Կանացի բարեմասնությունների նկատմամբ Ուլիցերյան պատմվածքի հերոս Պարոն Գրականագետի անհագուրդ ցանկասիրությունը թերևս մի քիչ մեղմեր, հնարավոր է նաև բալանսի բերել կարողանար Ժուլիանան։ Իսկ ով էր Ժուլիանան…
Աֆրիկուհի Էբիի նման մի անկաշկանդ մուլատի՝ բրազիլուհու արտաքինով Ժուլիանային, Պարոն Գրականագետը հանդիպեց Պետերբուրգի հյուրանոցներից մեկում։ Մի առավոտ, երբ ոչ այնքան շուտ էր, որ հազիվ զարթներ հյուրանոցի նախաճաշին սովոր կենվորը, ոչ այնքան ուշ, որ հյուր գնալն ամոթ լիներ, Պարոն Գրականագետը թակեց Ժուլիանայի համարի դուռը։ Արձագանքեցին 4-րդ թե 5-րդ թակոցից։ Ավելի շատ վարտիքի նմանվող շորտով նրան անկաշկանդ դիմավորողը Ժուլիանան էր։ Մինչ այդ միայն հայ աղջիկներ տեսած Պարոն Գրականագետն այդ բացությունից անակնկալի եկավ, ապա մի կերպ թաքցնելով շփոթմունքն ու աննման բարեմասնությունները միանգամից զգացած ու բնազդով անմիջապեա արձագանքած տղամարդկային արժանապատվության բարձրացած խորհրդանիշը, նախ ետ-ետ գնաց և ուզեց… դուռը փակել միջանցքի կողմից, սակայն, քաջալերող «համեցեքը» լսելով, որ երևի մի կերպ ծամծմած, ասած կամ չասած «կարելի է» հարցի պատասխանը պիտի որ լիներ, գոտեպնդվեց (համարձակություն ունենար՝ հենց այդ պահին գոտին կթուլացներ․ չթուլացնելու համար հետո է շաաատ զղջալու) ու հայտնվեց Ժուլիանայի դիմաց, նրան շատ մոտ, և զգում էր երրորդ, թե չորրորդ թե համարի մեծության կրծքերի տաք հևքը։
Ժուլիանան դյութեց ու հմայեց նրան։ Ռուսական հյուրանոցի՝ անբռնազոս սեքսի տրամադրող մթնոլորտը համակել էր երկուսին։ «Սիրիր այս աստվածուհուն, Պարոն Գրականագետ, նա քո կարդացած բոլոր գրքերում եղած ու չեղած, հանդիպած ու չհանդիպած բոլոր գեղեցկուհիներից լավագույնն է, Հոմերոսի Հեղինեից ու թագուհի Կլեոպատրայից հետո կազմված ու կազմվելիք հրաշագեղ կազմվածքով կանանց ամենատարբեր ցուցակներում, top-50-ներում ամենափնտրված անուններից»,- ասում էր հրեշտակային ձայնը,- «Նման հնարավորություն էլ չի լինելու։ Կա՛մ հիմա, կա՛մ՝ երբեք։ Մի քանի օրից դու վերադառնում ես, Ժուլիանան քեզ հետ չի գալու, թե գա էլ՝ քո քաղաքում նա դժվար այսքան անբռնազբոս լինի։ Ամենաշատը կողքիդ քայլի, ձեռդ բռնել էլ չի համարձակվի, երբեմն հետդ գրադարան ու թատրոն կգա, գուցե ուսիդ քնելու բախտն ունենաս՝ ականջիդ տակ զգալով նրա տաք շնչառությունը։ Իսկ այստեղ՝ կայֆի տրամադրող պետերբուրգյան հյուրանոցում, նա քոնն է։ Հետո նա քեզ կմոռանա, ինչպես Կոելիոյի՝ G կետը փնտրող հերոսուհին այդ ճակատագրական մի անգամից հետո ինքն իրեն խոստացավ մոռանալ պատահական զուգընկերոջը. կուզես՝ դու էլ նրան մոռացիր։ Չէ։ Կարող եք նամակագրություն պահպանել։ Հիմա դա հեշտանքից էլ հեշտացել է։ Չեք ուզում՝ կհեռանաք, կմոռանաք։ Գոնե հուշերիդ գզրոցը դատարկ չի մնա. կփրկվես «անանցյալ անցյալի» սպառնալիքից, որ տղամարդուն անպատճառ կեղեքում ու հաստատ պատին է դեմ տալիս ինչ-որ պահի, եթե գոնե մի քանիսին չի փորձել։ Ո՛չ հաճույք է պատճառել, ո՛չ՝ ստացել»։
Կնոջ կաշկանդանքի պաճառներն ուրիշ են. կինը պետք է անարատ, կուսական լինի. կամ գոնե օրինավոր ամուսնանա, օրինական բաժանվի ու էդ ընթացքում միայն իր ամուսնունը լինի։ Բազմափորձ լինելը պոռնկուհու ու հետերայի համր է շնորհ։ Աշխատանքում ինչքան հմուտ ու արագ՝ այնքան հաճախորդը գոհ է, դրամավաստակը՝ շատ։
Երբ կինը տղամարդու առաջ բարեմասնություններն անկաշկանդ ցուցադրող մերկության է հասնում (դուռը բացելիս ու սրճխմության ժամանակ Ժուլիանային Պարոն Գրականագետը հենց այդ դրության մեջ էր գտնելու) ուրեմն՝ նրան կաշկանդողն ուրիշ բան է, որի տեղն ու ձևն իրեն հարգող և կնոջից հարգանք պահանջող տղամարդը պետք է լավ իմանա։ Երբ հատկապես ցանկալի կինը ուզում է ․․․ տղամարդը, կնոջ աչքից չընկնելու համար, պարտավոր է տղամարդավարի դրսևորվել։
Համարից դուրս գալուն պես Պարոն Գրականագետը փոշմանեց, որ իրերի դասավորությունը թույլ չտվեց Ժուլիանայի մոտ դրսևորվելու Ասլան նախապապի ու Շալիկո պապի պես։ Արդեն ուշ էր։
Չէ, Պարոն Գրականագետ, քոնը գրադարանի բազկաթոռին հարմար թիկնելն ու կարդալն է, պարզպես կարդալը՝ հաճախ առանց անհրաժեշտ հետևությունների, հաճախ էլ՝ էն աֆրիկացի մուլատի հետ անգլերեն չրթել-քննարկելով։ Դե դու օրիգինալ պիտի լինես․ ռուս, ուկրաինացի, մալդավանկա կպցնելու հայկական սովորությունը փոխարինելով աֆրիկուհու հետ շփումով, որ մերոնցից հիմա գուցե դուբայներում փորձողներ կան։ Համ շփվում, համ կպցնում են ու ճաշակելուց հետո է համը բերանում մնում, քո բախտից չունեն, որ սենյակակիցն անպատեհ հայտնվի, ու քեզ մնա միայն բրազիլուհիների կամ ֆրանսուհիների բուրմունքով սուրճից կայֆ ստանալը։
․․․Երջանիկ պատահականությամբ Պարոն Գրականագետն իր քաղաքում էլ հանդիպելու էր Ժուլիանայի նման մեկին։ Փողոցներում կիսաթևանցուկ քայլելն էլ էր լինելու, թատրոնում ուսին ննջելն ու քնելը նույնպես լինելու էր. նույնիսկ տաք, Ժուլիանային հիշեցնող շնչառությունն էր զգալու, սակայն վանաձորյան Ժուլիանան այդպես էլ Պարոն Գրականագետինը չէր դառնալու՝ ստիպելով հավերժ մնալ պետերբուրգյան Ժուլիանայի կարոտով։ Նա մտապահած կարոտների՝ Լուիզայից սկսվող շարքում չգիտես ո՞ր տասնյակերորդն է։ Եվ Պարոն Գրականագետը հազար ու մեկերորդ անգամ, ինչպես Շահրեզադեի Շահը, փոշմանելու է գոտին արձակելու ճիշտ պահին հապաղելու համար։
Հայկական Ժուլիանան, որքան էլ անբռնազբոս լինի, Վանաձորի փողոցներում կամ էս ու էն զվարճանքի վայրերի դիմաց «պարապ գցածներից» չի, ուստի «ուլիչնիցայի» պես պահել չի կարող (թեև Պարոն Գրականագետին գրավում է հատկապես նրա մեջ ապրող փողոցային պչրուհին, և տղամարդու աչքից չվրիպող՝ անբռնազբոս սեքսով զուգընկերոջինը լինելու նրա կանացի պատրաստականությունն ու ցանկությունը, որի վրա, համոզված է, կապանք է դնում ընդամենը մի օր ամուսնու կողքին իբրև կույս պառկելու՝ հայկական միջավայրի օրըստօրե հնացող պարտադրանքը. այն մինչև իսպառ հնանա, քանի՜ Պարոներ ու Ժուլիանաներ կզրկվեն պատահական կապերից անասելի հաճույք ստանալու անդիմադրելի ցանկությունն իրագործելու հնարավորությունից։
Վանաձորի փողոցներում երեկոները մենակ կամ ընկերոջ՝ Փոքր Գազարագույնի հետ շրջելիս, հաճախ է մտովի Պետերբուրգի հյուրանոցի Սքանչելիքը հիշում։ Չկրկնվող հնարավորություն էր, եթե գոտին ճիշտ պահին թուլացներ, կա՛մ Ժուլիանայի սենյակակիցն ուշանար, կա՛մ հրաշք լիներ՝ կրկնվեր հյուրանոցի այդ պահը մի պոռթկուն անբռնազբոսությամբ, ու ինքը գոնե մի անգամ տիրեր Ժուլիանային․․․ Ո՞վ գիտի, գուցե Ժուլիանան այսօր իր կողքին լիներ։ Եթե-ն ամենը խաթարում է, բայց եթե լիներ՝ ավելի շատ օգնել կարող էր։ Հրաշք լինելու էր ու եղավ. առայժմ Լիլիթի դեպքում։ Հերթում հայկական Ժուլիանան է, որ տպավորություն է, թե բրազիլիականին չի զիջում։ Մի օր էլ նրան «ոգու սովը» գուցե կբերի հենց Պարոն Գրականագետին առավել մոտ, քան էր փողոցում կիսաթևանցուկ քայլելիս, թատրոնում ուսին ննջելիս ու ներկայացման կեսին չհասած՝աչքը կպցնելիս։ Այդ ժամանակ էլ ոչինչ չի խանգարի, և առատորեն կօգտվի Փողոցային Պչրուհու կոկետություններով իրեն այնքան գերող անբռնազբոս կրքով իրենը դարձող, առաջին տղամարդու կողմից փորձվելուց հայուհու կաշկանդանքը մինչև վերջ կորցրրած Ժուլյանայի բարեմասնություններից։ Ուսուցիչ լինելուց մի տեսակ հոգնել է, և դեմ չէր լինի տիրանալ սեքսի գաղտնիքները յուրացրած ամենիմաց, պատրաստված մի գեղեցկուհու՝ փոխանակ ուսուցելու սկսնակ մեկին, որի կուսական մաքրությունը, ամեն տղամարդու պես գուցե Պարոն Գրականագետին էլ հաճելի է, սակայն աղջկական անփորձությունը, անկողնում «չոր տախտակ» լինելու հեռանկարը նույնքան վանում է։ Իսկ առայժմ, երկա՜ր սպասված բաղձալի պահը բերել էր հեռացած «նախկիններից» մի նորատիկնոջ։
Ուշ երեկոյան բոլորովին անսպասելի զանգ ստացավ։ «Ոգու սովի» եզրին հայտնվածը Լիլիթն էր . մի քանի վայրկյան փորձեց հիշել՝որ մեկը։
- Ողջույն, հիշում ես… քեզ… բանաստեղծություններս էի ուղարկում Ձայնը նույնն էր։ Չարաճճի երանգն էլ նույնն էր, բայց հևոցն էր տարբեր. աղջկական հևոց չէր, և մատնում էր որձի՝ մեջը գլուխ բարձրացնող կարոտը։
«Ղարաբաղախաչենական կողի կրողի և ինքնասածի Լիլիթի ժառանգը երկրագունդն էլ հակառակ կպտտի, գետերի հունը կփոխի, աստղերին իր ոզած դասավարությունը կտա»,- ծանոթ հնչերանգով նույն ձայնը լսելով՝ ի՞նչ անցավ մտքովը՝ ինքն էլ չհասկացավ, մեկեն ժառանգ ունենալու մասին մտածեց։
Երկարատև զանգերից, սոցցանցային շփումներով անցնող անքուն գիշերներից հետո Լիլիթին Վանաձորի փողոցներում էր հանդիպելու։ Երջանիկ պատահականությամբ։ Գալու, վզովն էր ընկնելու, ամուր գրկելու էին, ու Լիլիթի գրկախառնությունի՞ց, թե՞ համբույրից արթնացած հաճելի զգացողություններից ու հուշերից բացի վերնաշապիկին էր մնալու դիմափոշու ու կրեմի հետքերը։
«Քո Լիլիթն ինձ իմ Թարգմանչուհուն է հիշեցնում։ Ամուսնանում են, ամուսիններին չսիրելով անկողին մտնում ու երբեք չեն բավարարվում այն կրքով, որպիսին ունեցել են մեզ հետ ու մեր կարոտը քաշելով քնած ամուսինների կողքին անգամ մեր գիշերվա հյուրն են»,- մտաբերեց Հովհաննես Զորավիգը։
—Ուրախ եմ քեզ տեսնելու համար,- մի կերպ Լիլիթի համբույրոտ գրկից հետ գալով՝ ասաց։ — Զգում էի, որ մոտերքում կլինես, անտանելի, բարոյալքող շոգին կրաե օդը Լիլիթոտ է,- ասաց հազվադեպ ռոմանտիկ պահերից մեկն ապրող Պարոն Գրականագետը, որ ամենատաք գրկում անգամ շռայլ գեղեցկախոս չէ՝ մոռանալով, որ կինն, ախր բառերով է սիրում։
Չասաց իհարկե, որ հինգ րոպե առաջ Դնչին է տեսել (Լիլիթի ամուսնուն՝ այդպես կնքեց հենց առաջին լուսանկարը ֆեյսբուքում տեսնելուց հետո՝ մարդկանց մականունով բնորոշելու մանկական սովորությանը տուրք տալով), և որ Լիլիթին տեսնելու ու Լիլիթոտ օդ շնչելու ակնկալիք իր մեջ Դունչն էր առաջացրել։ Հազվադեպ մեջը զարթնող ռոմանտիկան լիուլի բաշխեց Լիլիթին. նա էլ, սպասված հանդիպումից օրգազմի հասնելու չափ կայֆ ստացած՝ հեռանալիս չնկատեց դիմացով անցնող գեղեցկուհուն՝ կաբլուկներով կոխկրտելով նրան։ Գուցե երազելով ավելի բարեհաջող պահի Պարոն Գրականագետից «վրաերթվելու» մասին։
«Այդպես է, շորորալով հեռանում-գնում են, վնգստալով (կասեր վարչապետ Նիկոլը)՝ ետ գալիս, թե կարոտել եմ, ուզում եմ քոնը լինել, միայն թե՝ արա, հովանամ»,- նորից է մտաբերում Պարոն Գրականագետը։
Քանի՜ քանիսն են եղել, քանի՜սն են հետ եկել, դեռ քանիսն էլ կլինեն, ինչպես Գառնուկը հեռացավ ու դարձյալ վերադարձավ Պարոն Գրականագետի գիրկը։ Պատշգամբի տակ տուն կանչող մի համբույր էր եղել, շարունակություն էր ուզել, հետո փոշմանել, հեռացել, ապա դարձյալ նույն՝ ոգու ու որձի սովը՝ նրան Պարոն Գրականագետի գիրկն էր բերել։ Այնքան կարոտած, այնքան անբռնազբոս, որ վզովն էր ընկնում ու գիրկը նստում կոնֆերնսի ժամանակ՝ տասնյակների աչքի առաջ։ Հիշում ես չէ՞։ Ինքն էլ, համոզված եմ, չի մոռացել։ Դիմում են, թախանձում, դու էլ մեծ հոգուդ մեծությունը լայն բաց արա, տաբատդ էլ արձակի, արա, թող հովանան։ Չբավարարված էգը թունոտ օձից վատն է, մեկ էլ ու տեսար՝ կարիճի պես մահացու խայթեց… ինքն իրեն։
Պարոն Գրականագետը Ժուլիանային հանդիպած վարանոտ հապաղողը չէր ու չմերժեց։ Կրակոտ խոսակցությունն արագ հասցրեց երկուսի ցանկացած տրամաբանական ավարտին։ Կրակե Լիլիթն այնպես կրակոտ էր նրա գրկում, այնպես կամասուտրայագետ- բազմադիրքասեր, որ հիշեցնում էր Խեչոյանի ՝«Դասախոսի ներկար օրագրի»՝ մի սեքսի ժամանակ մի քանի դիրքով տրվելու սովորություն ունեցող հերոսուհուն։
Ուլիցերյան պատմվածքի հերոսի վրա ամենաշատ ազդողը Լիլիթի Դունչն է, որ ճակատագրի հեգնանքով Կարենիչ էր լինելու։ Ազդողներից մեկն էլ Մաշայի Ունքն է։ Ծրագրում է նրանից ամեն կերպ վրեժ լուծել։ Պատճառն իրեն անգամ ստույգ հայտնի չէ։ Պարզապես վրեժ՝ ու վերջ։ Մյորսոյի պես․ «Կրակեցի, որովհետև շոգ էր, քրտինքն աչքերս էր լցվել, համ էլ դա ոչ մի նշանակություն չունի»՝ միայն իր տրամաբանությանը բավարարող բացատրությամբ։
—Էդ ուսանողուհու բոյ-ֆրենդի ունքերի արանքը դուրս չի գալիս,- վրդովվում է Պարոն Գրականագետը,- որովհետև էդ ունքերի արանքին գրված ա. «արա էյ, Մաշան ընգերուհիս ա, մեկդ շշկլվել եք, կսատկացնեմ»։ Չեմ հանգստանա, մինչև էդ գյադուն մի հատ չսատկացնեմ,- ասում է պարոն Գրականագետը,- ֆիթնեսի տեղը բիցևս-տրիցևս եմ անում, որ հարվածի թափը անկասելի լինի, ժամանակս շատ չի, բայց պիտի ամառը հասցնեմ։ Էն պահից, երբ էդ մուննաթ գյադին տեսա, ինստիտուտում աշխատելուս միակ նպատակը դառավ դրա հետ մի կոնֆլիկտ հրահրելն ու «հագնելը»։
Պատկերացնում է օրերից մի օր տնօրենի կաբինետում կատարվելիքը։ Այդպես պատկերացնելով էլ մոնոներկայացում է խաղում․
«—Պարոն Գրականագետ, ինչու՞ ես Մաշայի ընկերոջ հոնքերի արանքը պատռել,- զարմացած ու զայրացած կհարցնի տնօրենը։
—Վրես ազդում էր պարզապես, ու համ էլ շատ շոգ էր, քրտինքն աչքերիս դեմը փակեց ու… համ էլ, կարո՞ղ ա թողայի Մաշայի ոտերի արանքին առաջինն ինքը հասներ։
—Հա, բայց ոստիկանություն են դիմել…
— Պատրաստ եմ նույնիսկ բանտ նստել, պարոն տնօրեն։
—Մայր բուհից են զանգել, պահանջում են հեռացնել։
— Պատրաստ եմ, նույնիսկ գիտական կոչումից հրաժարվել, որ իմ գերագույն նպատակն էր»,_ այս ամենը ինքն իրեն պատկերացնում է և անհամբերությամբ սեպտեմբերին սպսելով՝ ավելացնում․
—Ա՜խ երբ են դասերն սկսվելու, մի կոնֆլիկտ հրահրեմ։ Ու երանի Մաշան հանձնարարած գրքերս կարդացած չլինի, տես ինչ դեբոշ եմ սարքում։ Ամենայն հավանականությամբ այդպես էլ կլինի, որովհետև ինքը դպրոցում մինչև «շ»-ն ա անցել, ու սկսել շնանալ ու լկստվել էս գյադի հետ,- ասում է Պարոն Գրակակագետն ու հիշում՝ ինչպես էր ինքը «Պատվի համարի» միայն առաջին ու երկրորդ գործողության մասնագետ ներկայացել մոտն իբրև դիմորդ եկած Սենիկին՝ հավատացնելով, թե երրորդ գործողության մասնագետն այլ է, և Սենիկը դեռ նրան էլ պիտի այցելի՝ ընդունելությունից առաջ։
—Կարո՞ղ ա Մաշան դուրդ գալիս ա, դրա համար ես ուզում ընկերոջը մեջտեղից հանել,- հարցնում է Հովհաննես Զորավիգը։
—Կարող ա, բայց եթե ասեն՝ Մաշան մի շաբաթով քունն ա, տար, ինչ կուզես արա, մենակ թե էդ գյադին լղելու մտքից հրաժարվի, մեկ ա, չեմ հրաժարվի։ Նախ էդ գյադին եմ ուզում լղեմ, հետո վերագտած տղամարդկությունս կվերահաստատեմ Մաշայի վրա՝ սիրունիկ դեմքը մի լավ նախշելով․․․ Ինչպես որ հեռացած- վերադարձած Լիլիթի հետ եմ ուզում վարվել։ Դրանց հետ պիտի տարած-հետ բերած հարսի պես կվարվես։
- Զգույշ, Մարատիչ, Լիլիթի Կարենիչը, էն որ դու Դունչ ես ասում, գործի դնելով մարդկանց մականուն տալու մանկական սովորությունդ ու ֆանտազիադ, Լիլիթի կարատեիստ Կարենիչը ֆիթնեսմեն Մարատիչին ուղղակի կլղի, առանց աչք թարթելու։ Ու մուրազդ փորդ կմնա, էն որ ասում էիր, Մարատ Թադևոսյանը կլացիզմի տեսությունն է տվել, Մրատիչն էլ ուրիշի կանանց տեսությունը կտա, այ հենց էդ մուրազդ (Լիլիթին արդեն գուցե հասցրած կլինես ․․․) կմնա փորդ, Մարատի՛չ՛։
Եվ որքան էլ Լիլիթները, Գառնուկներն ու Մաշաները շուրջը վխտան, որքան էլ Նատա ուսանողուհին իրենով պատեր լցնի ու սրտեր թողնի դատարկ, այս բոլորն ու սրանց հետ մի ողջ հարեմ էլ նվեր ստանա, միևնույնն է․ գիշերներն իրեն անքուն թողնողը Ժուլիանան է՝ պետերբուրգյան հյուրանոցի՝ անբռնազբոս սեքսի տրամադրող պատերի ներսում այնքան բաց ու մատչելի Ժուլիանան։
«Իմ տեսած ամենակրքոտ կինն է, բոլոր ոռիկներից ամենակլորը, բոլոր կրծքերից ամենաքլթքլթանը։ Կյանքումս զգացած ամենաերջանիկ պահն էր, ափսոս, չհասցրինք, և Ժուլիանան իմ հիշողություններում մնաց միայն իր բույրը սուրճի բույրին խառնած։ Մինչդեռ նա կարող էր և՛ մուսա լինել ու աշխատասիրություն ներարկել ինձ, որ երբեք առաջնային չի եղել, և՚ հագեցնել կանացի բարեմասնությունների նկատմամբ, օրըստօրէ ախտի վերածվող իմ չմարող, ոչ մի կերպ ու ոչ մեկից չհագեցող կիրքը»,- Ժուլիանային հիշելով՝ խորհում է պարոն Գրականագետը։ Աչքերն ամենաշատը կարդալու և կանացի բարեմասնություններ ֆիքսելու համար է օգտագործում, ու եթե որպես գրականագետ կարդացածի ամենակարևոր դետալ մանրամասնը ֆիքսում է, նույնը չի կարելի ասել բարեմասն կնոջ հոգեբանությունը հասկանալու մասին։ Վերջերս էլ ծանոթուհիներին տարբերակելիս է ավելի շուտ հետույքով, քան դեմքով կողմնորոշվում։ Երկու դեպքում էլ մարդը մի որոշակի հեռավորության վրա նրա համար ընդամենը սիլուետ է, ուրեմն և ավելի հաճելի է՝ լավ մտապահած գուցե նաև լավ պահպանված, բարեմասն ոռիկների չափերով փորձել կողմնորոշվել, քան դեմքով, որ հաճախ Պարոն Գրականագետին ոչինչ չի ասում՝ փչացնելով ընդամենը բարեմասնության թողած տպավորությունը, ինչպես Խանջյանի հերոսը փոշմանեց։ Պարոն Գրականագետը ուշ ամուսնանալ, ուշ ժառանգ ունենալու առումով գոնե հիշեցնում է մեր էպոսի Ծուռ Տղերքին («տե՛ս, հա՜, էս պատմվածքն էլ քո Ագռավաքարը չդառնա,- զգուշացնում է Հովհաննես Զորավիգը,- հատկապես, որ ինքդ էն օրը տխուր նկատեցիր․ «Բոլորի սիրահարությունները ամուսնությամբ ու ընտանիք կազմել, երեխաներով են ավարտվում, իմ սիրահարությունների ապաստանը հլա որ միայն քո՝ վիպակի ծավալի հասած պատմվածքն է, որն արտահայտում է մեր ազգային կիկոսականության, թե՞ Ծուռ Մհերության ինձ հասանելիք չափաբաժինը»։
Կանտոնայի հետ միակ նույնությունը լինելու էր «Ուլիցերյան պատմվածքի հերոս» Պարոն Գրականագետի կերպարակերտմանն ակտիվ մասնակցությունը։ Արդեն հինգ տարի է պատմում է նույն պատմությունները, բայց ամեն անգամ՝ ավելի հարստացած. բացի այդ էլ Աստծո ամեն օրն իր լավ ու վատ սրբագրումներն է մտցնում Հերոսի կյանքում, ու նա ակտիվորեն ներգրավված է իր կերպարը կերտելու կարևոր գործին։ Պարոն Գրականագետը երբեմն հավերժական կերպար է թվում, որը, սակայն, Քաջ Նազարի բախտից չունեցավ, կամ ունեցավ միայն երազում, իրականում իր տնկված տղամարդկային արժանապատվությունը Ժուլիանաների գրգռաճեղքերում հանգստանալ-հանդարտվելու փոխարեն իր «բախտի վրա է ծյորկված», ինչպես դարձյալ ինքը դիպուկ, բայց սրտի մեծ ցավով նկատեց իր կարգավիճակը. «Եվ միայն ֆեյսբուքն է ճիշտ ռեժիմով թարմացնում իմ Սիրո «հրաժեշտների շքերթը»։ Սա կհասկանա կենսափորձ ունեցողը կամ «գլուխն էկած պառավը»։ Ուշ հասկացա ու հիմա թումանյանավարի՝ «արածներիս համար չփոշմանած՝ չարածներիս համար եմ ափսոսում,- Զուլոյահանգ, Բակունցախոս, Թումանյանահուշ հառաչում է Պարոն Գրականագետը։ — Իմ չարածն արածից, չունեցածն ունեցածից շատ է, սառը անկողնում մենակ գիշերները տաք գրկում արթնացումներից հազարներով են շատ ու էդ ճամփին ջերմ Արմինաները, մերկ լուսանկարներն ինձ ուղարկիղ ցիպ տկլոր երևանցի Անիներն, որոնց մի լավ կրքով անելու բախտ մի քանի անգամ բարեբախտաբար ունեցա, ու հրազդանցի Արևիկները կաթիլ են ծովում, մինչդեռ ինձ էլ, Իսահակյանի պես պետք է, որ մինչև Փարիզ մերկ աղջիկներ լինեն փռված, ու վրաներով քայլեմ, Մարկեսի պես հետույքից շաղփաղփեմ, ու … 18-ը երեկ լրացած մի աղջնակ՝ կուսական մաքրությամբ, որի հետևից բարդելներն ընկնեմ ինչպես «Ֆաուստ»-ի՝ 80-ն անց հեղինակը։ Դա գուցե փոքր ինչ մեղմի Ոռիկների նկատմամբ չմարող, օրստորե ոռիկախտի վերածվող իմ անհագ կիրքը»։
․․․ Արձակագիր Արարատ Գյուլբանգյանի հայտնի հերոսներից «Պարոն Ֆուֆուն» մի անգամ Շարժման օրերին դիմացով անցնող մի դեղձաբույր հետույքի կլորությունը ֆիքսելով՝ բացականչել է՝ «էս տեսակ հետույք տեսնողն էլ Արցախ կպահանջի»։ Հեռատես պարոն Ֆուֆուն ավելի վաղ էր հասկացել, որ ոռիկ շարժելը հայրենասիրություն շարժելուց ավելի հեշտ է, գուցե նաև՝ շահավետ․ չէ՞ որ, առնվազն Հոմերոսի ժամանակներից ի վեր, ամեն ինչ, նույնիսկ հայրենիքը, փրկագնվում կամ կործանվում է հանուն «աշխարհը փրկող գեղեցիկի», որ այս դեպքում, ինչու՞ ոչ, գեղեցիկ հետույք էլ կարող է ունենալ։ Իր մահկանացուն կնքած Պարոն Ֆուֆուին Գյուլբանգյանը վերամարմնավորել է։ Նրա տեղապահը հիմա Գյուլբանգյանի հայտնի պատմվածքի Մանուչարն է՝ նույն ինքը մեր Ուլիցերյան պատմվածքի հերոսը՝ Պարոն Գրականագետը։ Մի անգամ արձակագիրը, տեսնելով մի վետվետուն հետույքավորի բոցավառող հետույքախաղը, հիշեց ու Մանուչարի ականջին շշնջաց Պարոն Ֆուֆուի նախագուշակ իմաստությունը՝ «Էս տեսակ հետույք տեսնողն էլ Արցախ կպահանջի․․․» նորօրյա գրականագետը ոռիկների հանդեպ իր չմարող սիրո հարցում հետևողական, ոռիկախտի պատճառահետևանքային կապերը որոնելիս ավելի շուտ ապավինում է ֆրոյդյան տեսությանն ու համանման պնդումներին։ Պարոն Գրականագետը Պարոն Ֆուֆուի պես հեռատես չէ։ Նրան բանակային երկու տարին ու Արցախյան քառասունչորսորյային մասնակցությունը միայն պիտի ուշքի բերեին ու սիտի կսկիծով հասկացնել տային, որ «բանակում ծառայելը՝ հայրենասիրության, օրենքն էլ՝ արդարության հետ կապ չունի»՝ ստիպելով ընդօրինակել ու գործելակերպ դարձնել «Պլախոյ լեյտենանտ» ֆիլմի գլխավոր հերոսի վարքագիծը։
Եվ փույթ չէ, թե զարմացողներ կան, որ թեկուզ ֆիդայի հրամանատարը, անարյուն հեղափոխությունն արյունալի պատերազմից գերադասում ու կարևոր է համարում։ Մեր ժողովրդի մեջ նստած է ժողովրդական բանաստեղծի խոսքերը, թե «էլ ինչ թագավոր, որ կռիվ չանի, աշխարհ չավերի․․․»։
Զարմացողը թող զարմանա, թե չի հիշում ու չպիտի էլ հիշի, որ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը նաև ու նախ ու առաջ ասել է, թե հերոսին հաղթողը կինն ու գինին են, այսինքն՝ հարբեցումն ու Ոռիկը, այլ կերպ՝ հարբածի արբումը… բարեմասն կնոջով։ Եվ հաղթության մղող կինը ակնկալիք ունի, որ այդ հաղթանակդ իրենն է ու որպես զոհ ու զոհողություններ իր ոտքերի տակ ընդունող միակ հավերժաստվածուհի, կինը միշտ էլ մատաղ է պահանջում։ Մատաղ չանողներին ինքն է պատրաստ մատաղ անել Շահի՝ շահ խոստացող ոտքերի տակ։
Ժողովրդի անունից, նրա բերանով բոլորից առաջ Թումանյանն իրավունք ուներ և խոսեց․ այդքանով՝ միակ իսկական ու հավերժական ժողովրդական բանաստեղծը նա է, «բա, ժող ջան», կասեր միակ ժողվարչապետը։ Մի անգամ էլ մի գեղուհի Թումանյանին պատահաբար ասաց ու գրեց «Թումանջան», ու էդ օրվանից Օհանեսն ինձ համար երիցս ջան է, ու մտածում եմ՝ մուսայիս էկած պահերին մի բանաստեղծություն հաջողացնեմ, (ինչպես Չարենցի կարսով տպավորված իր միակ բանաստեղխությունը գրեց ու դրանով ինստիտուտի քառասնամյակի տարեգիրք մտավ Ալբերտ Պողոսյանը՝ հանգրվանելով իսկական բանաստեղծների կողքին) ու դրանով իրականացնեմ Զուլոյի ցանկությունը՝ Հովհաննեսից Հովհաննես անթոլոգիան, որ կձգվի Թումանյանից մինև Զորավիգ Հովհաննես։ եթե իհարկե, ֆինանսապես զորակցողներ էլ լինեն։
Ու ցույց կտա նաև, որ Թումանյանով հանդերձ, նրանից հետո ու նրանից դեռ հազարամյակներ առաջ, բոլոր հանճարներին (անճարներին՝ առավել) ի բնե տանջող ցավը նախ կնախտն է, կնացավը։ Երիցս ցույց կտա, որ տղամարդուն քարանձավից հանողը կրակե Լիլիթն էր, որ կրակը քարանձավ գցելուց առաջ իր կրակներով նետահարեց տղամարդու սիրտը՝ ստիպելով մեջը ինչքան ձիրքեր կան օգտագործել, տո նաև զոհաբերել ու զոհաբերվել հանուն կրքերի։
Ամենայն Հայոցի «ես-ի բնական դրսևորման որոշ մանրամասներ» «սպիտակ թղթի առջև» անկեղծանալիս սերունդների լուսավոր հիշողությանն է հանձնել Արփի Ոսկանյանը՝ մի ոսկի աղջիկ, որ իր ոսկե երիտասարդության տարիներին շատ տղամարդկանց գունագեղ երազներն էր ոսկևորում։
Մեր մեծերի ցոփ ու շվայտ կյանքի մութ անկյունները վեր հանող իր գործերում Արփի Ոսկանյանը տեղ-տեղ հասնում է Հակոբ Պարոնյանի սարկազմին ու դրանով երգիծաբանների՝ Պարոնյանից սկսվող շարքում կանգնում: Թումանյանի կյանքի մի քանի անհարմար դրվագն է(ու ոչ միայն՝ Թումանյանի) իր գրականության էջերում սերունդներին պահ տալիս Արփին․․․ դրանից ու ավելի շատ, որ այդպես հեշտորեն եմ Արփիին տեղավորում Պարոնյանով սկսվող երգիծաբանների շարքում, մեր Պարոն Գրականագետը հո չի կատաղում, հո չի կատաղում։ Արփիի համարձակ բացությանն, իհարկե, դժվար թե մեզանում մեկը համարձակվի հասնել։ Նա իր գրականությանն ու ընթերցողների հիշողությանն ի պահ է տվել հաջորդական աբորտների պատմությունից մինչև ծնված լակոտի պատճառով խաթարված սեքսի ռիթմը։ Իր կյանքի բացություններն ազատ շարադրելով՝ Արփին իրեն իրավունք է վերապահում ու թերևս վաստակում մեծ գրողների գրական կայֆերի ծածուկ դրվագներն էլ բացելու իրավունքը։
Տեղն եկած տեղը Պարոն Գրականագետն ավելի բեթար է քննադատում, և ոչ միայն Թումանյանին։ Նրա համար անառարկելի հեղինակություններ, իր ասելով վաղուց չկան. նույնիսկ համաշխարհայինների մեջ (խոսքը պոռնիկների մասին չէ. թեև դրանցից ինչ հեղինակություն։ Ժամանակակից գրողներից շատերը ժամանակի պոռնիկներին նախորդներից վատ չեն պարսավում։ Մեր օրերում համարձակորեն ամենահեռուները գնացողներ էլ կան։ Շիկամորուսը չի խնայում նույնիսկ գրչակիցներին՝ տեղը տեղին նկարագրելով նրանց էրոտիկ հակունմերն ու տարաբնույթ նախասիրությունները։
Մեր Շիկամորուսն, իհարկե, Ֆրիդրիխը չէ, սակայն շիկացած պահերին գուցե մի առանձնակի օրգազմ է ապրում, երբ ֆեյքերի ֆաբրիկան, որում իբր Հայաստանի գրեթե ամեն բնակավայրից ծայրամասի, թե կենտրոնական, ներգրավված Գործող անձ կա։ Իսկ երբ աստված չանի, ՖՖ-ն դառնում է գործով անցնող վկա, Շիկամորուսը մատի մի շարժումով (այն է՝ համակարգչի ստեղնաշարի մի ստեղնով) կայծակնային արագությամբ չքացնում է ողջ ՖՖ-ն և քննիչին ներկայանում որպես Մոնոներկայացման միակ հերոս, ինչպես «Առանց ընտանիքի» ֆիլմում հավաքված ոստիկաններին շշկռեցնում է Շրջիկ թատրոնով ներկայացումներ բեմադրող արտիստը՝ նախօրոք վարժեցրած իր կենդանիններին հմուտ թաքցնելով։ Շիկամորուսն իր գրչակիցներին չի խնայում։ Ո՛չ իր գրքերում՝ թափանցիկ ակնարկներ անելով նրանց ինտիմ կյանքի անթափանց մանրամասներից, ո՛չ ֆեյսբուքյան տիրույթում հրահրած իր բանավեճերով։ Ստեղծագործական համքարության շահերը պաշտպանելիս որոշ սրտեր չեն դիմանում, որոշներն էլ համակարգչի առաջ նստելով՝ ստեղնաշարը շփոթում են հարվածային գործիքի հետ, անիմաստ էներգիա են վատնում քաջաբար ձգում են մինչև նախակաթված՝ փրկվելով միայն ժամանակին կանչված շտապ օգնության ներարկումից հետո։ Չար լեզուներն ասում են, թե Շիկամորուսը մրցակիցներին չեզոքացնելու ֆեյսբուքյան պարտիաներ խաղալիս հակառակորդին մինչև օդակաթիլայինի հասցնել կարող է։ էդպիսի պարտիաներ խաղալ սկսեց մոտ մեկուկես տասնամյակ առաջ՝ Նեոգուտեմբերգի գլխին, երբ սոցցանցերն արդեն հայաստանում էլ հասանելիություն ունեին։ Ինքն, իհարկե, չի խոստովանում, բայց իմացողներ գիտեն և հաստատ գիտեն ուղղակի խելքին չեն ընկնում, որովհետև վաղուց գիտեն, որ Շիկամորուսը գաղտնի կառույցների օբյեկտիվի ներքո է ու եթե չափը շատ անցնի, նրանք մի ասելով՝ փակել կտան ՖՖ-ն, այս անգամ՝ ընդմիշտ։ Հնարավոր է նույնիսկ համակարգիչ օգտագործելու և անանուն հրանարակումների դեմ սանկցիա կիրառեն։ Ու քանի դեռ բանը դրան չի հասել, մեր բազմափեշակ Շիկամորուսը լավ կանի համակարգչի ու արդեն նաև սմարթֆոնի հնարավորությունները միայն ի բարին ծառայեցնի։
․․․ Եվ միայն Մարկեսն է, որ Դիլգադինա Նիհարիկին վերջին պոռնիկի պես չի վերաբերում, գուցե այն պատճառով, որ ինքն է ցանկության խելահեղ պահին անչափահաս կույսի ցանկացել և դրանով իսկ իր կինն է համարում։ Միայն իրենը։ Որիշի օգտագործածին ինչքան էլ ցանկանաս միևյույն է, դարձյալ միայն օգտագործելու համար։ Հաճախ՝ բազմափորձն ավելի լավ է սկզբունքով։
«Մարդն իր կամքից անկախ աշխար է գալիս, իր կամքից անկախ էլ աշխարհից գնում,- Սաադիին մտաբերելով՝ մտմտում է Պարոն Գրականագետը,-Ոչ գալու, ո՛չ հեռանալու օրն ու ժամը մարդու որոշելիքը չէ. անգամ ինքնասպանությունը հաստատ կողքից դրդիչներ ունի որ ինքնասպանի կամքից անկախ են և նա դրանց վրա կառավարելու լծակներ չունի։ Այդ դեպքում ինչո՞ւ ողջ ժամանակը չտրամադրել ընթերցանությանը, ֆիթնեսին, ֆուտբոլի առաջնություններ և լավ ֆիլմեր դիտելուն, իհարկե, Բիֆլոյդ ու Մեշուգա լսելուն, վերջինը լրիվ էլեկտրականություն է․․․ Եվ վերջապես՝ ինչու չապրել Օրով՝ Վերջին Օրվա Շեքսպիրյան պատգամով։ Ազատության մեջ Վայելել ազատ կյանքն ու շնորհակալ լինել Արարողին, որ դու կաս.․․ Կապույտ երկինքն իր աստղերով տեսնելու հնարավորություն ունես, ու որ այդ Աստղերից պարբերաբար քեզ հյուր են գալիս Ասուպի տեսքով Կերոններ ու արևի լույսով ողողված քո ցերեկները նախորդում են Աստղալույս գիշերներին։ Ժամանակդ հաշվում ես Արևից ու Աստղերից ստացած էներգիայով, ու նուրբ արվեստով պարզապես թքած ունես, ինչպես Սարուխանի «հեռացող պառավը»։ Որովհետև «երթևեկ անունների» շարքում դու պարզապես Անուն ես, «միլիոն դար բանալին փնտրող, միլիոն տեղ փականքը որոնող» Անուն, որը, սակայն, հասկացել է ամենակարևորն ու այսօր պարզապես երջանիկ ապրում է՝ պատրաստ նաև Երջանիկ մահվան։ Որովհետև գտել է Երկրագունդն ու ողջ Տիեզերքը գրավիդացիոն ուժի ձգողականության դաշտում պահող ամենամեծ ու կենսական Գաղտնիքը։ Հասանելի Կիսագնդեր»։ «Տղամարդը դարձավ որսորդ, դարձավ ստեղծագործ, և այդ ամենը հանուն մի բանի՝ կնոջ բարեմասնություններին տիրելու անզուսպ ցանկության։ Մնացածը՝ ունայնություն ունայնության է, ինչպես ինքը հասկացավ ու սերունդներին պատգամեց Իմաստուն Սողոմոնը,- իր հերթին մտորում էր Հովհաննես Զորավիգը։ — Եվ որքանն էլ անմար Ավոն՝ Վարպետը, Աբու-Լալայի քարավանների հետ անապատներն ընկավ ու նրա հետ, նրա բերանով պատգամեց, որ «կնոջ երդումին հավատալը խալխուլ մակույկով ծովին հանձնվելու պես մի բան է», միևնույնն է գյումրվա պանդոկներում մի խումբ գեղուհիների տաք գրկում փաթաթված՝ երիտասարդի հարցին ի պատասխան ասելու էր՝ «Աբու-Լալա Մահարին գրականություն է, սա՝ իրականություն»։ Ասելու էր և աստվածաշնչյան Եվային խառներ իր կրակե Լիլիթը, որ Աստվածաշնչյան ճշմարտությունից ավելի զորավոր ու հավատարժան է հնչում՝ երիցիս ու երեսնիցս հաստատելով տղամարդու՝ և բնե բազմասեր էությունը»։