Թեա Թոփուրիա/Ապագայի բանաստեղծություն

Օդաչուի խոսքը

Սա հերթական հարցազրույց էր,
Թերթի հոդված կործանված ինքնաթիռների մասին:
Ավիացիոն ինստիտուտում ինչ-որ օդաչու
(Երիտասարդ տղա հասարակ վերնաշապիկով)
ինձ բացատրում էր, որ թռիչքից առաջ
անպայման ստուգում են ինքնաթիռները։
Ձեռքիս վերջին 50 տարվա վիճակագրությունն էր.
Սոչիում այս ու այն տարիներին՝ հարյուր քսան, 
սրանից երեխաները՝ քսանհինգ, 
երկուսը ողջ են մնացել…
Մտածում էի՝ նրանք էլ մեզ պես ցածր են վարձատրվում,
իսկ մարդիկ կարծում են, որ օդաչու է և շատ է ստանում։
Ի՜նչ փող է 600 լարին։ Դժվար մինչև ամսվա վերջ հերիքի։
Ռոմանտիզմը, որ ժամանակին երկինք բարձրացրեց, անցել է,
հիմա երկնքում էլ նա երկրի վրա է
ու  իմ գործընկեր, լրագրող տղաների նման
նա էլ է մտածում մի քիչ հարուստ կին ուզելու մասին,
ես ինչին եմ պետք․․․
Մինչ օրս հիշում եմ նրա խոսքը․
«Ոչ մի նշանակություն չունի՝
ինքնաթիռը կընկնի երկու հարյուր մետր բարձրությունից,
թե  երկու հազար։
Մեկ է, ոչ ոք չի կարող փրկվել»։
Եվ երբեմն, երբ ինձ ասում են, թե
իմ վիշտն աննշան է, իսկ իրենցը՝ մեծ ու օրինական,
ես ուզում եմ ծիծաղել այն օդաչուի պես ու դեմքին նետել՝
 «Ոչ մի նշանակություն չունի» եւ այլն։

Ապագայի բանաստեղծություն

Աբխազիա գնալիս,
մի գնացեք ինքնաթիռով, գիշերային գնացքով:
Թող չլինի այս ճամփորդությունը վերելք-վայրեջք
կամ  քնեցի-արթնացա։
Անցեք Վրաստանի գլխավոր ճանապարհի բոլոր ծեսերը,
Դիդուբեում «մարշուտկա» փնտրելով,
քաղցր ձողիկներ վաճառողներին քշելով,
ուղևորների մեջ խցկվելով,
Մցխեթայում խաչակնքվելով,
Գորիում ընդմիջումով,
Սուրամում նազուկներ  ու
Խաշուրիում խաճապուրիներ  գնելով,
խցանման մեջ լռվելով  ու մռթմռթալով,
«որտեղ ենք  հիմա»-ով,
«շուտով կհասնենք»-ով, 
«Քութաիսին անցանք»-ով…
Վերահսկեք կիլոմետրերը վահանակների վրա.
«Սուխումին մնացել է 350 կիլոմետր, 200, 50…».
Անցեք Զուգդիդի, Գալի, Օչամչիրե,
եւ երբ կերևա Սոխումը,
գոհունակ  մտածեք.
«Լավ եկանք, շուտ հասանք»։

***

Իհարկե, կարելի է այսպես էլ,
ավելին, հենց այսպես է բնական,
սրտնեղես ու ճանապարհը շարունակես։
Ով կկանգնի փողոցի մեջտեղում,
կկանգնեցնի եկող թափորը,
կկանչի. «Դրեք՛ դագաղը, իսկ դու կանգնի՛ր։
Մեկ ուրիշի վրա լացեք, սա իմն է»։
Գուցե իսկապես սիրելու համար
Քրիստոսի նման կիսով չափ պիտի մարդ լինես,
եւ ոչ թե մորով էլ, հորով էլ…
Մահանալիս մենք դա կարծես լավ գիտենք,
բայց նույնիսկ մեռածներն ունեն
իրենց համառ ակնկալիքները,
քանզի մինչ օրս երբևէ ասված
ամենածանրը և բաղձալին հենց սա է․
«Վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛»:
Եթե ոչ, ինչո՞ւ հողը չի կարող մարսել ոսկորները,
ինչու՞ է հազար տարվա մեռելը կանգնել կոկորդին։
Նրա կողերը՝
տողատված-շարված իրար վրա․
ասես ինչ-որ բան է անվերջ համրում։
Նրա կողերը՝
տողանոց տետրի երկու էջ․
Աստված ընթեռնում է այնտեղ գրվածը։
Նրա կողերը
եթե ​​թույլ տաս, կկենդանանան ու
կպատմեն քեզ նրա պատմությունը:
Աստված, մեզ այս կյանքում ոչ միայն դու,
մենք էլ էինք այլ կերպ պատկերացնում,
երկուսս էլ խաբվեցինք։

***

Որքա՜ն ուժեղ ստացվեց այս սերը,
որքա՜ն ժամանակ դիմացավ,
ինձնից երկար ապրեց։
Ինչի ասես չգնաց գոյատևման համար՝
մուրացկանություն, լացել, նվնվալ․․․
սուտմեռուկ էլ տվեց,
հետո նորից հայտնվեց 
պատերազմում կորած մարդու պես։
Որքան է  սերս նման երկրիս․
ամեն օր սպանում են, 
նայում ես՝ մեկ է ողջ  է:

***

Եվ վերջում այդպես կլինի
այս մարտի ամբողջ հերթը.
երբ մահը գա՝
«վերջին թշնամին»,
սպանի ինձ և չմեռնեմ,
սպանի ինձ ու նորից ողջ լինեմ
բոլոր մեռածների ու ողջերի ջգրու։
Ինձ կասի. «Ի՞նչ ես ըմբոստանում, պառավ,
բոլորը գնում են այնտեղ»:
Ոչ թե չեմ ուզում,
չեմ կարող մեռնել,
ես փրկվելու սովորություն ունեմ։

Վրացերենից թարգմանեց Ասյա Դարբինյանը

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *