Ժամը վեցն է: Քաղաքի մոտ ու հեռու թաղերից քայլում են մարդիկ, դուրս են գալիս տներից, մեքենաներից, միանում իրար, խմբվում ու գնում առաջ՝ հանդիսավոր, գլուխներըը բարձր, դեմքներին ժպիտ ու սպասում՝ հպարտությամբ լցված: Շատերն այս օրվա համար տոնական են հագնվել, որ երկար սպասվածին դիմավորեն հանդիսավոր, լինեն ներկայանալի, արժանի: Շատերը, որ քաղաքում չէին, եկան և մնացին այնքան, որ այս օրը տեղում լինեն, որ նշանավոր իրադարձությունն առանց իրենց չանցնի:
Արժեքավոր դեպքերին մասնակցությունը մարդուն դարձնում է կարևոր, օգնում՝ լինել ավելին, իր ներսում կրել պատմականն ու դառնալ դրա մասնիկը:
Երբ ֆուտբոլային խաղի ընթացքում հաղթած թիմին մի քանի րոպե է բաժանում եզրափակիչ սուլիչի ձայնից, և նրանք դիմանում են՝ հոգնած և ուժասպառ, ուժերի վերջին ճիգերը ցուցադրելով, բայց երջանիկ, որ շուտով գլխավերևում պահելու են հաղթական գավաթը, այսօր էլ՝ մարդիկ նույն մաքառումով գնում են դեպի ձորը՝ իրենց սպասումին ու երազին դիմավորելու:
Շատերը, շատ-շատերը հոգնել էին չարչարանքից և հեռացել քաղաքից, «անհնար է դիմանալ»,- ասում էին: Չէին հավատում գաղափարին, երազին, իրականացմանը, «ցնորք» է,- ասում էին: Այսօր եկել են և այստեղ են, մտքներից ուզում են ջնջել, որ կասկածել են, որ վհատվել էին ու հոգնել չարչարանքից: Այստեղ են, իհարկե, նրանք, ովքեր հավատում էին այնպես, ինչպես հավատում են իրականին, կատարվածին, եղելությանը, և նրանց հավատը ծիծաղելի ու կշտամբելի էր թվում, բայց նրանց համբերությունն անսահման էր, և նրանք էին միայն՝ հավատավորները, որ չէին բողոքում, դիմանում էին անհարմարություններին, փորձություններին:
Ու գնում են մարդիկ՝ մտքներում տեսիլքը պահած, և մի քանի րոպեից տեսնելու են այն, որի համար չարչարվել էին, հոգնել, հոգնել՝ անսահման սպասելուց, ձգձգվելուց, չլինելուց: Երբ մարդիկ մոտեցան և շունչները պահած անթարթ նայեցին ձորին, վառվեցին լույսերն ու երևաց կամուրջը՝ չքնաղ, վիթխարի, անկրկնելի: Լուսարձակները վառվում են կամրջի գլխավերևում, և միանգամայն պարզ տեսնում են մարդիկ, որ կառուցվել է շքեղ ճանապարհ: Քաղաքն արդեն ոչ թե առանձին կիրճերի վրա է, այլ միմյանց կապված է շլացուցիչ, հսկայական կամրջով: Սա ոչ թե փոքրիկ, բլուրների վրա ծվարած, գոյությունը քարշ տվող բնակավայր է, այլ սրընթաց երթևեկությունների, աշխարհի մյուս քաղաքների հետ համընթաց ապրող, մրցակցող քաղաք է արդեն, «այստեղ ուրիշ է լինելու ապրելը, կյանքը»-ասում էին մարդիկ՝ երջանկությունից արբեցած ձայնով:
Մի քանի ժամ տևող, դժվարընթաց կածաններով տեղաշարժվելուն փոխարինեց արագընթաց երթևեկությունը՝ հարմարավետ, արագ, հաճելի: Այս վերջին բառն ավելի հուզված էին արտաբերում մարդիկ, քանի որ երթևեկությունն այս քաղաքում ենթադրում է տհաճություն՝ քաղաքից, հետո՝ կյանքից: Նրանք հասնելու են քաղաքի մի ծայրից մյուսն ամեն օր, երբ ուզեն, և մի՞թե հնարավոր է ապրել առանց չարչարանքի, և քանի որ սովոր չեն քաղաքի մարդիկ դրան, միմյանց բացատրում են, որ հնարավոր է, որ լսեն իրար, հավատան ու հավատան իրենց աչքերին:
Կամրջի կառուցման տարիներին ծանր փոշուց ու աղմուկից ուժասպառ եղած մարդիկ հիմա, հպարտանում են իրենց համբերությամբ, որ հարմարվել են ու դիմացել: Ուրիշ քաղաք է հիմա, ուրիշ կյանք:
Մարդիկ հանդիսավորությամբ մոտեցան կամրջին ու քայլեցին, հետո կանցնեն մյուսները, բոլորը: Կամրջից առկայծող լուսավորությունը թռչկոտում է քաղաքի մարդկանց երջանիկ դեմքերին: Ջերմ ու երանելի հոգևիճակի մեջ ընկղմված՝ վայելում են տեսիլքը, բայց, հանկարծ, լսվեց դղրդյուն՝ բարձր, կտրուկ, աղաղակող և ահասարսուռ. ճաք տվեց ու փլվեց կամուրջը՝ իր հետ ցած գլորելով մարդկանց, որ հավատացած կամրջի ամրությանը՝ քայլում էին նրա վրայով: Սկզբում պոկվեց մի մասը, բազմությունը շվարած կանգնած կարծում էր՝ ընդամենը վթար է փոքրիկ, կհասցնեն հասնել ու պահել, ինչ-որ բան անել, ամրացնել, բայց, սկսեց պոկվել հաջորդը, հետո՝ մյուսը թևերը, փուլ եկավ ամբողջը, կործանվեց, չքացավ: Մարդիկ քարացած կանգնած են՝ պապանձված վախից, սարսափից, ցավից, հուսալքությունից, անզորությունից:
Ի՞նչպես կարող էր փուլ գալ տասնյակ տարիներում կառուցվածն այդքան արագ, հանկարծակի, միանգամից, և չկարողանան ոչինչ անել: Անշարժ կանգնած, բայց խուճապահար հայացքներով հավաքվածները փնտրում են վարպետներին, պատասխանատուներին: Ծանրագույն պահերին գտնվում են մարդիկ, որ վրա են հասնում, իրենց ձեռքը վերցնում իրավիճակը և ելքեր գտնում, դեմն առնում աղետի: Բայց խորտակված կամրջի մասունքներից բարձրանում է ծանր մշուշը, և ներկաները համրացել են կարծես, իսկ հետո պայթեց չարանենգ լռությունը՝ վերածվելով խուճապի ու սգի:
Երբ գիտակցեցին, որ ամեն ինչ փուլ է եկել, կործանվել, և կամրջի տակ են մնացել մարդիկ, անելանելիությունից շատերն սկսեցին խփել գլխներին, գոռալ ու հեկեկալ աղեկտուր: Նրանք ցավից խենթացած՝ ճչում են և օգնություն աղերսում, խնդրում փրկել մարդկանց, փրկել կամուրջը, կարծես չեն հավատում, որ այն կանգուն չէ այլևս, փլատակ է: Դժոխային, հոգին ու միտքը պատառ-պատառ անող արհավիրքներին դեմ առ դեմ՝ մարդը կորցնում է կատարվածն ընկալելու, վերլուծելու ունակությունը, զգում է միայն կսկիծ՝ սաստիկ, ահագնացող, խենթացնող: Զգում է ողբերգությունը, անց կացնում իր միջով և կառչում ցավից, պահում հիշողության մեջ, հիշում անդադար, ամեն վայրկյան և ոչնչացնում իրեն: Եվ վշտից ցնորված՝ շատերն սկսեցին ողբալ՝ կարծելով, որ տառապանքը գործելակերպ է, և այդպես կիսում են տանջվողների ցավերը և օգնում նրանց: Մարդիկ հեծեծում են՝ բանաստեղծություններ ու երգեր ձոնելով աղետին: Չէ՞ որ նախկին ավերումների մասին ևս ողբաձայն երգեր կան, և միթե այս դժբախտությունն արժանի չէ, որ իր հիշատակը ևս հավերժացնեն:
Բայց հեծկլտացողների շուրջն անփույթ ու անկանոն այս ու այն կողմ գնացող մարդիկ կան. նրանք մերթ ծամածռում են դեմքը, մերթ՝ ժպտում, մերթ հուզված՝ սրբում ճակատի քրտինքը, և կարծում են, որ եթե չնայեն ավերակներին, կչքանա կատարվածը: Նրանք խուսափում են նայել ներքև և թիկունքով են կանգնել փլատակներին, աղեկտուր ճիչերը չլսելու համար՝ ձեռքի ափերով պինդ փակել են ականջները: Նրանք հետ են քաշվում փլատակների մոտից և սոսկումն իրենցից հեռացնելու համար՝ խոսում ապագայից, հավատալով, որ կարող են իրենց մտքից ջնջել արհավիրքը և կփրկվեն տառապանքից ու հոգեմաշ մտքերից, եթե արագ լքեն չարաբաստիկ տարածքը:
«Հենց այսպես էլ պիտի լիներ, ասում էինք, չէ՞, որ մեր ուժեից վեր է, չէ՞ որ սա առաջին դեպքը չէ, էլի է եղել, շատ է եղել, մի՞թե չեք հիշում՝ ոնց քանդվեց նախկին կամուրջը, աշտարակը, հուշահամալիրը…» ,-ասում են ոմանք, և նրանց աչքերն արյունով են լցվել և բոցկլտում են կատաղությունից: «Պետք է վերջ դրվի այս խելագարությանը, պետք է ապրենք մեր հնարավորությունների սահմաններում, հերիք է, հերիք է, հերիք է,-գոչում են,- հաջորդն էլ է այսպես ավարտվելու, հաջորդն այստեղ կանգնած բոլորս ենք լինելու, եթե համարձակվեք ևս մեկ անգամ այսպիսի խելահեղ բան անել, նայե’ք մեզ, նայե’ք մեր հնարավորություններին և մեր «հիվանդագին» երազներին: Երդվե’ք, որ այս հողի վրա ապրող որևէ մեկն այլևս չի համարձակվի նման բան անել»:
Եվ ցավից ու անճարությունից խեղճացած բազմությունը, որ ապրում է վաղուց իր երազներից հեռացած, հարմարված եղածին, ձեռքն ընկածին, իրեն առաջարկվածին, համոզված, որ երազներն իրականանում են այլ քաղաքներում, այլ մարդկանց հետ, ո’չ այս հողի վրա, ո’չ իր հետ, որ մեծ, անհնարին թվացող գաղափարն իրագործելը պատրանք է՝ ծիծաղելի, ծաղրելի և անըմբռնելի, հիմա շվարած կանգնած է՝ հայացքով փնտրելով «հանդգնողներին», «մեղավորներին»:
Այս հողի վրա «թռիչքներ» չեն լինում՝ ո’չ անձնական, ո’չ համընդհանուր, սա փոքր քայլերի, խեղճ ապրելակերպի, աշխարհից հետ ընկած, երազներին հրաժեշտ տված, սովորական ու գլխիկոր ապրելու տարածք է,-համոզված են նրանք:
Երազներ, որոնց հիշում են պատահականորեն գիշերները՝ մենության մեջ և մխիթարվում, որ այդպես է այստեղ ապրելու կերպը, հանդուգն տեսիլներն իրականացման համար չեն, այլ մտքից հանելու, և շատերը մոռացել են իրենց անհնարին թվացող, խոչընդոտներով լի սիրո մասին, ոմանք հրաժեշտ են տվել հեռավոր գյուղում անտառի փեշին տուն ունենալու մտքին, ոմանք հրաժարվել են «անհեռատես» ծրագերերից, իսկ խանութներում աշխատող հոգնած և ուժասպառ վաճառողները ժամանակ չեն ունենում հիշել իրենց երազանքների մասին:
Այս քաղաքում վիթխարի հեռավորություն է երազների և կյանքի միջև: Այստեղ թափառում են երազները՝ լքված, անտեր, կյանքից դուրս շպրտված: Այս քաղաքում կյանք է՝ միօրինակ, անփոփոխ, անհույզ, անթռիչք:
Եվ անցնում է կյանքը միապաղաղ, օրերն իրենց մեջ խեղդում են չիրականացված երազանքները, չարտահայտված ջանքն ու խիզախումը, և սովորել են մարդիկ առօրեականին՝ առանց թռիչքների, վայրէջքների, տապալումից հետո՝ մեղադրանքների: Ամենածանր վճիռը՝ պարտվել ու պարսավվելն է, և դրանից խուսափումը՝ ամենքի փրկությունը:
Երբեմնի փառահեղ կամուրջների ու ճանապարհների մասին իմացությունը փորձում են ջնջել հիշողությունից, որ չներխուժի ու չփոթորկի ամենօրյա դանդաղընթաց ռիթմը, կյանքը չդարձնի անտանելի և չխաթարի անդորրը:
«Մեր ամեն առաջխաղացման փորձը տաս քայլ հետ շպրտվելով է ավարտվում»,-լսում են մարդիկ ամեն օր, քաղաքի ամեն անկյունից և յուրացնում, դարձնում դավանանք և փորձում դեմ չգնալ այս կանոնին:
«Կամուրջը հնարավոր է նորից կառուցել, պիտի գտնել պատճառը՝ ինչու փլվեց, որ չկրկնենք սխալները…»,-շնչասպառ ասում են հավատավորները, բայց իջնում են բռունցքի հարվածները նրանց գլխներին: Նրանց քարշ են տալիս, առնում շրջափակման մեջ և երդվում կտրել լեզուները, եթե ևս մեկ անգամ համարձակվեն խոսել նոր կամրջի մասին:
Ծնկի եկա և սկսեցի հեկեկալ, ուզում եմ ազատվել ցավից, մեղքի զգացումից նրանց հանդեպ, ովքեր առաջինը քայլեցին և հիմա արհավիրքի մեջ են՝ բոլորիս փոխարեն, բոլորիս պատճառով, ուզում եմ դատարկվել, խաղաղվել, բայց արցունքներս չեն թեթևացնում ո’չ ցավը, ո’չ մեղքի զգացումը, սարսափած նայեցի փլատակներին․ այն, ինչ ակնթարթներ առաջ մեր հպարտության, ուժի արտահայտումն էր, հիմա մեր խեղճության, թշվառության, անտերության և անհատակ տառապանքի վիհն է դարձել:
Ուզում եմ վեր ընկած մնալ այստեղ, որովհետև այլ բան անել ուղեղս չի առաջարկում, մնալ այս ցավի և նվաստացման մեջ, լինել տառապողների կողքին, բայց գետնին ընկած՝ խղճահարություն եմ զգում՝ իմ հանդեպ, մեր հանդեպ, և մտածում եմ փրկվելու, այս սոսկալի տագնապից ազատվելու, տարածքը լքելու, հեռանալու մասին, գնալ դեպի անդորրը, դեպի խաղաղը, մխրճվել քաղաքի ծուռտիկ-մուռտիկ փողոցներում, շալակել օրերի հոգսաշատ բեռն ու չհիշել, որ եղավ, որ մեզ հետ նորից պատահեց, որ մեզ հետ պատահում են միայն արհավիրքներ:
Ծանրորեն ոտքի կանգնեցի, լսվեց փշրվող մետաղների դժնդակ ձայները, այդ չարագուշակ ձայներից խենթացած՝ վճռեցի գտնել պատասխանատուներին և պահանջել պատասխանել՝ ի՞նչն էին սխալ, կիսատ արել, ինչո՞ւ այսպես եղավ, նորից այսպես եղավ, ինչո՞ւ է միշտ այսպես լինում: Փնտրում եմ, խարխափելով այս ու այն կողմ եմ նետվում, նրանց չեմ գտնում, չքվել են, շուրջս մարդիկ են՝ սգացող, հեռացող, գետնին ընկած՝ օգնություն աղերսող: Հեռանալ, վազել, փրկվել՝ մտածում եմ և վերջին անգամ հայացք ձգում ավերակներին՝ գուցե, հետո հիշելու համար, գուցե ինձ այստեղ ընդմիշտ թողնելու համար, բայց հանկարծ ավերակների մեջից ինձ են նայում աչքեր: Երևի ցնորվել եմ, երևի ինձ է թվում, բայց նայում է ինձ համառորեն, կարծես ուզում է, որ ճանաչեմ իրեն, ուշադիր զննում եմ, և հանկարծ հիշում այդ հայացքը, այս աչքերը տեսել եմ ֆիլմում, շատ տարիներ առաջ:
Զննում եմ աչքերն ու հիշում ֆիլմը. քարացած լռություն է տանը՝ սպասողական, տագնապալի, հյուծող: Ներս են մտնում և կամացուկ հայտնում. «Չկարողացան փրկել»: Լսվում է կնոջ ճիչ՝ աղեկտուր, հուսահատ. մահացողը նրա տղան և ամուսինն են, ուշաթափ ընկնում է կինը հատակին: Աղջիկը, մոտ տասը տարեկան, բոթը լսելուց հետո վեր թռավ՝ վախեցած, զարհուրած, երևում է, թե ինչպես է ցավն անցնում նրա միջով և հետքեր թողնում դեմքին, աչքերում, նրա մանկական, բայց արդեն վշտով լի հայացքում սարսափ է. առաջին հանդիպումը տառապանքին, և չի հասկանում՝ ի՞նչ պետք է անել, ի՞նչ է իրենց սպասվում: Թվում է՝ նրա ջղաձգված մկանները կպայթեն, և արցունքներն ու հեկեկոցը կծածկի դեմքը, սեղմում է ատամներն ուժեղ-ուժեղ, թվում է՝ կփշրվեն, և երևում է՝ ինչպես է ցավը վերափոխվում ուժի, ինչպես է դիմադրում, պայքարում, որ ցավը չթուլացնի, ծնկի չբերի, չոչնչացնի նրան: Կարծես երդվում է իրեն, ընտանիքին, կյանքին, չընկնել գետնին, չխեղճանալ, չպարտվել, որովհետև դժբախտությունը պարտություն է, իսկ չդիմադրելու դեպքում՝ հավերժական:
Ներկաները, շփոթահար բոթից, իրենց առջև անօգնական ընկած կնոջ տեսքից, կերպարանափոխվում են, նրանց պատկառանքն ու կաշկանդվածությունը փոխարինվում են խղճահարությամբ, հետո անտարբերությամբ: Ցավին, խեղճությանն ու պարտությանը նայելը, դիմանալը և չայլափոխվելը մեծ կամք է պահանջում: Պարտությունը ձգողականություն չունի, ինչպես հաղթանակը, այն վանում է, ծնում խղճահարություն, որից մարդն ուզում է ազատվել, հեռու շպրտել իրենից, միայն թե՝ չկպչի իրեն, իր հետ չմիաձուլվի, իր մասը չդառնա:
– Խեղճերն ի՞նչ են անելու, էլ ի՞նչ նվագել, ո՞վ պիտի տեր կանգնի,- լսվում են շշուկները:
Այս տանն այլևս ոչ մի հետաքրքիր բան կատարվել չի կարող. հաղթանակներ, մրցանակներ չեն լինի, գոյության պայքար է լինելու՝ անհետաքրքիր, ձանձրալի: Այստեղ պարտություն է՝ հետևանքներով կանխատեսելի և վանող:
Աղջիկը գնաց դեպի ջութակը, նա կռիվ էր տալիս կատարվածի, իր վախի, միջավայրի դեմ, որտեղ հայտնվեց ակնթարթներ առաջ: Ֆիլմի ավարտին խաղաղված լսում ենք հայտնի ջութակահարուհու նվագը, բայց «փոթորիկը» զգացինք, ապրեցինք նրա տանը, նրա հետ միասին:
Այդ աղջկա աչքերն ինձ են նայում փլատակների մեջից և ինձ ասում են՝ «մի’ վախեցիր», «մի’ փախիր»: Դողացող ոտքերով քայեցի առաջ, ծնկներս ծալվում են, բայց հետ չեմ դառնա, կկարողանամ դուրս շպրտել ներսիցս այս խղճահարությունը, որ զգում եմ մեր հանդեպ ու գնալ առաջ, հասնել, չուշանալ, օգնել, պահել ինձ այստեղ, մնալ նրանց կողքին, քաշել, դուրս բերել մերոնց փլատակների տակից, չընկնել, մնալ կանգնած, դիմանալ, դիմանալ, հաղթահարել: Երևի, այլ քաղաքներում, հենց այսպես են պարտությունից հաղթանակ ստանում: Հանկարծ նշմարվում են ուրվագծեր՝ իմ առջևից ընթացող՝ կորացած մեջքով, ուսերը կախ ընկած՝ գնում են մարդիկ, իրենց քարշ են տալիս դեպի կամուրջը, գնում են օգնելու, փրկելու, լսում եմ ծանր շնչառություն, իմ հետևից եկողներ կան, շա՞տ են արդյոք, թե՞ քիչ, հետ չեմ նայում, իմ առջևից քայլողներն էլ հետ չեն նայում, վախենում ենք շրջվել, ընկրկել, մենք տանում ենք մեզ առաջ, գնում ենք, քայլում ենք առաջ, առաջ, առաջ… դեպի կամուրջը…