Արամ Դավթյան/Ճանապարհ դեպի ոչինչ 

Հոգնել եմ ամեն ինչից և հենց դրա համար որոշել եմ գնալ այդ քայլին: Հիմա այնքան հոգնած եմ, որ նույնիսկ ալարում եմ ինքնասպան լինել: Դու էլ լավ գիտես, թե իմ պարագայում կյանքը ինչքան անկապ է, և թեկուզ դու կաս, դա ինձ ոչինչ չի տալիս: Ամբողջ գիշեր չեմ քնել, զուտ աչքերս բաց պառկած էի ու երևի մտածում էի, որ դեռ ժամանակ կունենամ երկար քնելու: 

Այսօր փորձեցի սիրալիր լինել բոլորիդ նկատմամբ: Որոշ ժամանակ անց արդեն հագել էի շորերս, մազերս ալարել էի սանրել և որ կողմի վրա քնել էի, մազերս այդ կողմն էին թեքված: Այս կյանքում միակ բանը, որ ունեի, իմ սև կատուն էր։ Սատկեց: Բոլորն էլ զգում էին, որ նույնիսկ կատուն ինձ լքեց, ինչպես բոլորը: 

Չեմ հիշում, թե քանի հոգու հետ եմ ապրում. կողքերով անցնում եմ ու բարև անգամ չեմ ասում, իրենք էլ կարծես չեն տեսնում ինձ՝ կարծես արդեն մեռած լինեմ: 

Արդեն ժամանակն էր մտածելու, թե որտեղ ինքնասպան լինեմ ու ինչ ձևով: Քեզ համար դա անտրամաբանական է, բայց ես ուզում եմ, որ իմ մահը տպավորիչ լինի: Կիևյան կամրջից չէի ցատկի, վախենում եմ բարձրությունից, նաև՝ գուցե ինչ-որ հիմար փորձի ինձ փրկել ու ստացվի: Ավելի լավ է գնամ մեկուսացած մի տեղ ու փորձեմ պարանով ինձ կախել: Այդ ժամանակ ոչ մեկը ինձ չի փրկի: 

Է՛հ, մտքիս մեջ ասում եմ՝ Վաչո, շուտով քեզ մոտ եմ գալու: Վաչոն մեր մոտի դիակահերձարանի աշխատողն էր՝ այնքան սառնասիրտ, որ նույնիսկ իր երեխային էր հերձել: 

Մտածում եմ՝ հաց ուտե՞մ, թե՞ չէ, դե մեկ է՝ ինչ էլ ուտեմ, մի քանի ժամից հեռացնելու են: Որոշեցի թողնել նրանց, ովքեր դեռ ապրելու են: Չգիտեմ՝ կամ ալարում էի գնալ մեռնելու, կամ էլ վախենում էի. չգիտեմ՝ այդ պահին ինչ էի զգում: 

Դուրս եկա տնից, գնացի ընկերներիցս մեկի տուն, ավելի ճիշտ՝ ընկերոջս տուն: Ամուսնացած էր, ուներ երկու երեխա: Շուտ էր ամուսնացել, որ բանակ չգնա: Գնացի իրենց տուն, չասեցի, որ շուտով մենակ ինքն է ինձ տեսնելու, այլ ասացի, որ վարկ եմ վերցրել, որ գնամ հանգստանալու: Վարկն էլ երևի պարանի հետ էի վերցրել: 

Մտքիս անընդհատ նույն բառերն էին գալիս. «Պետք չի: Մի արա: Սաղին սպանիր, դու մնա: Մի արա: Պետք չի: Փոշմանելու ես: Հետո ուզելու ես փրկվես, բայց չի ստացվելու: Քեզ սիրող կլինի»: Էդ մտքերն անընդհատ քշում էի, ինչպես մարդիկ իրենց դռներից քշում են կատուներին ու շներին, տենց էլ ես էի քշում էդ մտքերը:

Սկզբում չէր հավատում, որ գնում եմ հանգստանալու, բայց հետո համոզեցի, ասացի՝ փոխվել եմ, կյանքին ուրիշ ձևով եմ նայում: Հաջող արեցի, գնացի տատիկիս տուն: Ստեղ չէին՝ տունը լիքը ծառեր ուներ, մի տեղից կարող էի ինձ կախել: Գնացի, դուռը բացեցի, ու սկսեցի նախապատրաստական աշխատանքները: 

Էս ընթացքում այնքան եմ ծիծաղել, հիմա էլ նստած եմ ու ծիծաղում եմ՝ բոլորիդ վրա: Սենց մի խոսք կա՝ «ես վերևն եմ, դուք ներքևը»: Հիմա էս խոսքերն են մտքիս, ու ավելի բարձր եմ ծիծաղում: 

Վերջ, ամեն ինչ պատրաստ էր, հիմա արդեն կարող էի «նորմալ» ինքնասպան լինել: Բայց միևնույնն է, էդ մտքերը էլի գլխումս էին. «Պետք չի: Մի արա: Սաղին սպանիր, դու մնա: Մի արա: Պետք չի: Փոշմանելու ես: Հետո ուզելու ես փրկվես, բայց չի ստացվելու: Քեզ սիրող կլինի»: Ինձ խանգարում էին, բայց մի անհանգստացիր իմ համար՝ ես արդեն մեռել եմ: Ինձ թաղել են արդեն, բայց տերտեր չի եկել՝ ասում են՝ ինքնասպանության ժամանակ չեն գալիս: Բայց հիշեցի մի դեպք, երբ գնացել էր, ու մտածեցի՝ էդտեղ էլ բախտս չբերեց: Լավ է, այս անգամ ինձ առանձին թաղեցին, թե չէ ով մեռնում էր՝ բարո, անբարո, նույն տեղն էին թաղում:

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *