Վարդան Ջալոյան/Աստծո բախտը

Մուրազ

․․․մուրազս փորումս մնաց ․․․

ողբերգություն է, այո՛ ․․․

ու խնդալու, փորիս մեջ խուտուտ են տալիս

Նվեր

Սիրածիս նվեր էի առնում։

Դաշտային ծաղիկներ է սիրում․ ձմեռ, ցուրտ, սառնամանիք, ի՞նչ դաշտեր, ծաղիկներ․․․

Բլենդեր/ կոտորակիչ, համ էլ օգտակար է։ Այն չի․ «մելչնի» բան կա․․․

Գիրք։ «Զանգակում» գիրք եմ ընտրում, չեմ կողմնորոշվում։ Ճիշտն ասած, չեմ տեսել իրեն գիրք կարդալիս։ Բայց ֆեյսում գրառումներ շատ է անում։ Հիմնականում՝ լատինատառ հայերենով։ Վարդան Սմբատյանին հարցնում եմ՝ լատինատառ հայերեն գրքեր ունե՞ք։ Պարզվում է՝ վաճառքում դեռ չկա։

Ա չտո մելաչիցա։ Գնում եմ մոտը և ասում․

―Նվիրում եմ Տիեզերքը։ 

Խոսքի տակ չի մնում․

―Արդեն մի հատ ունեմ։

Ես էլ բլենդերն եմ տալիս։

Անձրև

Երեկ անձրև էր, այսօր անձրև է․․․ չեմ հավատում համընկնումներին։ Օդերևութաբանները ասում են՝ հյուսիսից եկող ցուրտ հոսանքները․․․ բլա, բլա։ Ոնց են հիմարացնում ժողովրդին ․․․

Մեր տառապանքն է ստեղծում մռայլ եղանակ, քեզ եմ ասում սիրելիս ․․․

Քո արցունքները դարձան հորդառատ անձրև․․․ ու ցրտեց միանգամից։

Լավ, հերիք է զռռաս, կառնեմ քո նոր հեռախոսը․․․

Կներես, կներես․․․ ինձնից քծիպը չկա;

Նոր հեռախոսը իրեն շատ պետք է․․․ Այդպիսին է Տիեզերքը՝ ինֆորմացիա։ 

Եվ օրը պայծառ կլինի, սիրելիս ․․․

Աստծո բախտը

Մեկը համառորեն փնտրում էր Աստծուն։ Աստծո բախտը բերեց, նա Նրան չգտավ։

Սիրում է Աստված թաքնվել։ Ոչ միայն ․․․

Անսահման գիշերների մեջ, աներազ մղձավանջների մեջ, հանկարծ մի պայծառ ուրվական։ Աստվածն է՝ հանգիստ, լուռ, անսահման․․․ Այս դեպքում էլ Աստծո բախտը բերեց ․․․

․․․ու Սիրանուշի, որովհետև հասկացա, որ իրեն շատ-շատ սիրում եմ։

… ու ուզում եմ, որ էլի այցելի Ուրվականը։ Առանց Քեզ, առանց Սիրանուշի շատ դժվար է։

Գիտեմ, Աստված չկա։ Չեմ էլ փնտրում։ ․․․ու էլ չի հայտնվի, թեկուզ որպես Ուրվական։ Աստծո բախտը էլի բերեց․․․ Սիրանուշ ջան, քրոնիկական դժբախտ եմ ․․․

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *