Լիլիթ Ստեփանյանը ժամանակակից արվեստագետ է։ Նրա «Եթե» վիդեո-ինստալյացիան ներկայացվել է 2024 թվականի մայիսին Կինոյի տանը տեղի ունեցած «Փխրուն տարածություն» խմբային ցուցահանդեսին (համադրող՝ Զոկ Զոկ), որը «Շրջակա միջավայրի փառատոնի» մասն էր։ Այս ստեղծագործությունը ներկայացվեց նաեւ կին պոետների միջազգային «Շամռոք» փառատոնին։
Եթե մոռանայի
Պայմանավորվածությունների,
Պարտավորությունների,
Հարկադրվածությունների,
Եթե-ների
Անորոշությունն ուռճացնելու,
Դրան երանգներ,
Գույներ,
Ձայներ,
Շշուկներ ավելացնելու,
Եթե չլինեիր դու,
Սա, դա, նա,
Եթե չլինեի ես
Գոյաբանական տեսությունները
Վերծանելու
Մասին:
Եթե չհիշեի, որ եթե չգնամ,
Չգամ,
Չստանամ,
Չտամ,
Չհիշեմ,
Չմոռանամ,
Չհարցնեմ,
Չզանգեմ,
Չըմբռնեմ,
Չտեսնեմ,
Չլսեմ,
Եթե-ի կողքով անտես անցնեմ,
Եթե-ներից խուսափեմ,
Եթե չլինեմ,
Եթե շարժվեմ,
Եթե ձևափոխվեմ,
Եթե աճեմ,
Եթե լուսավորվեմ,
Եթե ասիմիլացվեմ…