Զավեն Բեկյան/Պալիտ ռեպ

ՊԱԼԻՏ ՌԵՊ

Ըտենց էլ
գլուխ չհանեցինք, ապե,
թե որը որից հետո ա,
ով ա փետով, ով առանց փետով ա ․․․
Էն Իլոն Մասկը՝
խոսկի՝
բա՜ն չես ջոկում
իսկի։ —
Ասում ա՝ Ռուսաստանը սխալ ա,
ասում ա Սորոսը վատ մարդ ա ․․․
Կարող ա՞, ապե,
ինքը հեչ էլ իլոնմասկ չի,
ինքը իլյա մասկվիչ ա՝ խաբար չենք ․․․

Կամ էն մեր Սուրեն Սուրենյանը —
լսում ես՝ ասում ես տղեն ճիշտ ա, էլի,
ուրեմս՝ քամին հուսիսից ա փչում։
Հետո էն մեկելին ես լսում ՝
էն սիպտակ մազերով Գրիգորյանին,
ասում էս՝ սա էլ ա ճիշտ, արա,
քամին էլ արևմուտքից ա փչում, էլի․․․
Բայց էրկու ճիշտ ո՞նց կըլնի, ապե,
չէ՞ ճիշտը մի հատիկ, մի հատ ա
/ ցավդ տանեմ, ըսենց է՜լ խաթա․․․/։
Չէ, ապե, սա բեսեդկի գործ չի,
չես ջոկի էգ ու որձը ․․․

Հարցն էն ա, որ փաստեր չունենք ։—
Ում փաստը շատ ա՝ նա հաստատ
կրած ա, ում փաստը հաստ ա՝ ինքն ա տղեն,
ուզում ես՝ քեզ միջիցդ ճղի ․․․
Խոսքի՝ ասբերգը — էդ ․․․ քաքը,
ինչքան ջրի երեսին ա՝ երկու էդքան՝ տակը,
Էն աֆերիստ Գուգոյի պես, որ մտավ ԱԺ-ը
ու ․․․ շինեց խալխի կարկաժը ․․․
Մեզ էդ ասբերգի ծե՛րն են ցուց տալիս, բա՜ս,
ոնց որ շանը՝ հոտած կալբաս ․․․

Վարչապետդ գնում ա Ամերիկա՝ ասում են
տվին-առան հանգույցային հարցեր։
Գալիս ա՝ գնում ա Եվրոպա՝
տվին-առան հանգույցային հարցեր ․․․
Բա ո՞րն ա հարցը, ո՞րն ա
էս հանգուցի հանգուցալուծումը,
ո՞րն ա սաղն ու հանգուցյալը ․․․
Սանհանգույցի մեջ ենք, ապե ․․․

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ

Եվ Իսրայել մի Օրի,
և վարդապետ մի Մինաս—
ճառում էին, ըստ որի՝
ուռու՛սն է մեզ հարեհաս․․․

Թռփոշները Ջուղայի
ադամանդով զարդարված
գահ բաշխեցին Պետրոսին,
ասին՝ «Դու՜ ես ու՝ Աստվա՜ծ․․․»։

Դավիթ Բեկից մինչ երեկ՝
մինչև Վազգեն Սարգսյան,
ուռուսն ասաց՝ դուք քերե՛ք
թուրքին, ե՛ս եմ отвечай․․․

Հանց Հալլեի գիսավոր
աստղի ռիթմը՝ դարը մեկ
մեր գլխին պակասավոր
սարքում են մեծ մի աղետ

ռուսի լենինը սիֆիլիս,
թուրքի կռտյալը քեմալ,
ռուսի տխեղծը պուտին,
թուրքի քաքլանն էրդողան․․․

Հիմի էլի բըսնում է
ուռուսամոլ մի տերտեր,
ասում է՝ ազգ սիրասուն,
զայս է նշխարս՝ ա՛ռ կեր․․․

ԻՎԱՆ ՍՈՒՍԱՆԻՆԻ ԵՐԱԶԸ

Ճահիճը սքողած մշուշների միջից
գորտերի կռռոցն էր լսվում ցավագար։
Հեռվում ՝ ասես բռնկումներ ճահճագազի ՝
կայծոռիկներ— և խավարն էր կլանում ագահ ․․․

Նրան հրում էր ռուսական բախտը՝
առաջ, դեպի անհայտությունն ու ճակատագիրը ցեղի։
Ճողփում էր վալենկաների տակ սույն անբախտի
ճահճաջուրը հոտած ու աղտեղի․․․

Կարծում էր՝ լյախերին է տանում ճահճի խորքը՝
կործանելու այնտեղ սորտը դրանց,
բայց երբ հետ նայեց հանկարծ՝ սահմըռկեց —
ռուս մուժիկությունն էր հետևում իրեն հարբած․․․

ԳԵՇ ԵՐԱԶ

Ամբոխը տրորում, ոտնատակ էր տալիս ինձ ․․․
Ընկել, գիտակցությունս կորցրել էի և քիչ-քիչ
հետ էի գալիս էն աշխարհից։ Ներքևից, ընկած տեղից
նշմարեցի Սիլենի պորտը, որ մկանուտ ցնցվում էր
իր ամեն քայլի հետ, իսկ մինչև դրան հասնելը
շորտիկի փողքերից երևում էին
Սիլենի տարուբերվող զույգ ծնծղաները,
որոնց թավշյա զընգոցը ամբոխներ ոտքի հանեց ․․․

Բայց տեսա, որ բազմությունը որոտաձայն
ինչ-որ բան է գոռում-գոչում, այլևս
մարդկանց ձեռքերին թիրսոսներ չկային, այլ
սրված ածելիներ, որոնց պողպատափայլն
աչք էր կուրացնում։ Հա՜, կուրացած աչքեր,
մթագնած բիբերի մի բազմություն էր
այդ դեմքերին հիմա ՝ ճեփ-ճերմակ,աչքերի
անկյուններում ՝ ճանճերի դրած ծետուկ ․․․

Դիոնիսը չկար երթի առջևում ՝ որքան էլ աչք ածեցի,
չկար, նրա փոխարեն Սիլենն էր բարբաջում ՝
ստեպ-ստեպ գինու փարչը բերանին տանելով,
իսկ գինու չկլլված մասը թափվում էր
իր բաց պորտին, ապա՝ ավելի ցած՝ իր
զույգ հեղափոխական ծնծղաներին ․․․
— Էդ որ հիմա ածելիակալե՜լ եք․․․,- բղավեց Սիլենը,-
Ու՞ր եք հապա մտցրել ձեր թիրսոսները․․․ Ձեզ ո՞վ էր ասում,
թե Դիոնիսի շալվարի միջինը վարունգ է,
որ աղն առնեք ու վրա վազեք․․․ Դե կերե՛ք։
Հիմա նա պառկած է մրտենիների ստվերի տակ
և տիկի ծորակը բերանին՝ նեկտար է ծծում․․․

ԷՊԻԳՐԱՄ ԴԱՌՆԱՇՈՒՆՉ

Սակուրաների պուրակից մենք կնայենք Արարատին՝
Փոքր Մասիսը կթվա Ֆուձիյամա։
Մեծին չենք նայի, որ չդարդոտվենք
Ու հիշենք հանկարծ Դլե Յաման ․․․

Պատրանք կունենանք, թե խաղաղ Ճապոնիայում ենք,
Գոհ կբացականչենք․ «O, yes!»։
Մի կողմ կդնենք գրքերը մեր վշտահար,
Կկարդանք Կենձաբուրո Օե ․․․

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆԻ ԱՐԹՆԱՑՈՒՄՆ ՈՒ ՕՐԸ

Կես քնած ու կես արթուն։
Գիտակցությունս Տեղանքն է
շոշափում — որտե՞ղ եմ ։—
Նորի՛ց Այստեղ, էլի՛ ․․․
(«Մի լքիր ինձ, Էլի ․․․ » )։

Մի գդալ ձիթապտղի յուղ՝
անոթի փորին, կես հատիկ
ճնշման դեղն առավոտյան
( կըտտում է դանակը՝
կիսում է, մի հատիկ էլ թե որ
աշխարհի՛ ճնշման դեմ լիներ․․․)։

Առավոտյան սուրճը։
Ֆեյսբուքով՝ աշխարհի շուրջը։
Բանաստեղծություն եմ դնում,
ամեն օր — ի՞նչ արած,
ոնց որ կախվածություն է ․․․
Համենայն դեպս՝ ավելի լավ է,
քան ոմանց․․․ ծախվածությունը ․․․

Ապա մտնում եմ շախմատ
( համացանցն էս ի՜նչ լավ բան է ) ։—
Կրում են գյադա-գյուդեքը․․․
Հնդիկներ են շատը։
Բացում – աշխատեցնում եմ գանգս ․․․
Մինչև որ թոռնիկս զանգի՝
«Պապիկ, տար զբոսայգի»։
Ընկերս է, տղա է կարգին ․․․

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *