Խանդութ Թորոսյան/Սեւացած քաղցր չիրը

-1-

Էլի հավատաց մրգավաճառին, թե բա՝ հասած դեղձով էլ է լավ չիր լինում։ Ճիշտ է մի անգամ ոնց փորձեց համոզել, որ դախ մանդակը շատ էլ համեղ է, չհավատաց, բայց այ, որ հասած մրգով կարելի է չիր սարքել, ձմռան ցուրտ օրերին ամռան արևն ու տաք օրերը հիշել, հավատաց։ Անփորձը՝ անփփորձ չէ, պարզապես երբ նայում է ուղիղ աչքերիդ մեջ ու թվում է, թե ինչքան սրտացավ է քեզ համար, այ  էդ պահին մոռանում ես, որ այսքան տարի միայն կիսահասած կամ նոր հասունացող պտուղներն են լավ չիր դառնում՝ ձմռանը մի փոքրիկ ամանով սեղանիդ ունենալով անտանելի, շոգ ամառը, ծիրանաբույր, դեղձաբույր, թզաբույր,սալորաբույր ու բազմաբույր հայկական արևը։Նայեց չորացած դեղձին ու վերստին հասկացավ, որ եթե անգամ կարողանում են ուղիղ նայել աչքերիդ մեջ ու շատ սրտացավորեն խորհուրդ տալ, թե հասուն մրգով էլ է լավ չիր լինում, միևնույնն է, չպետք է հավատալ։ Հենց հիմա տեսնում է, որ այն պտուղները, որոնք հասուն էին, դրանցից ստացվել են սև ածխագույն չրեր, համեղ՝ բայց շուկայական լեզվով ասած՝ առանց ապրանքային տեսքի։Հա, կգնա ու կասի մրգավաճառին, երևի նա էլ չգիտի այդ  անել-դնել, եփել-թափելու նրբությունը։ Հիմա արդեն ունի նախատեսած չրի կեսը, մի կեսը սև է,  երեխաները հիմա էլ կուտեն ածխացած չրերը, չնայած, որ թարմ մրգի ամենաթեժ օրերն են։

Կզգուշացնի, որ ուղիղ մյուսների աչքերի մեջ նայելով էլ  խորհուրդ չտա հասուն մրգով ձմռան չիր սարքել, թե ինչու՞ հավատաց ․․․

ՈՒ սենց, մտքում իրեն կշտամբելով, խոժոռ-խոժոռ գնում էր։ Մտքում այնքան բարկացավ, որ մի պահ նրան թվաց, թե ոչ մի հույզ ու զգացմունք չունի։ Աղոտ հիշում էր․ աշխարհում շատ սիրուն ու ազնիվ պահեր էլ են լինում, չէր էլ հիշում՝ ինքն ապրե՞լ էր էդ սիրուն պահերից գոնե մեկը։Հանկարծ երջանկության մի մեծ հոսք զգաց, դիմացից եկող երջանկությունն  էր՝ երանությունից կոնքերը շատ թեթև ու քնքուշ նազանքով աջ ու հետո ձախ տարուբերող նրբիկ աղջկանից։ Ակնհայտ էր՝  աղջիկը սիրված է ու սիրահարված։ Կարծես խղճում էր ինքն իրեն, իսկ ո՞վ կկարծեր, որ մի սխալը պիտի նրան անվերջ հիշեցներ, որ սխալվել է մի ամբողջ կյանք։ Երջանկությունն ընդմիջվել էր, հոգին ուրիշ տեղ էր, հեռու երջանկության մեջ, մարմինն՝ անհոգի։ Կան սխալներ,որ երբեք չեն ներվում, գոնե դու քեզ էդպես էլ չես ներում, կյանքի դառնությունը մահը չէ, այլ այն, երբ սերն է մեռնում։ Փորձեց նրբիկ աղջկա նման կոնքերն աջ ու ձախ պտտել ու թեթևացավ, հասկացավ,որ հաստատ սիրված է։ Նրբիկ աղջիկը բնական էր , առանց քիթ շուրթ, այտեր կտրել-փքելու։ Իբր թե շատ բնական են, առանց շպարի,բայց նայում-նայում ես ու հասկանում, որ ամեն ինչ անբնական է։ Շատ սիրուն են, բայց հայացք ես փնտրում , կնոջ հայացք, դեմքներին՝ զգացմունք։ Շպար չկա, ու կան  անբնական թարթիչներ, ծեփած քթեր, կլորիկ այտեր ու փքուն շուրթեր՝ որսի դուրս եկած։ ՈՒ մի բան էլ հեգնում  են  էն աղջիկներին, որոնք մի քիչ թարթիչաներկ կամ նուրբ երանգով շրթներկ են երբեմն օգտագործում և ենթարկված չեն որևէ վիրահատական կամ փքող-ուռեցնող միջամտության։ ՈՒ զարմանալիորեն  բժշկական միջամտությունների  դիմում են 

-2-

հենց նոր չափահաս դարձած  դեռափթիթ անչափահասները։ Դե, եթե ամեն ինչ անբնական է, էլ որտեղից բնական ու իսկական սեր լինի, ոչ էլ փնտրեք, դրանք մնացել են անցյալ դարերում։

-Եկե՛ք նստեք,- հանկարծ լսեց իր հետևից կանչող տղային։

-Չէ՛, չեմ նստում,դու՛ք նստեք,- կարծես խառնիխուռն մտքերից սթափվեց Աստղիկը։ Մի քիչ քրտինք տվեց վրան ու փորձեց առաջ անցնել ու կիսահարմար կանգնել։ Փորը ներս քաշեց, որ սխալ տպավորություն չթողնի։ Էլի չհասցրեց երևի։ Ամեն անգամ, հասարակական տրանսպորտ բարձրանալիս, փորը ներս էր քաշում, բայց ինչ-որ մեկը թարսի պես հասցնում էր նկատել նրա չհղիությունը ու մեծ հոգատարությամբ ու ժպիտով զիջում էր  տեղը։ Նախկինում, երբ ամաչկոտ էր և չէր ուզում դիմացինին անհարմար վիճակի մեջ դնել, ընդունում էր իրեն հղի կնոջ տեղ դնողի առաջարկն ու փորը տռզացնելով հարմար տեղավորվում, ու ո՛չ տեղը զիջողն էր գլխի ընկնում ու ամաչում և այնուհետև զղջում՝ տեղը անիմաստ զիջելու համար, ո՛չ էլ ինքն էր անհարմար զգում ու առոք-փառոք, հղի-հղի հասնում էր իր ուզած վայրը։ Մռայլ օրերից մի օր էլ, թեև արևը շատ պայծառ էր ու կարծես, ձախ ոտքից էր արթնացել ու թվում էր, թե ամեն ինչ թարս էր գնում, հիշեց, որ փորը պիտի ներս քաշի։ Կարծես, թե ստացվեց։ Նա շատ գոհ, առանց հղիության պատրանքի, համարձակ ու խրոխտ բարձրացավ ավտոբուս։ Վստահ էր, որ չի ստանձնելու իրեն բաժին ընկած կարծեցյալ դերը ու էլի ստիպված չի մտնելու դերի մեջ։ 

-Եկե՛ք նստեք, հա՞,-հետևից ինչ-որ մի  երիտասարդ աղերսագին դիմեց Աստղիկին։

-Շնորհակալ եմ, բայց ախր ես հղի չեմ,- չկարողացավ իրեն զսպել, բայց արդեն ուշ էր, քրտինքն էլի տվեց վրան։

-Հա, տեսնում եմ, որ հղի չեք, պարզապես ուզում եմ , որ նստեք,- քթի տակ կարծես ժպտաց երիտասարդը՝ զարմանալով Աստղիկի անմիջական պատասխանից։

Աստղիկն էլ գոհ ժպտաց, բայց այն մտքից, որ ինքը կին է, ու տղամարդը՝ անկախ տարիքից, գնահատեց իրեն որպես կին, մտքում մի քիչ սեթևեթեց, հետո լավ զգաց, որ չէր խաբել մարդկանց ու տիրացել նրանց զբաղեցրած նստատեղերին։ Իսկ ամենաշատը նա  գոհանում էր այն մտքից, որ մեծին հարգող սերունդ ունենք։ Իրականում շատ չէր էլ տարբերվում հարգող սերունդից։

 Տեղ զիջելը լավ արարք է, բայց չզիջելն էլ մեղադրանք չի կարող լինել, որովհետև երեխեքը շատ հոգնած են, հոգսերի մեջ թաղված, իրենց ուսման վարձն են չքնելով փորձում հայթայթել, ոմանց հաջողվում է   նաև գոնե  տան ջրի վարձը վճարել, ու մեկ էլ մի փնթփնթան մեկը՝ աչքերը չորս արած որսում է ավտոբուսում ծվարած, գիշերը չքնած մի ջահելի ու կայծակնային արագությամբ մեխվում էս խեղճի կողքին։ Թե տղա ես, նստած մնա ու անիծվիր մի յոթ պորտ։ 

-3-

Գոհ ժպիտը դեռ չէր հասցրել անհետանալ դեմքից, երբ՝ աստված իմ, ի՞նչ գարշահոտություն,  էս ո՞րտեղից  է ։Գլուխը աջ դարձրեց ու  տեսավ գարշահոտ արձակող անտուն-անտեղ մարդուն։ Երկար, վաղուց չլվացված ու կեղտից փայլող մազածածկ մարդը բուրում էր աղքատությամբ, հուսահատությամբ, անտերությամբ ու անտարբերության  հոտով։ Եղունգներն էլ  չէին փայլում մաքրությունից, էն ածխացած չրի նման, տեղ-տեղ էլ կոտրված։ Հարբած չէր գոնե այդ պահին։ Աստղիկը գիտակցում էր, որ կնսեմացնի իր կողքը նստած վայրենի մարդու արտաքինով, շատ նրբազգաց հուսահատ տղամարդուն։ Աստված գիտի, ինչ անարդարության զոհ էր կամ էլ հարազատներն էին ագահաբար տունուտեղը կիսել ու իրեն անբաժին թողել։ Տհաճը էն խոսքը չէր, փորձում էր կառավարել դեմքի միմիկան, իբր թե, ինչ կա , մարդ է էլի։ Հուսահատ մարդու զարմացած հայացքը սառել էր Աստղիկի վրա։ Աստղիկը չէր շնչում , նա միայն հնարավորինս արտաշնչում էր, թեև գիտեր, որ առանց շնչելու չեն արտաշնչում։ ՈՒ հաջողացնում էր առանց շնչելու ավելի շատ արտաշնչել , իսկ երբ հասկացավ, որ արդեն խեղդվելու վրա է, ձեռքը աննկատ մոտեցրեց քթին,կիսափակեց քիթն ու ագահորեն մի երկու շունչ քաշեց։ Ախ, ինչ լավն են ջահելները․մի քիչ պրակտիկ, խոհեմ,երբեք չհանդուրժող, իրենց շահերն առանց եվրոդատարանի պաշտպանող, ինձ միշտ ճիշտ խորհուրդներ տվող, այնպես , կարծես իրենք են իմ կյանքն ապրել ու իմաստնացել։ Անկախ ամեն բանից ու ոչինչ,որ հիմա կիսաշնչում ու մի գլուխ արտաշնչում էր, միևնույնն է, ինքն իրեն  մի ձևի լավ էր զգում, հեռավոր մի հարազատություն էր զգում,բայց չէր հասկանում, որտեղից էր  նման էներգիան։ Դեռ պիտի երկար գնար ու դեռ պիտի կատարելագործեր կիսափակ քթով շունչ քաշելու ու անվերջ արտաշնչելու տեխնիկան։Բախտն էլ չէր բերելու ու խեղճուկրակը ոչ էլ իրենից շուտ էր իջնելու։ Աստղիկը զգում էր անծանոթի հայացքը՝ իր վրա սևեռված ու ամաչում էր իր վրա նայող անծանոթ տղամարդուց, ամաչում էր քիթը իր հաշվով աննկատ փակելուց, բայց միրնույնն է ինքն իրենից թաքուն ուրախանում էր։ Փորձեց չնկատել անթարթ հայացքն ու հիշեց,որ հոգեհանգստի էր գնալու ու էլի չէր կարողանում կենտրոնանալ, թե ինչ հանդերձանքով, նրա զգեստապահարանից վաղուց արդեն անհետացել էին նրբագեղ սև զգեստները։ Նորից համոզվեց, որ միևնույնն է սև պիտի ունենալ ՝ միայն հոգեհանգիստների համար։ Հետո գոտեպնդվեց՝ դե մի բան կհագնի, մի՞թե գույնն այդքան էական է։ Կարևորը՝ չմոռանա մրգավաճառ Ջավոյին զգուշացնել, որ հասած միրգը չեն չորացնում, համովը՝ համով է, բայց դե ապրանքային տեսք չունի։

-Աստղիկ ջան, դու ես , չէ՞,- մտքերն իրար խառնվեց հանկարծ։-Ախր չես փոխվել, էլի նույնն ես, հենց քիթդ փակեցիր ու աչքերդ տեսա, հիշեցի քեզ։ 

Աստղիկը ամոթից շառագունեց, ուրեմն նկատել էր, որ քիթը փակել էր, այնինչ, իրեն թվացել էր, թե ամեն ինչ շատ աննկատ էր արել։ Երևի երբեք այսքան վատ վիճակում չէր հայտնվել, իր հաշվով ինքը նրբանկատ էր ․․․

-4-

-Վայ, ոնց գլխի չընկա հենց սկզբից, ախր դու էլ չես փոխվել, նույնն ես մնացել,- փորձեց ձևացնել Աստղիկը,- ես էլ հարազատ մի բան էի զգում, դպրոց ու համալսարանս էի զգում, էներգիան հորդում էր։ 

-Շատ կուզեի քեզ թեյի հրավիրել։

Աստղիկը կարկամել էր ու ջանում էր իրեն շատ բնական պահել, և եթե դիմացինը շարունակեր պնդել,  վստահ էր, համաձայնելու էր, այլ ելք չէր մնում։ Երանի պնդեր։ Աստղիկն արդեն պատկերացնում էր, թե ինչեր կպատվիրեր այդպես էլ  իր չհիշած երբեմնի ինչ-որ տեղից իրեն հիշող  անծանոթի համար։

-Ավա՛ղ, շտապում եմ, մորս դեղ տալու ժամը մոտենում է, հազար ափսոս։

-Հազար ափսոս,- մեքենայաբար կրկնեց Աստղիկը։

Արդեն քանի րոպե նա քիթը բացել էր ու բացի արտաշնչելը նաև լիաթոք շնչում էր։

-Մյուս անգամ, հա՞, մյուս անգամ միասին կթեյենք, մայրիկին էլ շուտափույթ ապաքինում,- անզորությունից ու անկարողությունից կարծես գոռում էր Աստղիկը։

Անծանոթը մեղմ փարվեց Աստղիկին ու ականջին շատ քնքուշ բառեր շշնջաց։ Մոտեցավ վարորդին, արժանապատվորեն վճարեց երկուսի համար ու առանց հետ նայելու իջավ։

Ահագին ժամանակ Աստղիկը չէր սթափվում,ամաչում էր, որ քիթն աննկատ չէր փակել ու նաև էն մտքից, որ սկզբից չէր ճանաչել նրան։

Արդեն միևնույնն էր, թե ինչ գույնի հանդերձանքով կգնար հոգեհանգստի։Սնահավատը՝ սնահավատ չէր, բայց արի ու տես, որ հաստատ ձախ ոտքից էր վեր կացել։ 

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *