Լուսանկարիչ՝ Նատալի Սավե

Հովհաննես եւ Ժան-Շա Թեքգյոզյաններ/Գրողն ու ցավերը

Վերջերս համացանցում նկատեցի Աննա Դավթյանի «Խաննա» և Գրիգի «Friedensdorf» վեպերին առնչվող՝ Արա Զարգարյանի և Արամ Խաչատրյանի հոդվածները: Չգիտեմ՝ ինչպես բնութագրել ինձ հետ կատարվածը, բայց, անսպասելիորեն, հոդվածներին արձագանքելու ցանկություն ունեցա: Կարծում եմ՝ բավականին մերկապարանոց կլիներ վեպերին անդրադառնալու իմ ցանկությունը, մանավանդ որ, ինչ-ինչ, հատկապես տարածության և այլ երկրում գտնվելու պատճառով երկու ստեղծագործությանն էլ ծանոթ չեմ: 
Հանկարծ հիշեցի, որ շատ տարիներ առաջ քննադատությանն առնչվող մի էսսե եմ գրել, որը տպագրվել է 2009 թվականին լույս տեսած «Երկսեռ թատրոն» խորագրով էսսեների իմ գրքույկում: Մտածեցի՝ առավելապես ինձ համար հետաքրքիր կլինի այդ թեմայով գրել մեկ այլ էսսե: 
Գիրը առաջին հերթին բացահայտում է: Երևի ուզում էի հասկանալ, թե որքանով է փոխվել քննադատության հանդեպ իմ վերաբերմունքը, ես որքան եմ փոխվել: Արդյունքում ստացվեց, որ երկու տարբեր անուններով կանգնած եմ «Չորրորդ պատի դիմաց» և սպասում եմ  «Վերադարձող գրին»
։

Հովհաննես Թեքգյոզյան

Չորրորդ պատի դիմաց

Քննադատության գույնը, եթե, իհարկե, գույնով փորձենք այս երևույթը որակել, դեղինը կամ դեղնավունն է: Դեղինը սովորաբար զուգորդվում է նախանձի կամ հիվանդոտության հետ, սակայն կրիտիկային նման գույնով որակելու իմ միտումը միանգամայն այլ նպատակներ է հետապնդում: 

Քննադատությունը ոչ որպես գիտություն առաջ է եկել անհատի ինքնաճանաչմանը զուգահեռ: Ճանաչում, որի հիմնաքարը տեսակի ձևավորումն է: Ընդ որում, տեսակ ասելով՝ նկատի չունեմ միայն արվեստի ընկալումները: 

Քննադատությունը սկիզբ է առնում մարդու ամենատարրական-հակասական զգացողություններից ու ֆիզիոլոգիական առանձնահատկություններից: Կրիտիկայի առաջին զարկն ուղղված է մարդու համար տհաճ կամ ոչ ընդունելի երևույթներին՝ պահպանելով հաճելին, իր տեսակը, որի հատկանիշները զարգացման այդ փուլում սուբյեկտը դեռ ի վիճակի չէ վերլուծելու: 

Այսպիսով, Չգիտականացված քննադատությունը ապրում-զգացողություն է, որը զգացմունք դառնալու հավակնություն ունի կամ իր ընդունել-ժխտելով սնում է զգացմունքները: 

Մի առիթով Ալֆոնս Դոդեն ասել է. «Գրողի մեջ ևս գոյություն ունի երկու ես: Առաջին՝ սիրող, ատող, բովանդակություն ստացող կամ տառապող եսը նման է բոլորին: Մյուս եսը թևածում է այդ ամենի վրա, անխռով մնում նույնիսկ ամենաուժեղ ցնցումների ժամանակ, դիտում է ու զննում»: 

Ատող, սիրող, տառապող, բովանդակություն ստացող առաջին եսը, ըստ իս, բնութագրում է ստեղծագործությունը, երկրորդ՝ թևածող եսի նշանակությունը միանգամայն այլ է: Զննող, անխռով եսը ստեղծագործողի դիտողական-վերլուծական հայացքն է, այլ կերպ ասած՝ արվեստագետի ներսում ապրող քննադատը: 

Իմ խորին համոզմամբ՝ արվեստի յուրաքանչյուր ստեղծագործություն ունի իր ներսի վերլուծող քննադատը: Ավելին՝ մի ստեղծագործության ներքին քննադատը ոչ միայն նման չէ, այլև լիովին տարբերվում է մյուսից: Քննադատության վրիպումը հիմնականում կայանում է երկու եսերի չճանաչողության և ստեղծագործությունների քննաբանությունը չտարբերակելու մեջ: Քննադատի խնդիրն է տեսնել, թե որքանով է հեղինակին հաջողվել ոչ թե երկրորդ եսի գործունեությունը մխրճել առաջինի զգացողությունների ու ապրումների մեջ, այլ արվեստագետներին, իր իսկ զգայարաններով, ստեղծագործել սովորեցնել: 

Երկրորդ վրիպումն առավել ոչ մասնագիտական է: Մի ստեղծագործության ներսի քննադատին մյուսի հետ խառնելը՝ ասելով, որ  այս երկը մյուսից ավելի է հաջողված կամ տվյալ ստեղծագործությունն է կազմում արվեստագետի բուն ժառանգությունը, քանի որ առավել նման է նրա ոճին, վկայում է քննադատի թերի կրթության մասին:

Մի անգամ մի ճանաչված թատերագետ իր ուսանողներից մեկի հետ այցելում է մի բեմադրիչի, որը կրում էր այդ ժամանակին հարիր բոլոր կոչումներն ու տիտղոսները: Հանդիպման ընթացքում բեմադրիչը հնարավոր բոլոր միջոցներով փորձում է հաճոյանալ թատերագետին: Երբ տնից դուրս են գալիս, ուսանողը զարմացած հարցնում է. 

– Նա այդքան տաղանդավոր և մեծ լինելով՝ ինչո՞ւ էր նվաստանում Ձեր առաջ: 

Թատերագետը պատասխանում է. 

– Այո, նա մեծ է, մի մեծ հախճապակե ծաղկաման է, իսկ ես փոքր քար եմ, բայց ի զորու եմ այն կոտրելու: 

Արվեստը, ցավոք, ընդմիջվում է նման քննադատությամբ: 

Թատերագիտությունը առավել տարբերվում է հիշողության դերով: Այն ժամանակի ըմբռնման բացառիկ տաղանդով օժտված գիտնականներ է պահանջում: Մարդիկ, որոնք կկարողանան այսօրվա թատրոնն այսօր վերլուծել: 

Կրիտիկան նուրբ մանրուքների գիտություն է: Ասեկոսեն այս ոլորտում բացառելի է, սակայն ինտրիգը վերլուծությանը յուրօրինակ փայլ է հաղորդում: Քննադատի խնդիրը ինտրիգի և բամբասանքի միջև եղած հաճախ աներևույթ սահմանը գտնելն է: 

Մյուս հարցը պակաս կարևոր չէ: Կան քննադատներ, որոնք վերլուծում են արվեստագետի այն զգացողությունները, որոնք ենթագիտակցությունից են բխում, ուստի ներհայեցողական ապրումների կնիքն ունեն: Այսինքն՝ շատ անձնական են: Արվեստագետի ներսը տեսնելը չի նշանակում սոսկ նրա խոհանոցն ուսումնասիրել: Քննադատի խնդիրն է ստեղծագործողի ներսում խմորվող պրոցեսները զգալ: Պրոցեսներ, որոնք, երբեմն լույս աշխարհ չգալով կամ հետագայում կրճատվելով, նույնքան կարևոր են, որքան ինքը՝ Ստեղծագործությունը: 

Ի դեպ, «խոհանոց» մտնելը նույնպես փորձառություն և տաղանդ է պահանջում, ուստի հաջողվում է ոչ բոլորին: 

Ի վերջո, քննադատի հնարավոր ամենամեծ խոցը սեփական մտքերի բացակայությունն է: Նման դեպքում մտքերի պակասը լցվում, բայցև չի լրացվում բառերի առատությամբ: Միայն սեփական մտքեր ունեցող արվեստագետը կարող է ներքուստ ազատ լինել: Քննադատությունը ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ է: Ազատագրություն իր իսկ ճաշակին հաճելի երևույթների, ստեղծագործությունների ճնշումից: Բոլորից անկախ, սեփական հայացքով աշխարհին նայելու, սեփական մտքերով արվեստը վերլուծելու վայելքի անունը ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ է: 

Քանի որ գույնով սկսեցի, գույնով էլ փորձեմ խոսքս ավարտել: 

Արվեստն անօրինակ ալքիմիա է: Վաղ շրջանում ալքիմիայի պրոցեսային փուլերը կամ աստիճանները բնորոշվում էին չորս երանգներով՝ սևավուն, սպիտակավուն, դեղնավուն և կարմրավուն: Հետագայում, գործընթացի կրճատման պատճառով, գույներից մեկը՝ դեղնավունը, դուրս մղվեց: 

Թատրոնը այն պահին է թատրոն կոչվել, երբ չորս պատերից մեկը քանդվեց, և հանդիսատեսը ներսում կատարվող գործողությունների ականատեսը դարձավ: 

Չորրորդ պատը փլվեց, սակայն պատի երբեմնի լինելիության զգացումը դերասանին փոխանցվում է չգիտեմ ինչ անըմբռնելի շիճուկի ներարկմամբ, ասենք՝ գենետիկորեն:

 Քննադատության գույնը դեղնավունն է: Սակայն ազատագրված, սեփական մտքերով մտածող քննադատը կարող է կանգնել չորրորդ պատի դիմաց և ապացուցել, որ իր գործը ևս ալքիմիայի պրոցեսային աստիճաններից մեկն է: 

Ալքիմիա, որի սահմանները սկսվում ու ավարտվում են միմիայն արվեստի տարածքում:     

2007 թ., Երևան

Ժան-Շա Թեքգյոզյան  

Վերադարձող գիրը

Մտքի հետ հանդիպումները, թեև հաճախակի չեն, բայց, այնուամենայնիվ, կայանում են: Նա գալիս է առանց կոնկրետ պայմանավորվածության, երբեմն՝ երկար դադարից հետո, անսպասելի: Ինչ-որ տարօրինակ տեղից է գալիս: Հաճախ հառնում է ծանոթ միջավայրից՝ անսպասելի բացահայտելով կարծես տեսած, բայց անծանոթ «տեղանքները»: 

Առաջ շատ էի վախենում, որ նա այլևս չի գա: Հիմա գրեթե համոզված եմ, որ արձակուրդում գտնվող միտքը նույնքան կարևոր է, որքան նրա գրեթե ֆիզիկական ներկայությունը: Ինձ փնտրող միտքը, միևնույնն է, կվերադառնա… Մանավանդ երբ կիսատ է մնացել:

Էս դեպքում չգիտեի, որ նա կիսատ է: Ավելի ճիշտ՝ ամբողջությամբ չի արտահայտվել:  Ինքը գիտե՞ր: Կարճ ասած՝ կրկին կանգնեցի Չորրորդ պատի դիմաց: Բայց ո՞ր կողմից: Անկեղծ՝ եթե այն ժամանակ՝ ասել է թե շուրջ քսան տարի առաջ, գրեթե համոզված էի՝ որտեղից սկսել, հիմա տատանվում եմ: Երևի ճիշտ չէ ընտրածս նախադասությունը, բայցևայնպես…  Նորից Քննադատության մասին:

Ստեղծագործության կամ ստեղծագործելու մեխանիզմները տարբեր են: Ավելին՝ ցանկացած ստեղծագործող ինքն է այն մշակում: Այս պարագայում նույնականացումն անհնար է, եթե, իհարկե, հաշվի չառնենք մի կարևոր լիցքի կամ խթանի առկայությունը: Ի՞նչ հնարով է ստեղծագործությունը ի հայտ գալիս: Կոպիտ ասած՝ ո՞վ է այն լույս աշխարհ բերում: Երկու եսերի առկայությունը: Կոնկրետ եսը՝ ստեղծագործողը, և վերացարկվածը, որը պայմանականորեն կամ վուլգարաբար համարենք տաղանդ, շնորհք, քիչ շնորհք, հանճար կամ նման մի բան: Երկրորդ՝ վերացարկված եսը, ասենք՝ տաղանդը կամ մտածելու ունակությունը, միշտ շատ ավելի խելացի է առաջինից: Համենայնդեպս, նա գրեթե զրկված է էգոցենտրիկությունից, մի բան, որը չենք կարող ասել առաջինի մասին: Ստեղծագործողի հետ կատարվող ամենասարսափելին կայանում է այն ժամանակ, երբ առաջին եսը իրեն առավել խելոք է համարում: Էս գործընթացը պայմանականորեն կարող ենք հոգևոր վթար համարել (տե՛ս «Հոգևոր վթար» էսսե):

Գրողը, բացի գեղագիտական, փիլիսոփայական, ֆլանֆստանական և բազմաթիվ այլ խնդիրներից, գործում մշտապես լուծում է նաև իր անձնական հարցերը: Որքան էլ որոշ հեղինակներ ինչ-ինչ նկատառումներով փորձում են թաքցնել կամ քողարկել իրենց անձնականը կամ, այսպես ասած, ներքին կյանքը, միևնույնն է, այն կարևոր մի շերտով մշտապես ջրի երես է դուրս գալիս: Իմ խորին համոզմամբ՝ կայացած ու այսպես ասենք՝ թերի քննադատության էությունը հենց այս կետի վրա է բացահայտվում: Ինչ խոսք, առավել հեշտ կամ տեսանելի է հեղինակի կենսագրության որոշ փաստերը փորփրելով՝ դրանց արտացոլումը գտնել երկի էջերում, առավել ևս՝ հերոսների վարքագծերի մեջ: Նման ճանապարհը բռնած քննադատի հետ իրականում ի՞նչ է տեղի ունենում: 

Միտքս առավել պատկերավոր դարձնելու համար հենվեմ կոնկրետ օրինակի վրա: 

Վերցնենք բոլորիս քաջ հայտնի «Վարպետը և Մարգարիտան» վեպը: Բուլգակովն ամեն ինչ արել է, որ երկի գլխավոր հերոսին՝ ասել է թե Վարպետին, զուգորդեն իր իսկ՝ հեղինակի հետ: Պատահական չէ անգամ վեպի ռուսերեն տարբերակի վերնագրում Միխայիլի բանեցրած պրիմիտիվ հնարը՝ Մ տառով սկսվող հերոսի անունը:  

Այսպիսով… 

Եթե միայն գրքում առկա անձնական շերտին անդրադառնամ, արդյունքում ի՞նչ կստացվի: Մոտավորապես…

  1. «Վարպետը և Մարգարիտան» իր գեղագիտական որակով ակնհայտորեն զիջում է Բուլգակովի մյուս բոլոր ստեղծագործություններին: Վեպում շատ են ճաշակային շեղումները, ասել է թե՝ որակի միտումնավոր իջեցումը:  Հարց, արդյոք կոնկրետ ինչ-որ մեկի համա՞ր է Բուլգակովը միտումնավոր աղավաղել իր ճաշակի չափանիշները: Եվ այս ամենը կապվա՞ծ է արդյոք Ստալինի հետ ունեցած իր հեռախոսային զրույցի հետ:
  1. Եթե առաջին կետում արտահայտված միտքը շարունակելու լինենք, ի՞նչ գլոբալ աղերս է վեպը պարունակում: Այլ կերպ ասած՝ ի՞նչ թախանձագին խնդրանք է հեղինակը հղում ամենակարող չարին. այո, օ՛, չար, դու սև ուժ ես, որը կարող է բարին արարել: Բայց ինչպե՞ս: Անդրադառնանք հեղինակի խորհուրդներին… Շատ պարզ. կտրիր գրաքննության գլուխը, քեզ երբեմնի արջի ծառայություն մատուցած գրողիկ-պոետիկներին գժանոցները խցկիր, այդ զզվելի թատրոնների կուլիսային առնետներին՝ ադմինիստրատոր, տնօրեն, ղեկավարներ, գիժ ու վամպիր դարձրու, ազնիվ մարդուն բնակարան չտրամարդրող պաշտոնյային բանտարկիր, խմիր գաղտնի գործակալների արյունը, գողացիր գրաքննության գլուխը, չեզոքացրու նրա ուղեղն ու գաղափարները, մատնիչին չեղարկիր այնպես, ասես նա առհասարակ գոյություն չի ունեցել, սակայն… Աղերսում եմ, պահպանիր մեկին… Հեղինակին… Ինձ… Հեղինակին, որի կյանքը այս բոլոր ոչնչությունները կերել են… 
  1. Մարգարիտան… Վհո՞ւկ: Ո՞ւմ հետ է նա համագործակցում: Չարի: Ամենակարողի մութ առաջարկներն ընդունում, դառնում է նրա կամակատարը: Էդ հերիք չի, տկլոր մասնակցում է ինչ-որ կասկածելի խրախճանքների: Այլ կերպ ասած՝ ստանձնում է գեհենի՝ պոռնկությամբ ու այլասերություններով հագեցած պարահանդեսի թագուհու դերը: Եվ դա անում է անասելի հաճույքով: Բա սիրո, հավատարմության մասին մեր պատկերացումնե՞րը: Բարոյականությունը, վսեմն ու ճիշտը: Բուլգակովը գիտե՞ր, որ իր երրորդ ու վերջին կինը՝ Ելենա Սերգեևնան, համագործակցել է հայտնի կառույցների հետ: Կարճ ասած՝ տեղյա՞կ էր, որ վհուկ էր: Եթե նույնիսկ այդպես էր, ինչո՞ւ նրան իր վեպում հուրի-փերի չի դարձնում: Այո, Մարգարիտան վհուկ էր, համագործակցում էր չարի հետ, սակայն բացառապես մի բանի՝ Վարպետին, ԻՐԵՆ փրկելու համար (միտքը իմը չէ, տե՛ս Մարիետա Չուդակովա):      

Երեք դիտակետով ես փաստացի համալրեցի Բուլգակովի՝ կարծեմ, կյանքի օրոք լույս տեսած երկու հարյուր իննսունյոթ հոդված երկնած քննադատների շարքը, որոնցից միայն երեքն էին չեզոք կարծիք հայտնել: 

Կա մի բան, որը քննադատների մեծամասնությունը հաշվի չի առնում: Եթե գրական երկում գրողի անձնական խնդիրների արծարծումն ու այլևայլ ձևերով դրանց «լուծում տալը» ստեղծագործական առանցքային մեխանիզմի կարևոր մասն է, ապա քննադատի պարագայում նույն մեխանիզմի օգտագործումը վերջինիս մահն է: Նման եղանակով իր դիտարկումները շարադրող քննադատը նմանվում է այս կամ այն գրողի գերեզմանի մոտ լուսանկարվող, սոցիալական ցանցերում այդ լուսանկարները սփռող, կարճ ասած՝ մշտապես «ծեծվելու» արդյունքում հոգին ավանդած մտքի պահապանի:

Եթե գրողի գաղափարները պտտվում են իր կառուցած, պայմանականորեն ասված, աշխարհի շուրջը, ապա քննադատը կոչված է գեներացնելու օդում կախված մտային հոսքերը՝ դրանք համադրելով ընդհանուր կոնցեպտների տիրույթում: Միայն այս դեպքում գիրը կարող է վերադառնալ, ասել է թե՝ շարունակական լինել…

Այս էսսեի սկզբում ես խոսեցի մտքի՝ արձակուրդ գնալու մասին: Քննադատությունը բացառիկ մասնագիտություն է, քանի որ այն իրեն կրողին թույլ է տալիս վեր կանգնել սեփականի, ծանոթի, իր հոգուն հարազատի հաճախ էգոիստական մոտեցումներից և տեսնել այլ բան, այլականորեն տեսնել: 

2024 թ., Ստրասբուրգ

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *