնում: 

Կալվածատուն վերադառնալու փոխարեն գնաց իրենց տուն: 

Մթության մեջ նստել էին ծեծվածների պես: Խոսելու բան չկար: Ցանկություն չկար: Յուժիոն էր միայն երջանիկ, մոր գրկին քնած: 

– Տեսա՞ր Յուլկա, ով կմտածեր, որ նորից պիտի քամի կուլ տանք դաշտերում: Թանկ, թանկ ենք վճարելու մի քիչ էստեղ մեզ լավ զգալու դիմաց:  Լավ կլիներ ընդհանրապես էս դռները թակած չլինեինք: 

Յուլկան հորը հարցրեց զգուշորեն.

– Բայց ինչի՞ց էդ ցորենի արտը հրդեհվեց:

– Բա որ իմանայի,-պատասխանեց,- ծառի տակ հովին նստել են, կովերն արածացրել: Իրար պահում են դրանք: Ես հեռու թիկն էի տվել, մի քիչ ննջել, աղոթքի երկու տան չափ էլ չէի քնել, մեկ էլ գոռացին` վառվում է: Շրջվեցի, տեսնեմ կրակը ակոս-ակոս տարածվում է՝ ֆըռ-ֆըռ-ֆըռ… ու էնքան արագ է հրվում առաջ, շաղ է գալիս կարծես կրակե կաթիլներով: Աչքս թարթեցի, վառված էր: 

– Հայրիկ… իսկ դու… ծխե՞լ ես:

Ծանր լռություն տիրեց:

– Չգիտեմ,- խոսեց վերջապես Կաչմարեկը: 

Կանգնեց տեղից ու խփեց կրծքին.

– Ուղեղս մթնել էր, ես բան չեմ հիշում: Ոչ մի բան չեմ կարող հիշել, թե ինչ էի անում դրանից առաջ: Բայց ես ամենավերջին մարդը թող լինեմ, եթե հասած բերքի մոտ ծխախոտ եմ վառել: Ես հո հիմար չեմ, որ նման բան անեի, էդ ոնց որ ձեր կոկորդները կտրեի, էդ դաշտն ինձ էնքան հարազատ էր, ոնց որ իմ ընտանիքը, ոնց որ դուք: Ա՜յ քեզ բան:

Լալիս էին վշտացած, որ չարությունն է բուն դրել մարդկանց մեջ, որ կյանքը իրենց ծվատում է ու քարշ տալիս: Արցունքները դեռ աչքերին` Յուլկան հետ գնաց կալվածատուն: Պարզկա գիշեր էր: Լսվում էին լորերի ճտճտոցները:  

Մի շաբաթ հետո, երբ պանը մի քիչ իրեն լավ էր զգում, Յոլկան հորը հարցրեց, թե ուր են գնալու հիմա: Գուցե հասել է էն պահը, որ պիտի ծով մտնեն կամ գնան Պրուսիա: Հայրը դեմ կանգնեց էդ խոսքերին` չէ որ չէ:

– Բա ուզում էիք, հայրիկ:

– Հիմա չեմ ուզում, հիմա ուրիշ է: Ես ինձնից շատ բան եմ տվել, էդ դաշտայինի գործի համար: Ես ձեզ սա կասեմ` ապրելն իմաստ չէր ունենա, եթե ապագայի ու մարդկանց հանդեպ հավատը կորչեր: Իսկ եթե բոլորը գնան, էստեղ ո՞վ կմնա ու կաշխատի: 

– Ինչ է , չե՞ն գնալու ուրիշ գյուղերում պատմեն: Որ քո հսկած ցորենի արտն է հրդեհվել կամ մի ուրիշ բան: Ուրիշները չե՞ն գնում կալվածքից կալվածք: Էլ ո՞վ կհամաձայնվի քեզ գործի վերցնի,- զգուշացրեց մայրը: 

– Ես էլ գյուղում գործ չեմ փնտրի:

– Բա որտե՞ղ,- հառաչեց մայրը:

– Է, քաղաք կգնանք: Դեռ էնտեղ չենք եղել: 

-Ի սեր Աստծո: Քաղաքում թեթև են ապրում, բայց սոված են: Իրար կոկորդ են կրծում մարդիկ,- ասաց մայրը: 

– Դեպի բարի տանող ճանապարհը միշտ երկար է լինում, մարդկանց փոխըմբռնման  ճանապարհն էլ է երկար: Բայց երբ ամենաերկար ճանապարհն ես ընտրում: Մարդիկ չեն վատը, ուղղակի… Աստված հեռու տանի… Սկզբից գլխին են դնում, մեծարում, հետո հոշոտում իրար: Բայց էսպես չի լինի:  Եթե ես չէ, ապա Յուլչա, դու կամ Յուժիոն ստիպված կլինեք անցնել դեպի բարին տանող էդ  երկար ճանապարհը: 

Էդ խոսքերը մի տեսակ մխիթարություն դարձան նրանց տանջված սրտերի համար: Մաքրեցին արցունքները, լույսերը վառեցին: Յուլկան պատուհանի գոգի ծաղիկները ջրեց: Հայրը շարունակեց.

–  Ես պանից էլ բողոք չունեմ, չնայած ջղայնացած ժամանակ իրար ծանր խոսքեր ասացինք: Ես սկի չգիտեմ թե ինչ կանեի, եթե իմ ցորենի արտը հրդեհվեր: Բայց ինչ արած: Ես թույլ չեմ տա ինձ նեղացնեն: Երկրորդն էլ`եթե էդպես էղավ, ուրեմն ավելի շուտ պետք է մտածել նոր ուղի գտնելու մասին ու չափսոսալ էստեղից ընդմիշտ հեռանալու համար: Թող մնացողները դիմակայեն հանուն էս հողի: Ասում են, որ մեծ պատերազմ է լինելու: Գուցե պատերազմը էս ամենը մաքրի: 

Էնքան խոսեցին, մինչև մթնեց:

– Գնա արդեն, Յուլչա, գնա,- ասացին աղջկան:

Երբ դռան մոտ էր, կանչեցին.

– Յուլչա:

Հետ շրջվեց:

– Յուլչա, եթե ուզում ես, մնա:

Պրպտեց փականի օղակը ու ասաց.

– Մտածում էի շնորհակալություն ասեմ նրանց ու ձեզ հետ գնամ էստեղից:

– Բա դու էստեղ սիրտդ ես կապել, ո՞նց կլինի:

Երկար լռություն տիրեց, հետո կոկորդում խեղդվող կոշտ ձայնով ասաց.

– Եթե ես նրա մտքում կամ, կգա իմ հետևից, եթե չկամ, ուրեմն էստեղ էլ ինձ չի գտնի:

– Խելացի ես մտածում,- գովաբանեցին: Իսկ երբ գնաց, ուրախացան, որ մի քանի տարի էլ դեռ իրենց հետ կյանք ու կենցաղ կկիսի: 

– Մեզ համար դեռ դժվարն առջևում է: Պետք է սկսենք լրիվ նոր էջից: Իսկ նա ջահել է, առույգ, զվարթ, իսկական լույս խավարի մեջ: Դեռ ժամանակ ունի մինչև ամուսնանալու տարիքը: 

Լրիվ նոր էջը միանգամից չբացեցին: Չնայած սպառնալից վիճակին` մնացին մինչև աշուն: 

Այնուամենայնիվ: Հեռանալիս նրանց վարձած սայլն ավելի նոր էր ու սարքին, քան այստեղ գալիս: Հագուստները նոր էին: Հավ ունեին, մի քիչ էլ փող` կով ու խոզ առնելու համար, իսկ կատվից բացի շուն էլ ունեին արդեն: 

Էդքանով հանդերձ կարևորն այն էր, որ բոլորը միասին էին՝ գոհ էին ու սպասում էին, թե կյանքը ինչ կտա իրենց: 

Հայրը վճռական դեմքով կանգնեց սայլի կողքին և գոչեց.

– Շտապե՛ք, արագացրե՛ք, ժամանակը մի՛ վատնեք:

Էլ սպասել չտվեցին նրան, կատվին տոպրակով գցեցին հագուստների արանքը, իրենք էլ աղմուկով շարվեցին սայլի մեջ: Յուլկան առջևում նստեց: 

–  Զուժիա, պահիր շանը, հավերը դուրս կթռչեն դրա պատճառով, – գոռաց նա` հետ շրջվելով:

– Վե՞րջ,- հարցրեց կառապանը:

– Գնացինք,- գոչեցին,- հանուն Հոր և Որդվո…

Երբ թեքվեցին դեպի մեծ ճանապարհը, գլուխները թեքեցին, որ չտեսնեն նորակառույց աղյուսե տունը: Ավարտված էր արդեն ու չորանում էր աշնան վերջին արևներից: 

Հեռու չգնացին, քաղաքը հազիվ մի մղոն էր հեռու: Բայց կարճ այդ ճանապարհը տանում էր նոր աշխարհ, ուրիշ մարդկանց մեջ, դեպի նոր ու օտար սովորույթներ: 

Չէր տանում արդեն դեպի հողը, այլ մի բանի, որն անհայտ է իրենց: Այդ պատճառով նրանց թվում էր երկար՝ ավելի երկար, քան դեպի ցանկացած գյուղ տանող ճանապարհ, քան ճանապարհը դեպի Պրուսիա, քան դեպի ծովը: Ամենաերկարը: 

Թարգմանությունը լեհերենից՝ Հռիփսիմե Զարգարյանի

Please follow and like us:

1 thought on “Մարիա Դոմբրովսկա/Ամենաերկար ճանապարհը(3)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *