Ժաննա Հայրապետյան/Նունիկը

Նունիկի հետ նույն թաղում էինք ապրում, նույն դասարանում էինք սովորում, իրար նման էինք սովորում ու միշտ նույն երևույթների, նույն մարդկանց վրա էինք ինքնամոռաց ծիծաղում:

Դպրոցում Հայրենական պատերազմի հերոսներին նվիրված միջոցառում էր կազմակերպվում, միասին գնացինք, որ մենք էլ երգենք երգի խմբակում: Չեմ հիշում` ով էր ներշնչել, որ հրաշալի ենք երգում: Կամ գուցե չէին ներշնչել, ինքներս էինք մեզ համոզել։

Երգը, որ պիտի երգեինք, լավ չեմ հիշում, բայց ինչ-որ ճերմակ աղավնու մասին էր:

-Ճերմա՛կ աղավնի, նախշու՛ն աղավնի, կապույտ երկնքում ուրա’խ սավառնիր…

Երբ անչափ խրոխտ երգեցինք երգը, ինքնագոհ ու հաղթական դեմքերով ավարտեցինք այն, մեր երգի ուսուցչուհի ընկեր Նազիկը այնպես աչքերը չռեց ու նայեց դեմքներիս, որ մեզ թվաց, թե Ֆաշիստական Գերմանիան նորից է հարձակում գործել Խորհրդային Միության վրա:

Երկուսս էլ շատ էինք ուզում երգել խմբակում, պարզվեց` երգելու առումով էլ ենք նույնը` անտաղանդ…

Ընկեր Նազիկի դեմքի վրա մանրամասնորեն նկարագրված էր, թե ինչքան ենք այլանդակել երգի նոտաները։

Տուն էինք գալիս ու ճանապարհին ծիծաղում մեր երգելու ընթացքում ընկեր Նազիկի խոժոռած ու կարմրատակած դեմքի, վեր բարձրացած, հետո թափով ներքև գահավիժած հոնքերի, չռած ու կլորացած աչքերի և ընդհանրապես շատ ծիծաղելի այս աշխարհի վրա:

Նույն գրքերն էինք կարդում ու տետրերում պատահաբար նույն տողերն ընդգծում, հետո համեմատում երկուսիս դուրս գրած հատվածներն ու զարմանում. իրար նման ամեն ինչի վրա նույն ձևով էինք զարմանում: Նույն հերոսներն էին ճախրում մեր երազներում ու երազանքներում:

Միակ սիրունը Րաֆֆու Սամվելն է, չէ՞. սա կարող էինք ասել այնպիսի հարազատ խանդաղատանքով, կարծես Րաֆֆու Սամվելը մեր հարևանի տղա Գագոն էր, ու ամեն Աստծո օր «Նակո» էր խաղում մեզ հետ կամ մեզ համար ակորդեոն նվագում ամռան քաղցր ու զով երեկոներին:

Մի անգամ գնացել էինք մեր ուսուցչուհուն, որ հիվանդ էր և արդեն քայլելու դժվարություն ուներ, օգնեինք, բարձր պատուհաններ ունեին, իբր պիտի անձրևներից ցեխոտված մասերը մաքրեինք:

Երկուսիս մաքրածից հետո էլ պղտոր գծեր էին մնացել պատուհանների ապակիներին, ծիծաղից ուշաթափվելով` փորձում էինք պղտոր գծերը վերացնել, ես իր մաքրածը, ինքն` իմ: Ու ավելի էին պղտորվում պատուհանները, ինչպես հիմա պղտորվում է հիշողությունս շատ բաներ հիշելիս:

Նույն երազանքն ունեինք` մեր գյուղի դպրոցն ավարտելուց հետո գնանք Երևան, սովորենք Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում:

Բայց երազանքը նամակ չէ, որ կապեինք մեր երգերի ճերմակ աղավնու ոտքից և բաց թողնեինք մեր մանկության երկնքում` վստահ, որ կհասնի հասցեատիրոջը:

Եթե անգամ երեխային բարուրող տատիկի խնամքով ու հոգածությամբ ծրարել, ուղարկել էինք այն, հավանաբար մեր մանկության երկնքում էլ ընկեր Նազիկի նման մեկը կար ` աչքերը կլորացրած ու դեմքը կարևոր խոժոռած, որ շատ խիստ ետ ուղարկեց այդ երազանքի նամակը, երևի նույնիսկ չբացեց էլ:

Էդպես հաճախ է լինում. կարևոր նամակները միշտ չէ, որ բացվում ու խնամքով ընթերցվում են։

Իններորդ դասարանն էինք ավարտել , ամառային արձակուրդ էր, ես Սևանի ամառային ճամբարներից մեկն էի գնացել, մի ամիս բացակայել էի գյուղից, երբ վերադարձա, մերոնք շատ զգույշ ինձ ասացին, որ ընկերուհուս ընտանիքը նրան զոռով-շառով, համոզելով, սպառնալով նշանել է մեր գյուղացի մի աննշան տղայի հետ, որը հետո դարձավ նշանավոր հարբեցող, իրենից էլ` տասնչորս տարով մեծ:

Լաց եղա ահագին, երբ նշանադրության մանրամասներն էին պատմում, հետո երբ մթնեց, ես ու Նունիկը միասին նստած էինք բակում` խոնավ գերանների վրա, երկրորդ անգամ լաց եղա նույն պատմությունը լսելուց հետո, երրորդ անգամ միասին լաց եղանք անզուսպ, հեկեկալով, երբ հասկացանք, որ աշխարհն անարդար է: Լաց եղանք միասին, նույն ձևով, նույն արցունքներով, նույնքան անզուսպ, որքան ծիծաղել էինք մի օր դեմքը խոժոռած, հոնքամեջը վերվարող, ծիծաղելի աշխարհի վրա:

Հասկացանք, որ այս պահին մեր շնչած մգլահոտը բնավ էլ մեր նստած գերաններից չէր «բուրում», դա կյանքն է, որ կա` դիմացներս փռված իր «ողջ հմայքով»:

Հետո…

Հետո ճանապարհները մեզ լրիվ այլ տեղեր տարան, ես գնացի Երևանի պետական համալսարան, Նունիկը` իր մարդու տուն:

Ու այս տարբեր, իրարից հեռու աշխարհներում երկուսս էլ հաճախ գիշերները վեր թռանք քնից և հենց նույն վայրկյանին հողաթափերով վազելով տուն գնալ ուզեցինք:

Իրարից այսքան տարբեր ճանապարհները մենք, ինչքան հասկացա, էլի նույն ձևով անցանք.

– Մեկ քայլ հազիվ առաջ, երկու- երեք քայլ` ետ: Սողեսող:

Ես ու իմ ընկերուհի Նունիկը` հայտնի ձախողակներ ամեն ինչում:

Իրարից տարբեր աշխարհներում, երբ դժվարանցանելի դարձավ մեր ճանապարհը, ոլորաններում հաճախ ուզեցինք դուրս թռչել ու ծլկել կյանքի պատուհաններից, ինչպես այն անգամ մանկապարտեզի բակից ծլկեցինք և թաքուն դուրս եկանք բակից, խառնվեցինք մանկապարտեզի կողքի ակումբի դիմաց հնդկական կինո մտնող մարդկանց ու կծկվեցինք ակումբի մի անկյունում։ Բայց կյանքը ընկեր Անոյի պատժող ու ծեծող հայացքով հաճախ գտավ մեզ ու բերման ենթարկեց` ոչ թե տաքուկ կենտրոններում տեղավորելու, այլ նորից ու դարձյալ անկյուն կանգնեցնելու համար։

Մի անգամ էլ, երբ մենք դեռ դպրոցական էինք, 10-րդ դասարանում էինք սովորորում, ու դպրոցի բակում իրար վրա գոռգոռալով ու իրար հետ կռիվ տալով` «Յոթ քար» էինք խաղում, Նունիկն արդեն ամուսնացել էր ու անցնում էր դպրոցի կողքի ճանապարհով, կողքներովս այնքան աննկատ անցավ, որ կարծես ո՛չ տեսել էր մեզ, ո՛չ էլ մեր գոռգոռոցներն էր լսում:

Հասավ մեզ, ստվերի պես հանկարծ տարուբերվեց ու արագացրեց քայլերը, որ շուտ անհետանա մեր տեսադաշտից:

Նունիկը գնաց, իսկ մեր դասարանի Արմանը հետևից գոռաց.

– Գնա՛, հիմա արդեն ոտքերիդ մատներին էլ մատանիներ դի՛ր, մատանի էիր դնում, զարդարվում, էդպես դպրոց գալիս: Կշտացա՞ր։

Նունիկը ետ շրջվեց, բան չասաց, ետ նայեց մոլորված դաժան որսորդի հանդիպած կխտարի նման, այնքան տխուր, այնքան հոգնած ու նիհարած, որ շուրջս գարնան կարկաչող ու զրնգուն աշխարհը մի րոպեում համրացավ, խլացավ ու պղտորվեց, պատվեց բծերով ճիշտ այն օրվա նման, երբ մեր` վատ մաքրած պատուհանից միասին նայում էինք դուրս` խամրած ու ցեխաջրով լվացված աշխարհին:

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *