Զինվորները միշտ են մահացել, բայց պետության և հասարակության խնդիրների համար դա անկարևոր է եղել։ Քաղաքական և սոցիալական առումով կարևոր են եղել հերոսները, առավել ևս՝ մեռած հերոսները։
Այն, որ արվեստը և գրականությունը հայտնաբերեցին «զինվորի մահը», վկայում է էպոխալ փոփոխության մասին։ Դա Առաջին համաշխարհային պատերազմն էր, որը արմատապես փոխեց մարդկության պատկերացումը պատերազմի էության և քաղաքական գաղափարախոսության մասին։
Ո՞րն էր Առաջին համաշխարհային պատերազմի գաղափարական պատճառը։ Գերմանական, ֆրանսիական, ռուսական և այլ պետական հայրենասիրության բուռն վերելքը։ Այդ թվում՝ օսմանյան պետական ու դրա կողքին` խղճուկ հայկական ոչ֊պետական ազգայնականությունը։ Կարճ ասած՝ բոլորն էին պատերազմ ուզում, բացի պացիֆիստների փոքր խմբից։
Բանաստեղծները գրում էին հայրենասիրական ոտանավորներ, մամուլը այն տարածում էր, քաղաքական գործիչները և արդյունաբերական մագնատները ոգևորված էին։ Ոչ միայն Մազութի Համոն։
Բայց Առաջին համաշխարհային պատերազմը փոխեց նաև պատերազմի էությունը։ Ոչ միայն նոր զենքերի կիրառումը՝ նոր հրետանի, գնդացիրներ, տանկեր և աերոպլաններ, նոր պատերազմի խորհրհրդանիշը դարձավ քիմիական զենքի կիրառումը։
Բազմաթիվ գրողներ և արվեստագետներ կամավոր մեկնեցին ռազմաճակատ, կռվելու իրենց հայրենիքի հաղթանակի համար։ Էական է, որ շատ արվեստագետներ և գրողներ այս անասելի, անարտահայտելի կնսափորձի շնորհիվ բացահայտեցին ժամանակակից պատերազմի դժոխային էությունը։ Բանաստեղծը և արվեստագետը տեսան զինվորին և նրա մահը՝ այն, ինչ հասարակությունը և քաղաքականությունը մերժում էին տեսնել։
Բայց ի՞նչ է զինվորի մահը պոեզիայի համար։ Ինչպե՞ս կարող է անհայտ զիվորի մահը առնչվել պոեզիայի հետ։ Ոչ որպես տեսարան, նույնիսկ ոչ որպես համակրանք և կարեկցանք։ Այնքան խորը, որ դիպչում է մարդկային էությանը, խոսքի սկզբունքին, բանաստեղծության իսկ հնարավորությանը։
Ճակատագրով տրված՝ պոետի և անհայտ զինվորի արյունակցական կապն է, որ կուզենայի դարձնել իմ վերլուծության հիմքը։
Առաջին համաշխարհայինի բովով անցած արվեստագետները և պոետները ստեղծեցին ստեղծագործություններ, որոնք պատերազմի իրականությունը ներկայացրին նորովի։ Առաջին հերթին դա տարբերությունն էր Առաջին համաշխարհային պատերազմի և նախորդ դարաշրջանների հակամարտությունների միջև: Նրանցից շատերը կամավոր մեկնեցին ռազմաճակատ՝ ունենալով հայրենիսիրական և ռոմանտիկական պատկերացումներ։ Աստիճանաբար «խրամատային պոետների» աշխարհայացքը փոխվեց դեպի պատերազմի արհավիրքների անողոք քննադատություն։ Բայց հասարակության վերաբերմունքը միանշանակ չէր։ Օրինակ, չնայած Ու. Օուենի, Ռ. Գրեյվզի, Զ.Սասունի և այլոց հակապատերազմական ստեղծագործությունների աննախադեպ ժողովրդականությանը, բրիտանացի ընթերցողների մեծամասնությունը նախընտրում էր պատերազմին ավելի դրական պատկերացում ունեցող գրքեր։
Բրիտանական բանաստեղծներից առանձնացնենք Ուիլֆրիդ Օուենին և նրա քիչ հայտնի մի բանաստեղծությունը։
Ուիլֆրիդը ծնվել է 1893 թվականին Օզուեսրիում։ Հատկանշական է, որ բանաստեղծը, չնայած հակապատերազմական համոզմունքներին, կամավոր է գնացել պատերազմ։ Ավելին 1912-1915 թթ. Օուենն ապրում էր Ֆրանսիայում, իսկ 1915 թվականին հատուկ վերադարձավ Անգլիա՝ ռազմաճակատ կամավոր մեկնելու նպատակով։ Ռազմաճակատում բանաստեղծը գրում է պատերազմի սարսափների մասին, որոնց վկան է եղել։ Նրա բանաստեղծական ստեղծագործության ամենավառ պատկերներից է մահվան կերպարը՝ մարտական ընկերոջ, նույնիսկ թշնամու անիմաստ զոհվելը։
Օուենի բանաստեղծական ժառանգությունն այնքան էլ մեծ չէ, քանի որ նա մահացել է 1918 թվականի նոյեմբերի 4-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից մեկ շաբաթ առաջ։ Նրա կենդանության օրոք տպագրվել է ընդամենը չորս բանաստեղծություն։
Չնայած դրան Օուենի ներդրումը պոեզիայում բավականին նշանակալից է. նրան վերագրվում են այնպիսի նվաճումներ, ինչպիսիք են բաղաձայն հանգի ներդրումը անգլիական պոեզիայում, խոսակցական անգլերենի օգտագործումը ավանդական բարձր ոճի փոխարեն և ռիթմերով աշխատելը, որը նախկինում չէր արվել:
Որոշ նկատառումներով ընտրել ենք Վիլֆրիդ Օուենի (Owen, Wilfred) «I Saw His Round Mouth’s Crimson» բանաստեղծությունը․
I Saw His Round Mouth’s Crimson
I saw his round mouth’s crimson deepen
as it fell,
Like a Sun, in his last deep hour;
Watched the magnificent recession
of farewell,
Clouding, half gleam, half glower,
And a last splendour burn the heavens
of his cheek.
And in his eyes
The cold stars lighting, very old and bleak,
In different skies [Owen W. Poems. – London: World’s poetry archive. 2004., р. 2].
Նաև այստեղ։
Անկարող լինելով թարգմանել, փորձեմ նկարագրել բանաստեղծությունը։ Առաջին իսկ տողում համեմատվում է մահացողի բոսորագուն շուրթերը մայր մտնող արևի հետ (Like a Sun, in his last deep hour)։ Հարկ է նշել, որ կյանքի մարման և արևի մայրամուտի համեմատությունը շատ սովորական փոխաբերություն է։ Բայց Օուենի մոտ ընդգծվում է նույնացումը, երբ մայրամուտը բառացիորեն փոխանցվում է մահացող զինվորի դեմքին։
Տիեզերական համեմատությունը ավելի է խորանում, երբ մահացող զինվորի այտերը նույնացվում են երկնքի հետ (And a last splendour burn the heavens of his cheek), իսկ աչքերը՝ խամրող աստղերի (And in his eyes/ The cold stars lighting, very old /and bleak, In different skies)։
Մինչև անգլիական գրականության մեջ «խրամատային» բանաստեղծների հայտնվելը ընդունված չէր պատկերել հասարակ զինվորի մահը մոտիկից, Օուենի տեքստում մահացող զինվորը դիտվում է ինչպես միկրո, այնպես էլ մակրո՝ զուգահետ տարածություններում, զուգահետ տիեզերքներում։ Տիեզերական աղետը, անշուշտ, Համաշխարհային պատերազմն է, մահացող զինվորը այդ աղետը կրողը և ներկայացնողը։
Զինվորի մահը մռայլ է, վախեցնող, ազդարարում է տիեզերական խավարի գալուստը, բայց և նույնքան գեղեցիկ է, ոգեշնչող, հուզիչ։ Պոեզիան տեսնում է խավարի մեջ նաև լույսը և փրկությունը։